Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱԼԵՔՍԵՅ ՍՈՒՔՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱԼԵՔՍԵՅ ՍՈՒՔՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-794 հուլիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-79)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 հուլիսի 2023թ. ՍԴԱՈ - 79 | «ԱԼԵՔՍԵՅ ՍՈՒՔՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 114-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ԱԼԵՔՍԵՅ ՍՈՒՔՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 114-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Ալեքսեյ Սուքոյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2023 թվականի հունիսի 16-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ալեքսեյ Սուքոյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. «1. Սույն դիմումն ընդունել վարույթ:

2. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, փոխկապակցված նույն օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հետ, ճանաչել Սահմանադրության 4-րդ, 6-րդ, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

3. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը ճանաչել Սահմանադրության 49-րդ հոդվածին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

4. Աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Խորհրդի կողմից իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, այնքանով, որքանով չի ապահովում դատավորների լիազորության դադարեցման արգելքը ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, ճանաչել Սահմանադրության 28-րդ, 29-րդ և 49-րդ հոդվածներին հակասող»:

2. Անդրադառնալով վիճարկվող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այսուհետ նաև Սահմանադրական օրենք 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և դրա հետ փոխկապակցված նույն օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի սահմանադրականությանը Դիմողը նշում է, որ վերոնշյալ դրույթներով ՀՀ արդարադատության նախարարին կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն վերապահելը իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերման դեպքում, համաձայն միջազգային իրավական չափանիշների, հակասում է դատական իշխանության անկախության և իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիմնարար սկզբունքներին: Հավելելով Դիմողն ընդգծում է. «Նման կարգավորումը խնդրահարույց է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու օրինականության տեսանկյունից որպես արդար դատաքննության բաղկացուցիչ»: Դիմողը գտնում է, որ «Գործադիր իշխանությանը, տվյալ դեպքում, արդարադատության նախարարին վերահսկողական իրավասության վերապահումը հակասահմանադրական է նաև Սահմանադրության 162-րդ և 164-րդ հոդվածների համատեքստում հանդիսանալով արդարադատության իրականացման միջամտություն, քանի որ նման իրավասության բովանդակությունը ըստ էության դատավորի կողմից իրականացված արդարադատության վերահսկողություն է, մյուս կողմից էլ չի ապահովում դատավորի գործադիր իշխանությունից անկախ գործելու սահմանադրական դրույթների իրացման պայմաններ»: Ըստ Դիմողի վիճարկվող կարգավորումների պարագայում արդարադատության նախարարին անվերապահ հնարավորություն և հայեցողություն է տրված դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, ինչպիսի պայմաններում բացակայում են արդյունավետ և պատշաճ կարգավորումներ զերծ պահելու ցանկացած կամայականությունից, խտրական մոտեցումից, որը խախտում է անձի արդար դատաքննության իրավունքը: Սահմանադրական օրենքի վիճարկվող 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի և 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կապակցությամբ Դիմողը նշում է. Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում օգտագործվող Ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում» զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց» հասկացություններն խիստ ընդհանրական են, անորոշ, իսկ Սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում օգտագործվող համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ» հասկացության համատեղմամբ ընդհանրապես անհասկանալի»: Դիմողը գտնում է, որ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով տրվող սահմանումն այնքան ընդհանրական է, որ դրա ներքո նույն օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համակցությամբ կարելի է էական կարգապահական խախտում գնահատել ցանկացած արարք, «այդ թվում օրինակ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 4-7 կետերով նախատեսվածները, որոնք 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում ընդգրկված չեն»: Արդյունքում, ըստ Դիմողի էական կարգապահական խախտումը Սահմանադրական օրենքի վերոնշյալ կարգավորումներով բնութագրվում է մի քանի անորոշ հասկացությունների համատեղմամբ, ինչը համապատասխանաբար բարձրացնում է դրա կամայական կիրառման հնարավորությունը: Դիմողը գտնում է, որ վիճարկվող կարգավորումներով սահմանված նորմերում նախ չի ապահովվում իրավական որոշակիությունը, այնուհետև դրանց համակցությունը չի ապահովում պատշաճ կառուցակարգ իրավակիրառ պրակտիկայում չափորոշիչների սահմանման միջոցով թույլատրելի» անորոշության հաղթահարման համար: Դիմողը նշում է, որ Սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ» անորոշ ձևակերպման պայմաններում հնարավոր չէ տարբերակել, թե ո՞ր դեպքում դատական սխալը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, իսկ ո՞ր դեպքում դատավորի կողմից կայացված դատական ակտի վերադաս ատյանում վերանայման: Արդյունքում Դիմողը եզրահանգում է, որ Սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին փոխկապակցված Սահմանադրության 78-րդ հոդվածի հետ այնքանով, որքանով իր ոչ հստակ ձևակերպման պատճառով չի ստեղծում պատշաճ նախադրյալներ տվյալ հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման որպես Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված հիմնական իրավունքից ածանցվող դատավորի անփոփոխելիության երաշխիքով ապահովված նրա որպես մասնավոր անձի հետագա պաշտոնավարման իրավունքի առավել ինտենսիվ սահմանափակման համաչափությունը երաշխավորելու համար: Ողջ վերոգրյալի հաշվառմամբ Դիմողը գտնում է, որ Սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը և 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը հակասում են Սահմանադրության 79-րդ հոդվածին փոխկապակցված Սահմանադրության 75-րդ և 78-րդ հոդվածների հետ այնքանով, որքանով ոչ հստակ ձևակերպման պատճառով չեն ստեղծում պատշաճ և արդյունավետ ընթացակարգեր տվյալ հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննությունը և Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքից ածանցվող նրա որպես մասնավոր անձի հետագա պաշտոնավարման իրավունքը երաշխավորելու համար: Անդրադառնալով Աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությանը Դիմողը նշում է, որ դատավորի պաշտոնի դադարեցումը ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում խախտում է Սահմանադրությամբ երաշխավորված հանրային ծառայության անցնելու, ներառյալ կամայական հիմքերով պաշտոնից չազատվելու իրավունքը, ուստիև Բարձրագույն դատական խորհրդի կողմից տվյալ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն այնքանով, որքանով այդ նորմը կիրառելի չի համարվում դատավորների նկատմամբ, հանգեցնում է Սահմանադրության 49-րդ հոդվածի խախտման: Այս կապակցությամբ Դիմողը նշում է. «Խորհրդի կողմից Աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը չկիրառելու նման պրակտիկան իրավաչափ չի կարող համարվել, անգամ եթե հաշվի առնենք հանրային ծառայողի և դատավորի տարբեր կարգավիճակ ունենալը կամ հանրային պաշտոնի առանձնահատկությունները և հանրային ծառայության տեսակը (ՍԴՈ-1488), քանի որ նման տարբերակումը չի կարող արդարացնել ինչու հանրային ծառայողները հանրային ծառայության իրավունքի սահմանափակման դեպքում պետք է լրացուցիչ երաշխիք ունենան, իսկ դատավորները ոչ, առավել ևս եթե դատավորի կարգավիճակը ենթադրում է պաշտպանության ավելի բարձր մակարդակ»: Արդյունքում Դիմողը եզրահանգում է, որ «(…) Աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի նման մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 28-րդ և 29-րդ հոդվածներին»:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Դիմողի կողմից բարձրացված Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և դրա հետ փոխկապակցված նույն օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև փաստել է, որ «(…) անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և համապատասխան հիմնական իրավունքի և կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»: Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության. Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և դրա հետ փոխկապակցված նույն օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սահմանադրության 4-րդ և 6-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանությունը, որի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը. Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների հակասությունը Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել վիճարկվող դրույթների և իր Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Փոխարենը Դիմողը սահմանափակվել է Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի GRECO-ի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և միջազգային այլ մարմինների դիրքորոշումների վկայակոչմամբ: Միաժամանակ, Դիմողն իր Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման փաստի կապակցությամբ բավարարվել է հետևյալ դիրքորոշումների վկայակոչմամբ. Նման կարգավորումը խնդրահարույց է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու օրինականության տեսանկյունից որպես արդար դատաքննության բաղկացուցիչ»: ՀՀ արդարադատության նախարարին անվերապահ հնարավորություն և հայեցողություն է տրված դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ, ինչպիսի պայմաններում բացակայում են արդյունավետ և պատշաճ կարգավորումներ զերծ պահելու ցանկացած կամայականությունից, խտրական մոտեցումից, որը խախտում է անձի արդար դատաքննության իրավունքը»: Դիմողի վերոգրյալ դիրքորոշումներն ինքնին վերացական դատողություններ են, ուստի դրանք չեն պարունակում վիճարկվող դրույթների և իր Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Ավելին Սահմանադրական դատարանի գնահատմամբ Դիմողի սույն դիմումի շրջանակում ներկայացրած հիմնավորումներն առավելապես հանգում են վիճարկվող դրույթների Սահմանադրության 4-րդ հոդվածով սահմանված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին, Սահմանադրության 162-րդ հոդվածով սահմանված միայն դատարանների կողմից արդարադատության իրականացմանը, ինչպես նաև Սահմանադրության 164-րդ հոդվածով սահմանված դատավորի կարգավիճակին վերաբերող դրույթներին հակասությանը: Վերոգրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 4-րդ հոդվածով երաշխավորված իշխանությունների բաժանման և հավասարակշռման և Սահմանադրության 6-րդ հոդվածով երաշխավորված օրինականության սկզբունքներին Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդ սկզբունքներն ամրագրված են Սահմանադրության Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ կոնկրետ վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման: Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Դիմողն իր դիմումի խնդրամասում չի նշել, սակայն հիմնավորումների հատվածում նաև անդրադարձել է վիճարկվող դրույթների Սահմանադրության 162 և 164-րդ հոդվածներին հակասությանը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը. ինչպես պաշտոնաթող, այնպես էլ ներկայում պաշտոնավարող դատավորները Սահմանադրական դատարանին ներկայացվող անհատական դիմումների շրջանակում հանդես են գալիս որպես ֆիզիկական անձ, հետևաբար կաշկանդված են Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված իրենց որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման հարց բարձրացնելու պահանջով: Ուստի անհատական դիմումների շրջանակում չեն կարող բարձրացվել և քննարկման առարկա դառնալ Սահմանադրության 162 և 164-րդ հոդվածներով սահմանված արդարադատության իրականացմանը և դատավորի կարգավիճակին, այդ թվում անկախությանը վերաբերող հարցեր: Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում նաև վիճարկվող դրույթների հակասությունը Սահմանադրության 61-րդ հոդվածին: Մասնավորապես Դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել վիճարկվող դրույթների և իր Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմի-ջական առկայությունը։ Փոխարենը Դիմողը պարզապես սահմանափակվել է անհատական դիմումի խնդրամասում վիճարկվող դրույթների Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ պնդման վկայակոչմամբ որևէ կերպ չանդրադառնալով դրան անհատական դիմումի հիմնավորումների հատվածում։ Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վկայակոչված վիճարկվող դրույթների Սահմանադրության 75 և 81-րդ հոդվածներին հակասությանը, ապա Սահմանադրական դատարանը փաստում է, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ դրանք առանձին քննարկման առարկա չեն կարող դառնալ, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո, որը սույն պարագայում տեղի չի ունեցել: Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, հետևաբար և Սահմանադրության 75 և 81-րդ հոդվածներին: Այսինքն սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է: Ուստի Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և դրա հետ փոխկապակցված նույն օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի մասով, ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով: 3.2.Դիմողի կողմից բարձրացված Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման պարագայում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, որը ոչ միայն չի բխի Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում գործող դատարանների գործառույթների տարանջատումը։ Այսինքն Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը: Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը հետևյալ պատճառաբանությամբ. դիմումի և դրան կից ներկայացված նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի և 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության կիրառման իրավաչափության հարց: Այսպես Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ քննարկվող դեպքում Խորհուրդը Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ներքո դիտարկում է Սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված մեկ այլ խախտում նյութական և դատավարական նորմերի խախտումը, այն դեպքում, երբ նույն մասի 2-րդ կետով Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտումը նախատեսված է որպես կարգապահական պատասխանատվության ինքնուրույն հիմք: Մասնավորապես, Խորհուրդը Որոշման պատճառաբանական մասում հստակ արձանագրել է, որ դատավորի կողմից կոպիտ անփութությամբ թույլ է տրվել նյութական և դատավարական նորմերի խախտում, որպիսի որակումը համապատասխանում է Սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգապահական պատասխանատվության հիմքին : Մինչդեռ դատավորի նկատմամբ կիրառվել է Սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը, որն էլ իր հերթին ըստ էության հղում է կատարում Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին»: Դիմողը նաև նշել է. Այսպիսով ստացվում է, որ Խորհուրդն արձանագրել է դատավորի կողմից թույլ տրված դատավարական նորմի խախտում: Մինչդեռ, հաշվի առնելով այն, որ այդ խախտումն ակնհայտորեն չի հանգեցրել որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկման կամ դրա սահմանափակման, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացրել օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, նվազ կարևորության հիմքով մերժելու փոխարեն Խորհուրդը կամայական մեկնաբանության արդյունքում խախտումը տեղավորել է» Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի կարգավորումներում, ինչը հնարավոր է դարձել նշված նորմերում պարունակող լայն և անորոշ հասկացությունների պատճառով»: Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս վիճարկվող դրույթների իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Բարձրագույն դատական խորհրդի գործողությունների (կայացրած որոշման իրավաչափությանը: Անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված վիճարկվող իրավադրույթների իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության հակասությանը Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքին Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը. Սահմանադրության «Որոշակիության սկզբունքը» վերտառությամբ 79-րդ հոդվածն ամրագրում է հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակող օրենսդրական կարգավորումների սահմանափակման հիմքերի և ծավալի սահմանման, դրանց բավարար չափով որոշակի, հստակ և կանխատեսելի լինելու աներկբա սահմանադրաիրավական պահանջը, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Վերոհիշյալ սահմանադրաիրավական նորմը, այնուամենայնիվ, չի բացառում օրենսդրական կարգավորումների շրջանակներում այնպիսի եզրույթների և ձևակերպումների առկայությունը, որոնք լրացուցիչ մեկնաբանման կամ գնահատման կարիք ունեն, որպիսի պայմաններում անառարկելի է իրավակիրառ պրակտիկայում համապատասխան իրավանորմերին տրվող/հաղորդվող մեկնաբանության առանցքային նշանակությունը: Սահմանադրական դատարանը 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշմամբ իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: (...) օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»: Վերոգրյալը հաստատվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով, մասնավորապես, Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի (Busuioc v. Moldova, Application no. 61513/00, 21/12/2004) վճռում դատարանը գտել է. «Թեև օրենքում որոշակիությունն առավել ցանկալի է, դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին։ Հետևաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են, և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է»: Իր մեկ այլ 2008 թվականի նոյեմբերի 25-ի ՍԴՈ-780 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում»: Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումի շրջանակներում Դիմողի կողմից բարձրացված իրավական որոշակիության սկզբունքին առնչվող հարցը վերաբերում է Սահմանադրական օրենքի վիճարկվող դրույթներում օգտագործված հասկացություններին (տվյալ դեպքում Ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում», զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց», համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ» հասկացություններ և դրանց բովանդակության բացահայտմանը: Սահմանադրական դատարանը փաստում է, որ վերոգրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր 2023 թվականի հունվարի 31-ի ՍԴԱՈ-8 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում կիրառվող իրավադրույթներում առկա ընդհանրական ձևակերպումներին հստակություն հաղորդելու և այդպիսով իրավական որոշակիության սահմանադրական հրամայականը կենսագործելու խնդրում հիմնարար դերակատարություն ունի Բարձրագույն դատական խորհուրդը, որն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ի զորու է համապատասխան իրավանորմերի, տվյալ դեպքում դատական մեկնաբանման միջոցով դրանց հաղորդել անհրաժեշտ որոշակիություն։ Այդ առումով, Սահմանադրական դատարանի գնահատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է առաջնորդվի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում միասնական իրավակիրառ պրակտիկա ձևավորելու հրամայականով, ինչը կնպաստի իրավական կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը և վերացական հասկացությունների գնահատման հայեցողության սահմանների հստակեցմանը»: Ելնելով ողջ վերոգրյալից Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատում, այլ Բարձրագույն դատական խորհրդի գործողությունների կայացրած որոշման իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: 3.3. Դիմողի կողմից բարձրացված Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. հաշվի առնելով սույն որոշման 3.2-րդ կետում ներկայացված իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները և նույն կետում ներկայացված մյուս հիմնավորումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության կապակցությամբ ևս Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը հետևյալ պատճառաբանությամբ. գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Այսպես Դիմողն իր դիմումում նշել է. քննության առարկա գործով դատավոր Ալ. Սուքոյանը 2023 թվականի հունվարի 19-ից մինչև հունվարի 31-ը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ, իսկ փետրվարի 1-ին ներկայացել է աշխատանքի և տեղեկացել, որ հունվարի 30-ին Խորհրդում տեղի է ունեցել հերթական դատական նիստը առանց իր մասնակցության, որի արդյունքում դադարեցվել են իր լիազորությունները: Մինչդեռ, վերջինս ծանուցված չլինելով նշված դատական նիստի մասին, իսկ ծանուցված լինելու պարագայում անաշխատունակ լինելու հանգամանքով պայմանավորված ներկայանալու հնարավորություն անգամ չունենալով զրկված է եղել իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանություն իրականացնելու, այդ թվում նաև նոր ապացույց ներկայացնելու հնարավորությունից»: Մասնավորեցնելով Դիմողը նաև նշել է.

17.01.2023թ. դատական նիստից հետո 18.01.2023թ. դիմողը պարզել է, որ որդեգրվող երեխան 15.10.2018 թվականից ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից վերցված է եղել կենտրոնացված հաշվառման որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա: Նշված հանգամանքը պարզ է դարձել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 18.01.2023թ. մուտքագրված Երևանի քաղաքապետի 01/5926-23 գրության ուսումնասիրությամբ, հետևաբար հայտնի չի եղել ո՛չ դիմողին և ո՛չ էլ Խորհրդին: Դիմողի գնահատմամբ նշված հանգամանքն կարող էր էական նշանակություն ունենալ կարգապահական վարույթի քննության համար: Ուստիև, թեև դատավոր Ալ. Սուքոյանը կարող էր այդ ժամանակահատվածում իրականացնել իր իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններ, սակայն ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու ժամանակահատվածում օբյեկտիվորեն զրկված է եղել դրանք իրականացնելու հնարավորությունից»: Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի կողմից որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Բարձրագույն դատական խորհրդի գործողությունների (որոշման իրավաչափությանը: Ելնելով ողջ վերոգրյալից Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատում, այլ Բարձրագույն դատական խորհրդի գործողությունների (կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Ուստի սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Ալեքսեյ Սուքոյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

4 հուլիսի 2023 թվականի

ՍԴԱՈ-79

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 հուլիսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-79
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել