Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱԿՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 397-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 398-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱԿՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 397-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 398-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1353 սեպտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-135)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 սեպտեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 135 | «ՀԱԿՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 397-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 398-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀԱԿՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 397-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 398-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հակոբ Հովհաննիսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 397-րդ հոդվածի 1-ին մասի և 398-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2024 թվականի օգոստոսի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հակոբ Հովհաննիսյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 397-րդ հոդվածի 1-ին մասը և 398-րդ հոդվածի 4-րդ մասը՝ այնքանով, որքանով քրեադատավարական հիշյալ կարգավորումները թույլ են տալիս, որպեսզի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը որոշելիս Վճռաբեկ դատարանը դրսևորի ոչ թե պարտադիր, այլ հայեցողական լիազորություն»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/0474/11/23 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ 2024 թվականի մայիսի 10-ին տվյալ գործով կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանը մերժել է այն հատուկ վերանայման բողոքները վարույթ ընդունելը, որոնց ներկայացմամբ քրեադատավարական հակադիր շահեր ունեցող երկու դատավարական սուբյեկտները՝ պաշտպանը և դատախազը, Վճռաբեկ դատարանից հայցել են միևնույն՝ ՀՀ քրեական դատավարության 194-րդ հոդվածի 2-րդ մասի միատեսակ կիրառության ապահովման վերաբերյալ նախադեպային ուղղորդում:

Դիմողի պնդմամբ՝ ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, ո՛չ 397-րդ հոդվածի 1-ին մասում և ո՛չ էլ 398-րդ հոդվածի 4-րդ մասում բացահայտված կամ սահմանված չեն այն չափորոշիչները, որոնք և՛ բողոքաբերին՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոք ներկայացնելիս, և՛ Վճռաբեկ դատարանին՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը որոշելիս թույլ կտան եզրահանգելու, թե արդյոք հատուկ վերանայման վճռաբեկ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 397-րդ հոդվածի 1-ին մասը և 398-րդ հոդվածի 4-րդ մասը, չսահմանելով հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը որոշելիս այն բովանդակային ցուցիչները, որոնց պետք է տվյալ բողոքը բավարարի, որպեսզի արձանագրվի, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, փաստորեն, թույլ են տալիս, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը որոշելիս Վճռաբեկ դատարանը դրսևորի բացարձակ հայեցողություն:

Վերոշարադրյալի հիման վրա Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) չեն համապատասխանում Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի բովանդակությանը և համատեղելի չեն դրա հետ: Մասնավորապես, ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթները լիարժեք չեն ապահովում երրորդ՝ վճռաբեկ ատյանում իր հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունվելու և դրա հիման վրա կայացված որոշմամբ իր ենթադրյալ խախտված իրավունքը վերականգնվելու լեգիտիմ ակնկալիքի իրացումը: Միաժամանակ, Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթները չեն պարունակում հստակ և անձանց համար միակերպ ընկալելի նորմատիվ պատվիրաններ այն մասին, թե ո՞ր դեպքում է ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքն ընդունվում վարույթ, որպիսի չափանիշներով հիմքերի բացակայությունը բովանդակազրկելու աստիճանի վնաս է հասցնում դատարանի մատչելիության իրավունքին: Դիմողը նաև նշում է, որ վիճարկվող դրույթները Վճռաբեկ դատարանի համար չեն ապահովում դատարանների թույլ տված դատական սխալներն իր իրավասության շրջանակներում ուղղելու և տվյալ դատարանների կողմից կիրառված նորմատիվ ակտերի (դրանց դրույթների) միասնական ընկալման վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելու սահմանադրական առաքելության լիարժեք իրականացումը՝ չապահովելով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը, հետևաբար՝ չապահովելով իրավական նորմերին տրվող մեկնաբանության որոշակիություն, կայունություն և հետևողականություն:

Ամփոփելով՝ Դիմողը նաև ընդգծում է, որ եթե վիճարկվող դրույթները Վճռաբեկ դատարանին թույլ չտային հատուկ վերանայման վճռաբեկ բողքը վարույթ ընդունելու հարցում դրսևորել հայեցողություն, ապա ինքը կկարողանար որոշել իր գործով իր հետագա քրեադատավարական վարքագծի բովանդակությունը. Վճռաբեկ դատարանի կողմից հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը բավարարելու մասին որոշում կայացվելու պարագայում՝ տվյալ որոշումը հիմք կհանդիսանար իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով դադարեցնելու համար, իսկ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը մերժելու մասին որոշում կայացվելու պարագայում՝ տվյալ որոշման հիման վրա ինքը կներկայացներ միջնորդություն՝ իր նկատմամբ հեռակա վարույթ կիրառելու մասին:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Վերոգրյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն պայմանները, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի համապատասխան դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության և (կամ) դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 397-րդ հոդվածի 1-ին մասի և 398-րդ հոդվածի 4-րդ մասի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողի կողմից բարձրացված հարցը հարկ է դիտարկել Սահմանադրական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո: Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը տվյալ որոշմամբ արձանագրել է հետևյալը. «Վճռաբեկ դատարանում վարույթի, այդ թվում նաև՝ Վճռաբեկ դատարանի կողմից հատուկ վերանայման վարույթում դատական ակտի վերանայման շրջանակներում անձի արդար դատաքննության իրավունքի իրացման երաշխիքն արտահայտվում է դատական ակտի պատճառաբանվածության օրենսդրական պահանջում, որից հետևում է դատարանի պարտականությունը՝ դատավարության ցանկացած փուլում կայացնելու պատճառաբանված դատական ակտ»:

Վերոնշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը վկայակոչել է նաև 2022 թվականի փետրվարի 1-ին կայացված ՍԴՈ-1628 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ «(...) դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է համոզելու, որ դատական ակտի հիմքում ընկած են ոչ թե դատավորների անհատական կամ խմբակային մոտեցումներն ու շահերը, նրանց սուբյեկտիվ վերաբերմունքը վեճի լուծման որևէ տարբերակի նկատմամբ, այլ իրավունքը։ Հետևաբար՝ ձախողելով տրամաբանական շղթայի մեջ արտացոլել վեճի լուծման համար նշանակություն ունեցող և կողմերի ներկայացրած փաստի կամ իրավունքի հարցերի վերաբերյալ փաստարկներն ընդունելու կամ մերժելու մասին դատարանի դատողությունների ընթացքը և դրանց եզրահանգումը դատական ակտում՝ վերջինս արդարադատություն իրականացնող հանրային իշխանության ատյանի ակտից վերածվում է այն հեղինակող դատավորի կողմից վեճի լուծման վերաբերյալ սուբյեկտիվ մոտեցման շարադրանքի՝ վտանգելով Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված՝ անհատի արդար դատաքննության իրավունքը»:

Քննարկվող համատեքստում կարևոր է նաև ընդգծել, որ 2023 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) Վճռաբեկ դատարանի՝ ստորադաս դատարանների դատական ակտերի վերանայման միջոցով օրենքի և նորմատիվ իրավական այլ ակտերի միատեսակ կիրառության սահմանադրական գործառույթն իրացվում է նաև վճռաբեկ բողոքը, այդ թվում՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, վարույթ ընդունելը մերժելու մասին դատական ակտ կայացնելու միջոցով:

Նշյալով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանը կարևոր է համարում սույն սահմանադրաիրավական վեճը քննության առնել նաև Վճռաբեկ դատարանի բոլոր տեսակի դատական ակտերի պատճառաբանվածության միասնական դատական պրակտիկայի ձևավորման անհրաժեշտության համատեքստում՝ որպես Սահմանադրության 171-րդ հոդվածից բխող նորմատիվ պահանջ»:

Ավելին, Սահմանադրական դատարանը, դեռևս 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ անդրադառնալով վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանների ունեցած հայեցողության շրջանակներին, հստակ արձանագրել է, որ «(...) վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն»:

Սահմանադրական դատարանը, 2023 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշմամբ վերահաստատելով վերը վկայակոչված՝ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է հետևյալը. «(...) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումները լրացնում են Վճռաբեկ դատարանի կողմից զարգացվող իրավունքի շրջանակը: Հետևաբար՝ արդարադատություն հայցող անձն իրավունք ունի ակնկալելու Վճռաբեկ դատարանի օրենսդրական կանոնների մեկնաբանման արդյունքում առաջադրած բողոքի ընդունելիության կանխատեսելի գործնական չափանիշներ ու պահանջներ։ Սույն հանգամանքը կարևոր է ինչպես վճռաբեկ բողոք ներկայացնող անձի, այնպես էլ այն անձանց համար, որոնք Վճռաբեկ դատարան կդիմեն հետագայում: Հետևաբար՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանությունները հնարավոր բողոք բերող անձանց կողմից նույն հարցի առնչությամբ դատավարական կանխատեսելի վարքագիծ դրսևորելու հնարավորություն են ընձեռում:

Ընդսմին, բողոքի ընդունելիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումները, լինելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառման գործառույթի իրացման բաղկացուցիչ մաս, պետք է ապահովեն վճռաբեկ բողոքի ընդունելիության օրենսդրական չափանիշներից յուրաքանչյուրի մեկնաբանման և կիրառման կայունությունն ու հետևողականությունը»:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 397-րդ հոդվածի 1-ին մասի և 398-րդ հոդվածի 4-րդ մասի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը:

Այսպես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում քողարկված կերպով իր անհամաձայնությունն է հայտնում Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ՝ իրականում վիճարկելով կայացված դատական ակտի որակը՝ դրա չպատճառաբանված լինելը, սակայն փորձելով տվյալ հարցը ներկայացնել ամբողջովին այլ համատեքստում: Մասնավորապես՝ դիմումի, ինչպես նաև թիվ ԵԴ1/0474/11/23 գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողի կողմից բարձրացված հարցի առանցքում իրականում ընկած է Վճռաբեկ դատարանի կողմից չպատճառաբանված որոշում կայացվելու փաստը, քանի որ Վճռաբեկ դատարանի խնդրո առարկա՝ «Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման պատճառաբանված լինելու պարագայում ինքնին չէր առաջանա Դիմողի կողմից բարձրացված խնդիրը՝ պայմանավորված վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հետ:

Քննարկվող համատեքստում հարկ է նաև հերթական անգամ վերահաստատել Սահմանադրական դատարանի նախկինում բազմիցս արտահայտած իրավական դիրքորոշումներն առ այն, որ բողոքաբերն իրավունք ունի ակնկալելու ներկայացված բողոքի ընդունելիության կանխատեսելի գործնական չափանիշներ և պահանջներ, հետևաբար՝ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցում պետք է ունենա ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ օրենսդրորեն նախատեսված, հստակ և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն: Այս առումով կարևոր է, որ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառման գործառույթի իրացման բաղկացուցիչ մաս հանդիսացող՝ բողոքի ընդունելիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումներով ապահովվեն վճռաբեկ բողոքի ընդունելիության օրենսդրական չափանիշներից յուրաքանչյուրի մեկնաբանման և կիրառման կայունությունն ու հետևողականությունը։

Ելնելով ողջ վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Հակոբ Հովհաննիսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 397-րդ հոդվածի 1-ին մասի և 398-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

3 սեպտեմբերի 2024 թվականի

ՍԴԱՈ-135

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 սեպտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-135
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել