«ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 133-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 203-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 372-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-152)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 նոյեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 152 | «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 133-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 203-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 372-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 133-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 203-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 3
Ամբողջ Տեքստ
«ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 133-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 203-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 372-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 133-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 203-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 372-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՍՈՎ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ալեքսանդր Սահակյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի, 203-րդ հոդվածի, 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի, 203-րդ հոդվածի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները, մասով կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Ալեքսանդր Սահակյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի օգոստոսի 25-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
«1․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասը, 203-րդ հոդվածը, 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ու իրավակիրառ պրակտիկայում դրանց դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով, 36-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով, 86-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված երաշխիքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով, որ ի հակադրումն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի հոկտեմբերի 25-ի Հաագայի կոնվենցիայի և դրա մեկնաբանությունների, Միավորված ազգերի կազմակերպության «Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի և Երեխայի իրավունքների՝ Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի դիրքորոշումների, դատարաններն անհամաչափորեն սահմանափակել են Ալեքսանդր Սահակյանի՝ դատարանի մատչելիության, արդար դատաքննության և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքները՝ զրկելով Ալեքսանդր Սահակյանին իր երեխայի հետ կապ պահպանելու որևէ այլընտրանքային իրական հնարավորությունից, այդպիսով օրեցօր նպաստելով ծնողական օտարացմանը, երեխայի հետ հարաբերություններ պահպանելու հնարավորության աստիճանական նվազմանը և դրանց վերջնական խաթարմանը՝ իրավիճակը դարձնելով անդառնալի։
(...)»։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:
Օրենսգրքի՝ «Հայցի ապահովման մեկ միջոցի փոխարինումը մեկ այլ միջոցով, հայցի ապահովման միջոցի ձևափոխումը» վերտառությամբ 133-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինելու մեկ այլ միջոցով կամ ձևափոխելու այն:
(...)»։
Օրենսգրքի՝ «Ընտանեկան վեճերով գործի քննության առանձնահատկությունները» վերտառությամբ 203-րդ հոդվածի համաձայն՝
«1. Ընտանեկան վեճեր քննելիս գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունները:
2. Երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ դատարանը գործի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով պարտավոր է, չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկել ողջամիտ միջոցներ գործի քննությունը լրիվ, բազմակողմանի իրականացնելու համար, մասնավորապես պահանջելու տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու գործին մասնակցող անձանց ներկայանալ դատական նիստի, նշանակելու փորձաքննություն, հարցաքննելու վկաների, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու փաստաթղթեր:
3. Երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ հայցի ապահովման կարգով կարող է գործին մասնակցող կամ այլ անձանց արգելել կամ պարտավորեցնել կատարելու որոշակի գործողություններ, թեկուզև հայցի ապահովման կիրառված միջոցն առերևույթ հանգեցնում է ներկայացված պահանջի փաստացի կատարման»։
Օրենսգրքի՝ «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը» վերտառությամբ 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝
«1. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե`
(...)
5) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով.
(...)»։
Օրենսգրքի վերոնշյալ վիճարկվող դրույթները չեն փոփոխվել/լրացվել:
2. Գործի դատավարական նախապատմությունը
2023 թվականի ապրիլի 6-ին Դիմողի կողմից հայցադիմում է ներկայացվել ընդդեմ պատասխանողի՝ Կարինե Հակոբյանի, երրորդ անձ՝ իրավասու մարմնի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Դատարան)՝ երեխային մշտական բնակության վայր վերադարձնելուն կարգադրելու/պարտավորեցնելու պահանջի մասին։
Դատարանի 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԴ/13854/02/23 որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել գործի քննությունն իրականացնել հատուկ հայցային վարույթի կարգով։ Միաժամանակ, նշյալ որոշմամբ Դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց, մասնավորապես՝
«(...) Հայցվորի՝ Ալեքսանդր Բաբկենի Սահակյանի Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու ժամանակ սահմանել նրա և որդու՝ (...) միջև տեսակցության կարգ՝ պարտավորեցնելով պատասխանող Կարինե Վարուժանի Հակոբյանին ապահովել, որևէ եղանակով չխոչընդոտել երեխայի և հայցվորի միջև շփումները հեռավար կապի՝ տեսազանգի միջոցով՝ յուրաքանչյուր շաբաթվա յուրաքանչյուր օր՝ ՀՀ ժամանակով երեկոյան ժամը 18:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Ալեքսանդր Բաբկենի Սահակյանի (...) հեռախոսահամարի միջոցով՝ օգտագործելով WhatsApp, Viber հավելվածները։
(...)
(...) Արգելել պատասխանող Կարինե Վարուժանի Հակոբյանին փոխել երեխայի՝ (...) ՀՀ-ում բնակության վայրը, (...) և Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային տեղեկատվական (ՍԵԿՏ) համակարգում փակելով՝ արգելել (...) կողմից առանց Հայցվորի՝ Ալեքսանդր Բաբկենի Սահակյանի համաձայնության Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատումը՝ մինչև սույն քաղաքացիական գործով կայացվելիք վճռի օրինական ուժի մեջ մտնելը»։
2023 թվականի մայիսի 19-ի վճռով Դատարանը մերժել է Դիմողի՝ երեխային մշտական բնակության վայր վերադարձնելուն կարգադրելու/պարտավորեցնելու պահանջի մասին հայցադիմումը։ Նշված վճռի դեմ Դիմողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ ներկայացված բողոքը բավարարվել է, Դատարանի 2023 թվականի մայիսի 19-ի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան ամբողջ ծավալով նոր քննության։
Նշված որոշման դեմ Կարինե Հակոբյանի վճռաբեկ բողոքը Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) 2024 թվականի մայիսի 2-ի որոշմամբ վարույթ ընդունելը մերժվել է։
Դատարանի 2024 թվականի հունիսի 21-ի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ։
2024 թվականի սեպտեմբերի 3-ին Դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ Դատարանի 2023 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ: Դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ ներկայացված միջնորդությունը մերժվել է։
Նշված որոշման դեմ Դիմողի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ դատարանի 2025 թվականի հունվարի 20-ի որոշմամբ Դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ Դիմողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ․
«Տվյալ դեպքում, Բողոքաբերը բողոքարկում է Դատարանի 16.09.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը, մինչդեռ, նշված որոշումն ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով, այնպես էլ որևէ օրենքով բողոքարկման ենթակա չէ, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Բողոքաբերի կողմից բողոքարկվել է Դատարանի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով, ուստիև Վերաքննիչ դատարանը, վերը նշված նորմերի իրավակարգավորումների ներքո իրավասու չլինելով գնահատելու Դատարանի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման օրինականությունը և իրավաչափությունը և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իրավակարգավորումները, գտնում է, որ Բողոքաբերի վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման, քանի որ հայցի ապահովման միջոցը ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը ՀՀ օրենսդրությամբ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ»:
Վերաքննիչ դատարանի 2025 թվականի հունվարի 20-ի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ 2025 թվականի ապրիլի 18-ին ներկայացվել է Վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը մերժվել է Վճռաբեկ դատարանի հունիսի 4-ի որոշմամբ։
3. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը. «(...) Արդյո՞ք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասը, 203-րդ հոդվածը, 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ու իրավակիրառ պրակտիկայում դրանց դատարանների կողմից տրված մեկնաբանությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով, 36-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով, 86-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված երաշխիքներին, այնքանով որքանով, որ ի հակադրումն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի հոկտեմբերի 25-ի Հաագայի կոնվենցիայի և դրա մեկնաբանությունների, Միավորված ազգերի կազմակերպության «Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի և Երեխայի իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի դիրքորոշումների, դատարաններն անհամաչափորեն սահմանափակել են Ալեքսանդր Սահակյանի՝ դատարանի մատչելիության, արդար դատաքննության և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքները՝ զրկելով Ալեքսանդր Սահակյանին իր երեխայի հետ կապ պահպանելու որևէ այլընտրանքային իրական հնարավորությունից, այդպիսով օրեցօր նպաստելով ծնողական օտարացմանը, երեխայի հետ հարաբերություններ պահպանելու հնարավորության աստիճանական նվազմանը և դրանց վերջնական խաթարմանը՝ իրավիճակը դարձնելով անդառնալի»։
Դիմողը գտնում է․ «(...) նկատի ունենալով, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածում նախատեսել է հայցի ապահովման մեկ միջոցը մյուսով փոխարինելու, հայցի ապահովման միջոցը ձևափոխելու հնարավորություն, ապա նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը չի կարող այն աստիճանի չափազանցված ձևական (excessive formalism) մեկնաբանության ենթարկվել, որ հայցի ապահովման միջոցի կիրառումը կամ վերացումը լինի վերաքննիչ բողոքարկման ենթակա, իսկ փոփոխությունը՝ ոչ»։
Դիմողը նշում է, որ «(...) նույնիսկ խիստ ձևական մեկնաբանման պայմաններում ստացվում է, որ տվյալ պարագայում Հայցվորի ներկայացուցչի կողմից փաստացի ներկայացվել էր հայցի ապահովման նոր միջոցի կիրառման միջնորդություն՝ նոր վայրում, որի մերժումը չէր կարող բողոքարկման ենթակա չլինել վերաքննության կարգով, այն էլ ՀՀ միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված հարցով»։
Ըստ Դիմողի՝ «(...) սույն գործի անհիմն ձգձգումների, չպատճառաբանված, ՀՀ Սահմանադրությանը և միջազգային փաստաթղթերին հակասող դատական մեկնաբանությունների պատճառով ավելի քան երկու տարի Ալեքսանդր Սահակյանը զրկված է իր որդու հետ որևէ կերպ տեսակցելու իրավունքի իրացման հնարավորությունից։ Ավելին, նշված հարցի իրավաչափությունը վերաքննության և վճռաբեկության կարգով քննության չառնելու հնարավորություն չընձեռելը հանգեցնում է Դիմողի՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով երաշխավորված՝ դատարանի մատչելիության, դատական պաշտպանության, արդար դատաքննության, արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու, ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի և անձեռնմխելիության, ծնողի և երեխայի իրավունքների պաշտպանության, հիմնական իրավունքների իրականացման կազմակերպական կառուցակարգեր նախատեսելու, համաչափության, որոշակիության, հիմնական իրավունքների էության անխախտելիության, միջազգային իրավական պրակտիկան հաշվի առնելու, երեխաների համար բարենպաստ պայմանների ստեղծման պետական քաղաքականության ապահովման խախտմանը»։
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող՝ «(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասը, 203-րդ հոդվածը, 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ու իրավակիրառ պրակտիկայում դրանց դատարանների կողմից տրված մեկնաբանությունը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով, 36-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով, 86-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված երաշխիքներին, այնքանով որքանով, որ ի հակադրումն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի հոկտեմբերի 25-ի Հաագայի կոնվենցիայի և դրա մեկնաբանությունների, Միավորված ազգերի կազմակերպության «Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի և Երեխայի իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի դիրքորոշումների, դատարաններն անհամաչափորեն սահմանափակել են Ալեքսանդր Սահակյանի՝ դատարանի մատչելիության, արդար դատաքննության և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքները՝ զրկելով Ալեքսանդր Սահակյանին իր երեխայի հետ կապ պահպանելու որևէ այլընտրանքային իրական հնարավորությունից, այդպիսով օրեցօր նպաստելով ծնողական օտարացմանը, երեխայի հետ հարաբերություններ պահպանելու հնարավորության աստիճանական նվազմանը և դրանց վերջնական խաթարմանը՝ իրավիճակը դարձնելով անդառնալի»։
4. Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող), ներկայացնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների վերաբերելի իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Օրենսգրքի վիճարկվող դրույթները, նշում է. «(...) նույն հայցի շրջանակներում կիրառված հայցի ապահովման միջոցի` անձի կողմից այն մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը չպետք է մեկնաբանել, այնպես որի շրջանակներում անձը հնարավորություն չունենա ներկայացնելու հայցի ապահովման միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու միջնորդություն։ Հիմքում ունենալով անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությանն ուղղված երաշխիքների ապահովումը՝ օրենսդրի կողմից նախատեսվել է Օրենսգրքի 361-րդ հոդվածը, որի ուժով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են դառնում հայցի ապահովման միջոց կիրառելու, այդ թվում՝ հայցի ապահովման միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին որոշումները։ Հակառակ մեկնաբանման պայմաններում՝ անձը կարող է զրկվել դատարանի մատչելիության իրավունքից»:
Պատասխանողը նշում է, որ «(...) Օրենսդրի կողմից սահմանվել է նաև հայցի ապահովման միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, ինչպես նաև այն ձևափոխելու իրավական կառուցակարգ, որը նպատակ ունի ապահովելու հայցի ապահովման արդյունավետ միջոցի կիրառման արդյունքում կողմերի իրավունքների պաշտպանության արդյունավետ ընթացակարգերի և մեխանիզմների երաշխավորումը»։
Պատասխանողն արձանագրում է, որ «(...) Օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասը, 203-րդ հոդվածը և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը խնդրահարույց չեն Սահմանադրության 31-րդ հոդվածի, 36-րդ հոդվածի 1-ին մասի, 37-րդ հոդվածի հետ և համապատասխանում են Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին»:
Անդրադառնալով Օրենսգրքի 203-րդ հոդվածին՝ Պատասխանողը նշում է. «(...) օրենսդիրը՝ հատկապես ընտանեկան վեճերով, սահմանել է գործի քննության առանձնահատկություններ, և ելնելով երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից, դատարանի համար ամրագրում է պարտականությունների ավելի լայն շրջանակ, քան դատարանն ունի ընդհանուր կարգով գործեր քննելու ժամանակ։
Հետևաբար, երեխայի լավագույն շահերի դատական պաշտպանությունն իրացնելու համար օրենսդրի կողմից սահմանված են անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք, իրենց հերթին, համահունչ են Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքներին»։
Պատասխանողն արձանագրում է, որ «(...) անձը զրկված չէ հայցի ապահովման կիրառված միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորությունից, քանի որ Օրենսգրքի 131-րդ, 133-րդ, 203-րդ և 361-րդ հոդվածների համակարգային համատեքստում հայցի ապահովման կիրառված միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով և դուրս է Օրենսգրքի 372-րդ հոդվածի կարգավորման շրջանակից։ Հետևաբար Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն իր իրավակարգավորիչ դերով Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց չէ»։
Ամփոփելով՝ Պատասխանողը խնդրում է. ««Ալեքսանդր Սահակյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի, 203-րդ հոդվածի, 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»։
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով դիմումը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, գտնում է, որ «Ալեքսանդր Սահակյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի, 203-րդ հոդվածի, 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ Օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի, 203-րդ հոդվածի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության մասով, ենթակա է կարճման՝ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանին ներկայացվող դիմումների հիմնավորվածության վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր՝ ձեռնպահ մնալով քաղաքական կամ ոչ իրավական բնույթի հարցադրումներից ու արտահայտություններից»:
Այս առումով Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Հիշատակված կարգավորումների և Սահմանադրական դատարանի վերաբերելի դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Դիմողի դիրքորոշումներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.
Դիմողի դիտարկմամբ՝ Օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասը, 203-րդ հոդվածը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ հակասում են Սահմանադրությանը, մինչդեռ դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Դիմողի կողմից չեն ներկայացվել նշված դրույթների՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ պայմանավորվող դրանց հակասահամանադրականության վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ: Սույն գործով ներկայացված դիմումում տեղ գտած՝ սահմանադրաիրավական վեճի շրջանակներին վերաբերելի դիրքորոշումներն ուղղակիորեն չեն առնչվում Օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի, 203-րդ հոդվածի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի կարգավորման առարկաներին, ուստիև՝ չեն կարող հիմնավորել հիշատակված դրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից չեն որոշակիացվել վերոգրյալ դրույթների՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության բովանդակային շրջանակները, դրանցով պայմանավորված՝ տվյալ դրույթների սահմանադրաիրավական նշանակության խաթարումը և այդպիսով՝ համապատասխան սահմանադրական իրավունքների խախտումները:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումը չի պարունակում համապատասխան դիրքորոշումներ՝ խնդրո առարկա վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) և Սահմանադրության 31-րդ հոդվածի, 36-րդ հոդվածի 1-ին մասի, 37-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածների, ինչպես նաև 86-րդ հոդվածի 6-րդ կետի անհամապատասխանության վերաբերյալ: Բացի դրանից, Դիմողի կողմից չի վերհանվել նշված դրույթների՝ Սահմանադրության նկատմամբ ենթադրյալ անհամապատասխանության և համապատասխան իրավունքների խախտումների միջև պատճառահետևանքային կապը:
Այս համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից, ըստ էության, բարձրացվել է հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու սահմանադրականության հարց, որը դուրս է Օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի, 203-րդ հոդվածի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի կարգավորման տիրույթից: Ավելին, Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումի շրջանակներում ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ենթադրյալ հակասահմանադրականությանը:
Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ հենց վիճարկվող դրույթն է (իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) անմիջականորեն հանգեցրել Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Ամփոփելով ողջ վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումը՝ Օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի, 203-րդ հոդվածի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ենթադրյալ հակասահմանադրականության մասով, ակնհայտ անհիմն է, ուստի՝ սույն գործի վարույթը մասամբ՝ հիշատակված դրույթների մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է կարճման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով՝ հաշվի առնելով Սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:
Ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Ալեքսանդր Սահակյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի, 203-րդ հոդվածի, 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի, 203-րդ հոդվածի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները, մասով կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
11 նոյեմբերի 2025 թվականի
ՍԴԱՈ-152
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 նոյեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-152
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
