«ԶՈՅԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍԱՄԲ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-137)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 1 սեպտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 137 | «ԶՈՅԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍԱՄԲ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԶՈՅԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍԱՄԲ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով Զոյա Մկրտչյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մասամբ մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
1. 2022 թվականի հուլիսի 20-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Զոյա Մկրտչյանի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «...Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ կամ (և) այլ հոդվածներին»:
2. Ներկայացված դիմումով դիմողը պնդում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափ վերանայման հիմք հանդիսացող նոր հանգամանք չի սահմանում գործը լուծվելուց հետո այլ գործով օրինական ուժի մտած դատական ակտը, որով այդ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից անվավեր է ճանաչվել հանրային իրավական դրամական պահանջ սահմանող կամ (և) գանձման առաջադրող այն վարչական ակտը, որը հիմք է ծառայել օրինական ուժի մեջ մտած տվյալ դատական ակտի կայացման համար: Ըստ դիմողի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը որպես նոր հանգամանք է համարում հանրային իրավական դրամական պահանջ սահմանող կամ (և) գանձման առաջադրող վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը միայն, որով այդ վարչական ակտն անվավեր է ճանաչվում ընդունման պահից: Այսինքն, ըստ դիմողի, տվյալ իրավադրույթը նոր հանգամանքների շարքից դուրս է թողնում օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով այդ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից, ոչ թե ընդունման պահից է անվավեր ճանաչվել (վերացվել) հանրային իրավական դրամական պահանջ սահմանող կամ (և) գանձման առաջադրող այն վարչական ակտը, որը հիմք է ծառայել օրինական ուժի մեջ մտած տվյալ դատական ակտի կայացման համար: Այսպիսով, դիմողը նշում է, որ ներկայումս գործող իրավակարգավորումների պայմաններում անձը փաստացի կրում է իր սեփականությունից հանիրավի զրկվելու իրավական ռիսկեր, քանզի օժտված չէ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման ռեալ հնարավորությամբ այնքանով, որ թեև իր հանդեպ հանրային իրավական դրամական պահանջ սահմանող կամ (և) գանձման առաջադրող վարչական ակտն այլևս անվավեր է, սակայն վերջինս փաստորեն չունի որևէ արդյունավետ իրավական մեխանիզմ ուղղված այդ անվավեր ճանաչված, վերացված և իրավական ուժը կորցրած վարչական ակտի և դրանով սահմանված կամ (և) գանձման առաջադրված հանրային իրավական դրամական պահանջի կատարումը դադարեցնելուն, քանզի այդպիսի վարչական ակտը դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածով փաստորեն նախատեսված չէ որպես մեկ այլ գործով այդ նույն վարչական ակտի հիման վրա կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտն իրավաչափորեն վերանայելու հիմք հանդիսացող նոր հանգամանք: Ըստ այդմ, դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին նաև այն առումով, որ անձը փաստորեն զրկված է իր գործի արդարացի քննության իրավունքի իրացման հնարավորությունից, բացի դրանից, վարչական գործով անձի հայցի հիման վրա կայացված բարենպաստ դատական ակտը, որը մտել է օրինական ուժի մեջ փաստացի մնում է անկատար ու անհետևանք, ինչն արդար դատաքննության իրավունքի խախտում է պարունակում, քանզի արդար դատաքննության իրավունքը ներառում է նաև դատական ակտի կատարում ստանալու իրավունքը: Դիմումին կից ներկայացվել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մասամբ ընդունման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, կրկնելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթները, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառում» ձևակերպման սահմանադրաիրավական բովանդակությունը Սահմանադրական դատարանը բացահայտել է այդ թվում իր 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»։ Սահմանադրական դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի ուսումնասիրությունը վկայում է, որ այն ամրագրում է նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը, որոնց շարքում, ի թիվս այլնի, օրենսդիրը սահմանել է այն դատավարական հիմքը, երբ բեկանվել է այն դատական ակտը, դատավճիռը, կամ ընդունման պահից անվավեր է ճանաչվել այն վարչական ակտը, որը հիմք է ծառայել տվյալ դատական ակտի կայացման համար: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի նկատմամբ կիրառվել և վերջինիս համար իրավական հետևանքներ է առաջացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, հետևաբար մնացած մասով դիմողն իրավասու չէ ներկայացնել վերոնշյալ նորմի հակասահմանադրականության վերաբերյալ դիմում: Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումի քննությունը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերի մասով ենթակա է մերժման: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի մասով սույն անհատական դիմումի ընդունելիությանը, ապա Սահմանադրական դատարանը, ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, գտնում է, որ տվյալ մասով առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքեր: Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի մասով, ենթակա է ընդունման: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 69-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով բավարարել Զոյա Մկրտչյանի միջնորդությունը` պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ:
2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի` «Զոյա Մկրտչյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության։
3. Զոյա Մկրտչյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի մնացած կետերի մասով, մերժել:
4. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործի դատաքննությունն սկսել 2022 թվականի հոկտեմբերի 11-ին` ժամը 11.00-ին:
5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Թունյանին:
6. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի` գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:
7. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի և 69-րդ հոդվածի 7-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել վիճարկվող օրենսգիրքն ընդունած մարմնին` Ազգային ժողովին:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
1 սեպտեմբերի 2022 թվականի
ՍԴԱՈ-137
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 սեպտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-137
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
