ՋՈՒԼԵՏԱ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 փետրվարի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 4 | ՋՈՒԼԵՏԱ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 27 փետրվարի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը`
Նախագահությամբª Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Հ. Նազարյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Ջուլետա Եսայանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Ջուլետա Եսայանը 2017թ. փետրվարի 8-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածով սահմանված նորմը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 28-րդ, 29-րդ, 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածը և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը դատարանի կողմից այս երկու օրենքների անհամապատասխանության վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության շրջանակներում ճանաչել իրավական որոշակիության սկզբունքին հակասող և անվավեր»: Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ.
1. դիմողը նշում է, որ վիճարկվող նորմերի իրավական անորոշությունը, դրանց ներքին և արտաքին հակասությունը խախտում են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արդար դատաքննության իրավունքները: Ըստ դիմողի` վիճարկվող նորմերը հակասում են նաև ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված իրավական պետության սկզբունքին և 28-րդ, 29-րդ հոդվածներով սահմանված` օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականության արգելման սկզբունքներին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է` հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք: Դիմողը պնդում է, որ իրավական անորոշության պայմաններում նոտարները, ինչպես նաև դատարանները հնարավորություն են ստացել իրավակիրառ պրակտիկայում յուրովի մեկնաբանել վիճարկվող իրավական նորմերի դրույթները, մասնավորապես, «կտակի վերացումը նոր կտակ կազմելու ձևով հիմնական կտակը վավերացրած նոտարի կողմից կատարելու» դրույթը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված և երաշխավորված սկզբունքին: Դիմողը գտնում է, որ դատարանը չի անդրադարձել այն իրավական հարցին, թե կտակը վերացնելը, նոր կտակ կազմելու ձևով, արդյո՞ք պետք է վավերացնի հիմնական կտակը վավերացրած նոտարը, ինչպիսի դրույթ նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածում /չնայած այն ենթադրվում է/, այլ նախատեսված է միայն «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասում: Իրավակիրառ պրակտիկայում այդ «բացը» անհամապատասխանություն է ստեղծում կոնկրետ նորմերի կիրառման հարցում, վիճարկվող նորմը կարող է ըստ հայեցողության մեկնաբանվել իրավակիրառողների նոտարների և դատարանների կողմից, ինչը հանգեցնում է վիճարկվող նորմերի կիրառման և մեկնաբանման վերաբերյալ սխալ դատական պրակտիկա ձևավորելուն, որն էլ հանգեցնում է Սահմանադրությամբ երաշխավորված սկզբունքների խախտմանը:
2. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,
դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Դիմողը միջնորդություն է ներկայացրել պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 և 31-րդ հոդվածներով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Ջուլետա Եսայանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության: Բավարարել Ջուլետա Եսայանին պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահողª
Անդամներª
27 փետրվարի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/2-4
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 փետրվարի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-4
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
