Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԹՈՒՐ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԹՈՒՐ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-818 մարտի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 մարտի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 8 | ԱՐԹՈՒՐ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 18 մարտի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը`

Նախագահությամբ` Ա. Թունյանի

Անդամակցությամբ` Ֆ. Թոխյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Արթուր Ներսիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Արթուր Ներսիսյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի մարտի 2-ին)` խնդրելով. «1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3, 84, 82 և 85, 10 և 60-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ 22.12.2010թ. ՀՕ-243-Ն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի «օրացուցային» եզրույթը,

2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3, 84, 82 և 85, 10 և 60-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ 22.12.2010թ. ՀՕ-243-Ն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի` «անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում» դրույթը` իրավակիրառական պրակտիկայի կողմից տրված բովանդակությամբ հանդերձ, կամ

3) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3, 84, 82 և 85, 10 և 60, 73, 78, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ 22.12.2010թ. ՀՕ-243-Ն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի «օրացուցային» եզրույթը,

4) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3, 84, 82 և 85, 10 և 60, 73, 78, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ 22.12.2010թ. ՀՕ-243-Ն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի` «անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում» դրույթը` իրավակիրառական պրակտիկայի կողմից տրված բովանդակությամբ հանդերձ,

5) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3, 84, 82 և 85, 10 և 60, 73, 78, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասը` իրավակիրառական պրակտիկայի կողմից այն բովանդակությամբ, որով արգելափակում է անձի` «իրավունքների նկատմամբ իրավաչափ ակնկալիքի» իրավունքը, կամ

6) բացահայտել` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ 22.12.2010թ. ՀՕ-243-Ն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի «օրացուցային» եզրույթի, 31-րդ հոդվածի 2-րդ մասի` «անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում» դրույթի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը»:

2. Դիմողը գտնում է, որ դատարանների կողմից կիրառված` վիճարկվող դրույթներն իր նկատմամբ առաջացրել են բացասական իրավական հետևանքներ, որի պայմաններում ինքը զրկվել է իր ակնկալած կենսաթոշակի չափից: Դիմողը նշում է, որ, մինչ սահմանադրաիրավական վեճի առարկա օրենքի ուժի մեջ մտնելը, առկա իրավակարգավորումների համաձայն` բարձրլեռնային վայրերում երկարաժամկետ զինծառայություն իրականացրած զինծառայողների կենսաթոշակի իրավունքը հաշվարկվում էր ոչ թե օրացուցային 20 տարի ծառայելուց հետո, այլ` Կառավարության որոշումներով հաստատված կարգերով սահմանված հաշվառման կարգով` 1500մ և ավելի բարձրության վրա 13 տարի և 4 ամիս ծառայելու ընթացքում, իսկ 2500մ և ավելի բարձրության վրա` 10 տարի ծառայելու ընթացքում: Դիմողը մատնանշում է, որ դատարանները խնդրո առարկա գործով եկել են այն եզրահանգմանը, որ երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքն այդպիսի կենսաթոշակի իրավունք ունեցող անձի մոտ ծագում է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնին դիմելու հիմքով կենսաթոշակ նշանակելու պարագայում` կիրառելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչի պարագայում արգելափակվում է «իրավունքների նկատմամբ լեգիտիմ ակնկալիքի» իրավունքը:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.

1) դիմողը բաց է թողել ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետը: Այսպես, անհատական դիմումի ներկայացման ժամկետների սահմանումը կարգավորվում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով, ըստ որի` դիմողն իրավունք է ստանում դիմելու Սահմանադրական դատարան իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորություններն սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս անց: Դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը վճռաբեկ դատարանի որոշումը փոստային առաքմամբ ստացել է 2015թ. օգոստոսի 29-ին: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 15-րդ հոդվածի 3-րդ կետի` ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվի վերջին օրը: Այս պարագայում ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերջնաժամկետը համարվում է 2016թ. փետրվարի 29-ը, իսկ դիմողը անհատական դիմումը (էլեկտրոնային եղանակով) ուղարկել է 2016թ. մարտի 1-ին, 1 օր անց, ինչն էլ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի` անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմք է հանդիսանում,

2) դիմողը պնդում է, որ վիճարկվող նորմերն առաջացրել են նշանակվող կենսաթոշակի հաշվարկման սահմանափակումներ: Ըստ դիմողի` իր ծառայության անցնելու պահին առկա իրավակարգավորումների պարագայում ինքն ունեցել է ակնկալիքներ, որոնք անիրականալի են դառնում ներկայիս իրավակարգավորման պայմաններում: Արդյունքում` արգելափակվում է «իրավունքների նկատմամբ լեգիտիմ ակնկալիքի» իրավունքը: Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ` դիմողը եկել է այն եզրահանգման, որ Սահմանադրության իմաստով` որոշակի կոնկրետ տեսակի կենսաթոշակի իրավունքի նկատմամբ «լեգիտիմ ակնկալիքը» ծագում է աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելիս կամ աշխատանքի ընթացքում նոր, առավել բարենպաստ իրավակարգավորում ընդունելիս: Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2008 թվականի հունվարի 15-ի թիվ ՍԴՈ-723 որոշման մեջ ընդգծել է այն իրավական դիրքորոշումը, ըստ որի` լեգիտիմ ակնկալիքի առկայությունը ճանաչվում է միայն այն անձանց նկատմամբ, ովքեր աշխատել և կենսաթոշակի նշանակում են ստացել: Այսինքն` կենսաթոշակի հանդեպ լեգիտիմ ակնկալիքը ծագելու համար միայն աշխատելու փաստը բավարար չէ, անձի նկատմամբ պետք է արդեն իսկ նշանակված լինի կենսաթոշակ կամ վերջինս պետք է արդեն իսկ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած լինի, որպեսզի դրա հանդեպ գործի լեգիտիմ ակնկալիքը: Հետևաբար, ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է ոչ թե որոշակի պայմաններում աշխատած անձանց` այդ ընթացքում գործող կարգավորումներով կենսաթոշակ ստանալու լեգիտիմ ակնկալիքը, այլ արդեն իսկ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձանց` այդ իրավունքը ձեռք բերելու պահին գործող իրավակարգավորումներով կենսաթոշակ ստանալու և դրա չափն այլևս չնվազեցնելու լեգիտիմ ակնկալիքը: Կարծում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների շրջանակներում դիմողի ներկայացրած փաստարկներն ակնհայտ անհիմն են,

3) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերության վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 29-ի ՍԴՈ-1000 որոշումը, որով նշյալ դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Արթուր Ներսիսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող Անդամներ

18 մարտի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/1-8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 մարտի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-8
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել