ՀԱՍՄԻԿ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-40)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 օգոստոսի 2025թ. ՍԴԴԿՈ - 40 | ՀԱՍՄԻԿ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 11 օգոստոսի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի
Ա. Զեյնալյանի
Քննության առնելով Հասմիկ Գեղամյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Հասմիկ Գեղամյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հուլիսի 30-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
«Սահմանադրության 66-րդ և 78-րդ հոդվածներին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին թիվ ԵԴ1/0656/11/24 դատական վարույթով տրված մեկնաբանությունն՝ այնքանով, որքանով այդպիսի մեկնաբանությունը թույլ է տալիս քրեական դատավարությունում մեղադրյալի անմեղության կանխավարկածի հաղթահարման ուղղությամբ կատարելու ոչ անհրաժեշտ միջամտություն՝ անտեսելով մեղադրյալի անմեղության կանխավարկածի հերքման ուղղությամբ առավել մեղմ, սակայն մեղադրյալի մեղքը պատշաճ իրավական ընթացակարգում ապացուցելու համար նույն արդյունավետությունն ու հավանականությունն ունեցող միջոցի առկայությունը»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ1/0656/11/24 գործի դատավարական նախապատմությունը, բարձրացնում է հետևյալ հարցը. «Արդյո՞ք թիվ ԵԴ1/0656/11/24 դատական վարույթով քրեադատավարական օրենքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին տրված մեկնաբանությունը համապատասխանում է Սահմանադրության 66-րդ հոդվածով հռչակված՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի և 78-րդ հոդվածով հռչակված՝ համաչափության սկզբունքի բովանդակությանը, երբ, «Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու պատճառով չի կարող մասնակցել վարույթին» իրավիճակը վերաբերելի համարելով նաև մեղադրյալի՝ քրեական վարույթին մասնակցելուց հրաժարվելու իրավիճակին, քրեադատավարական օրենքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիշյալ մեկնաբանությունը թույլ է տալիս՝ քրեական դատավարությունում մեղադրյալի անմեղության կանխավարկածի հաղթահարման ուղղությամբ կատարելու ոչ անհրաժեշտ միջամտություն՝ անտեսելով մեղադրյալի անմեղության կանխավարկածի հերքման ուղղությամբ առավել մեղմ, սակայն մեղադրյալի մեղքը պատշաճ իրավական ընթացակարգում ապացուցելու համար նույն արդյունավետությունն ու հավանականությունն ունեցող միջոցի առկայությունը»:
Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարությունում մեղադրյալի անմեղության կանխավարկածի հաղթահարման, դրա հերքման ուղղությամբ պետության կողմից կատարվող միջամտությունը պետք է լինի համաչափ, մասնավորապես՝ անմեղության կանխավարկածի հաղթահարման համար ընտրված միջոցը, ի թիվս այլնի, պետք է ենթադրի անմեղության կանխավարկածի հերքման ուղղությամբ հնարավորինս մեղմ, սակայն ամենախիստ միջոցի համեմատ նույն արդյունավետությունն ապահովող միջամտություն:
Ըստ Դիմողի՝ մեղադրյալի քրեական հետապնդման ժամկետը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով չի կարող կասեցվել, եթե մեղադրյալը, թեկուզև, գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, սակայն վերջինիս գտնվելու վայրը հայտնի է, և քրեական վարույթին չմասնակցելը մեղադրյալի կամաարտահայտության արդյունք է, այլ կերպ՝ մեղադրյալը չի ցանկանում մասնակցել քրեական վարույթին, այլ ոչ թե քրեական վարույթին չմասնակցելը մեղադրյալի կամքից անկախ գոյություն ունեցող և մեղադրյալի կողմից չհաղթահարվող հանգամանքի արդյունք է:
Դիմողի պնդմամբ՝ եթե մեղադրյալի քրեական հետապնդման ժամկետը ենթակա լիներ կասեցման նաև այն դեպքում, երբ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի է, և մեղադրյալը, գտնվելով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, չի ցանկանում քրեական վարույթին մասնակցել, խուսափում է, ապա օրենսդիրը նախատեսած կլիներ այդ բովանդակությամբ դրույթ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Միաժամանակ, Դիմողը գտնում է, որ այն դեպքում, երբ քննությունից խուսափող մեղադրյալի քրեական հետապնդման ժամկետը կասեցվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ այն բովանդակությամբ, որ «Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու պատճառով չի կարող մասնակցել վարույթին», և նման իրավիճակի իմաստային ծանրաբեռնվածությունն ընդգրկում է նաև քրեական վարույթին դիտավորյալ չմասնակցությունը, ապա իր ապացուցված անմեղությունը փաստագրելու համար մեղադրյալին չի մնում որևէ այլ միջոց, քան քրեական վարույթին մասնակցությունն է:
Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ վերոգրյալ իրավիճակին տրված մեկնաբանության բովանդակությունը կազմող տարրերը լիարժեք ընդգրկում են մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու իրավաչափությունը:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատման հարցեր:
Սահմանադրական դատարանի դատական կազմը, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները, գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը:
Այսպես՝ գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Դիմողը, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու՝ քրեադատավարական օրենքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը կիրառելի չէ այն դեպքում, երբ գտնվելու վայրը հայտնի և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մեղադրյալը չի ցանկանում (խուսափում է) քրեական վարույթին մասնակցելուց (...)»:
Միաժամանակ, Դիմողն արտահայտել է նաև հետևյալ բովանդակությամբ դիրքորոշում. «(...) եթե մեղադրյալի քրեական հետապնդման ժամկետը ենթակա լիներ կասեցման նաև այն դեպքում, երբ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի է, և մեղադրյալը, գտնվելով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, չի ցանկանում (խուսափում է) քրեական վարույթին մասնակցելուց, ապա անհրաժեշտ չէր, որպեսզի քրեադատավարական օրենքը նախատեսեր մեղադրյալի քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու երկու ինքնուրույն հիմք՝ կախված բացառապես մեղադրյալի գտնվելու վայրի՝ հայտնի կամ անհայտ լինելուց»:
Վերոգրյալից ակնհայտ է, որ Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում իրավասու մարմինների կողմից՝ սույն անհատական դիմումի քննարկման առարկա հանդիսացող հարցի կապակցությամբ կայացված որոշումների, ինչպես նաև թիվ ԵԴ1/0656/11/24 գործով ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի բովանդակության առնչությամբ: Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են իրավասու մարմինների, ինչպես նաև ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Սահմանադրական դատարանի դատական կազմը, հաշվի առնելով վերոշարադրյալը, հանգում է այն եզրակացության, որ Դիմողի բարձրացրած խնդրո առարկա հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ իրավասու մարմինների կողմից՝ քննարկվող դիմումի առարկա հանդիսացող հարցի վերաբերյալ կայացված որոշումների և այդ կապակցությամբ թիվ ԵԴ1/0656/11/24 գործով ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Հասմիկ Գեղամյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Վաղարշյան
Անդամներ՝ Հ. Հովակիմյան
Ա. Զեյնալյան
11 օգոստոսի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-40
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 օգոստոսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-40
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
