Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6119 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-61)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 դեկտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 61 | ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 19 դեկտեմբերի 2023թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Ս. Սաֆարյանի

Քննության առնելով Գարիկ Մհերյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Գարիկ Մհերյանը (այսուհետ Դիմող), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի դեկտեմբերի 6-ին), խնդրել է հետևյալը. «Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված անձնական ազատության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը այնքանով, որքանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ու 316-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառվելուց կամ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվելուց հետո ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը թույլ է տալիս մեղադրյալի կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգել առանց մեղադրյալի կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու դատավարական կարգի»։

2. Դիմողը նշում է, որ ի տարբերություն նախնական դատալսումների ընթացքում դատարանի կողմից մեկ անգամ կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 316-րդ հոդվածի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը չի նախատեսում, թե դատական վարույթում ինչ կարգով է քննարկվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով և 316-րդ հոդվածով սահմանված կարգով կիրառված կամ երկարաձգված կալանքի հետագա երկարաձգման հարցը: Դիմողը պնդում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը չի սահմանում, թե նախնական դատալսումների ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով և 316-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառելուց կամ կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո դատարանը կալանքի ժամկետը լրանալուց քանի օր առաջ պետք է քննության առնի և լուծի դատական վարույթում մեղադրյալի կալանքի ժամկետը կրկին երկարաձգելու հարցը: Նման պայմաններում, ըստ Դիմողի, ստեղծվում է հնարավորություն, որ մեղադրյալի կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու հարցը դատարանը քննության առնի ու լուծի կալանքի ժամկետը լրանալուց անորոշ ժամկետ առաջ և կրկին երկարաձգի կալանքը չնայած նրան, որ մեղադրյալի կալանքի ժամկետի ավարտին, օրինակ, դեռ մեկ կամ երկու ամիս ժամանակ կար, և հնարավոր է, որ այդ ժամանակահատվածում վերանային կամ էապես նվազեին նախնական դատալսումների ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով և 316-րդ հոդվածով սահմանված կարգով կիրառված կամ երկարաձգված կալանքի հիմքերը: Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթում առկա է օրենսդրական բաց կապված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով և 316-րդ հոդվածով սահմանված կարգով կիրառվելուց կամ երկարաձգելուց հետո մեղադրյալի կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու դատավարական կարգի հետ, որը կանխորոշում է այն հարցին պատասխանելու անհրաժեշտությունը, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասում առկա օրենքի վերոհիշյալ բացն արդյո՞ք կարող է հաղթահարվել անալոգիայով, թե ոչ: Դիմողի պնդմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով և 316-րդ հոդվածով սահմանված կարգով կիրառվելուց կամ երկարաձգվելուց հետո մեղադրյալի կալանքի ժամկետը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 316-րդ հոդվածով սահմանված կարգով կրկին երկարաձգելը, այսինքն դատական վարույթում մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգելու կարգի կապակցությամբ անալոգիայի կիրառումը սահմանափակում է Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված մեղադրյալի անձնական ազատության իրավունքն այնքանով, որքանով թույլ չի տալիս, որ մեղադրյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ազատվի կալանքից, իրացնի իր անձնական ազատության իրավունքը և նույն օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով կրկին չկալանավորվի: Արդյունքում Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով և 316-րդ հոդվածով սահմանված կարգով կիրառվելուց կամ երկարաձգվելուց հետո մեղադրյալի կալանքի ժամկետը չի կարող երկարաձգվել անալոգիայի կիրառմամբ, այն է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 316-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2) Դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, այն է

ա) Դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության դատարանում դատավարության մասնակից,

բ) Դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,

գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը (բարձրացված հարցի համատեքստում) կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

դ) Դիմողը (բարձրացված հարցի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Գարիկ Մհերյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

19 դեկտեմբերի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-61

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-61
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել