ՍՈՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՎ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 հոկտեմբերի 2011թ. ՍԴԴԿՈ/2 - 11 | ՍՈՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՎ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
3 հոկտեմբերի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Մ. Թոփուզյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ֆ. Թոխյանի
Ուսումնասիրելով քաղաքացիներ Սոնա Այվազյանի և Վահե Գրիգորյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Սոնա Այվազյանը և Վահե Գրիգորյանը 2011թ. սեպտեմբերի 19-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի և 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։
Դիմողները հիմնականում պնդում են, որ սույն վարչական գործով կայացված դատական ակտերով սահմանափակվել է իրենց արդարադատության մատչելիության սահմանադրական իրավունքը։
Սույն անհատական դիմումով գործի քննությունն ամբողջությամբ ենթակա է մերժման, քանի որ առկա են դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված և օրենքով սահմանված ներքոհիշյալ հիմքերը։
1. Նախ անհրաժեշտ է արձանագրել, որ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման առկայությունը գործի քննության մերժման օրինական հիմք է։
Տվյալ դեպքում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ ընդունված է ՀՀ սահմանադրական դատարանի 2010թ. սեպտեմբերի 7- ի թիվ ՍԴՈ-906 որոշումը։ Հիշյալ որոշմամբ, ՀՀ սահմանադրական դատարանը վիճարկվող դրույթը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում։ Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ օրենսդրությունը հիմնված է այն տրամաբանության վրա, որ խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, ի թիվս այլնի, ներառում է անմիջականորեն դատարան դիմելու իրավունքն այն անձանց կողմից, որոնց իրավունքները խախտվել են։
2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի սահմանադրականությունը դիմողները վիճարկել են նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակարգային փոխկապակցվածության մեջ։ Տեղին է նկատել, որ առանց օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, ըստ էության, սահմանադրաիրավական վեճ չի առաջացնում։ Բացի դրանից, դիմողներն առանձնակի, բավարար իրավաբանական փաստարկներով պատշաճ կերպով չեն հիմնավորել օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հանգամանքը, ինչը դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է /«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4- րդ և 7-րդ մասեր/։ Ավելին, դիմողները վիճարկելով մատնանշված իրավադրույթների սահմանադրականությունը ըստ էության, բարձրացնում են դրանց կիրառման իրավաչափության հարցը։
Փաստորեն, դիմողները փորձել են դատական ակտերի իրավական հետևանքները վերագրել խնդրո առարկա իրավանորմերի սահմանադրականության խնդրին /ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 8- րդ և 9-րդ կետեր/։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացիներ Սոնա Այվազյանի և Վահե Գրիգորյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։
Նախագահող
Անդամներ
3 հոկտեմբերի 2011 թվականի
ՍԴԴԿՈ/2-11
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հոկտեմբերի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-11
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
