««ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 299-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-108)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 հուլիսի 2024թ. ՍԴԱՈ - 108 | ««ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 299-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
««ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 299-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. «ԱրարատԲանկ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի մայիսի 24-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.
«(...) սույն դիմումն ընդունել վարույթ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում հնարավորություն բողոքարկելու վարույթի մասնակից ճանաչելու վերաբերյալ որոշումները, ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 80-րդ հոդվածներին և 81-րդ հոդվածի 1-ին մասին հակասող»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/0157/11/23 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ քրեական վարույթով որպես տուժող ճանաչվելու պարագայում իր համար ստեղծվում են անբարենպաստ պայմաններ և առաջանում բացասական հետևանքներ, քանի որ իրական տուժողների կրած վնասը դիտարկվում է որպես իր կրած վնաս, իսկ իրական տուժողներն իրենից պահանջում են իրենց միջոցների վերադարձ, այլ դեպքերում կրած վնասներն իրական տուժողների վարկային միջոցների ձևով տրամադրված լինելու դեպքում ինքը զրկվում է դրանք հետ պահանջելու իրավունքից:
Միաժամանակ, Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ քրեական վարույթով կայացված «Տուժող ճանաչելու մասին» որոշման առկայությունը իր համար ստեղծում է անբարենպաստ հետևանքներ, քանի որ, քրեական վարույթով շարունակելով հանդես գալ որպես տուժող, հարկադրված է լինելու իրականացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով տուժողի համար նախատեսված պարտականությունները, ինչպես նաև այլ անհրաժեշտ գործողություններ, իսկ հետագայում անհայտ է, թե իրեն վերագրվող վնասի փոխհատուցում կստանա՞, թե՞ ոչ:
Դիմողի պնդմամբ՝ ՀՀ դատարանները, մերժելով իր կողմից ներկայացված բողոքները, անհիմն կերպով սահմանափակում են իր դատական պաշտպանության իրավունքը, ինչը կարող է հանգեցնել իր համար անբարենպաստ գույքային հետևանքների, արդյունքում` զրկվում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված իր իրավունքների իրականացման հնարավորությունից:
Ըստ Դիմողի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով մինչդատական վարույթի` բողոքարկման ենթակա ակտերի ցանկում սահմանված է միայն վարույթի մասնակից ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն նախատեսված չէ վարույթի մասնակից ճանաչելու որոշումը բողոքարկելու հնարավորություն, քանի որ գործնականում չեն բացառվում այնպիսի իրավիճակներ, երբ անձը վարույթի հանրային մասնակցի կողմից կայացված որոշման հիման վրա կարող է ձեռք բերել վարույթի մասնակցի կարգավիճակ, սակայն իրականում այդպիսի կարգավիճակի տրման հիմքերը բացակայում են:
Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող նորմն այնքանով, որքանով չի նախատեսում վարույթի մասնակից ճանաչելու որոշումները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, հակասում է Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 75-րդ, 80-րդ հոդվածներին, ինչպես նաև 61 և 81-րդ հոդվածների 1-ին մասերին:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ/ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, մասնավորապես, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումը չի պարունակում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը շարունակաբար արտահայտել է այն դիրքորոշումը, որ դիմողի պարտականությունն է հիմնավորել, թե իր սահմանադրական ո՛ր հիմնական իրավունքը կամ ազատությունն է խախտվել, և ի´նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր հիմնական իրավունքի կամ ազատության խախտման միջև:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի հիմնավորվածության պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի կամ ազատության խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի կամ ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և տվյալ հիմնական իրավունքի կամ ազատության ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով բարձրացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարց: Մինչդեռ այս առումով կարևոր է հստակ արձանագրել, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի կամ ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից չի հիմնավորվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ իր՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով և 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ համապատասխանաբար` սեփականության և դատական պաշտպանության հիմնական իրավունքների խախտման հանգեցնելը, ինչպես նաև նման խախտման և վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:
Հետևաբար՝ սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Դիմողի որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 75, 80 հոդվածների և 81-րդ հոդվածի 1-ին մասի հնարավոր խախտման համատեքստում:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
3 հուլիսի 2024 թվականի
ՍԴԱՈ-108
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-108
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
