Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 170-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 170-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-8027 մայիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-80)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 մայիսի 2025թ. ՍԴԱՈ - 80 | ««ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 170-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 170-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««Արդշինբանկ» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի, 172-րդ հոդվածի 6-րդ մասի և 242-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. «Արդշինբանկ» ՓԲԸ (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ Հասմիկ Անդրիասյան) անհատական դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի դեկտեմբերի 1-ին։

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է.

«ՀՀ Սահմանադրության 60, 63, 79 հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասին, 172-րդ հոդվածի 6-րդ մասին և 242-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծելու և ամբողջական գրավադրված գույքից բաժանվելու արդյունքում վերջինիս որպես սեփականություն հատկացված բնակարանը չի կարող հանդիսանալ կոոպերատիվին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ կնքված հիփոթեքի պայմանագրի առարկա և այդ պայմանագիրը չի կարող հիմք հանդիսանալ գրավադրված անշարժ գույքից առանձնացված մեկ այլ՝ ինքնուրույն գույքային միավորի նկատմամբ ևս գրավառուի գրավի իրավունքի առկայությունը հաստատված համարելու և այդ իրավունքը գրանցելու համար»։

2. Գործի դատավարական նախապատմությունը

Վարչական դատարանը, քննելով թիվ ՎԴ/3467/05/19 վարչական գործն ըստ հայցի Ռոբերտ Գյուլնազարյանի ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի` ք. Երևան, Ռիգայի փողոցի 126/4 շենքի 36 բնակարանի հասցեում գտնվող (գրանցված) բնակարանի և հողամասի ու բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժնի նկատմամբ կատարված «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 2012 թվականի փետրվարի 8-ի գրավի իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, 2021 թվականի հոկտեմբերի 5-ի վճռով հայցը բավարարել է հետևյալ պատճառաբանությամբ.

«(…) հայցվորը խնդրո առարկա հանդիսացող անշարժ գույքը որպես կոոպերատիվի անդամ փայն ամբողջությամբ մուծելուց հետո ձեռք է բերել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով, հետևաբար գրավի իրավունքի պահպանման համար բացակայել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման համար պարտադիր՝ նորմի դիսպոզիցիայով սահմանված սպառիչ դեպքերից (գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարել, համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնել) որևէ մեկը, ինչից էլ բխում է, որ գրավի իրավունքը խնդրո առարկա անշարժ գույքի նկատմամբ պահպանվել չէր կարող, հետևաբար նաև չէր կարող գրանցվել Ռոբերտ Գյուլնազարյանի սեփականության իրավունքի գրանցումից հետո»:

Վերաքննիչ վարչական դատարանը 2023 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ Կադաստրի կոմիտեի և երրորդ անձ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից Վարչական դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 5-ի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները մերժել է՝ Վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ:

Նշված որոշման հիմքում Վերաքննիչ վարչական դատարանը դրել է Ֆելիքս Քոչարյանն ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի և «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ՎԴ/12482/05/18 վարչական գործով Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները և արձանագրել է հետևյալը.

«(…) ք. Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 62 շինության նկատմամբ սեփականության իրավունքը հայցվորը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, այն է՝ բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար, այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք, որը սակայն չի հանդիսանում ո՛չ հատուցմամբ կամ անհատույց օտարում, ո՛չ էլ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում, հետևաբար երրորդ անձի նախկին գրավի իրավունքը խնդրո առարկա անշարժ գույքի՝ ք. Երևան, Արաբկիր, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 62 շինության նկատմամբ պահպանվել չէր կարող, և հայցվորը չէր կարող զբաղեցնել գրավատու Կոոպերատիվի տեղն ու չէր կարող կրել վերջինիս բոլոր պարտականությունները։ Ընդ որում, սույն գործով բացակայում է նաև հիփոթեքի առարկայի փոխարինման մասին համապատասխան համաձայնագիր, որի ուժով գրանցված հիփոթեքի առարկան օրենքով սահմանված կարգով փոխարինվում է այլ անշարժ գույքով և որպիսի համաձայնագրի հիման վրա այդ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման հետ միաժամանակ դադարեցվում է հիփոթեքի նախկին առարկայի նկատմամբ գրավի իրավունքի գրանցումը:

Մինչդեռ, Կադաստրի կողմից թիվ 62 բնակարանի նկատմամբ Բանկի գրավի իրավունքի գրանցումը ոչ իրավաչափորեն կատարվել է՝ հիմք ընդունելով ք. Երևան, Արաբկիր, Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի նկատմամբ կնքված գրավի իրավունքի պայմանագիրը, այսինքն՝ Բանկի գրավի իրավունքի պետական գրանցումը կատարվել է առանց այդ բնակարանի նկատմամբ կնքված գրավի պայմանագրի, փաստորեն առանց համապատասխան իրավահաստատող փաստաթղթի առկայության, հետևաբար Կադաստրի կողմից Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 62 բնակարանի նկատմամբ Բանկի գրավի իրավունքի գրանցումը եղել է ոչ իրավաչափ։ (...) (տե՛ս, Ֆելիքս Քոչարյանն ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի և «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ՎԴ/12482/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2023 թվականի որոշումը) :

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 36 բնակարանի, որպես առանձին գույքային միավորի նկատմամբ առանց կնքված գրավի պայմանագրի Կադաստրը իրավասու չէր նշված հասցեի բնակարանի նկատմամբ 08.02.2012 թվականին կատարել Բանկի գրավի իրավունքի պետական գրանցում»:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատը 2023 թվականի մայիսի 31-ի որոշմամբ երրորդ անձ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից Վերաքննիչ վարչական դատարանի 2023 թվականի փետրվարի 9-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:

3. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը, վկայակոչելով վիճարկվող դրույթները, նշում է, որ գրավ դրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելու հանգամանքը չի դադարեցնում այդ գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը։ Այն բոլոր դեպքերում պահպանում է իր ուժը, իսկ գրավատուի իրավահաջորդն զբաղեցնում է վերջինիս տեղը, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի համաձայնությամբ։ Միաժամանակ, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 172-րդ հոդվածի 6-րդ մասը՝ նշում է, որ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերում, ի թիվս այլնի, նախատեսվել է նաև կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը մուծելու հիմքով սեփականության իրավունքի ձեռքբերումը։ Վերոնշյալ դրույթում առկա չէ որևէ սահմանում տրամադրվող գույքի կարգավիճակի մասին, այսինքն՝ այն կարո՞ղ է լինել գրավով ծանրաբեռնված, թե՞ ոչ։ «Ավելին՝ նշված դրույթով առկա չէ նաև որևէ սահմանում կամ սահմանափակում, որ կոոպերատիվի անդամին տրամադրվող գույքը չի կարող լինել գրավով ծանրաբեռնված, առավել ևս՝ օրենքում չկա սահմանում», որ Օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով սեփականության իրավունքի ձեռքբերման դեպքում գույքի նկատմամբ առկա գրավի իրավունքը դադարում է։

Մինչդեռ սույն դիմումի քննության հիմք հանդիսացող թիվ ՎԴ/3467/05/19 վարչական գործով Վերաքննիչ վարչական դատարանն իր՝ 09.02.2023 թ. որոշմամբ հետևյալ իրավական բովանդակությունն է հաղորդել վիճարկվող դրույթին. «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ք. Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 36 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը հայցվորը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, (…) հետևաբար երրորդ անձի նախկին գրավի իրավունքը խնդրո առարկա անշարժ գույքի՝ ք. Երևան, Արաբկիր, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 36 բնակարանի նկատմամբ պահպանվել չէր կարող, և հայցվորը չէր կարող զբաղեցնել գրավատու Կոոպերատիվի տեղն ու չէր կարող կրել վերջինիս բոլոր պարտականությունները»։

Իսկ մեկ այլ՝ թիվ ԵԱՔԴ/3476/02/17 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, անդրադառնալով վիճարկվող դրույթներին, հակադիր դիրքորոշում է արտահայտել, այն է՝ «(…) կոոպերատիվի անդամների կողմից փայավճարները լրիվ մուծելու դեպքում սեփականության իրավունքի ձեռքբերման գործարքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի իմաստով համարվում է հատուցելի օտարում և համապատասխան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի և վերոգրյալ հոդվածի նշված գործարքի դեպքում գրավի իրավունքը հետևում է գույքին և անկախ սեփականատերերի փոփոխությունից գրավի իրավունքը շարունակում է պահպանվել»։

Արդյունքում՝ Վերաքննիչ վարչական դատարանն իր որոշմամբ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում հաղորդել է հետևյալ բովանդակությունը, որը, ըստ Դիմողի, հակասահմանադրական է՝

1. կոոպերատիվի անդամի կողմից իր փայավճարը լրիվ մուծվելու արդյունքում գրավադրված գույքի բաժանման արդյունքում վերջինիս որպես սեփականություն անցած բնակարանի նկատմամբ գրավի իրավունքը չի կարող պահպանել իր ուժը, այլ կերպ՝ նախատեսվել է գրավի իրավունքի դադարման Օրենսգրքում գոյություն չունեցող նոր հիմք՝ այն է՝ փայավճարի լրիվ մուծումը,

2. Օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով սեփականության իրավունքի ձեռքբերումը բացառում է նույն օրենսգրքի 242-րդ հոդվածի կիրառելիությունը։

Ելնելով վերոնշյալից՝ Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները բավարար չափով որոշակի չեն, հնարավորություն չեն տալիս իրավունքի սուբյեկտներին ընկալելու օրենսդրի պահանջը, կանխատեսելու դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնելու վիճարկվող դրույթներով ամրագրված պահանջներին, քանի որ հստակ չէ կոոպերատիվի անդամի կողմից իր փայավճարը լրիվ մուծելու արդյունքում գրավադրված գույքի բաժանման արդյունքում վերջինիս որպես սեփականություն անցած բնակարանի նկատմամբ գրավի իրավունքը պահպանու՞մ է իր ուժը, թե՞ ոչ։

Դիմողն ընդգծում է, որ եթե գրավի իրավունքը չի պահպանում իր ուժը, այլ կերպ՝ գրավը դադարում է, ապա ո՞ր դրույթի հիմքով է այն դադարում՝ Օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի, 172-րդ հոդվածի 6-րդ մասի, թե՞ 242-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, թե՞ այդ բոլոր դրույթներին Վերաքննիչ վարչական դատարանի կողմից իրավակիրառ պրակտիկայում տրված բովանդակության հիմքով։

Միաժամանակ Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթներն իրավակիրառ պրակտիկայում՝ վարչաիրավական և քաղաքացիաիրավական ոլորտում, ստացել են տարբերվող, հակասական մեկնաբանություն։ Մասնավորապես՝ Դիմողը նշում է, որ թիվ ԵԱՔԴ/3476/02/17 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը Յուրիկ Նիկոլյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը թողնելով անփոփոխ։ Իսկ հակառակ վերոնշյալի՝ սույն դիմումի քննության հիմք հանդիսացող թիվ ՎԴ/3467/05/19 վարչական գործով Վերաքննիչ վարչական դատարանը կիրառել է թիվ ՎԴ/12482/05/18 վարչական գործով Վճռաբեկ դատարանի վարչական պալատի կողմից կայացված որոշումը։ Մինչդեռ թիվ ՎԴ/12482/05/18 վարչական գործով կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանի վարչական պալատը չի անդրադարձել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից վկայակոչված՝ թիվ ԵԱՔԴ/3476/02/17 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ վիճելի իրավադրույթների վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումներին։

Ելնելով վերոնշյալից՝ Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, չեն բավարարում իրավական որոշակիության, հստակության, կանխատեսելիության և օրենքների միատեսակ կիրառելիության չափանիշները, ավելին՝ Վճռաբեկ դատարանի երկու պալատների (քաղաքացիական և վարչական) կողմից նույն դրույթների վերաբերյալ ձևավորվել են միմյանցից տարբերվող (հակադիր) համակարգային մոտեցումներ, հետևաբար՝ վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրությանը։

Դիմողը նշում է, որ թիվ ՎԴ/12475/05/18 վարչական գործով սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված բովանդակության համաձայն՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ գրավի առարկան մեկ անձից մյուսին ի սեփականություն անցնելիս, առանց որևէ իրավական հիմքի, գրավի իրավունքը կարող է դադարել, որն էլ հանգեցնում է անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի խախտման։

Ամփոփելով վերոնշյալը՝ Դիմողը խնդրել է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծվելու և ամբողջական գրավադրված գույքից բաժանվելու արդյունքում վերջինիս որպես սեփականություն հատկացված բնակարանը չի կարող հանդիսանալ կոոպերատիվին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ կնքված հիփոթեքի պայմանագրի առարկա, և այդ պայմանագիրը չի կարող հիմք հանդիսանալ գրավադրված անշարժ գույքից առանձնացված մեկ այլ՝ ինքնուրույն գույքային միավորի նկատմամբ ևս գրավառուի գրավի իրավունքի առկայությունը հաստատված համարելու և այդ իրավունքը գրանցելու համար։

4. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող), վկայակոչելով մի շարք օրենսդրական կարգավորումներ, նշել է, որ օրենսդիրը հստակ սահմանել է գրավի դադարման սպառիչ հիմքերը, որոնց մեջ բացակայում է կոոպերատիվի փայավճարը մուծելը, ավելին՝ սահմանված դեպքերից որևէ մեկն իրավաչափ հնարավորություն չի տալիս կոոպերատիվի փայավճարը մուծելը գնահատել կամ դիտարկել որպես գրավի իրավունքի դադարման հիմք։ Միաժամանակ Պատասխանողը նշում է, որ օրենսդիրը սահմանել է նաև բոլոր այն եղանակները, որոնց միջոցով գրավ դրված գույքը կարող է որպես սեփականություն անցնել այլ անձի (հատուցմամբ օտարում, անհատույց օտարում, համապարփակ իրավահաջորդություն), ինչից և կարելի է եզրակացնել, որ գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը։

Պատասխանողն արձանագրում է, որ առկա է ընդհանուր կանոն առ այն, որ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվելու (հատուցելի օտարմամբ, անհատույց օտարմամբ կամ համապարփակ իրավահաջորդության կարգով) դեպքում գրավի իրավունքը շարունակում է և չի դադարում, և գրավատուի իրավահաջորդն զբաղեցնում է գրավատուի տեղը և կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ։ Այսինքն՝ ընդհանուր կանոնից կարող է դիտարկվել բացառություն այն դեպքում, երբ օտարումը հատուցելի կամ անհատույց չէ, կամ սեփականության իրավունքը համապարփակ իրավահաջորդության կարգով չի փոխանցվել, կամ, եթե այլ բան է սահմանվել գրավառուի հետ համաձայնությամբ։ Հետևաբար, եթե կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծվելու գործարքը դիտարկվի վերը նշված բացառությունների տրամաբանության շրջանակներում, ապա հետևությունը կլինի այն, որ այդ գործարքը չի կարող հանդիսանալ սեփականության իրավունքի փոխանցման դեպքում գրավի իրավունքի պահպանման ընդհանուր կանոնից բացառություն։ Ավելին՝ Պատասխանողը գտնում է, որ եթե գրավի իրավունքի դադարման սպառիչ դեպքերից զատ լայն մեկնաբանությամբ որոշ գործարքներ գնահատվեն որպես գրավի իրավունքի դադարման ինքնուրույն հիմք, ապա գրավի ինստիտուտը կկորցնի իր նպատակային նշանակությունը, և առարկայազուրկ կդառնա իրային իրավունքի բացարձակ լինելը։

Ըստ Պատասխանողի՝ քննարկվող իրավունքների արդյունավետ իրականացման համար գործող անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերին և ընթացակարգերին այլ մեկնաբանություն տալը կարող է խաթարել գործող իրավական ինստիտուտների հիմքով ձևավորված իրավակիրառ պրակտիկան, ինչպես նաև կարող է խաթարել քաղաքացիաիրավական հարաբերությունների կայունությունը, որը կարող է հանգեցնել նաև իրավունքի հնարավոր չարաշահումների։

Բացի դրանից, Պատասխանողը նշում է, որ վիճարկվող դրույթների կիրառման դեպքում չի կարող խոսք լինել սահմանադրորեն երաշխավորված սեփականության իրավունքի խախտման մասին, քանի որ Օրենսգրքի 172-րդ հոդվածով հստակ ամրագրված են սեփականության ձեռքբերման հիմքերը։ Մասնավորապես՝ քննարկման առարկա դեպքում նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված է բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամի և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձանց սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը: Այս կապակցությամբ Պատասխանողը նաև հայտնում է, որ կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծվելու դեպքում կոոպերատիվի կողմից վերջինիս տրամադրված բնակարանը բաժանվում է ամբողջական գույքից և օբյեկտիվ իրականության մեջ շարունակում է գոյություն ունենալ որպես կոոպերատիվի անդամին սեփականության իրավունքով պատկանող առանձին գույքային միավոր՝ իրեն անհատականացնող տվյալներով հանդերձ։ Պատասխանողն արձանագրում է, որ վերոնշյալը չի կարող մեկնաբանվել այն համատեքստում, որ կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծվելու դեպքում կոոպերատիվի կողմից վերջինիս տրամադրված բնակարանը բաժանվում է ամբողջական գույքից և օբյեկտիվ իրականության մեջ շարունակում է գոյություն ունենալ որպես կոոպերատիվի անդամին սեփականության իրավունքով պատկանող առանձին գույքային միավոր, ապա դադարում է այդ գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցված գրավի իրավունքը։

Արդյունքում՝ Պատասխանողի գնահատմամբ՝ վիճարկվող դրույթները ձևակերպված են բավարար հստակությամբ, որոշակի են, դրանցում օգտագործված հասկացությունները չեն հանգեցնում տարաբնույթ մեկնաբանությունների և շփոթության։

Ելնելով վերոնշյալից՝ Պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասը, 172-րդ հոդվածի 6-րդ մասը և 242-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծվելու և ամբողջական գրավադրված գույքից բաժանվելու արդյունքում վերջինիս որպես սեփականություն հատկացված բնակարանը կարող է հանդիսանալ կոոպերատիվին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ կնքված հիփոթեքի պայմանագրի առարկա, և այդ պայմանագիրը կարող է հիմք հանդիսանալ գրավադրված անշարժ գույքից առանձնացված մեկ այլ՝ ինքնուրույն գույքային միավորի նկատմամբ ևս գրավառուի գրավի իրավունքի առկայությունը հաստատված համարելու և գրավի իրավունքը փոխանցված (պահպանված) համարելու համար։

Ամփոփելով իր դիրքորոշումը՝ Պատասխանողը խնդրել է հետևյալը. «««Արդշինբանկ» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի, 172-րդ հոդվածի 6-րդ մասի և 242-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:

5. Ուսումնասիրելով և վերլուծելով դիմումն ու կից փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, Սահմանադրական դատարանի զեկուցող դատավոր Ե. Խունդկարյանի կողմից Դատական դեպարտամենտից պահանջված և ստացված թիվ ՎԴ/3467/05/19, թիվ ՎԴ/12482/05/18 վարչական գործերը և թիվ ԵԱՔԴ/3476/02/17 քաղաքացիական գործը, Դատական դեպարտամենտին ուղղված հարցման արդյունքում ստացված պատասխան գրությունը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, և սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։

Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր:

Ընդ որում՝ Սահմանադրական դատարանի կողմից նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման դեպքում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, ինչը ոչ միայն չի բխում Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում ներառված դատարանների գործառույթների տարանջատումը։

Տվյալ դեպքում դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի, 172-րդ հոդվածի 6-րդ մասի և 242-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ Դիմողի ներկայացրած հիմնավորումները, ըստ էության, հանգում են նրան, որ Վճռաբեկ դատարանի երկու՝ քաղաքացիական և վարչական պալատների կողմից վիճարկվող դրույթների առնչությամբ տրվել են իրարից տարբերվող իրավական դիրքորոշումներ։

Մասնավորապես՝ Դիմողը նշել է հետևյալը.

- վիճարկվող դրույթներն իրավակիրառ պրակտիկայում՝ վարչաիրավական և քաղաքացիաիրավական ոլորտում, ստացել են տարբերվող, հակասական մեկնաբանություն։ Մասնավորապես՝ Դիմողը նշում է, որ թիվ ԵԱՔԴ/3476/02/17 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը Յուրիկ Նիկոլյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը թողնելով անփոփոխ։ Իսկ հակառակ վերոնշյալի՝ սույն դիմումի քննության հիմք հանդիսացող թիվ ՎԴ/3467/05/19 վարչական գործով Վերաքննիչ վարչական դատարանը կիրառել է թիվ ՎԴ/12482/05/18 վարչական գործով Վճռաբեկ դատարանի վարչական պալատի կողմից կայացված որոշումը։ Մինչդեռ թիվ ՎԴ/12482/05/18 վարչական գործով կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանի վարչական պալատը չի անդրադարձել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից վկայակոչված՝ թիվ ԵԱՔԴ/3476/02/17 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ վիճելի իրավադրույթների վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումներին,

- վիճարկվող դրույթները՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, չեն բավարարում իրավական որոշակիության, հստակության, կանխատեսելիության և օրենքների միատեսակ կիրառելիության չափանիշները, ավելին՝ Վճռաբեկ դատարանի երկու պալատների (քաղաքացիական և վարչական) կողմից նույն դրույթների վերաբերյալ ձևավորվել է միմյանցից տարբերվող (հակադիր) համակարգային մոտեցումներ, հետևաբար՝ վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրությանը։

Նշված հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանի զեկուցող դատավոր Ե. Խունդկարյանի կողմից Դատական դեպարտամենտի ղեկավարին ուղղված հարցմանը (հիմք՝ 2025 թվականի փետրվարի 19-ի ՍԴԴ-13 գրություն) ի պատասխան՝ վերջինս նշել է հետևյալը. «(…) վիճարկվող դրույթների առնչությամբ (…) տեղեկացնում եմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանում, մասնավորապես՝ քաղաքացիական և վարչական, ինչպես նաև հակակոռուպցիոն պալատներում չեն հայտնաբերվել նույնանման փաստերով (գրավի իրավունքով ծանրաբեռնված՝ կոոպերատիվին պատկանող անշարժ գույքից մեկ այլ՝ գույքային միավոր առանձնացնելու դեպքում առանձնացված գույքային միավորի նկատմամբ գրավի իրավունքի պահպանվելը) մեկ այլ գործով հայտնված այնպիսի իրավական դիրքորոշում, որը տարբերվի թիվ ՎԴ/12482/05/18 վարչական գործով հայտնված համապատասխան իրավական դիրքորոշումներից։

(…)

(…) տեղեկացնում եմ, որ քաղաքացիական գործեր քննող դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերը վկայակոչված նորմերի վերաբերյալ 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի թիվ ՎԴ/12482/05/18 վարչական գործով 2023 թվականի փետրվարի 1-ին կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից տարբերվող դիրքորոշումներ չկան» (հիմք՝ 2025 թվականի մարտի 21-ի ԴԴ-1 ԴԴ/1060-25 գրություն)։

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում հերքվում է Դիմողի կողմից ներկայացված այն պնդումը, որ Վճռաբեկ դատարանի տարբեր պալատների կողմից վիճարկվող դրույթների առնչությամբ տրվել են իրարից տարբերվող իրավական դիրքորոշումներ։ Ավելին՝ նշված հանգամանքի բացակայության պայմաններում վիճարկվող դրույթների առնչությամբ ձևավորված իրավակիրառ պրակտիկան վիճարկվող դրույթներն ուղղակիորեն դարձնում է որոշակի։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից Սահմանադրական դատարանի առջև բարձրացված հարցը դառնում է ոչ համատեղելի Սահմանադրական դատարանի լիազորությունների հետ, քանի որ այն գտնվում է ոչ թե Սահմանադրական դատարանի՝ վիճարկվող նորմերի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման լիազորության տիրույթում, այլ Վճռաբեկ դատարանի լիազորության տիրույթում, քանի որ Օրենսգրքի կամ դրա որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը Սահմանադրությամբ վերապահված է վերջինիս: Ուստի՝ Դիմողը, չհամաձայնելով իր մասնակցությամբ գործով վիճարկվող դրույթների կիրառմամբ դատարանների կողմից կայացված դատական ակտերին, ըստ էության քողարկված ձևով բարձրացնում է այնպիսի խնդիր, որը վերաբերում է ոչ թե նորմատիվ իրավական ակտի դրույթների սահմանադրականությանը, այլ դատական ակտերի օրինականության, այդ դատական ակտերով նորմատիվ իրավական ակտի դրույթների կիրառման իրավաչափության հարցին։

Ամփոփելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթների սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց, ինչը Սահմանադրական դատարանում քննության ենթակա հարց չէ, ուստի՝ գործի քննությունը ենթակա է կարճման՝ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««Արդշինբանկ» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի, 172-րդ հոդվածի 6-րդ մասի և 242-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

27 մայիսի 2025 թվականի

ՍԴԱՈ-80

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 մայիսի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-80
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել