«ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-65)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 դեկտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 65 | «ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 դեկտեմբերի 2023թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Հ. Հովակիմյանի
Քննության առնելով «ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-ն (այսուհետ Դիմող), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի դեկտեմբերի 13-ին), խնդրել է հետևյալը. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Սահմանադրության 60-րդ, 75-րդ, 78-80-րդ հոդվածներին հակասող և անվավեր հաշվի առնելով համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»։
2. Դիմողը նշում է, որ իրավակիրառ պրակտիկայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթը չի կիրառվում այն դեպքում, երբ տասը տարի անընդմեջ, բարեխիղճ և որպես սեփականը տիրապետման օբյեկտ է հանդիսացել այն գույքը, որի նկատմամբ գրանցված է այլ անձի սեփականության իրավունքը։ Ըստ Դիմողի վիճարկվող դրույթին վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից տրված նմանատիպ սուբյեկտիվ մեկնաբանությունը փաստացի բացառում է քննարկվող իրավանորմի հիման վրա սեփականության իրավունքի ծագումն անձի մոտ, որը տասը տարի անընդմեջ, բացահայտ, բարեխիղճ տիրապետել է այլ անձին պատկանող գույքը։ Հավելելով Դիմողը պնդում է, որ իրավակիրառ պրակտիկայում քննարկվող նորմին տրված վերը վկայակոչված մեկնաբանությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք կարող է ծագել միայն այն գույքի նկատմամբ, որը չունի սեփականատեր։ Դիմողը պնդում է, որ իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթի կիրառումն այն մեկնաբանությամբ, համաձայն որի գույքը տասը տարի անընդմեջ, բացահայտ տիրապետողի կողմից այլ անձի սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկացված լինելը բարեխղճության բացակայության դրսևորում է, և այդ կերպ բացառվում է ձեռքբերման վաղեմության ուժով իրավունքի ճանաչումը, հանգեցնում է Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի (լեգիտիմ ակնկալիքի) անհամաչափ սահմանափակման և դրա էության խախտման։ Անդրադառնալով վիճարկվող դրույթի Սահմանադրության 78-րդ հոդվածով երաշխավորված համաչափության սկզբունքին հակասությանը Դիմողը նշում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությամբ, ըստ էության, սահմանվել է նոր սահմանափակում, որը չի բխում տվյալ նորմի էությունից։ Մասնավորապես, Դիմողի պնդմամբ այն մոտեցումը, որի համաձայն գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն ի չիք է դարձնում ցանկացած գույքային ակնկալիք, անհարկի սահմանափակում է անշարժ գույքը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես սեփական գույք տիրապետած անձի լեգիտիմ ակնկալիքը։ Նման սահմանափակումը, ըստ Դիմողի, դառնում է ոչ պիտանի և ոչ անհրաժեշտ միջոց Սահմանադրությամբ նախատեսված նպատակներին հասնելու համար, ինչպես նաև հանգեցնում է ձեռքբերման վաղեմության ինստիտուտի իմաստազրկմանը և սահմանադրաիրավական բովանդակության խեղաթյուրմանը։ Անդրադառնալով վիճարկվող դրույթի Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված որոշակիության սկզբունքին հակասությանը Դիմողն ընդգծում է, որ վիճարկվող դրույթի բովանդակությունից չի բխում, որ այն կիրառելի չէ այն դեպքում, երբ անձի կողմից տասը տարի անընդմեջ, բարեխիղճ և որպես սեփականը տիրապետած գույքի նկատմամբ գրանցված է այլ անձի սեփականության իրավունքը։ Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը կանխատեսելի չի դարձնում այն անձանց իրավաչափ սպասելիքները, որոնք տասը տարի անընդմեջ, բացահայտ, բարեխիղճ և որպես սեփական գույք տիրապետում են այլ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը, թույլ չի տալիս իրավաբանական և ֆիզիկական անձանց այդ նորմին համապատասխանեցնել իրենց վարքագիծը և կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող են առաջացնել տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից իրեն մեկուսացրած սեփականատիրոջ գույքի օրինական տիրապետումն այլ անձի կողմից։ Ամփոփելով վերոնշյալը Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, համաձայն որի որևէ անձի սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկված լինելը դիտվում է որպես տասը տարվա ընթացքում բացահայտ, անընդմեջ, որպես սեփական գույքը տիրապետած անձի տիրապետման բարեխղճությունը և նրա կողմից ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու իրավունքը բացառող հանգամանք, հանգեցնում է Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված սեփականության իրավունքի և որոշակիության սկզբունքի խախտման։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ
1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,
2) Դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, այն է
ա) Դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության դատարանում դատավարության մասնակից,
բ) Դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,
գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը (բարձրացված հարցի համատեքստում) կիրառվել է դատարանի վերջնական ակտով,
դ) Դիմողը (բարձրացված հարցի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
««ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
28 դեկտեմբերի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-65
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 դեկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-65
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
