Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԳԻՆԱՓ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԳԻՆԱՓ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-649 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-64)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 9 դեկտեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 64 | «ԳԻՆԱՓ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 9 դեկտեմբերի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով «ԳԻՆԱՓ» ՍՊԸ անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԳԻՆԱՓ» ՍՊԸ դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Լուսինե Գրիգորյան, այսուհետ՝ Դիմող) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի նոյեմբերի 25-ին, որով Դիմողը խնդրել է.

«Թիվ ՎԴ/6725/05/20 վարչական գործով 16.10.2023 թ. կայացված վերջնական դատական ակտով

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի [«Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքերի և /կամ/ նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքերից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին»] թիվ 1118-Ն որոշման [մինչև 24․04.2021 թվականը գործող խմբագրությամբ] հավելվածով հաստատված կարգի 5-րդ կետին տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասին, 39-րդ հոդվածին, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր, այնքանով որքանով Որոշմամբ հաստատված Կարգի խնդրո առարկա կետը որոշակի և հստակ չէ, չի համապատասխանում իրավական որոշակիության կանոններին, որպեսզի անձը հնարավորություն ունենար իր վարքագիծը համապատասխանացնել օրենքի պահանջներին և դրսևորել համապատասխան վարքագիծ»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/6725/05/20 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված դատական ակտից պարզ չէ, թե տվյալ դատարանն ինչպե՞ս է նշված նորմերից բխեցրել անձի կողմից որոշակի պարտականության կամ օրենսդրությամբ չնախատեսված որոշակի պայմանի առկայություն այն պարագայում, երբ նման պարտականությունը կամ պայմանն ուղղակիորեն սահմանված չէ նշված նորմերում:

Միաժամանակ, Դիմողը, անդրադառնալով վերաքննիչ վարչական դատարանի կողմից արտահայտած այն դիրքորոշմանը, թե «(...) Այլ կերպ ասած՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումը չպետք է հետապնդի եկամուտ ստանալու նպատակ՝ անմիջական իրացման տեսքով, այլ այն պետք է անհրաժեշտ լինի ներդրումային ծրագրի շրջանակներում արտադրանքի ստացման համար», գտնում է, որ նման մեկնաբանության պայմաններում ակնհայտ է, որ խախտվում է ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Ըստ Դիմողի՝ «(...) օրենքի հիման վրա սեփականության իրավունքի սահմանափակման մասին խոսք գնալ չի կարող, եթե տվյալ օրենքը չի համապատասխանում իրավական որոշակիության կանոններին, անձը հնարավորություն չի ունենում իր վարքագիծը համապատասխանեցնել օրենքի պահանջներին»:

Դիմողը նշում է, որ «(...) անձինք ազատ են տիրապետելու սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքը: Միաժամանակ ՀՀ Սահմանադրության մակարդակով սահմանված է հարկ վճարելու պարտավորությունը: Սա նշանակում է, որ հարկի նկատմամբ անձանց սեփականության իրավունքն իրավաչափորեն սահմանափակված է, դա վերջիններիս պարտականությունն է պետության հանդեպ, ինչն անառարկելիորեն բխում է հանրային շահից: Հենց վերոգրյալի հաշվառմամբ՝ սահմանվել է բացառապես օրենքի հիման վրա սեփականության իրավունքի սահմանափակման սկզբունքը և բացառապես օրենքի հիման վրա հարկերի սահմանման սկզբունքը»:

Դիմողի պնդմամբ՝ Սահմանադրությամբ ուղղակիորեն մատնանշված է, թե որ սահմանափակումը պետք է նախատեսված լինի բացառապես օրենքով, սույն պարագայում արդեն իսկ սեփականության իրավունքին օրենքով չնախատեսված միջամտությունն առկա է, ուստի՝ ստացվում է, որ իրավաբանական անձն ազատ է տնօրինելու իր սեփականությունը՝ միևնույն ժամանակ ունենալով հարկերի և վճարների վճարում կատարելու պարտավորություն:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում ընդգծել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1118-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 5-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Մասնավորապես, Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերությունն իսկապես պահպանել է արտոնությունների տրամադրման պայմանները, մասնավորապես՝ ներմուծված ապրանքներն օգտագործել է ՀՀ տարածքում, որևէ իրավական ակտով սահմանափակված չեն եղել ներմուծվող ապրանքների նկատմամբ ընկերության գույքային իրավունքները ՀՀ տարածքում»:

Դիմողը վկայակոչել է նաև հետևյալ բովանդակությամբ դիրքորոշում.

«ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտից պարզ չէ, թե Վերաքննիչ դատարանն ինչպես է նշված նորմերից բխեցրել անձի կողմից որոշակի պարտականության կամ օրենսդրությամբ չնախատեսված որոշակի պայմանի առկայություն, այն պարագայում, երբ նման պարտականությունը կամ պայմանն ուղղակիորեն սահմանված չէ նշված նորմերում»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը վերոգրյալի հաշվառմամբ եզրակացնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ՎԴ/6725/05/20 վարչական գործով դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից, ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԳԻՆԱՓ» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ա. Վաղարշյան

Անդամներ՝ Հ. Հովակիմյան

Վ. Գրիգորյան

9 դեկտեմբերի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-64

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-64
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել