«ԷՄՄԱ ԹՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 126-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-216)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 նոյեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 216 | «ԷՄՄԱ ԹՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 126-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԷՄՄԱ ԹՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 126-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «էմմա Թունյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
1. Էմմա Թունյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի սեպտեմբերի 30-ին) խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն այնքանով, որքանով չի պաշտպանում անձի սեփականության իրավունքը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Դիմողը գտնում է, որ իր և այլոց համար բացասական իրավական հետևանքներ է առաջացրել թիվ ԵԿԴ/5196/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հոկտեմբերի 4-ի դատական ակտում փաստացի կիրառված և համապատասխան որոշման մեջ անմիջականորեն չվկայակոչված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթը, որի հետևանքով վերջիններս զրկվել են Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված պետության կարիքների համար օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու իրավունքից, ինչպես նաև Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության իրավունքից: Դիմողն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ հայցվորները, օտարված գույքի դիմաց փոխհատուցման պահանջ ներկայացնելով, ըստ էության, կրկին ներկայացրել են պահանջ, ինչի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած, ի կատար ածված դատական ակտ անտեսելով վերջինիս պարտադիր բնույթը: Վերաքննիչ դատարանը դա գնահատել է ոչ իրավաչափ և նշված գործի փաստական հանգամանքներից չբխող, որպիսի պայմաններում վերանայվող դատական ակտը բեկանել է: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Թունյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 9-ի վճռով արդեն իսկ լուծվել է Էմմա Թունյանի և մյուսների օտարված գույքի դիմաց փոխհատուցման պահանջի հայցը, առկա է օրինական ուժի մեջ մտած, ի կատար ածված դատական ակտ, հետևաբար անթույլատրելի է թիվ ԵԿԴ/5196/02/15 քաղաքացիական գործով դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննությունը: Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հակասում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին, քանի որ զրկում է անձին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սեփականության իրավունքի խախտման փաստը հաստատվելուց հետո սեփականության իրավունքը պաշտպանելուց և հանրության գերակա շահերի համար օտարված գույքի համար նախնական համարժեք փոխհատուցում ստանալու իրավունքից: Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին, քանի որ իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանություն կարող է տրամադրել այն դատարանը, որը մասնագիտացված է տվյալ տեսակի վեճերի լուծման համար, այլ ոչ թե ընդհանուր իրավասության դատարանը: Ըստ դիմողի վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին, քանի որ հանգեցրել է անձի սեփականության իրավունքի սահմանափակման առանց դրանց հիմքերը և ծավալը հստակեցնելու, չափը որոշակիացնելու, դրանով իսկ զրկել է իրավունքը կրող անձին համապատասխան վարքագիծ դրսևորելու հնարավորությունից, ինչն էլ հանգեցրել է սեփականության իրավունքի բազմակի խախտման:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել: Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով և պարտականություններով։ Հետևաբար դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես.
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը.
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները.
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած յուրաքանչյուր ոք Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «էմմա Թունյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
23 նոյեմբերի 2020 թվականի
ՍԴԱՈ-216
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 նոյեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-216
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
