Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄԱՄԻԿՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄԱՄԻԿՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-315 հունվարի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 հունվարի 2021թ. ՍԴԱՈ - 3 | «ՄԱՄԻԿՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՄԱՄԻԿՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Մամիկոն Ստեփանյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Մամիկոն Ստեփանյանի դիմումը Սահմանադրական դատարան է ուղարկվել էլեկտրոնային փոստով 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Ի պատասխան Մամիկոն Ստեփանյանի դիմումի Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 2020 թվականի նոյեմբերի 11-ի գրությամբ դիմողին տեղեկացվել է այն մասին, որ դիմումում չեն պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջները: Մատնանշված թերությունները շտկելուց հետո դիմողն իր դիմումը վերստին Սահմանադրական դատարան է ուղարկել փոստային եղանակով 2020 թվականի նոյեմբերի 17-ին, որը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի նոյեմբերի 23-ին: Այս առնչությամբ դիմողի կողմից պահպանվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված եռօրյա ժամկետը: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«1. Սույն դիմումն ընդունել քննության:

2.

ՀՀ Վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի ԵԿԴ/3296/02/14 Որոշման մեջ առկա «...Անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը Վճռաբեկ դատարանը դրանք հիմնավոր է համարում և արձանագրում է, որ Մամիկոն Ստեփանյանի կողմից չեն ապացուցվել իր վկայակոչված փաստերը, այն է իր կողմից 18.830.351 ՀՀ դրամի չափով վճարում կատարած լինելը, ինչպես նաև այդ գումարն իրեն վերադարձնելու իրավական և փաստական հիմքը: Ավելին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատարանի 19.12.2011 թվականի թիվ ՎԴ/3564/05/11 վճռի համաձայն «ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ–ի հայցն ընդդեմ Մաշտոցի ՏՀՏ-ի 18.05.2011 թվականի թիվ 1013327 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է: Հետևաբար 18.830.351 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջը մերժելու մասով ստորադաս դատարանների եզրահանգումն իրավաչափ է և պատճառաբանված: Ուստի չի հիմնավորվել այս պահանջի մասով դատական սխալի առկայությունը: ...» դրույթով տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:

3. ՀՀ Ազգային ժողովի կողմից 01.07.1998թ-ին ընդունված ՀՕ-248 ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված արդարացվածին հասցված և հատուցման իրավունք ունեցող վնասների սահմանափակումները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր այն մասով, որ չեն ներառել քննություն իրականացնող մարմինների հարկադրանքով կատարված ծախսերը ներառյալ երրորդ անձի պարտավորությունների դիմաց կատարված վճարումները:

4. ՀՀ Վճռաբեկ դատարանի 15.02.2020 թվականի ԵԿԴ/3296/02/14 Որոշման մեջ ներառվող «... Ինչ վերաբերում է հայցվորի կողմից ներկայացված հաշվարկով որպես իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հիմքում դրված սուբյեկտիվ գնահատականին որպես պետական յուրաքանչյուր մարմնի գործողության արդյունքի, և դրա դրամական արտահայտմանը, ապա այդպիսիք չունեն որևէ օբյեկտիվ հիմք, իսկ առավելագույն չափից ավելի ոչ նյութական վնասի հատուցում սահմանելու համար բավարար չեն հայցվորի կողմից տրված սուբյեկտիվ գնահատականները յուրաքանչյուր գործողությանը, բացի այդ, այդպիսիք չեն կարող դիտարկվել որպես ողջամիտ, արդարացի և համաչափ: ...» դրույթով տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:

5. ՀՀ Վճռաբեկ դատարանի 15.02.2020 թվականի ԵԿԴ/3296/02/14 Որոշման մեջ ներառվող « ... Տվյալ դեպքում հայցվորը նշել է, որ իր համար առաջացել են ծանր հետևանքներ, սակայն որպես այդպիսիք վկայակոչել է նույն փաստական հանգամանքները, որոնք դրվել են առհասարակ ոչ նյութական վնասի հատուցման պահանջի հիմքում: ...» դրույթով տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:

6. ՀՀ Վճռաբեկ դատարանի 15.02.2020 թվականի ԵԿԴ/3296/02/14 Որոշման մեջ ներառվող «... Տվյալ դեպքում հայցի առարկան վերաբերում է արդարացվածի կարգավիճակ ստացած անձի ոչ նյութական և նյութական վնասի հատուցմանը, որպիսի վնասի հատուցման պարտավորություն Հայաստանի Հանրապետության համար կարող է ծագել միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա, քանի առանց նման հիմքի Հայաստանի Հանրապետությունը չունի պարտավորություն վճարելու բոլոր արդարացվածներին դրամական միջոցներ: Հետևաբար, քանի դեռ չի ծագել օրենքով սահմանված կարգով հատուցման պարտականությունը, առկա չէ դրամական միջոցները վճարելու հիմք, և դրանց չվճարումը չի կարող համարվել ապօրինի: ...» դրույթով տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր»: Դիմողը միջնորդություն է ներկայացրել իրեն պետական տուրքի կրկնակի վճարումից ազատելու վերաբերյալ, քանի որ, իր մեկնաբանմամբ, 2018 թվականի հուլիսի 23-ի ՍԴԱՈ-55 աշխատակարգային որոշմամբ առաջին դիմումին կից արդեն ներկայացրել էր պետական տուրքի վճարման անդորրագիր, և որ ինքը երկրորդ խմբի հաշմանդամ է: Դիմողը միջնորդություն է ներկայացրել նաև Սահմանադրական դատարան դիմելու բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու վերաբերյալ. դիմողը խնդրել է սահմանված ժամկետի բացթողումը իրավունքի ուժով /ex jure/ ճանաչել հարգելի, քանի որ դիմումը ներկայացնելու իրավունքի ժամկետը խախտվել է իրենից անկախ պատճառներով (դիմողի ներկայացմամբ կորոնավիրուս, Սահմանադրական դատարանի անորոշ վիճակ, պատերազմի երկարացում): Դիմումը ներկայացնելու իրավուն-քի ժամկետի սկիզբը դիմողը խնդրել է համարել 2020 թվականի մայիսի 6-ը ՀՀ վճռաբեկ դատարանի 15.04.2020թ. ԵԿԴ/3296/02/14 որոշումը փոստով ստանալու օրը:

2. Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի ԵԿԴ/3296/02/14 որոշման մեջ տրված որոշ մեկնաբանություններ հանգեցրել են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտմանը: Ըստ դիմողի` և՛ ստորադաս դատարանները, և՛ Վճռաբեկ դատարանը չեն հետազոտել և փաստացի անտեսել են ԵԿԴ/3296/02/14 գործում առկա իր կողմից ներկայացված 18.830.351 ՀՀ դրամ կրած վնասի հատուցման պահանջը հիմնավորող հիմնական ապացույցները: Դիմողի գնահատմամբ վիճարկվող դրույթում Քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետում, արդարացվածին հասցված և հատուցման ենթակա վնասների շրջանակում ներառված չեն արդարացվածին հասցված և հատուցման ենթակա վնասները, քննություն իրականացնող մարմինների հարկադրանքով կատարված ծախսերը ներառյալ երրորդ անձի պարտավորությունների դիմաց կատարված վճարումները: Դիմողը գտնում է, որ դատարանն անտեսել է այն փաստական հանգամանքը, որ արդարացվածին պատճառված նյութական և ոչ նյութական վնասի հատուցման իրավունքը ծագում է արդարացման դատավճիռը կայացնելու օրը, հետևաբար իր գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը կիրառելու և կետանցի օրվանից սկսած մինչև գումարի փաստացի վճարման օրը պատասխանողից տոկոսներ բռնագանձելու վերաբերյալ նյութական և ոչ նյութական վնասի հատուցման կետանցի օրերի սկիզբը պետք է սահմանվի 2014 թվականի հունվարի 20-ը արդարացման դատավճիռն ուժի մեջ մտնելու օրը: Քաղաքացիական գործով կայացված վճռով որոշվում է միայն փոխհատուցվող գումարի չափը, ոչ թե իրավունքը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Վճռաբեկ դատարանի 27.12.2017թ. և 15.02.2020թ. որոշումներում դիմողի բառերով «ներառվող դրույթներով տրված մեկնաբանությունների» առնչությամբ (դիմումի «Սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը» վերտառությամբ հատվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետեր) Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա «մեկնաբանությունները» ոչ այլ ինչ են, քան դիմողի գործողություններին և սուբյեկտիվ դատողություններին տրված իրավական գնահատականներ, որոնք որևէ առնչություն չունեն որևէ իրավանորմի մեկնաբանության հետ: Այսինքն, ձևականորեն բարձրացնելով իրավանորմի սահմանադրականության խնդիր փաստացիորեն դիմողը խնդրում է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել Վճռաբեկ դատարանի գործողությունները, կամ, այլ կերպ ասած բարձրացնում է դատական ակտի իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից: Մինչդեռ, կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության օբյեկտ կարող են հանդիսանալ բացառապես նորմատիվ իրավական ակտերը (դրանց դրույթները), ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: 3.2. Քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողն, ըստ էության, բարձրացնում է օրենքի բացի խնդիր պայմանավորված նրանով, որ, դիմողի գնահատմամբ, Քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետում արդարացվածին հասցված և հատուցման ենթակա վնասների շրջանակում ներառված չեն քննություն իրականացնող մարմինների հարկադրանքով կատարված ծախսերը, ներառյալ երրորդ անձի պարտավորությունների դիմաց կատարված վճարումները: Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի վերը նշված փաստարկն անհիմն է այն պատճառաբանությամբ, որ քննություն իրականացնող մարմինների ցանկացած հարկադրանք ենթադրում է հանցակազմի առկայություն, որն էլ կարող է հաստատված համարվել բացառապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, որպիսին տվյալ գործի շրջանակներում առկա չէ: Իսկ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով քննություն իրականացնող մարմինների կողմից իրականացրած հարկադրանքի փաստի հաստատումն անխուսափելիորեն հանգեցնում է նման հարկադրանքի հետևանքով խախտված իրավունքների վերականգնման գործընթաց սկսելուն: Այսինքն բացակայում է դիտարկվող իրավանորմում հատուցման ենթակա վնասների շարքում քննություն իրականացնող մարմինների հարկադրանքով կատարված ծախսերը, ներառյալ երրորդ անձի պարտավորությունների դիմաց կատարված վճարումները ներառելու անհրաժեշտությունը: Հետևաբար, դիմումն այս մասով ակնհայտ անհիմն է: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Վճռաբեկ դատարանն իր 27.12.2017թ. ԵԿԴ/3296/02/14 որոշմամբ արձանագրել է. « ... Տվյալ դեպքում հայցի առարկան վերաբերում է արդարացվածի կարգավիճակ ստացած անձի ոչ նյութական և նյութական վնասի հատուցմանը, որպիսի վնասի հատուցման պարտավորություն Հայաստանի Հանրապետության համար կարող է ծագել միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա, քանի որ առանց նման հիմքի Հայաստանի Հանրապետությունը չունի պարտավորություն վճարելու բոլոր արդարացվածներին դրամական միջոցներ: Հետևաբար, քանի դեռ չի ծագել օրենքով սահմանված կարգով հատուցման պարտականությունը, առկա չէ դրամական միջոցները վճարելու հիմք, և դրանց չվճարումը չի կարող համարվել ապօրինի: ...»: 3.3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը ... վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո»: Իսկ նույն 69-րդ հոդվածի 5-րդ մասն, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, անհատական դիմումներով գործի քննությունը մերժելու համար որպես հիմք է դիտարկում, ի թիվս այլնի, Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետի լրանալը: Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ գործով վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի որոշումը, կայացվել է 2020 թվականի ապրիլի 15-ին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը»: Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողի վերաբերյալ գործով վերջնական դատական ակտը կայացվել է 2020թ. ապրիլի 15-ին, Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի ընթացքն սկսվում է հաջորդ օրվանից ապրիլի 16-ից և ավարտվում 2020թ. հոկտեմբերի 16-ին, մինչդեռ դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվել էլեկտրոնային փոստով 2020թ. նոյեմբերի 9-ին: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը /69-րդ հոդվածի 3-րդ մաս/ նախատեսում է վեցամսյա ժամկետը հաշվարկել վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց և չի նախատեսում դատական ակտն ավելի ուշ ստանալու փաստով դատավարական ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և վերականգնելու ինստիտուտ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Մամիկոն Ստեփանյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

15 հունվարի 2021 թվականի

ՍԴԱՈ-3

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 հունվարի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-3
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել