Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՆԱՀԻՏ ՄԱԿԱՐՅԱՆԻ և ԷԴՎԱՐԴ ՏՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՆԱՀԻՏ ՄԱԿԱՐՅԱՆԻ և ԷԴՎԱՐԴ ՏՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4512 օգոստոսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-45)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 օգոստոսի 2019թ. ՍԴԴԿՈ - 45 | ԱՆԱՀԻՏ ՄԱԿԱՐՅԱՆԻ և ԷԴՎԱՐԴ ՏՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

12 օգոստոսի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Ա. Դիլանյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Անահիտ Մակարյանի և Էդվարդ Տոնյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Անահիտ Մակարյանը և Էդվարդ Տոնյանը 2019 թվականի հուլիսի 29-ին դիմել են Սահմանադրական դատարան խնդրելով. «1. Գործն ընդունել քննության, 2. Որոշել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածներին»:

2. Դիմողները կարծում են, որ օրենսդիրը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ ի սկզբանե հռչակված ու անփոփոխ մնացած օրինականության սկզբունքը, վիճարկվող դրույթով օրինականության սկզբունքին շնորհել է բացարձակ գերակայություն կատարելապես անտեսելով իրավական այլ սկզբունքներն ու սահմանադրորեն երաշխավորված հիմնական իրավունքները: Որոշ վերլուծությունից հետո դիմողները եզրահանգում են, որ իրավական պետությունում հնարավոր են կամ, առնվազն, պետք է հնարավոր լինեն այնպիսի դեպքեր, երբ պետության անունից ընդունված թեկուզև ոչ իրավաչափ վարչական ակտն ուժի մեջ թողնվի այն պատճառով, որ բարեխիղճ երրորդ անձինք, վստահելով այդ ակտի իրավաչափությանն ու կայունությանը, կատարել են իրավաբանական հետևանք առաջացնող այնպիսի գործողություններ, որոնց շրջադարձը կարող է լրջորեն վնասել այդ բարեխիղճ անձանց իրավունքները:

Դիմողները գտնում են նաև, որ իրավական յուրաքանչյուր պետությունում պետք է գործի իրավական որոշակիության, իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների պաշտպանության սկզբունքներից ձևավորվող «վստահության պաշտպանության» սկզբունքը (իրավունքը), և պետության անունից հանդես եկող վարչական մարմինների ընդունած վարչական ակտերն անվավեր ճանաչելու հարցը քննարկելիս վեճը լուծող մարմինը, օրինականության սկզբունքից զատ, պետք է քննարկման ու գնահատման առարկա դարձնի որևէ անձի վստահության պաշտպանության առկայությունն ու նշանակությունը կոնկրետ դեպքում, իսկ դրա առկայության դեպքում վարչական ակտի անվավերության շուրջ եղած վեճի լուծումը հնարավոր է ոչ այլ կերպ, քան օրինականության և վստահության պաշտպանության սկզբունքների հակադրման միջոցով: Մինչդեռ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը բացառիկ գերակայություն է շնորհում օրինականության սկզբունքին և կտրականապես սահմանում, որ օրենքի խախտմամբ ընդունված վարչական ակտերն անվավեր են չսահմանելով դրանից և ոչ մի բացառություն, ուստի դիմողները գտնում են, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն այնքանով, որքանով չի նախատեսում օրենքի խախտմամբ ընդունված վարչական ակտն անվավեր լինելու կանոնից որևէ բացառություն մասնավորապես այն դեպքերի համար, երբ ակտի հասցեատերն ունի վստահության պաշտպանության իրավունք, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածներին:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»: Դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, եթե Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումը չի համապատասխանում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին: Սույն գործով վերջնական ակտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողների կողմից վիճարկվող դրույթները դատարանի կողմից ոչ վկայակոչվել են, ոչ էլ, ինչն առավել կարևոր է, այդ ակտով իրենց նկատմամբ կիրառվել են:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի կարգավորման վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում: Մասնավորապես Սահմանադրական դատարանն իր` 01.12.2015 թվականի ՍԴՈ-1238 որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում նշել է. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում»: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև նույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Անահիտ Մակարյանի և Էդվարդ Տոնյանի անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

12 օգոստոսի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-45

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 օգոստոսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-45
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել