«ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 81-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 127-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ, 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 մարտի 2019թ. ՍԴԱՈ - 23 | «ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 81-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 127-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ, 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 81-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 127-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ,
131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արթուր Ղամբարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասի, 127-րդ հոդվածի 10-րդ մասի, 131-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը քննության ընդունելու վերաբերյալ հարցը, ՊԱՐԶԵՑ.
1. Արթուր Ղամբարյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի մարտի 4-ին) խնդրելով. «...որոշել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասի, 127-րդ հոդվածի 10-րդ մասի, 131-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»։
2. Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասը, 127-րդ հոդվածի 10-րդ մասը, 131-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, ընդդատության հիմքով հայցադիմումը վերահասցեագրելու մասին դատարանի որոշման բողոքարկման արգելքի առումով (բողոքարկման հնարավորություն չնախատեսելը) հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին և 63-րդ հոդվածի 1-ին մասերին, որոնցով պաշտպանվում են օրենքի հիման վրա նախապես ստեղծված բնական կամ իրավասու դատավորի իրավունքը (օրինական դատարանի իրավունքը) և ենթադրյալ խախտումը ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:
Դիմողը նշում է, որ ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումի շրջանակներում հստակ դիրքորոշում է հայտնել առ այն, որ «Պալատ-փաստաբան» փոխհարաբերությունները հանրային իրավահարաբերություններ են, ուստի ընդդատյա են մասնագիտացված դատարանին ի դեմս ՀՀ վարչական դատարանի: ՀՀ քաղաքացիական դատարանը հանրային իրավահարաբերություններից բխող գործերը քննելու պատշաճ դատարան չէ, հակառակ դեպքում կխախտվի դատարանակազմության մասնագիտացման սկզբունքը և դիմողի օրինական դատարանի իրավունքը:
Դիմողը մատնանշում է, որ հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելիս ոչ թե թույլ է տվել սխալ հայցադիմումի պահանջի մասով, այլ ներկայացրել է պատճառաբանված հայց հենց ՀՀ վարչական դատարանին ընդդատյա լինելու հիմնավորմամբ, այսինքն հայցի էությունը և հայցվորի պահանջը վերաբերել է հենց վեճի ընդդատությանը հանրային իրավահարաբերություններ դիտարկելու հիմնավորմամբ: Եթե «Պալատ-փաստաբան» իրավական վեճի ընդդատության վերաբերյալ ՀՀ վարչական դատարանն ունի այլ դիրքորոշում, ապա այս հարցի վերաբերյալ վեճը պետք է լուծի ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, ուստի հայցվորը պետք է հնարավորություն ունենա, որ իր գործը մասնագիտացված դատարանում քննվի ունենալով նաև համապատասխան որոշումը մասնագիտացված դատարանում վիճարկելու հնարավորություն:
Դիմողի կարծիքով ՀՀ վարչական դատարանը հայցադիմումը վերահասցեագրելու մասին որոշում կարող է կայացնել հայցվորի դիրքորոշումը լսելու դեպքում, երբ վերջինս չի առարկում իր հայցադիմումը վերահասցեագրելու դեմ (չէ որ վերահասցեագրման նպատակը հենց անձի վիճակի բարելավումն է): Եթե հայցվորն առարկում է վերահասցեագրման դեմ, ապա ՀՀ վարչական դատարանը պետք է որոշում կայացնի հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, որի դեպքում հայցվորը հնարավորություն կունենա իրագործելու հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքը: Այսպիսով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվել է ընդդատության հիմքով հայցադիմումը վերահասցեագրելու միասնական կարգավորում անտեսելով քննարկվող իրավիճակների առանձնահատկությունները, որի հետևանքով հայցվորը հայտնվել է առավել անբարենպաստ վիճակում:
Դիմողը նշում է, որ իրավակիրառ պրակտիկայում հայցադիմումը վերահասցեագրելու մասին որոշումը դիտարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 10-րդ մասի համատեքստում որպես բողոքարկման ոչ ենթակա միջանկյալ դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից: Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածում վերաքննության կարգով բողոքարկման ենթակա վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի ցանկում հայցադիմումը վերահասցեագրելու մասին որոշում նախատեսված չէ: Ընդ որում, նկատի ունենալով, որ բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի ցանկը սպառիչ է, այն մեկնաբանվում է այնպես, որ հայցը վերահասցեագրելու մասին որոշումը ենթակա չէ բողոքարկման: Մինչդեռ, ըստ դիմողի հայցադիմումը վերահասցեագրելու մասին որոշումն իր բնույթով միջանկյալ դատական ակտ չէ, քանի որ վարույթ դեռևս չի հարուցվել (հայցը վարույթ չի ընդունվել), ուստի լրիվ ծավալով դատավարական հարաբերություններ չեն ծագել: Հայցադիմումը վերահասցեագրելու մասին որոշումը չի կարող համարվել նաև ավարտական ակտ, քանի որ այն վեճն ըստ էության չի լուծում, որևէ կերպ չի անդրադառնում արդարադատության առարկան կազմող հիմնական հարցերին:
Դիմողի կարծիքով հայցադիմումը վերահասցեագրելու մասին որոշումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 10-րդ մասի համատեքստում ոչ բողոքարկման ենթակա դատական ակտ դիտարկելը ոչ իրավաչափորեն սահմանափակում է անձի դատական ակտը մասնագիտացված դատարան բողոքարկելու իրավունքը: Դիմողը գտնում է, որ հայցադիմումը վերահասցեագրելու մասին վարչական դատարանի որոշումը հետաձգված բողոքարկման ռեժիմով վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերանայելու դեպքում խախտվում է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը և ողջամիտ ժամկետում գործը քննելու իրավունքը:
3. Դիմումի և կից փաստաթղթերի, ինչպես նաև գործում առկա այլ նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման, հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական դատարանում անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Հետևաբար, դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար պետք է պահպանի այն ընթացակարգային պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հիմնվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես.
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
Արթուր Ղամբարյանը 2019 թվականի փետրվարի 18-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ նաև Պալատ)` Պալատի խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի թիվ 3/4-Ա որոշման 4-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատարանը, ղեկավարվելով, մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածով և 127-րդ հոդվածի 10-րդ մասով, 2019 թվականի փետրվարի 22-ին որոշում է կայացրել հայցն ըստ ընդդատության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերահասցեագրելու մասին: Ա. Ղամբարյանի կողմից վիճարկվում են ՀՀ վարչական դատարանի վերոհիշյալ որոշմամբ (միջանկյալ դատական ակտով) կիրառված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (2007թ. նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719, 2010 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-918, 2010 թվականի նոյեմբերի 2-ի ՍԴՈ-922) անդրադարձել է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի հիմքում դրված ընդհանուր տրամաբանությանը: Մասնավորապես Սահմանադրական դատարանն իր 2007թ. նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման մեջ, վերլուծելով միջանկյալ դատական ակտերի բողոքարկմանն առնչվող իրավանորմերը, արձանագրել է. «օրենսդիրը հիմնականում բողոքարկելի է համարում այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, այն է հայցադիմումի ընդունումը մերժելու, հայցադիմումը վերադարձնելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին որոշումները»։ Շարունակելով նույն միտքը Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-922 որոշման մեջ «…միաժամանակ նկատել է, որ բողոքարկման ոչ ենթակա ակտերն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն կասեցնում գործի քննության հնարավորությունը և վերաբերում են գործի քննությունը կազմակերպելու դատավորի հայեցողությանը։ Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ 2007թ. նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտած իր վերոհիշյալ իրավական դիրքորոշումներում «բողոքարկելի է», «բողոքարկման ենթակա չէ» արտահայտությունները վերաբերում են համապատասխանաբար անմիջականորեն բողոքարկմանը և անմիջականորեն բողոքարկման ենթակա չլինելուն։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի նման մոտեցումն իր հերթին բխում է այն ողջամիտ տրամաբանությունից, որ հարուցված, չկասեցված և շարունակվող վարույթի տրամաբանական ավարտը գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումն է, հետևաբար նման վարույթի շրջանակներում կայացված միջանկյալ ակտերը, անձի իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում, կարող են վիճարկվել գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում։ Մինչդեռ կասեցված կամ ընդհատված վարույթի պարագայում նման հնարավորությունը բացառվում է և միջանկյալ դատական ակտի դեմ պաշտպանության միակ միջոցը դրա անմիջականորեն բողոքարկման հնարավորությունն է»:
Մեջբերված դիրքորոշումների շրջանակներում անդրադառնալով Ա. Ղամբարյանի դիմումով բարձրացված խնդրո առարկային Սահմանադրական դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատարանի կայացրած «Հայցադիմումը վերահասցեագրելու մասին» որոշումից հետո, ինչպես նաև դրան հաջորդող փուլում Ա. Ղամբարյանի հայցը պահպանում է «հարուցված, չկասեցված» գործի դատավարական կարգավիճակ ձեռք բերելու օրինական հնարավորությունը, որպիսի հնարավորության իրացումը կհանգեցնի «շարունակվող վարույթի տրամաբանական» ավարտին գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացմանը, հետևաբար այդ վարույթի շրջանակներում կայացված միջանկյալ ակտերը, անձի իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում, «կարող են վիճարկվել գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում»: Այլ կերպ Ա. Ղամբարյանը դեռ պահպանում է իր իրավունքները պաշտպանելու և/կամ վերականգնելու հնարավորությունը ընդհանուր իրավասության դատարանում գործի ըստ էության քննության շրջանակներում, հետևաբար նրա կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը չի բավարարում նման դիմումների ընդունելիության համար անհրաժեշտ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառած լինելու պայմանը:
Վերոշարադրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, ուստի վերջինս Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետերը և 69-րդ հոդվածի 5-րդ մասը Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.
«Արթուր Ղամբարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասի, 127-րդ հոդվածի 10- րդ մասի, 131-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ընդունումը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
29 մարտի 2019 թվականի
ՍԴԱՈ-23
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 մարտի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-23
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
