Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-431 հունվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 31 հունվարի 2022թ. ՍԴԴԿՈ - 4 | «ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 31 հունվարի 2022թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ` դիմող) 2022 թվականի հունվարի 11-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա օրենքի բացը, որը չի նախատեսում Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման բողոքարկման հնարավորությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 5-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածը այնքանով, որքանով չի նախատեսում Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման բողոքարկման հնարավորություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 5-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Դիմողը գտնում է, որ հայցային վաղեմություն կիրառելու դեպքում ողջամիտ ժամկետում գործն ավարտվում է, և անձը խախտված իրավունքները վերականգնելու համար ստիպված չի լինում երկար սպասել մինչև վերջնական դատական ակտի կայացումը, հետևաբար` անձը չպետք է զրկված լինի Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը միջանկյալ դատական ակտը, բողոքարկելու հնարավորությունից, քանի որ հայցային վաղեմության ինստիտուտի էությունը հենց այն է, որ կողմի միջնորդությամբ, անկախ այն հանգամանքից, թե հայցվորի իրավունքը խախտված է, թե ոչ, կարող է կիրառվել հայցային վաղեմություն, եթե հայցը ներկայացվել է հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո: Ըստ դիմողի դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ պայմանավորված` անձը պետք է ունենա հնարավորություն` բողոքարկելու այն միջանկյալ դատական ակտերը, որոնք խախտում են Սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքները, մասնավորապես արդար դատաքննության և ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը: Դիմողի կարծիքով միջանկյալ, սակայն տվյալ դեպքում գործի քննությունն ըստ էության լուծմամբ օժտված դատական ակտը բողոքարկելու հնարավորության պայմաններում դատարանի մատչելիությունն արդյունավետ է, քանի որ անձն ունի հստակ և գործնական հնարավորություն` բողոքարկելու իր իրավունքները շոշափող դատական ակտը: Այսինքն` տվյալ պարագայում, ըստ դիմողի, խախտվել են դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները, քանի որ դիմողի հիմնավորմամբ, ըստ դատարանի մեկնաբանության` օրենսդրորեն սահմանված իրավանորմը թույլ չի տալիս վերականգնել խախտված իրավունքները, անհամաչափ պարտավորություն է դնում և արգելում է նյութական իրավունքի իրացումը միայն այն պատճառով, որ Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման բողոքարկման հնարավորություն օրենսդրությունը չի նախատեսում: Մինչդեռ դիմողը գտնում է, որ դատարան դիմելու անձի իրավունքի իրացման լիարժեք երաշխավորումն անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու առաջնահերթ իրավական նախապայմաններից է: Ըստ դիմողի դատավարության մասնակիցը պետք է հնարավորություն ունենա վիճարկելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տվյալ միջանկյալ դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը վերադաս դատական ատյաններում, քանի որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է, և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի միջանկյալ դատական ակտի բողոքարկման իրավական հնարավորության բացակայությունն անձին ոչ իրավաչափորեն զրկում է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական ակտը վերադաս դատական ատյաններում բողոքարկելու իրավունքից:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. միջանկյալ դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ Սահմանադրական դատարանը, միջանկյալ դատական ակտի կոնկրետ տեսակով պայմանավորված, դիրքորոշումներ է հայտնել իր մի շարք որոշումներով: Մասնավորապես 2010 թվականի նոյեմբերի 2-ի ՍԴՈ-922, 2015 թվականի փետրվարի 10-ի ՍԴՈ-1190, 2015 թվականի փետրվարի 24-ի ՍԴՈ-1191, 2016 թվականի դեկտեմբերի 13-ի ՍԴՈ-1330, 2019 թվականի նոյեմբերի 6-ի ՍԴՈ-1487 որոշումներով: Սահմանադրական դատարանի դատական կազմը տեղին է համարում անդրադառնալ Սահմանադրական դատարանի` միջանկյալ դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ առկա մի շարք որոշումներին, որոնցում, կախված միջանկյալ դատական ակտի կոնկրետ տեսակից, արտահայտվել են հետևյալ դիրքորոշումները.

ա) «(…) օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում` «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում: Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և ըստ այդմ օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է»: (ՍԴՈ-922, 2 նոյեմբերի 2010թ.),

բ) «Այդ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ելնելով հատկապես սույն գործով քննության առարկա հարցադրումներից, սկզբունքորեն հանգեցնում են իրավահամակարգային նշանակություն ունեցող հետևյալ եզրահանգումներին. (…) բողոքարկելի են միջանկյալ դատական այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացումը, մինչդեռ բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն կասեցնում գործի քննության հնարավորությունը և վերաբերում են գործի քննությունը կազմակերպելու դատավորի հայեցողությանը, (…):

Վերոհիշյալ իրավաչափ նպատակների իրացման անհրաժեշտությունից ելնելով` սահմանադրական դատարանը նաև արձանագրել է միջազգային իրավակիրառական պրակտիկայի զարգացման այն միտումը, համաձայն որի` առկա է միջանկյալ դատական ակտերի անմիջական բողոքարկման հնարավորությունը նվազագույնի հասցնելու և դրանց «հետաձգված բողոքարկման» կարգին նախապատվություն տալու ընդհանուր միտում»: (ՍԴՈ-1191, 24 փետրվարի 2015թ.),

գ) «Օրենսգրքի հիշյալ հոդվածից բխում է, որ օրենսդիրը քաղաքացիական դատավարության շրջանակներում նախատեսել է առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող բոլոր դատական ակտերի վերաքննիչ բողոքարկման հնարավորություն, իսկ միջանկյալ դատական ակտերի համար օրենսդիրը սահմանել է անմիջական բողոքարկման հնարավորություն միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում, ինչը չի բացառում միջանկյալ դատական ակտերի հետաձգված բողոքարկումը»: (ՍԴՈ-1330, 13 դեկտեմբերի 2016թ.),

դ) «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (131-րդ հոդված) սահմանում է այն միջանկյալ դատական ակտերի շրջանակը, որոնք ենթակա են բողոքարկման: Վերջինս այն իրավական միջոցն է, որը հնարավորություն է տալիս անձին անմիջական կարգով բողոքարկելու վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը: Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը բողոքարկելու մյուս հնարավորությունը «հետաձգված բողոքարկումն» է: ՀՀ սահմանադրական դատարանն իր 02.11.2010թ. ՍԴՈ-922 որոշմամբ ամրագրել է, որ «…օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում։ Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և ըստ այդմ օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է»: Հիմք ընդունելով վերոհիշյալը` սահմանադրական դատարանը փաստում է, որ, մի կողմից, օբյեկտիվորեն հնարավոր չէ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման` «հետաձգված բողոքարկման» շրջանակներում վիճարկումը, իսկ մյուս կողմից` գործող իրավակարգավորումների պայմաններում բացակայում է գործի վարույթը կարճելու մասին որոշման` անմիջական բողոքարկման շրջանակներում վերանայման հնարավորությունը: Այլ կերպ ասած, ամրագրելով գործի վարույթը կարճելու հետ կապված իրավահարաբերությունները` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում այնպիսի իրավակարգավորում, որը հնարավորություն կտա բողոքարկելու գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը` բացառելով նաև դրա օրինականությունն օրենքով սահմանված կարգով վիճարկելու հնարավորությունը, մինչդեռ վերջինիս առկայությունն անհրաժեշտություն է արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման համատեքստում»: (ՍԴՈ-1190, 10 փետրվարի 2015թ.),

ե) «(…) գոյություն ունեն գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման առանձնահատկություններ: Սահմանադրական դատարանն իր` 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման մեջ, վերլուծելով միջանկյալ դատական ակտերի բողոքարկմանն առնչվող իրավադրույթները, արձանագրել է. « …. օրենսդիրը հիմնականում բողոքարկելի է համարում այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը .… »: Սահմանադրական դատարանը գտնում է, որ, երբ գործն ըստ էության չլուծող դատական ակտով սահմանափակվում է անձնական ազատության հիմնական իրավունքը, ապա այդ իրավունքի պաշտպանությունն արդյունավետ չի իրացվում հետաձգված բողոքարկման միջոցով, քանի որ անձը դատական քննության ողջ ընթացքում շարունակում է մնալ կալանքի տակ անորոշ ժամկետով չունենալով այդ ընթացքում կալանքի իրավաչափությունը բողոքարկելու հնարավորություն: Այդ առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ խախտված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, դրա արդյունավետության երաշխավորման առանձնահատուկ ինստիտուտ է վերադաս դատական ատյանների կողմից դատական ակտի վերանայումը։ Քրեադատավարական օրենսդրության ընդհանուր տրամաբանությունից և դատական պաշտպանության իրավունքի ու դրա բաղադրատարր հանդիսացող բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման ապահովման նկատառումներից ելնելով պաշտպանության կողմի համար պետք է երաշխավորվի որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու կամ փոփոխելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների անմիջական բողոքարկումը վերաքննության կարգով»: (ՍԴՈ-1487, 6 նոյեմբերի 2019թ.): Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կարգավորում է «հայցային վաղեմություն» հասկացությունը, հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը, հատուկ ժամկետները, հայցային վաղեմության ժամկետներ փոփոխելու վերաբերյալ համաձայնության անվավերությունը, հայցային վաղեմությունը կիրառելը, հայցային վաղեմության ժամկետը լրացուցիչ պահանջների նկատմամբ, հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը, հայցային վաղեմության ժամկետը պարտավորության մեջ անձանց փոփոխվելու դեպքում, հայցային վաղեմության ժամկետը կասեցնելը, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատվելը, հայցային վաղեմության ժամկետի ընթացքը հայցն առանց քննության թողնելու դեպքում, հայցային վաղեմության ժամկետը վերականգնելը, պարտականության կատարումը հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո և պահանջները, որոնց վրա հայցային վաղեմությունը չի տարածվում: Օրենսգիրքը սահմանում է, որ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով:

Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար: Իսկ հայցային վաղեմությունը կիրառելու հետ կապված դատավարական հարցերը քաղաքացիական դատավարությունում կարգավորված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Վերջինիս «Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը և դրա քննությունը նախնական դատական նիստում» վերտառությամբ 168-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, «Գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը»: Վկայակոչված նորմը թույլ է տալիս եզրակացնել, որ ընդհանուր կանոնի համաձայն հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն ներկայացվում է, և այդ հարցի կապակցությամբ որոշում է կայացվում նախնական դատական նիստում, բացառիկ դեպքերում ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը: Փաստացի ներկայացված նորմերի և միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիության վերաբերյալ Սահմանադրական դատարանի դիրքորոշումների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ քննարկվող իրավիճակի ոչ հրատապ լինելը հնարավորություն է տալիս միջանկյալ դատական ակտի հետաձգված բողոքարկման: Հետաձգված բողոքարկման ինստիտուտին նախապատվություն տալը պայմանավորված է նաև դատարանների գերծանրաբեռնվածությամբ և միտված է դատական գործերի անհիմն ձգձգումներից խուսափելուն: Հետևաբար նման միջանկյալ դատական ակտերի բողոքարկման կարգի ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է, որպիսի պարագայում օրենսդիրը ընտրել է հետաձգված բողոքարկումը: Հարկ է նշել, որ նախկինում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի և 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության է առնվել 2021 թվականի օգոստոսի 5-ի ՍԴԱՈ-172, 2021 թվականի օգոստոսի 5-ի ՍԴԱՈ-173, 2021 թվականի հունիսի 25-ի ՍԴԱՈ-129 որոշումներով, սակայն փաստում ենք, որ նշված դիմումներով բարձրացված հարցերը նույնական չեն սույն դիմումով քննության առարկա հարցի հետ: Վերոգրյալից բխում է, որ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներն ակնհայտ անհիմն են:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է (…): Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով` Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ Ա. Վաղարշյան

Է. Շաթիրյան

31 հունվարի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-4

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 հունվարի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-4
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել