Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«Ա.Զ.Դ. ՍՏՈՒԴԻՈ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«Ա.Զ.Դ. ՍՏՈՒԴԻՈ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3623 հուլիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-36)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 հուլիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 36 | «Ա.Զ.Դ. ՍՏՈՒԴԻՈ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 23 հուլիսի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով «Ա.Զ.Դ. Ստուդիո» ՍՊԸ անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Ա.Զ.Դ. Ստուդիո» ՍՊԸ (այսուհետ` Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հուլիսի 3-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով խնդրել է.

«(...) Պարզել, թե արդյո՞ք «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը»:

2. Դիմողի պնդմամբ՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում (այսուհետ նաև՝ Օրենք) կատարված փոփոխությունների արդյունքում սահմանափակվում է անձանց՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, ինչն իր հերթին հանգեցնում է սեփականության իրավունքի խախտման: Ըստ դիմողի՝ խախտվում է նաև պատշաճ վարչարարության իրավունքը, կատարված փոփոխությունները տարածվում են նաև մինչև փոփոխության կատարումը ձեռք բերված իրավունքների նկատմամբ՝ այդպիսով վատթարացնելով ախտաբանաանատոմիական դիահերձումների իրականացման համար անհրաժեշտ համապատասխան լիցենզիա ստացած սուբյեկտների որոշակի խմբի իրավական կարգավիճակը:

Դիմողը գտնում է, որ տվյալ պարագայում Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանափակվել է իր՝ տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը՝ ընդ որում՝ առանց որևէ կերպ անդրադառնալու նման սահմանափակման նախատեսման իրավաչափության պայմանների հիմնավորմանը: Դիմողի պնդմամբ՝ Օրենքի ընդունմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքում չի հաստատվել սահմանափակման նախատեսման իրավաչափության պայմանների ապահովված լինելու հանգամանքն օրենսդիր մարմնում, և համապատասխան իրավասու հանձնաժողովներում ծավալված քննարկումների արդյունքում ևս անդրադարձ կատարված չէ:

Միաժամանակ, Դիմողն անդրադառնալով անձի սեփականության իրավունքի միջամտությանը, նշում է, որ ցանկացած պարագայում, երբ պետության կողմից տեղի է ունենում տվյալ իրավունքի միջամտություն, պետությունը պարտավոր է գույքի սեփականատիրոջը տրամադրել ողջամտորեն համարժեք փոխհատուցում:

Դիմողը նշում է, որ տվյալ պարագայում որևէ վարչարարական գործընթաց տեղի չի ունեցել. անձանց իրավունքների սահմանափակումը, բարենպաստ վարչական ակտի գործողության փաստացի դադարեցումը կատարվել է օրենսդրական փոփոխության արդյունքում, ինչն ուղղակիորեն հակասում է պատշաճ վարչարարության սահմանադրական սկզբունքն արտացոլող իրավական ակտերին այն պարագայում, երբ փոփոխություն նախատեսող իրավական ակտում անդրադարձ կատարված չէ դրա ընդունման արդյունքում վարչական ակտերի ուժը կորցրած ճանաչելուն: Միաժամանակ, Դիմողի պնդմամբ՝ վարչարարության իրականացված չլինելու պայմաններում հնարավոր չէ ապահովել նաև անձի լսված լինելու իրավունքը, ինչն իր հերթին պատշաճ վարչարարության անկյունաքարային բաղադրատարրերից մեկն է:

Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ խնդրո առարկա կարգավորմամբ նախևառաջ ոչ իրավաչափ եղանակով միջամտություն է տեղի ունեցել իրավահարաբերության մասնակիցների տնտեսական գործունեության և սեփականության իրավունքներին՝ առանց համարժեք փոխհատուցում տրամադրելու: Դիմողի պնդմամբ՝ «խնդրո առարկա կարգավորումը զուրկ է իրավական որոշակիությունից, և դրա կիրառումը գործնականում հանգեցրել է իրավահարաբերությունների մասնակիցների իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտի հետադարձ ուժով կիրառման արգելքի, ինչպես նաև պատշաճ վարչարարության իրավունքի խախտման»:

3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանն ամբողջությամբ կամ մասամբ գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում:

Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի ընդունելիության հարցի առնչությամբ վերոհիշյալ կարգավորումները սույն գործի նյութերի հետ համադրելով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է հետևյալը.

վիճարկվող դրույթի առնչությամբ տվյալ դիմումով առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2023 թվականի ապրիլի 25-ի ՍԴՈ-1685 որոշումը: Մասնավորապես՝ տվյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ արձանագրել է հետևյալը.

«Ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու համար լիցենզիա ստացած անձինք նոր իրավակարգավորումներով առաջադրված նոր պայմաններն ու պահանջները՝ դրանք իրենց համար վատթարացնող լինելու փաստարկով պայմանավորված, իրենց նկատմամբ չկիրառելու ակնկալիք ունենալ չեն կարող, քանզի օրենսդիրը խնդրո առարկա իրավահարաբերությունների բովանդակությանը ներկայացվող նոր պայմաններ ու պահանջներ է առաջադրել, որոնք տարածվում են նաև բոլոր այն անձանց վրա, որոնք մինչ այդ արդեն իսկ հանդիսացել են տվյալ իրավահարաբերության սուբյեկտներ: Դա նշանակում է, որ օրենսդրական նոր կարգավորումները հավասարապես վերաբերում են ինչպես ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու մտադրություն ունեցող, այնպես էլ մինչ այդ կարգավորումներն այդպիսի գործունեություն ծավալած և այն շարունակելու ցանկություն ունեցող սուբյեկտներին»։

Միաժամանակ, տվյալ որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ելնելով տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության երաշխավորման հրամայականից՝ օրենսդրի խնդիրն է տնտեսական քաղաքականությանը վերաբերող օրենսդրական կարգավորումներ նախատեսելիս կամ առկա կարգավորումներում այնպիսի փոփոխություններ կատարելիս, որոնք առնչվում են տնտեսվարողներին առաջադրվող պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությանը, որը միջամտում է անձի իրավունքներին/ազատություններին, որպես ուղենիշ ընդունել տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության երաշխավորման այնպիսի գործիքակազմ նախատեսելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ օրենսդրական ժամկետների մասով, որոնք, փարատելով տնտեսական գործունեություն ծավալող անձանց համար իրենց կատարած ներդրումների արդարացման վերաբերյալ հնարավոր մտահոգությունները և ապահովելով որոշակի կանխատեսելիություն վերջիններիս համար, կլինեն հնարավորինս կշռադատված, իրավական առումով՝ հիմնավորված, տնտեսական առումով՝ արդյունավետ՝ ապահովելով հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռությունը»:

Իսկ նույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը որոշել է. ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»:

Այսինքն՝ Դիմողի կողմից բարձրացված հարցը նույնանում է տվյալ որոշմամբ քննված հարցի հետ, հետևաբար՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշում առկա լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Ա.Զ.Դ. Ստուդիո» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

23 հուլիսի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-36

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հուլիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-36
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել