«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ (ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԻՆ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 155-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-176)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 նոյեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 176 | «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ (ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԻՆ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 155-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ (ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԻՆ ԳՈՐԾՈՂ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 155-ՐԴ
ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (դիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ) 94- րդ հոդվածի 6-րդ մասի, 145-րդ հոդվածի 1-ին մասի, 155-րդ հոդվածի 7-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2022 թվականի փետրվարի 24-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Մարդու իրավունքների պաշտպանի այսուհետ նաև Դիմող դիմումը, որով վերջինս խնդրել է որոշել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի, 145-րդ հոդվածի 1-ին մասի, 155-րդ հոդվածի 7-րդ մասի Սահմանադրության 4- րդ, 61-րդ հոդվածներին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 79- րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:
2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 7-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել 2018 թվականի փետրվարի 10-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:
Դիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենսգիրք) «Բարձրագույն դատական խորհրդի ակտերը և դրանց ընդունման կարգը» վերտառությամբ 94-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է.
«6. Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում բաց քվեարկությամբ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը: Եթե քվեարկության արդյունքով որևէ որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում չի ընդունում, ապա համապատասխան միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, իսկ որոշումը կազմում և ստորագրում են Բարձրագույն դատական խորհրդի այն անդամները, որոնք քվեարկել են միջնորդությունը մերժելու օգտին»: Օրենսգրքի «Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինները» վերտառությամբ 145-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«1.Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն`
1) Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը.
2) Լիազոր մարմինը.
3) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սույն հոդվածի 1.1-ին կետով նախատեսված դեպքերում»:
Օրենսգրքի «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշմանը ներկայացվող պահանջները և որոշման հրապարակումը» վերտառությամբ 155-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է. «7. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը ենթակա է բողոքարկման այն պահից սկսած մեկամսյա ժամկետում, երբ բողոք բերող անձն (մարմինը) իմացել է կամ կարող էր իմանալ սույն օրենսգրքի 156.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված ապացույցների կամ հանգամանքների մասին»:
3. Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով խնդրել է որոշել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի, 145-րդ հոդվածի 1-ին մասի, 155-րդ հոդվածի 7-րդ մասի Սահմանադրության 4-րդ, 61-րդ հոդվածներին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 79-րդ, 81-րդ հոդվածներին
համապատասխանության հարցը:
1. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ի մասի սահմանադրականության առնչությամբ Դիմողը նշում է, որ դրա համաձայն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ օժտված է նաև արդարադատության նախարարը, ինչը, սակայն, համահունչ չէ դատավորի անկախության սկզբունքին: Ըստ Դիմողի «Ժողովրդավարություն
իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը Հայաստանի պարագայում ժամանակավորապես թույլատրել է արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության ներդրումը որպես դատական կորպորատիվիզմի դեմ պայքարի միջոց, սակայն ընդգծել է, որ դրա կիրառությունը պետք է լինի
ժամանակավոր, զուսպ և խիստ հիմնավոր։
Դիմողը նշում է, որ 2018 թվականին Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) հանձնարարական է տվել Հայաստանին վերացնել արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու իրավունքը այն որակելով որպես դատավորի անկախության հետ անհամատեղելի, իսկ արդեն 2019 թվականի դեկտեմբերին իր գնահատման զեկույցում արձանագրել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են վերացնել արդարադատության նախարարի կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ձևավորմանը զուգահեռ, և որ այդ հարցում նախարարի դերը գործնականում սահմանափակված է հստակ նախանշված օբյեկտիվ չափանիշներով։ Նշվում է նաև, որ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ արդարադատության նախարարը դեռևս ունի և իրացնում է կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը, և ընդգծվում է, որ գործադիր իշխանության մաս կազմող արդարադատության նախարարի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներում ներգրավված լինելը կարող է դիտարկվել ոչ լիովին համատեղելի դատական անկախության հետ:
Դիմողը նշում է, որ Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում դատական անկախության վերաբերյալ կիևյան հանձնարարականների (Կիևյան հանձնարարականներ) համաձայն արդար ընթացակարգ երաշխավորելու նպատակով անհրաժեշտ է առանձնացնել երկու իրավասություն. ա) բողոքների ստացում և կարգապահական քննության անցկացում, բ) գործի քննություն և կարգապահական տույժի վերաբերյալ որոշման կայացում: Անկախության և անաչառության չափանիշով պետք է օժտված լինեն ոչ միայն կարգապահական տույժի վերաբերյալ որոշում կայացնելու, այլև կարգապահական վարույթ քննելու իրավասությամբ օժտված մարմինները։ Դատավորների նկատմամբ կարգապահական իրավասություններ ունեցող մարմինները չպետք է վերահսկվեն գործադիր իշխանության կողմից: Պետք է բացառել կարգապահական հարցերով կայացվող որոշումների նկատմամբ քաղաքական ազդեցությունը (9-րդ կետ):
Դիմողը հիշատակում է նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) «Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթների վերաբերյալ միջազգային ստանդարտներ և լավագույն փորձ» վերտառությամբ փաստաթուղթը, որում, ըստ Դիմողի, նշված է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող սուբյեկտը պետք է օժտված լինի անկախությամբ։ Նշվածի հիման վրա Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու արդարադատության նախարարի իրավասությունը նվազեցնում է դատավորի անկախ և անաչառ դատարանի կողմից գործը քննվելու Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքները և ուղիղ հակասում է Սահմանադրությամբ սահմանված իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքին, ուստի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է Սահմանադրության 4-րդ հոդվածին և 63-րդ հոդվածի 1-ին մասին։ Դիմողը նշում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացի վերաբերյալ օրենսդրորեն պետք է ամրագրվեն հստակ կարգավորումներ ու օբյեկտիվ չափանիշներ, որոնց առկայությունը նվազագույնի կհասցնի դատական անկախության երաշխավորմանը սպառնացող վտանգները․ անկախ դատարանի երաշխավորումը հնարավոր է միայն այդ գործառույթի պատշաճ իրականացման պարագայում։ Միևնույն ժամանակ, ըստ Դիմողի դատավորների անկախությունը նրանց սեփական շահերի համար տրված բացարձակ իրավասություն կամ արտոնություն չէ: Այն բխում է իրավունքի գերակայության և այն անձանց շահերից, որոնք արդարադատություն են ակնկալում։
Դիմողի կարծիքով վարույթ հարուցողի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը որպես կարգապահական վարույթ հարուցելու հիմք, չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին. առկա է «իր լիազորություններն իրականացնելիս» և «ինքնուրույն հայտնաբերում» ձևակերպումների անորոշություն։ Այս առումով Դիմողն առանձնացնում է միայն արդարադատության նախարարին որպես դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմին։
Դիմողի պնդմամբ պարզ չէ, թե ինչպես պետք է հասկանալ «իր
լիազորություններն իրականացնելիս» ձևակերպումը. արդյո՞ք դա ներառում է վարույթ հարուցող մարմնի կողմից դրսևորվող ցանկացած գործունեության ընթացքում ի հայտ եկած հանգամանքները, թե՞ միայն այնպիսիք, որոնք վարույթ հարուցող մարմինը հայտնաբերել է կոնկրետ որոշակի գործունեություն կատարելու արդյունքում։ Ըստ Դիմողի «իր լիազորություններն իրականացնելիս» ձևակերպումը լայն մեկնաբանելը չի բխում քննարկվող առիթը նախատեսելու տրամաբանությունից, քանի որ ի պաշտոնե ցանկացած գործունեության իրականացում չէ, որի կատարման ընթացքում որոշակի ենթադրյալ խախտում հայտնաբերելը կարող է դիտարկվել որպես լիազորություններն իրականացնելիս խախտման հայտնաբերում, և ընդհանուր տրամաբանությունն այն է, որ որպես վարույթ հարուցելու հիմք չպետք է դիտարկել այն դեպքերը, երբ լիազոր մարմինը ենթադրյալ կարգապահական խախտումը հայտնաբերում է իր ընդհանուր լիազորությունների կատարման ընթացքում։
Ըստ Դիմողի հստակ չէ նաև օրենսդրի «ինքնուրույն հայտնաբերում» ձևակերպումը: Նշվում է, որ հարց է առաջանում արդյո՞ք ենթադրյալ խախտումը պետք է հայտնաբերի անձամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը, թե՞ նաև նրա հանձնարարությամբ կամ առանց դրա որոշակի գործունեություն իրականացնող ենթակա աշխատակիցը։ Դիմողն այս մասով գտնում է, որ հստակ չէ, թե արդյո՞ք վարույթ հարուցելու իրավասություն ունեցող անձին ենթակա աշխատակիցը կարող է կատարել ինչ-որ ուսումնասիրություն և դրա արդյունքները ներկայացնել վարույթ հարուցելու իրավասություն ունեցող անձին, և վերջինս նշված ուսումնասիրությունը կարո՞ղ է դիտարկել որպես իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերում։
Վկայակոչելով իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները Դիմողը գտնում է, որ առկա օրենսդրական կարգավորումները, որոնք ուղղված են անձի արդար դատաքննության իրավունքի իրացման երաշխավորմանը, իրենց անկատարությամբ և որոշակիության բացակայությամբ չեն համապատասխանում ինչպես անկախ դիտորդի, այնպես էլ իրավահարաբերությունների սուբյեկտների համար այդ կարգավորումների կանխատեսելիության չափանիշին և կարող են տարակերպ մեկնաբանվել։ Դիմողը գտնում է, որ հիշյալ կարգավորումները չեն համապատասխանում Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության սկզբունքին, և արդյունքում չի ապահովվում դատարանի անկախության սկզբունքի ու, հետևաբար Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքի պատշաճ երաշխավորումը։ Դիմողը նշում է նաև, որ «իր լիազորություններն իրականացնելիս» և «ինքնուրույն հայտնաբերում» հասկացությունների իրավական որոշակիության պահանջին չհամապատասխանելու պայմաններում լիազոր մարմնի կողմից ի պաշտոնե ցանկացած գործունեություն կատարելիս ինչպես անձամբ իր, այնպես էլ իր ենթակայության տակ գտնվող այլ աշխատակիցների կողմից համապատասխան դեպքերի հայտնաբերումը և առաջինին դրանք հասու դարձնելն Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով վարույթ հարուցելու առիթ դիտարկելը համահունչ չէ դատական իշխանության անկախությանը և իշխանությունների տարանջատման սկզբունքին։
Դիմողի կարծիքով վերը ներկայացված պայմաններում արդարադատության նախարարի կողմից սեփական նախաձեռնությամբ անձամբ կամ համապատասխան աշխատակցի կողմից ուսումնասիրություններ կատարելու արդյունքում կարգապահական վարույթ հարուցելն անաչառ դիտորդի և շահագրգիռ անձի մոտ կարող է առաջացնել ողջամիտ կասկածներ, որ նշված ուսումնասիրությունները կատարվել են դրա արդյունքում կոնկրետ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր ստեղծելու համար վերջինիս նկատմամբ բացասական վերաբերմունք ունենալու պատճառով, ինչը, ըստ Դիմողի, անհամատեղելի է խտրականության արգելքի սկզբունքի հետ։
2. Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության առնչությամբ Դիմողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշումը, նշում է, որ
Սահմանադրական դատարանը դատավորին կարգապահական
պատասխանատվության ենթարկելու խիստ միջոցների
անբողոքարկելիությունը համարել է գործոն, որը պահանջում է օրենքը ձևակերպել հնարավորինս որոշակի։
Ըստ Դիմողի առ այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշումները նյութաիրավական հիմքերով բողոքարկելու հնարավորություն նախատեսված չէ, որպիսի պայմաններում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու բոլոր հիմքերը պետք է ձևակերպված լինեին առավել որոշակիությամբ։ Դիմողը նշում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կոնկրետ գործով որպես վերջինիս կողմից թույլ տրված խախտման հիմքեր ներկայացվել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, որոնցից Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ձևակերպումն ունի վերացականության խիստ բարձր աստիճան:
Դիմողը նշում է, որ Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշման բողոքարկման հնարավորություն չի ընձեռում այն պայմաններում, երբ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ձևակերպումն ունի վերացականության խիստ բարձր աստիճան։
Վերոգրյալի հաշվառմամբ Դիմողը գտնում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հիմքը սահմանող խիստ անորոշ իրավադրույթի պայմաններում Բարձրագույն դատական խորհրդի որոշման բողոքարկման հնարավորության բացակայությունը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածին փոխկապակցված Սահմանադրության 79-րդ հոդվածի հետ։
3. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանադրականության առնչությամբ Դիմողը հայտնում է, որ սույն դրույթի համաձայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներն ընդունվում են Բարձրագույն դատական խորհրդի
անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Միաժամանակ, Դիմողը, վկայակոչելով Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-84-Ո- Կ-24 որոշումը, ներկայացնում է, որ այդ կոնկրետ գործով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումն ընդունվել է Բարձրագույն դատական խորհրդի 6 անդամի կողմից, սակայն
կարգապահական տույժի կոնկրետ տեսակի (տվյալ դեպքում խիստ
նկատողություն) կիրառման մասին որոշումը, ըստ Դիմողի, կայացվել է նույն անդամներից միայն 5-ի կողմից, իսկ 6-րդ անդամը հատուկ կարծիքով դեմ է արտահայտվել հայտարարված կարգապահական տույժին։ Դիմողը նշում է, որ հիշյալ գործով դատավորը կարգապահական
պատասխանատվության է ենթարկվել խիստ նկատողություն կարգապահական տույժի տեսքով այն պատճառով, որ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասը չի տարանջատում կարգապահական պատասխանատվության ենթարկելու և կարգապահական տույժի ընտրության վերաբերյալ որոշումները, որպիսի պայմաններում դատավորը կարող է ենթարկվել առավել խիստ տեսակի կարգապահական տույժի առանց խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնության։
Վերոգրյալի հաշվառմամբ Դիմողը եզրակացնում է, որ, առանց Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնության, առավել խիստ կարգապահական տույժի նշանակումը խախտում է դատավորի գործի արդարացի քննության իրավունքը, ուստի Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասը հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին։
4. Ազգային ժողովը (այսուհետ նաև Պատասխանող) գործով ներկայացրել է գրավոր բացատրություն:
1. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ի մասի սահմանադրականության առնչությամբ Պատասխանողը, հղում կատարելով Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 3 (2002) կարծիքին, նշում է, որ ըստ վերջինիս մի կողմից դատավորի դեմ ներկայացված բողոքներն
ստանալու, կարգապահական վարույթ հարուցելու իրավասությունը, մյուս կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության
ենթարկելու իրավասությունը պետք է իրականացվեն առանձին
մարմինների կողմից (դատավորների խորհրդի տարբեր
ստորաբաժանումների կամ տարբեր մարմինների կողմից), սակայն դա չի նշանակում, որ պետք է այս գործառույթներն անպայման կատարեն առանձին հաստատություններ: Կարևոր է, որ նույն հաստատության անդամը, որն սկզբնական փուլում հանդես է գալիս որպես մեղադրող, հետագայում դատաքննության փուլում հանդես չգա որպես դատավոր։ Պատասխանողը նշում է, որ Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում դատական անկախության վերաբերյալ կիևյան հանձնարարականների (Կիևյան հանձնարարականներ) համաձայն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնող մարմինները չպետք է նույնը լինեն, որպեսզի երաշխավորվի վերջիններիս անկախությունը։ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը, ըստ Պատասխանողի, նշված կանոնից արել է մեկ վերապահում. եթե առանձին մարմին չի ստեղծվում, ապա պետք է ապահովել, որ այդ մարմնի այն անդամները, որոնք ներգրավված են եղել կարգապահական վարույթ հարուցելու գործընթացում (մեղադրողի, հետաքննողի դերում), դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացին չմասնակցեն (հանդես չգան որպես դատարան)։
Պատասխանողը, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան, նշում է, որ գործում է այն սկզբունքը, համաձայն որի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացում ներգրավված անձը չի կարող մասնակցել կարգապահական պատասխանատվության կիրառման գործընթացին։ Պատասխանողը նշում է, որ թեև Օրենսգրքով կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը վերապահված է նաև արդարադատության նախարարին, այնուամենայնիվ, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավասությամբ օժտված է միայն Բարձրագույն դատական խորհուրդը. ընդ որում Օրենսգրքով թվարկված են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը և առիթները, հարուցված կարգապահական վարույթի ընթացքը։
Չհամաձայնելով Դիմողի այն պնդմանը, որ « Արդարադատության նախարարի իրավասությունը նվազեցնում է դատավորի անկախ և անաչառ դատարանի կողմից գործը քննվելու Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքները և ուղիղ հակասում է Սահմանադրությամբ սահմանված իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքին», Պատասխանողը գտնում է, որ արդարադատության նախարարի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասությունը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես գործադիր իշխանություն-դատական իշխանություն բաժանման և հավասարակշռման սկզբունքի խախտում, քանի որ արդարադատության նախարարն իր իրավասության շրջանակներում նախաձեռնում է կարգապահական վարույթը, մինչդեռ, վերջնական որոշում կայացնելու իրավասությամբ օժտված է միայն Բարձրագույն դատական խորհուրդը։
2. Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության առնչությամբ Պատասխանողը, հղում կատարելով Սահմանադրական
դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի
դիրքորոշումներին, նշում է, որ առանձին տեսակի գործերով
թույլատրելի է դատական պաշտպանության իրավունքը երաշխավորել մեկ դատարանի (դատական ատյանի) շրջանակում։ Ըստ Պատասխանողի դրանց շարքին են դասվում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերը․ այս հարցերը լուծում է
Բարձրագույն դատական խորհուրդը, որն այդ գործերով հանդես է գալիս որպես դատարան, և որի կայացրած որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և վերջնական են։
Ըստ Պատասխանողի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների համար բողոքարկման նախատեսումը գործնականում կարող է մի շարք խնդիրներ առաջացնել թե՛ կիրառելիության, թե՛ արդյունավետության առումներով։ Նշվում է, որ բացի դրանից, նման կարգավորումը չի բխի նաև դատական համակարգի գործառնական արդյունավետությունն ապահովելու հարցում Բարձրագույն դատական խորհրդի որպես անկախ պետական մարմնի սահմանադրական կարգավիճակից ու առաքելությունից։
Վկայակոչելով ՍԴՈ-1488 որոշմամբ Սահմանադրական դատարանի կողմից հայտնած դիրքորոշումները Պատասխանողը նշում է, որ Սահմանադրության 175-րդ հոդվածի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման բացառիկ լիազորությունը պատկանում է Բարձրագույն դատական խորհրդին։ Եթե որևէ ատյանի դատարան վերանայի Բարձրագույն դատական խորհրդի որոշումը և դրա արդյունքում կայացնի նոր դատական ակտ, օրինակ` բեկանի և փոփոխի Բարձրագույն դատական խորհրդի որպես դատարան կայացրած որոշումը, ապա վերջնարդյունքում կստացվի, որ հենց այդ ատյանի դատարանն էլ լուծեց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Նշվում է, որ բացակայում է Հայաստանի Հանրապետությունում գործող դատարաններից որևէ մեկում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման իրավական հնարավորություն, քանի որ դա կհակասի Բարձրագույն դատական խորհրդի որպես անկախ սահմանադրական մարմնի կարգավիճակին, և որ հիշյալ որոշումների վերանայումը և դրանով իսկ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը դուրս է Հայաստանի Հանրապետությունում դատարանների սահմանադրական գործառույթների շրջանակից։ Պատասխանողը գտնում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների դատական կարգով բողոքարկման հնարավորություն չնախատեսելը բխում է առկա սահմանադրական իրավակարգավորումներից և չի խախտում անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։
3. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանադրականության առնչությամբ Պատասխանողը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհուրդն օժտված է ինստիտուցիոնալ անկախությամբ և կարող է առաջարկել արդար դատավարության հիմնական երաշխիքներ։ Ըստ
Պատասխանողի Օրենսգիրքն ամրագրում է ընդհանուր նորմ, այն է դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում բաց քվեարկությամբ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների
մեծամասնությամբ, ինչը վերաբերում է կարգապահական տույժերի բոլոր տեսակներին։
Պատասխանողը նաև գտնում է, որ տվյալ դեպքում Դիմողը չի վիճարկում Օրենսգրքի նորմերի սահմանադրականությունը դրանց և Սահմանադրության միջև ենթադրյալ հակասության համատեքստում, այլ վերջինիս պնդումներն իրականում ուղղված են վիճարկվող նորմի կիրառմանը։ Ըստ Պատասխանողի Դիմողը, ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց, իրականում առաջ է քաշում իրավանորմի կիրառման իրավաչափության հարց։
5. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով և վերլուծելով դիմումն ու Պատասխանողի գրավոր բացատրությունը, գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
5.1. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքեր:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սույն գործով որպես Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի
հակասահմանադրականության փաստարկ Դիմողը վկայաբերում է կոնկրետ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ թիվ ԲԴԽ-84-Ո-Կ-24 որոշման ընդունման հանգամանքները, նշելով, որ հիշյալ որոշումն ընդունվել է Բարձրագույն դատական խորհրդի 6 անդամի կողմից, սակայն կիրառված կարգապահական տույժի տեսակին խիստ նկատողությանը, նշված 6 անդամից մեկն իր հայտնած հատուկ կարծիքով դեմ է արտահայտվել. արդյունքում դատավորին խիստ նկատողություն հայտարարելու մասին որոշումը կայացվել է առանց Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնության։ Ըստ Դիմողի Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանադրականության վիճարկման հիմքն այն է, որ դրանով տարանջատված չեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու և կարգապահական տույժի ընտրության վերաբերյալ որոշումները, որպիսի պայմաններում դատավորը կարող է ենթարկվել առավել խիստ տեսակի կարգապահական տույժի առանց խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնության, ինչն էլ խախտում է դատավորի գործի արդարացի քննության իրավունքը։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավորում առ այն, թե վիճարկվող նորմում կարգապահական պատասխանատվության ենթարկելու և կարգապահական տույժի ընտրության վերաբերյալ որոշումների տարանջատվածության բացակայությունն ինչ պատճառահետևանքային կապի մեջ է անհատի Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդար դատաքննության անհատական իրավունքի խախտման հետ։ Ավելին, Դիմողը որևէ հիմնավորում չի ներկայացրել և չի որոշակիացրել, թե Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անհատական իրավունքի ո՞ր բաղադրիչն է իր վկայակոչած հիմնավորումների շրջանակում խախտվել։
Փոխարենը Դիմողը Սահմանադրական դատարանի քննությանն է առաջադրել այն հարցը, որ կոնկրետ դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթով (վերը նշված թիվ ԲԴԽ-84-Ո-Կ-24 որոշմամբ) կիրառված կարգապահական տույժի տեսակն ընտրվել է առանց Բարձրագույն դատական խորհրդի անդամների ձայների մեծամասնության այն պատճառով, որ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասը չի տարանջատում կարգապահական պատասխանատվության ենթարկելու և կարգապահական տույժի ընտրության վերաբերյալ որոշումները: Այսինքն ձևականորեն առաջ քաշելով օրենքի բացի սահմանադրականության հարց, ըստ էության, Դիմողը բարձրացնում է առանձին գործով Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառման իրավաչափության որոշման խնդիր, որի քննությունը ենթակա չէ Սահմանադրական դատարանին: Հետևաբար սույն գործի վարույթն այս մասով ենթակա է կարճման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։
5.2. Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասով.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը 2022 թվականի մարտի 29-ի ՍԴԱՈ-62 աշխատակարգային որոշմամբ նշել է. «(…) Մարդու իրավունքների պաշտպանին սահմանադիրը Սահմանադրական դատարան դիմելու բացարձակ հայեցողություն չի վերապահել, այլ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով ամրագրել է վերջինիս Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը այդպիսով կանխորոշելով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվող սահմանադրաիրավական վեճի առարկան և շրջանակը, որոնք հանգում են օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին ենթադրյալ անհամապատասխանության վերաբերյալ հարցերին:
Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը փաստում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում իրավասու է Սահմանադրական դատարանում բարձրացնել բացառապես վերը հիշատակված նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության ստուգման հարց դրանց ենթադրյալ հակասահմանադրականության հիմքում դնելով Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին ուղղակիորեն հակասելու պատճառահետևանքային կապի հստակ հիմնավորումը»:
Դիմողը Սահմանադրական դատարանին, մասնավորապես, առաջադրում է Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասի Սահմանադրության 61 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցն այն հիմնավորմամբ, որ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (որը դատավորի վարքագծի կանոններ նախատեսող նորմ է) ձևակերպումն ունի վերացականության խիստ բարձր աստիճան, որի պայմաններում Օրենսգրքի վիճարկվող դրույթը հնարավորություն չի ընձեռում սխալների ուղղման նպատակով բողոքարկել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կայացրած որոշումը: Սահմանադրական դատարանը Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակին անդրադարձել է դեռևս 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ, մասնավորապես նշելով, որ « հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի որպես անկախ պետական մարմնի գործառութային դերը դատարանների և դատավորների անկախության ապահովման հարցում, ինչպես նաև դատական համակարգում ներառված մյուս դատարանների սահմանադրական գործառույթները, Սահմանադրության գործող կարգավորումների պայմաններում որևէ իրավական հնարավորություն առկա չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին այդ մարմնի որոշումների իրավաչափությունը Հայաստանի Հանրապետության դատական իշխանության որևէ մարմնում վերանայելու համար: Սահմանադրության 175-րդ հոդվածի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման բացառիկ լիազորությունը պատկանում է Բարձրագույն դատական խորհրդին: Նման պայմաններում, եթե Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ ատյանի դատարան վերանայի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը և դրա արդյունքում կայացնի նոր դատական ակտ, օրինակ բեկանի և փոփոխի Բարձրագույն դատական խորհրդի` որպես դատարան կայացրած որոշումը, ապա վերջնարդյունքում կստացվի, որ հենց այդ ատյանի դատարանն էլ լուծեց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: (…)
Այսպիսով, ամփոփելով ամբողջ վերոգրյալը, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների, ձևավորման կարգի, գործունեության սկզբունքների վերաբերյալ վերլուծություններն ու մեջբերումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով Բարձրագույն դատական խորհրդի որպես դատարան հանդես գալու դեպքերում Սահմանադրությամբ և այլ օրենքներով նախատեսված են դատարաններին բնորոշ այնպիսի դատավարական երաշխիքներ, ինչպիսիք են, մասնավորապես, բայց ոչ միայն, ողջամիտ ժամկետում գործի քննությունը, օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարությունը, դատական վարույթի հրապարակայնությունը, դատական ակտերի պարտադիրությունը, որոնք իրենց ամբողջության մեջ ուղղված են Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրացման ապահովմանը: (...)
Վերոգրյալի հիման վրա հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակը, դրա ձևավորման կարգի, ինչպես նաև գործունեության սկզբունքների առկայությունը Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների դատական կարգով բողոքարկման հնարավորություն չնախատեսելը բխում է առկա սահմանադրական իրավակարգավորումներից և չի խախտում անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները»։
Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից մեջբերված դիրքորոշման առկայության պայմաններում Դիմողի կողմից որևէ հիմնավորում չի ներկայացվել առ այն, թե դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշման բողոքարկման հնարավորության բացակայությունն ինչպես կարող է հանգեցնել Սահմանադրության 61-րդ հոդվածով նախատեսված դատական պաշտպանության իրավունքի խախտման։
Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրությամբ, մասնավորապես դրա 2-րդ գլխի դրույթներով, դատավորի համար նախատեսված չէ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը բողոքարկելու իրավունք, իսկ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն իրավասու է դիմելու Սահմանադրական դատարան միայն նորմատիվ իրավական ակտի Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցով:
Հիմք ընդունելով վերը նշվածը Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ տվյալ դեպքում բացակայում է Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականության հիմքում վերջինիս Սահմանադրության 2-րդ գլխի որևէ դրույթին հակասելու հանգամանքը։ Հետևաբար Մարդու իրավունքների պաշտպանն իրավասու չէ Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցով դիմելու Սահմանադրական դատարան դիմումում ներկայացրած հիմնավորումներով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Հետևաբար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով սույն գործի վարույթն այս մասով ենթակա է կարճման: 5.3. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով.
Դիմումի խնդրամասում Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի
սահմանադրականությունը որոշելու պահանջի առկայության պայմաններում, Դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները վերաբերում են, և Դիմողը Սահմանադրական դատարանին առաջադրել է բացառապես Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված նորմի Սահմանադրության 4-րդ հոդվածին և 63-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարց այն հիմնավորմամբ, որ արդարադատության նախարարի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը նվազեցնում է դատավորի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի քննության Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքները և ուղիղ հակասում է Սահմանադրությամբ սահմանված իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքին: Սահմանադրական դատարանը վերստին արձանագրում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն իրավասու է դիմելու Սահմանադրական դատարան միայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի Սահմանադրության 2- րդ գլխով նախատեսված դրույթներին համապատասխանության հարցերով: Դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1- ին մասի 2-րդ կետի վերաբերյալ դիրքորոշումներ ներկայացնելիս Դիմողը սույն իրավադրույթը վիճարկել է իշխանությունների բաժանման և հավասարակշռման ու դատավորի անկախության սահմանադրաիրավական սկզբունքներին հակասության համատեքստում, որպիսիք դուրս են Սահմանադրության 2-րդ գլխի կարգավորման տիրույթից: Ընդ որում դիմումում միայն նշվում է, որ Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը չի համապատասխանում Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին որպես այս պնդման հիմնավորում ընդամենը հայտնելով, որ. « դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու Արդարադատության նախարարի իրավասությունը նվազեցնում է դատավորի անկախ և անաչառ դատարանի կողմից գործը քննվելու Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքները և ուղիղ հակասում է Սահմանադրությամբ սահմանված իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքին, ուստի «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածին և 63-րդ հոդվածի 1-ին մասին»։ Բացի նշվածից և միջազգային կազմակերպությունների խնդրին մասնակիորեն վերաբերող կարծիքներին հղումներից, Դիմողն Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սահմանադրության 2-րդ գլխի որևէ դրույթին հակասության մասով որևէ հիմնավորում չի ներկայացրել։
Սահմանադրական դատարանը, վերահաստատելով նախկինում իր արտահայտած դիրքորոշումները, արձանագրում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում իրավասու է Սահմանադրական դատարանում բարձրացնել բացառապես Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության ստուգման հարց դրանց ենթադրյալ հակասահմանադրականության հիմքում դնելով Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին ուղղակիորեն հակասելու պատճառահետևանքային կապի հստակ հիմնավորումը, ինչը սույն Դիմումում բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ դիմումում առկա հիմնավորումներով Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցով Մարդու իրավունքների պաշտպանն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան: Հետևաբար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով սույն գործի վարույթն այս մասով ենթակա է կարճման: 5.4. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով. Դիմողը Սահմանադրական դատարանին խնդրել է որոշել Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը, բացի արդարադատության նախարարի համապատասխան լիազորությունից (Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ), վերաբերում է նաև դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձևավորված էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ) և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ) կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություններին։ Մինչդեռ, Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված նորմերի սահմանադրականությունը վիճարկելուն առնչվող որևէ հիմնավորում դիմումը չի պարունակում։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարան դիմող այնպիսի սուբյեկտների պարագայում, որպիսիք են, օրինակ Ազգային ժողովը, Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, Ազգային ժողովի խմբակցությունը, Հանրապետության նախագահը, Կառավարությունը, Մարդու իրավունքների պաշտպանը և այլն, օրենսդրի մոտեցումը սահմանափակվել Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին առաջադրվող ընդհանուր ձևական բնույթի պահանջների շարադրմամբ, ամենևին չի վկայում դիմումում վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ պատշաճ հիմնավորումներ ներկայացնելու` դիմողների պարտականության բացակայության մասին: Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր այն դիրքորոշումը, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտները պարտավոր են դիմումի շրջանակներում հիմնավորել բարձրացված հարցի Սահմանադրական դատարանում քննության ենթակա լինելու, այն է` սահմանադրաիրավական վեճ հանդիսանալու հանգամանքը (2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշման 3.1- ին կետ), արձանագրում է, որ վերը հիշատակված սուբյեկտները, ելնելով իրենց սահմանադրաիրավական բարձր կարգավիճակից պետք է ցուցաբերեն առավել բարձր մակարդակի փութաջանություն և, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկելով այս կամ այն իրավական ակտի կամ դրա դրույթի/դրույթների սահմանադրականությունը, պատշաճ կերպով հիմնավորեն վիճարկվող դրույթի և Սահմանադրությամբ պահպանվող արժեքի/իրավունքի հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապը (2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշման 3.2-րդ կետ): Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից չի առաջադրվել Սահմանադրական դատարանին ենթակա հարց, հետևաբար Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի մասով սույն գործի վարույթը ենթակա է կարճման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (դիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ) 94-րդ հոդվածի 6-րդ մասի, 145-րդ հոդվածի 1-ին մասի, 155-րդ հոդվածի 7-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
8 նոյեմբերի 2022 թվականի
ՍԴԱՈ-176
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 նոյեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-176
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
