ԺԱԿԼԻՆ ԱՅԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-32)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 հունիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 32 | ԺԱԿԼԻՆ ԱՅԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
17 հունիսի 2019 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ`
Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ա. Գյուլումյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Ժակլին Այանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ժակլին Այանյանը 2019 թվականի մայիսի 30-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով.
«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածը, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին, 63-րդ հոդվածին ու 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Դիմողը գտնում է այն, որ Վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածը Վճռաբեկ դատարանին իրավունք է տալիս վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո իր որոշման մեջ չնշել բողոքի փաստական հիմքերը և խախտման կամ խախտման բացակայության մասին վերլուծություն կատարել առանց փաստերի նշման, հակասում է Սահմանդրությանը:
Ըստ դիմողի` «Նման իրավիճակում, երբ Օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն Վճռաբեկ դատարանը պարտավորված է կայացնել պատճառաբանված որոշում, սակայն իրավակիրառ պրակտիկայում նշված նորմին տրված մեկնաբանությամբ, պարտավոր չէ անդրադառնալ վարույթ ընդունած բողոքի փաստական հանգամանքներին, ստացվում է, որ Օրենսգրքի 171-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության վերը նշված հոդվածներին»:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` սույն գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով (Օրենք) նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և Օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը Սահմանադրական դատարանում պարտավորված է կատարելու այնպիսի գործողություններ, ինչպիսիք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, մերժվում է նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողի կարծիքով, եթե Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել բողոքի որոշ փաստական հիմքերին, ապա դրանով մեկնաբանություն է տվել վիճարկվող նորմին, և դա դիմումի միակ հիմնավորումն է: Նման պայմաններում առկա չէ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքի փաստական հիմքերին անդրադառնալու հանգամանքի քննարկման անհրաժեշտությունը, քանի որ վերջինս առնչվում է արդեն Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափության հարցին:
Վերոգրյալից բխում է, որ, ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց, դիմողն իրականում, որպես հիմնավորում, առաջ է քաշում Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափության հարց: Սահմանադրական դատարանի լիազորություններն ամրագրված են Սահմանադրության 168- րդ հոդվածում, որից բխում է, որ Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտի իրավաչափության գնահատումը ենթակա չէ Սահմանադրական դատարանին: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 28-րդ հոդվածի 2-րդ մասի և 69-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
Ժակլին Այանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող`
Անդամներ`
17 հունիսի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-32
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 հունիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-32
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
