Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԷՄՄԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԷՄՄԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-7321 օգոստոսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-73)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 օգոստոսի 2026թ. ՍԴԴԿՈ - 73 | ԷՄՄԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 օգոստոսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով Էմմա Գրիգորյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Էմմա Գրիգորյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Լարիսա Բաղդասարյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի օգոստոսի 7-ին), խնդրել է հետևյալը.

«(...) Գործն ընդունել քննության:

(...) Որոշել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն մասով, որ մասով որ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու դեպքում դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է պարտապանի վրա, ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներով երաշխավորված սեփականության և դատական պաշտպանության իրավունքներին, ինչպես նաև դրանց սահմանափակման համաչափության և երաշխավորման արդյունավետ կառուցակարգերի իրավունքներին համապատասխանության հարցը:

(...) Որոշել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ այն մասով, որ մասով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ՍնԴ/2443/04/21 քաղաքացիական գործով 20.04.2026 թվականի որոշմամբ քաղաքացիական դատավարության կարգով պարտավորության համար հիմք հանդիսացած գործարքի վիճարկումը դիտարկվել է որպես պարտավորության անվիճելիության վերացում այն պայմաններում, երբ սնանկության հիմքը մինչ այդ առկա չի եղել, ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներով երաշխավորված սեփականության, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներին, ինչպես նաև դրանց երաշխավորման արդյունավետ կառուցակարգերի իրավունքներին համապատասխանության հարցը:

(...) Որոշել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն մասով, որ մասով չի նախատեսում այնպիսի իրավակարգավորում, որը կբացառի դատական սխալի հետևանքով դատավարության ժամկետի երկարաձգման հետևանքով սնանկության գործով ժամանակավոր կառավարչին հատուցվելիք դատական ծախսերը հատուցելու՝ դատավարության կողմ պարտապանի վրա դրվելու հնարավորությունը, ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներով երաշխավորված սեփականության, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներին, ինչպես նաև դրանց սահմանափակման համաչափության և երաշխավորման արդյունավետ կառուցակարգերի իրավունքներին համապատասխանության հարցը»։

2. Դիմողը, վկայակոչելով վիճարկվող՝ «Սնանկության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը, նշում է, որ տվյալ դրույթի իրավակարգավորումից բխում է, որ եթե սնանկության դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտապանի պարտավորության անվիճելիության հանգամանքը վերանում է, ապա դիմումը մերժելու մասին վճռով դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը և վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:

Փաստորեն գործող կարգավորումների համաձայն՝ պարտատերն առանց հստակորեն համոզված լինելու, որ սնանկության համար հիմք հանդիսացող պարտավորությունն անվիճելի է, դիմում է ներկայացնում Սնանկության դատարան, ինչի բացասական հետևանքները՝ ի դեմս դատական ծախսերի, կրում է պարտապանը, որը վճարում է հարկադիր սնանկության դիմում ներկայացնելու պետական տուրքը, սնանկության կառավարչի վարձատրությունը: Դիմողը գտնում է, որ վերոնշյալը ոչ իրավաչափ կերպով սահմանափակում է անձի սեփականության և դատական պաշտպանության իրավունքները, քանի որ անձի վրա դրվում է դրամական պարտավորություն այնպիսի գործողության՝ հարկադիր սնանկության դիմումի հիմք հանդիսացող պարտավորության դեմ առարկելու համար, որը դատական պաշտպանության իրավաչափ և բարեխիղճ միջոց է: Այս պայմաններում խախտվում է նաև պարտապանի՝ սեփականության և դատական պաշտպանության իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգեր ունենալու սահմանադրական իրավունքը:

Բացի դրանից, Դիմողը նաև նշում է, որ Վճռաբեկ դատարանի՝ սույն դիմումի համար հիմք հանդիսացող՝ թիվ ՍնԴ/2443/04/21 քաղաքացիական գործով 2026 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ արտահայտված այն դիրքորոշումը, որի համաձայն՝ քաղաքացիական դատավարության կարգով պարտավորության համար հիմք հանդիսացած գործարքի վիճարկումը դիտարկվել է որպես պարտավորության անվիճելիության վերացում այն պայմաններում, երբ անվիճելիություն մինչ այդ առկա չի էլ եղել, ըստ Դիմողի՝ խաթարում է Սահմանադրության 60, 61, 63 և 75-րդ հոդվածներով երաշխավորված սեփականության, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, ինչպես նաև դրանց երաշխավորման արդյունավետ կառուցակարգերի իրավունքները:

Ամփոփելով վերոնշյալը՝ Դիմողը գտնում է, որ «Սնանկության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի այն իրավակարգավորումը, որի համաձայն՝ հարկադիր սնանկության դիմում ներկայացվելիս դիմումի հիմքում դրված պարտավորության վիճելի լինելու հիմքով հարկադիր սնանկության դիմումը մերժվելու դեպքում դատական ծախսերը հատուցելու բեռը դրվում է պարտապանի վրա, հակասում է Սահմանադրության 60, 61, 63, 75 և 78-րդ հոդվածներին: Միաժամանակ, Դիմողը գտնում է, որ հակասահմանադրական է նաև «Սնանկության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որի համաձայն՝ քաղաքացիական դատավարության կարգով պարտավորության համար հիմք հանդիսացած գործարքի վիճարկումը դիտարկվել է որպես պարտավորության անվիճելիության վերացում այն պայմաններում, երբ անվիճելիություն մինչ այդ առկա չի էլ եղել, ինչպես նաև չի նախատեսում այնպիսի իրավակարգավորում, որի պայմաններում դատական ծախսերը պարտվող կողմի վրա չդնելու պայմաններում հաղթող կողմը կկարողանա ստանալ փոխհատուցում:

Ըստ դիմողի՝ վիճարկվող դրույթով նախատեսված իրավակարգավորումը կարող է հանգեցնել նաև անձի՝ Սահմանադրության 61, 63 և 75-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, ինչպես նաև դրանց իրականացման արդյունավետ կառուցակարգերի իրավունքի սահմանադրական էության խաթարման, քանի որ դատավարության կողմ պարտապանը, հետագայում տեղեկանալով, որ առկա է իրեն սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռ այն պայմաններում, երբ ինքը ծանուցված չի եղել դրա վերաբերյալ, կարող է խուսափել վճիռը բողոքարկելուց այն պատճառով, որ հաշվի է առնում դրա արդյունքում ապագայում իր վրա դրվելիք անհամեմատ մեծ դատական ծախսերի բացասական հետևանքները:

Ուստի՝ ըստ Դիմողի՝ «Սնանկության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասն այն մասով, որ չի նախատեսում իրավակարգավորում, որի համաձայն՝ դատական սխալի արդյունքում դատավարության ժամկետի երկարաձգման հետևանքով առաջացած հավելյալ դատական ծախսերի (մասնավորապես՝ սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրության) վճարման պարտականությունը չի դրվի պարտապանի վրա, հակասում է Սահմանադրության 10 և 60-րդ հոդվածների սահմանադրական բովանդակությանը, ինչպես նաև անհամաչափ սահմանափակում է պարտապանի սեփականության իրավունքը:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ՝

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2) Դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝

ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից,

բ) Դիմողի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրույթը,

գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրույթը (բարձրացված հարցի համատեքստում) կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

դ) Դիմողը (բարձրացված հարցի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Էմմա Գրիգորյանի դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող՝ Ե. Խունդկարյան

Անդամներ՝ Է. Շաթիրյան

Հ. Հովակիմյան

21 օգոստոսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-73

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 օգոստոսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-73
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել