Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱԼԵՔՍԻՍ ԼՈԵԲԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱԼԵՔՍԻՍ ԼՈԵԲԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2231 մարտի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-22)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 31 մարտի 2021թ. ՍԴԴԿՈ - 22 | ԱԼԵՔՍԻՍ ԼՈԵԲԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 31 մարտի 2021 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Ալեքսիս Լոեբերի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ալեքսիս Լոեբերը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2021 թ. մարտի 17-ին) խնդրելով. «Որոշել Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասին, հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը»:

2. Դիմումի առարկան «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի (այսուհետ նաև Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունն է: Դիմողը գտնում է, որ Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, որով դատարանները խախտում չեն համարում վարչական վարույթի մասնակցի կողմից ներկայացված նյութերը չհետազոտելը, չքննարկելը, վարույթի փաստաթղթերում չներառելը, դրանց մասին չնշելը և դրան հակառակ մյուս կողմի ներկայացրած նյութերի հետազոտումը, քննարկումն ու վարույթի փաստաթղթերում ներառելը, հակասում է Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված և երաշխավորված արդարացի քննության իրավունքին և խախտում է այդ իրավունքը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի ներկայացրած միակ հիմնավորումը հանգում է նրան, որ դատարանը, մեկնաբանելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, գտել է, որ վարչական վարույթի մասնակցի կողմից ներկայացված նյութերը չհետազոտելը, չքննարկելը, վարույթի փաստաթղթերում չներառելը, դրանց մասին չնշելը և դրան հակառակ մյուս կողմի ներկայացրած նյութերի հետազոտումը, քննարկումն ու վարույթի փաստաթղթերում ներառելը խախտում չէ, որն էլ, ըստ դիմողի, հակասում է արդարացի քննության իրավունքին և խախտում է այդ իրավունքը: Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից բխում է, որ դատարանները «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին որևէ մեկնաբանություն չեն տվել: Վերաքննիչ դատարանն ընդամենը հաստատել է հետևյալ փաստերը. ՀՀ-ում գտնվող ֆրանսիական դպրոցի հիմնադրամի տնօրենի կողմից տրված տեղեկանքների համաձայն երեխաները 2013 թվականից սովորել են այդ դպրոցում: «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքի համաձայն երեխաները 2014 թվականի ապրիլից բնակվում են ք. Երևան, Վահագնի թաղամաս, Մեղրիի փողոց, տուն 4 հասցեում: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից երեխաների սահմանահատումների վերաբերյալ տրված 04.12.2018 թ. թիվ 2/6/2-1984 գրության համաձայն 2013 թվականից երեխաների Հայաստանի Հանրապետությունից բացակայելու ամենաերկար ժամանակահատվածը եղել է 2018 թվականի հուլիսի 29-ից նոյեմբերի 3-ը մոտ 3 ամիս 5 օր: ՀՀ ոստիկանության 21.11.2018 թ. թիվ 3/13090 գրության համաձայն Էլիզա Լոեբերը երեխաների հետ վարձակալության հիմունքներով բնակվում են ք. Երևան, Թումանյան 11ա շենք, 7 բնակարան հասցեում: Բրյուսելի առաջին ատյանի ֆրանսախոս Ընտանեկան դատարանի 05.12.2018 թ. հրապարակած, ֆրանսերենից հայերեն թարգմանությամբ, 11.03.2019 թ. նոտարական վավերացմամբ վճռի համաձայն դատարանը պատասխանող Էլիզա Լոեբերի (օրիորդական ազգանուն Ղազարյան) բացակայությամբ որոշել է ժամանակավոր (Դատական օրենսգրքի 1253ter/5հոդված), որ ընդհանուր երեխաների նկատմամբ ծնողական իրավունքը և նրանց գույքի կառավարումը կկատարվի կողմերի կողմից համատեղ, ինչպես նաև վստահել Ալեքսիս Լոեբերին երեխաների հիմնական բնակության վայրը, երեխաները կգրանցվեն նրա բնակության վայրի բնակչության գրանցամատյաններում, ձեռնպահ մնալ տիկին Ղազարյանի լրացուցիչ բնակության վայրի մասին որոշում կայացնելուց: Վճիռը ուժի մեջ է մտնում ծանուցման պահից, անկախ որևէ բողոքարկման, գրավի և գտնվելու վայրի: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եկել է հետևության, որ.

երեխաները 2013 թվականից բնակվել են Հայաստանի Հանրապետությունում, հաճախել են ուսումնական հաստատություններ, այսինքն վերջիններիս սովորական բնակության վայրը Հայաստանի Հանրապետությունն է, Բրյուսելի առաջին ատյանի ֆրանսախոս Ընտանեկան դատարանի վճռով Ալեքսիս Լոեբերին է վստահվել երեխաների հիմնական բնակության վայրը, ինչը որևէ կերպ չի կարող նույնացվել այն փաստի հաստատված լինելու հետ, որ երեխաների հիմնական (սովորական) բնակության վայրը Ալեքսիս Լոեբերի բնակության վայրն է Բելգիայի Թագավորությունը, նշված վճիռը վերջնական դատական ակտ չէ, այլ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշում, ուստի դրանով չէր կարող հաստատվել երեխաների մշտական բնակության վայրի վերաբերյալ որևէ փաստական հանգամանք, Բրյուսելի առաջին ատյանի ֆրանսախոս Ընտանեկան դատարանի վճիռը, համաձայն վճռի եզրափակիչ մասում առկա գրառման, ուժի մեջ է մտնում ծանուցման պահից, մինչդեռ վարչական վարույթի նյութերում առկա չէ որևէ ապացույց, որ 26.11.2018 թվականին թիվ 006/11/18 վարչական վարույթ հարուցվելիս կամ 30.01.2019թ. ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության կողմից հարուցված վարույթը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելիս վարչական մարմնի տիրապետպան ներքո առկա են եղել Էլիզա Լոեբերի նշված վճռի վերաբերյալ ծանուցված լինելու փաստը հաստատող տվյալներ, որոնք կարող էին հիմք ընդունվել այն ուժի մեջ մտած վճիռ դիտարկելու համար, երեխաների կարծիքը լսելու, երեխայի սոցիալական ծագմանը վերաբերող տեղեկատվությանը ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը ծագում է երեխային վերադարձնելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ երեխայի անօրինական տեղափոխման կամ պահման փաստը հաստատվելուց հետո, մինչդեռ այն դեպքում, երբ հաստատված չէ Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով երեխայի անօրինական տեղափոխման կամ պահման փաստը, չի կարող քննարկվել երեխային վերադարձնելու վերաբերյալ հարցը, որի շրջանակներում կարող էր անհրաժեշտություն առաջանալ լսել երեխաների կարծիքը և ուշադրություն դարձնել երեխայի սոցիալական ծագմանը վերաբերող տեղեկատվությանը: Ավելին, վերաքննիչ դատարանը նկատում է, որ Բրյուսելի առաջին ատյանի ֆրանսախոս Ընտանեկան դատարանում քննվող գործով վեճը վերաբերում է երեխաների նկատմամբ ծնողական իրավունքներ և բնակության վայր սահմանելուն, որի շրջանակներում կարող է լսվել երեխաների կարծիքը: Վերոգրյալից հետևում է, որ դատարանների հաստատած փաստերը չեն համապատասխանում այդ փաստերի վերաբերյալ դիմողի տեսակետին: Այս իրավիճակն ընդամենն առնչվում է դատարանների կողմից գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության սկզբունքի կիրառմանը, սակայն ոչ երբեք իրավական ակտի մեկնաբանությանը: Դիմողը, ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց, իրականում բարձրացնում է իրավունքի կիրառման կամ որ նույնն է դատական ակտի իրավաչափության հարց, որի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Ալեքսիս Լոեբերի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ Ա. Վաղարշյան

Է. Շաթիրյան

31 մարտի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-22

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 մարտի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-22
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել