«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-106)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 հունիսի 2026թ. ՍԴԱՈ - 106 | «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև` Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հունիսի 1-ին:
Դիմողը «Կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշմամբ 2026 թվականի հունիսի 1-ին որոշել է.
«Թիվ ԵԴ1/3957/01/24 դատական վարույթով կիրառման ենթակա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթների սահմանադրականության հարցը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան»:
2. Դիմողը, մասնավորապես, նշում է, որ թիվ ԵԴ1/3957/01/24 քրեական գործով հիմնական դատալսումների ընթացքում մեղադրյալ Ա. Հարությունյանը մահացել է, և Դիմողի նախաձեռնությամբ քննարկվել է մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը: Մահացած մեղադրյալի օրինական ներկայացուցիչը չի առարկել հոր մահվան հիմքով ցանկացած, այդ թվում՝ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու դեմ: Պաշտպանը հայտնել է, որ չի առարկում Ա. Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, սակայն նշել է, որ այն պետք է դադարեցվի ռեաբիլիտացնող հիմքով: Հանրային մեղադրողը հայտնել է, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել ոչ արդարացնող հիմքով:
Դիմողը վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 12-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրության 63, 66, 67, 80 և 81-րդ հոդվածներին այնքանով, որքանով հնարավոր է համարում մահացած անձի օրինական ներկայացուցչի դիրքորոշմամբ պայմանավորված՝ մահացած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը և այն շարունակելը և ըստ դատաքննության արդյունքի՝ նրա նկատմամբ մեղադրական վերդիկտ կայացնելը, ինչպես նաև Օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրության հիշյալ հոդվածներին այնքանով, որքանով Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, այն է՝ անձի մահը, չի նախատեսում որպես ռեաբիլիտացնող հանգամանք:
Դիմողը, մեջբերումներ անելով «Մագնիտսկին և այլք ընդդեմ Ռուսաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019 թվականի վճռից, նշում է. «(...) Եվրոպական դատարանը, հասկանալով քրեական դատավարությունը ռեաբիլիտացիայի նպատակով շարունակելու անհրաժեշտությունը, ընդունելով, որ այդ նպատակով ՌԴ Սահմանադրական դատարանը համապատասխան որոշում է կայացրել, այնուամենայնիվ, գտել է, որ անձի մահից հետո նրա նկատմամբ վարույթը խախտում է մրցակցային դատավարության, կողմերի հավասարության, դատաքննությանը մեղադրյալի ներկա գտնվելու և լսված լինելու սկզբունքները՝ դրանով իսկ հանգեցնելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման»:
Դիմողը, վկայակոչելով անձի անմեղության կանխավարկածի սկզբունքի, անձի մահվան դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու առնչությամբ Սահմանադրական դատարանի վերաբերելի որոշումները (մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-1767 և 2017 թվականի մարտի 21-ի ՍԴՈ-1358 որոշումները), մեջբերելով դրանցում արտացոլված մոտեցումները, արտահայտված իրավական դիրքորոշումները, այդ առնչությամբ կատարել է համապատասխան արձանագրումներ:
Դիմողի կարծիքով՝ «(…) անձի մահվան դեպքում նրա նկատմամբ հետապնդումը շարունակելու պարագայում օբյեկտիվորեն այլևս հնարավոր չի լինի ապահովել անձի արդար դատաքննության իրավունքը և դրա բաղադրատարր հանդիսացող՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը և մեղադրանքից պաշտպանելու իրավունքը: Մասնավորապես, անձը այլևս չի կարող ցուցմունք տալ, չի կարող օգտվել հակընդդեմ հարցման իրավունքից, չի կարող հետազոտված ապացույցների վերաբերյալ հայտարարություններ կատարել, չի կարող ապացույցների ծավալը լրացնելու միջնորդություն ներկայացնել, չի կարող հանդես գալ եզրափակիչ ելույթով և եզրափակիչ հայտարարությամբ: Այսինքն, արդյունքում մեղադրյալը չի կարող ապացուցել իր անմեղությունը, իր ներկայացրած հակափաստարկներով հերքել մեղադրանքը և պաշտպանվել մեղադրանքից: Մինչդեռ մեղադրյալը շատ դեպքերում (նույնիսկ եզրափակիչ հայտարարությամբ) կարող էր հայտնել այնպիսի փաստական հանգամանք, որը միայն իրեն էր հայտնի, և որը կարող էր ամբողջությամբ «գլխիվայր շրջել» նրա մեղավորության վերաբերյալ դատարանի համոզվածությունը (հատկապես ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ և Եվրոպական դատարանի նախադեպային որոշմամբ սահմանված՝ փաստի կանխավարկածով առաջնորդվելու դեպքերում): Ընդ որում, նման պայմաններում, մահացածի իրավահաջորդի և պաշտպանի մասնակցությունը վարույթի քննությանը լիարժեք չեն կարող չեզոքացնել մեղադրյալի՝ վերը նշված իրավունքներից չօգտվելու հետևանքները: (...):
(...)
(...) մեղադրյալի մահվան դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու և հատկապես նրա նկատմամբ մեղադրական վերդիկտ դեպքում Դատարանը կհակասի Եվրոպական դատարանի վերը նշված՝ Մագնիցկին և մյուսներն ընդդեմ Ռուսաստանի գործով կայացված վճռով արտահայտված դիրքորոշմանը՝ արդյունքում թույլ տալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված՝ անձի արդար դատաքննության իրավունքի խախտում: (…)»:
Դիմողը գտնում է, որ այն պայմաններում, երբ առկա է ողջամիտ կասկած, որ անձի մահվան դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու հնարավորություն նախատեսող՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը հակասում է Սահմանադրությանը, առկա է ողջամիտ կասկած, որ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առանց նույն հոդվածի 3-րդ մասի կարգավորման, նույնպես հակասում է Սահմանադրությանը:
Ըստ Դիմողի՝ «(...) հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մինչև մահանալը դատավարության արդյունքում դատարանի որոշմամբ անձը մեղավոր չի ճանաչվել, իսկ չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղությանը՝ Դատարանը գտնում է, որ միակ ողջամիտ լուծումը կարող է լինել մեղադրյալի մահվան դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդումը ռեաբիլիտացնող հիմքով դադարեցնելը, որը կբխի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից և չի հակասի Սահմանադրական դատարանի 2017 թվականի մարտի 21-ի ՍԴՈ-1358 որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը: Մինչդեռ, Դատարանը փաստում է, որ մահվան հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ռեաբիլիտացնող են միայն նույն հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքները»:
Հնարավոր այն դիտարկման առնչությամբ, որ մահացածի նկատմամբ քրեական հետապնդումը ռեաբիլիտացնող հիմքով դադարեցնելը կարող է խնդրահարույց լինել տուժողների իրավունքների տեսանկյունից, քանի որ նրանք կզրկվեն գույքային հայց ներկայացնելու միջոցով իրենց պատճառված վնասների փոխհատուցում ստանալու հնարավորությունից, Դիմողը նշում է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդումը չի կարող իրականացվել Օրենսգրքով սահմանված խնդիրներից բացի որևէ այլ խնդիր լուծելու համար:
3. Ուսումնասիրելով դիմումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:
Սահմանադրության հիշյալ նորմն արտացոլված է նաև Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում: Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով Սահմանադիրը դատարաններին վերապահել է Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն՝ կանխորոշելով դրա իրացման շրջանակները: Այսպես՝ դատարանները սույն իրավասությունը կարող են իրացնել բացառապես՝
1) իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործերով, այսինքն՝ տվյալ գործը ոչ միայն դատավարական (ֆորմալ) առումով գտնվում է դատարանի վարույթում, այլ գործի (վեճի) լուծումը գտնվում է դատարանի իրավազորության տիրույթում.
2) տվյալ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալու պարագայում.
3) տվյալ գործի լուծումը միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով հնարավոր լինելու դեպքում:
Վերոնշյալ սահմանադրաիրավական պայմանների համաժամանակյա առկայությունը միայն կարող է հավաստել, որ անհնարին է դատական գործի հետագա քննությունը մինչև կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը:
Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունիսի 18-ի ՍԴԱՈ-98 աշխատակարգային որոշմամբ վերահաստատել է, որ «(...) դատարանների դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացման իմաստավորումը հանգում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելուն, որպիսի պայմաններում հիմնարար նշանակություն է ձեռք բերում արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված սույն սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, ներկայացնել վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն լայնաբովանդակ պատճառաբանությունը, որը կբացահայտի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը»:
Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:
Վերոնշյալը կիրառելի համարելով սույն գործով՝ Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ դատարանների՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրույթ(ներ)ի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ցանկացած հետևություն չէ, որ ընդգրկվում է Սահմանադրի կողմից Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամփոփված «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի բովանդակային սահմաններում, այլ այն պատճառաբանված դիրքորոշումները, որոնք հանգեցրել են այդ հետևությանը. սա է Սահմանադրի անբեկանելի կամքը, որը սահմանադրականության հաստատման, սույն պարագայում՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրական դրույթ(ներ)ի կիրառման արգելակման առհավատչյան է:
Սույն դիմումի ուսումնասիրության արդյունքներով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ հետևության հիմքում առավելապես դրվել են Սահմանադրության 63, 66, 67, 80 և 81-րդ հոդվածներից, Սահմանադրական դատարանի առանձին որոշումներից, մասնավորապես՝ 2017 թվականի մարտի 21-ի ՍԴՈ-1358 և 2025 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-1767 որոշումներից, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Մագնիտսկին և այլք ընդդեմ Ռուսաստանի» գործով 2019 թվականի վճռից կատարված մեջբերումները:
Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի մայիսի 12-ի ՍԴԱՈ-74 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) Օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է անձի մահվան դեպքում քրեական հետապնդման բացառման ընդհանուր կանոնից բացառություն, որի համար հիմք է հանդիսանում մահացածի օրինական ներկայացուցչի առարկությունը՝ մահացածի կողմից վերջինիս մեղսագրվող արարքը նրա կողմից չկատարվելու հիմքով:
Նշվածը համապատասխանում է նաև Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի մարտի 21-ի ՍԴՈ-1358 որոշմամբ արտահայտած հետևյալ դիրքորոշմանը. «(...) իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ անձի մահվան հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում անհրաժեշտ է այդ մասին իրազեկել նրա մերձավոր ազգականին, ապահովել վերջինի դիրքորոշման լսելիությունը, մահացածի իրավունքների վերականգնման անհրաժեշտության դեպքում քրեական գործի վարույթը շարունակելու` նրա պահանջի բավարարումը և մասնակցությունը մահացածի իրավունքների պաշտպանության և նրա մեղավորության հարցը պարզելուն ուղղված դատավարության ողջ ընթացքում»»:
Սահմանադրական դատարանն իր՝ 2024 թվականի հունվարի 23-ի ՍԴՈ-1712 որոշմամբ արձանագրել է, որ «(...) վիճարկվող իրավադրույթին վերաբերող` 2017 թվականի մարտի 21-ի ՍԴՈ-1358 որոշմամբ (մահացածի իրավունքների վերականգնման նպատակով վարույթի շարունակման մասով) Սահմանադրական դատարանը կարևորել է անձի մահվան հիմքով վարույթի դադարեցման պարագայում մահացածի հարազատների կամարտահայտությունը հաշվի առնելը։ Սակայն սույն դիրքորոշումը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես տուժողի իրավունքների պաշտպանության բացառում։ Այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը հիշյալ որոշմամբ կարևորել է մահացածի իրավունքների վերականգնման նպատակով վարույթը շարունակելիս մահացածի մերձավոր ազգականների դիրքորոշումը, չի կարող մեկնաբանվել որպես օրենսդրի կողմից «ուրիշ անձանց» հիմնական իրավունքի դատական պաշտպանության ապահովման հայեցողության սահմանափակում» (5.3-րդ կետ)։
Ողջ վերոնշյալի համատեքստում, Սահմանադրական դատարանի գնահատմամբ Դիմողի՝ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված՝ բարձրացված հարցի համատեքստում համակողմանի մոտեցման շրջանակում բովանդակ պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, որպիսի պայմաններում գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
16 հունիսի 2026 թվականի
ՍԴԱՈ-106
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-106
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
