ՅՈՒՐԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-35)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 հուլիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 35 | ՅՈՒՐԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 17 հուլիսի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով Յուրի Դանիելյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Յուրի Դանիելյանը (այսուհետ` Դիմող, ներկայացուցիչ՝ Դ. Գյուրջյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հունիսի 7-ին)` խնդրելով.
«(...) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասը՝ դրան դատական պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, ըստ որի այն չի վատթարացնում մինչև նույն իրավանորմի 20.06.2019թ. ուժի մեջ մտած փոփոխությունները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու հիմքով հաշվառման վերցված զինծառայողների իրավական վիճակը (20.06.2019թ. ուժի մեջ մտած փոփոխությունների ուժով Կառավարությանը պատվիրակելով բնակարանային պայմանների բարելավում ստանալու իրավունքի իրացման կարգը սահմանելու լիազորությունը և ըստ այդմ՝ հնարավորություն ստեղծելով մերժել շահառուներին պետական աջակցություն տրամադրելը նրանց բնակարանային պայմանների բարելավման հանգամանքի հիմքով), ճանաչել ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/9577/05/21 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ իր և պետության միջև վերջինիս բնակարանային պայմանների բարելավման մասով իրավահարաբերության ծագման պահին իրավահարաբերության նկատմամբ կիրառելի օրենսդրությունը, այն է՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև նշված օրենքի փոխարեն ընդունված՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը (դրա անցումային դրույթները՝ մինչև 20.06.2019 թ. գործող խմբագրությամբ), ամրագրելով հանդերձ իր խնդրո առարկա սոցիալական երաշխիքից օգտվելու իրավունքը, միևնույն ժամանակ չեն նախատեսել այդ իրավունքի իրացման մասով որևէ բացառություն, ինչպես նաև այդպիսի բացառություն սահմանելու որևէ լիազորություն չեն պատվիրակել ՀՀ կառավարությանը։
Նշվածը հիմք ընդունելով` Դիմողը պնդում է, որ 2019 թվականի հունիսի 20-ին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները ակնհայտորեն վատթարացրել են իր իրավական վիճակը, ուստի չէին կարող կիրառվել իր նկատմամբ։
Վերոգրյալի հաշվառմամբ Դիմողը նշում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասն իր նկատմամբ Վերաքննիչ վարչական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից (վերջինիս դեպքում՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու հանգամանքի ուժով) կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ, այն է՝ խնդրո առարկա իրավահարաբերության նկատմամբ կիրառելի տվյալ օրենսդրական նորմը՝ 2019 թվականի հունիսի 20-ին ուժի մեջ մտած խմբագրությամբ, մեկնաբանվել է որպես իր իրավական վիճակը չվատթարացնող։
Ըստ Դիմողի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասը՝ 2019 թվականի հունիսի 20-ին ուժի մեջ մտած խմբագրությամբ, իրավակիրառ պրակտիկայում, հատկապես՝ իր գործով Վերաքննիչ վարչական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ, ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին։
3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է դիմողի՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ եզրահանգել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ նշել է, որ դիմումն ակնհայտ անհիմն է, եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապը։
Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի ընդունելիության հարցի առնչությամբ վերոհիշյալ կարգավորումները սույն գործի փաստերի հետ համադրելով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ նշված պահանջները պահպանված չեն: Մասնավորապես` Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով բարձրացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցը: Մինչդեռ դիմումի և դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը, վիճարկելով վերոնշյալ դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) համապատասխանությունը Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին, չի հիմնավորել վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականությունը:
Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը նկատում է, որ անհատական դիմումի ընդունելիության շեմը չի կարող հաղթահարված համարվել բացառապես համապատասխան հիմնական իրավունքին կամ ազատությանը միջամտության փաստի վկայակոչմամբ։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման։
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, և գործի քննությունը ենթակա է մերժման:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Յուրի Դանիելյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Դ. Խաչատուրյան
Անդամներ՝ Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
17 հուլիսի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-35
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-35
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
