ԵՐԵՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ «Գ» ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-119)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 հունիսի 2020թ. ՍԴԱՈ - 119 | ԵՐԵՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ «Գ» ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ԵՐԵՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ «Գ» ԵՆԹԱԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Երեմ Մարգարյանի դիմումի հիման վրա` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու վերաբերյալ առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ.
1. 2020թ. փետրվարի 3-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Երեմ Մարգարյանի դիմումը:
2. Դիմողը, վկայակոչելով Սահմանադրության 31 և 33-րդ հոդվածները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը, Սահմանադրական դատարանի ՍԴՈ- 926 որոշումը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը, հայտնում է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետը ակնհայտորեն հակասում է Սահմանադրությանը, քանի որ «.... նորմի կիրառումը հնարավորություն է ընձեռում միջնորդություն ներկայացրած պետական իրավասու մարմնին, մեկ անձի հեռախոսային խոսակցությունների վերահսկման թույլտվության մասին դատարանի որոշմամբ, առանց դատարանի որոշման վերահսկել այդ անձի հետ հեռախոսային խոսակցություններ ունեցող բազմաթիվ անորոշ շրջանակի անձանց հեռախոսային խոսակցությունները»։
Դիմողը նշում է, որ քրեական գործի ուսումնասիրումից պարզ է դառնում, որ առկա է Ա. Էբոյանին պատկանող և նրա կողմից օգտագործվող հեռախոսահամարներով կատարված հեռախոսային խոսակցությունները վերահսկելու վերաբերյալ դատարանի որոշում: Օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում գաղտնալսվել են նաև Ա. Էբոյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարների և դիմողի կողմից օգտագործվող հեռախոսահամարների միջև կայացած հեռախոսային խոսակցությունները, որոնց էությունն ու բովանդակությունն էլ հիմք են հանդիսացել դիմողին մեղադրանք առաջադրելու համար: Մինչդեռ տվյալ դեպքում առկա չի եղել դիմողի հեռախոսային խոսակցությունները վերահսկելու մասին համապատասխան միջնորդություն կամ դատարանի որոշում:
Ամփոփելով իր դիրքորոշումները դիմողը եզրահանգում է, որ իրավասու դատարանի համապատասխան որոշման բացակայության պայմաններում իր հեռախոսային խոսակցությունների փաստացի վերահսկմամբ խախտվել է իր մասնավոր կյանքի անձեռնմխելիության և նամակագրության ազատության ու գաղտնիության սահմանադրական իրավունքները:
Ելնելով վերոգրյալից դիմողը խնդրել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի, մասնավորապես, դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրության ու վերլուծության արդյունքներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ամրագրում է, որ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է. «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում»: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Այսպիսով, անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկը դիմողի նկատմամբ դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառումն է։
ՀՀ սահմանադրական դատարանն իր` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»։
Տվյալ դեպքում, վիճարկվող «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն հեռախոսային խոսակցությունների վերահսկումը հատուկ և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ իրականացվող խոսակցությունների, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և էլեկտրոնային հաղորդումների գաղտնի վերահսկումն է, որը նշանակում է` բջջային հեռախոսային ցանցի դեպքում տվյալ հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցություններն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը: Սահմանադրական դատարանը գործում առկա դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում փաստում է, որ վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել, ուստի գործի վարույթը ենթակա է կարճման։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Երեմ Մարգարյանի դիմումի հիման վրա` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՆԱԽԱԳԱՀՈՂ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
9 հունիսի 2020 թվական
ՍԴԱՈ-119
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հունիսի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-119
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
