ԱՆԴՐԱՆԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-33)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 հունիսի 2020թ. ՍԴԴԿՈ - 33 | ԱՆԴՐԱՆԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
____________________________________________________________________________
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 8 հունիսի 2020թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ Ա. Պետրոսյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Անդրանիկ Գալստյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ .
1. Անդրանիկ Գալստյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի մայիսի 18-ին) խնդրելով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 4, 61 և 63, 66, 67, 69, 164 ու 75, 79, 80, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Քրեական դատավարության» օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասը, 385-րդ հոդվածի 1-ին մասը, 397-րդ հդվածի 2-րդ մասը: Եվ/կամ
ՀՀ Սահմանադրության 3, 61 և 63, 69, 75, 79, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Քրեական դատավարության» օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասն, այնքանով, որքանով չի սահմանում վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալին մեղսագրված արարքը վերաորակող դատական ակտի դեմ բերված բողոքները պարտադիր վարույթ ընդունելու իրավադրույթ»:
2. Դիմողը նշում է, որ սահմանադրաիրավական վեճի առարկա իրավակարգավորումները վերաքննիչ դատարանին լիազորում են սեփական նախաձեռնությամբ առանց նման պահանջի առկայության վերաորակել արարքը, փոփոխել առաջին ատյանի կողմից կայացված դատավճիռը: Խնդրո առարկա իրավադրույթների գործողության արդյունքում գործով կողմերը, դատավարության մասնակիցները, հանրությունը փոփոխված մեղադրանքի մեղսագրված այլ արարքի, դրանով դատապարտված լինելու մասին տեղեկանում են վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտի տեքստից: Ըստ դիմողի դատաքննության ընթացքում անձի արարքին տրված իրավական որակումը փոփոխելը և այդ մասին վերջինիս պատշաճ տեղեկացնելը հանդիսանում են արդար դատաքննության իրավունքի բովանդակության մաս կազմող առաջադրված մեղադրանքի դեմ պաշտպանվելու իրավունքի բաղադրատարրեր, հետևաբար, մեղսագրված արարքի իրավական և/կամ փաստական հիմքերի մասին հրապարակված դատական ակտից տեղեկանալու կարգը հակասում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներին: Դիմողը գտնում է, որ վերաքննության մոդելի պայմաններում վերաքննիչ դատարանը չպետք է իրավասու լինի դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից և սեփական նախաձեռնությամբ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը վերաորակել, այլապես կստացվի, որ Վերաքննիչ ատյանը պարզապես կրկնում է առաջին ատյանի դատարանի գործառույթները: Դիմողի կարծիքով հանցագործության որակումը փոխելու լիազորությունը գործադիր իշխանությանը ներհատուկ գործառույթ է, օրենսդիրը, արդարադատության գործառույթի հետ անհամատեղելի լիազորություն նախատեսելով, խախտել է Սահմանադրության 4-րդ հոդվածով հռչակված սկզբունքը: Ըստ դիմողի Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու հիմքերում առկա է իրավական բաց այնքանով, որքանով չի սահմանվում վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալին մեղսագրված արարքը վերաորակող դատական ակտի դեմ բերված բողոքները վարույթ ընդունելու իրավադրույթ:
3. Ելնելով Անդրանիկ Գալստյանի դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28, 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործը ենթակա է ընդունման մասամբ հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ Սահմանադրական դատարանը 2014 թվականի նոյեմբերի 4-ի ՍԴՈ-1174 որոշմամբ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՀՀ քրեական դատա-վարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե ներկայացված դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում: Ելնելով վերոնշյալից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նշյալ դրույթի մասով անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման: 3.2. Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ առկա են Սահմանադրական դատարանի 11.04.2007 թ. ՍԴՈ-691 և 20.07.2007 թ. ՍԴՈ-709 որոշումները: Միաժամանակ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածն ամբողջությամբ նոր խմբագրությամբ է շարադրվել 23.03.2018 թ. ՀՕ-211-Ն օրենքով: 3.3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի, 397-րդ հդվածի 2-րդ մասի, 414.2-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու հիմքեր, այն է, մասնավորապես.
- դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
- դիմողն իրավասու է տվյալ հարցերով դիմելու Սահմանադրական դատարան,
- դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,
- դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը,
- դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Անդրանիկ Գալստյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին, 397-րդ հոդվածի 2-րդ և 414.2-րդ հոդվածի 1-ին մասերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Անդրանիկ Գալստյանի անհատական դիմումով գործի քննությունը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, մերժել:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
8 հունիսի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-33
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հունիսի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-33
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
