Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԱՐԴԱՆ ԿՈԼՅԱՅԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՆՈՆԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ԿՈԼՅԱՅԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՋՈՒԼԵՏԱ ԺՈՐԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ԿՈԼՅԱ ԳԵՎՈՐԳԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՍՊԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՆՈՆԱ ՍՊԱՐՏԱԿԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՄԱՆՅԱ ՎԱՐԴԱՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՇՈՒՇԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԵԳԱՆՅԱՆԻ, ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՄԱՐԻԱՄ ՎԱՐԴԱՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ,
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԱՐԴԱՆ ԿՈԼՅԱՅԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՆՈՆԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ԿՈԼՅԱՅԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՋՈՒԼԵՏԱ ԺՈՐԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ԿՈԼՅԱ ԳԵՎՈՐԳԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՍՊԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՆՈՆԱ ՍՊԱՐՏԱԿԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՄԱՆՅԱ ՎԱՐԴԱՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՇՈՒՇԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԵԳԱՆՅԱՆԻ, ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՄԱՐԻԱՄ ՎԱՐԴԱՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ,

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-923 հունիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-92)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 հունիսի 2025թ. ՍԴԱՈ - 92 | «ՎԱՐԴԱՆ ԿՈԼՅԱՅԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՆՈՆԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ԿՈԼՅԱՅԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՋՈՒԼԵՏԱ ԺՈՐԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ԿՈԼՅԱ ԳԵՎՈՐԳԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՍՊԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՆՈՆԱ ՍՊԱՐՏԱԿԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՄԱՆՅԱ ՎԱՐԴԱՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՇՈՒՇԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԵԳԱՆՅԱՆԻ, ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՄԱՐԻԱՄ ՎԱՐԴԱՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, «ԱՆԲԵՐԴ»/«ԱԼԵՔՊՈԼ» ՍՊԸ, «ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ, «Ա.Ն.Մ.Ա.» ՍՊԸ, «ՂՈՒԿԱՍՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ»/«ՉԱԴՐԵՆՑ» ՍՊԸ, «ԿՈԼՅԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ» ԱՁ, «ՄԱՆՅԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆԻ» ԱՁ

Ամբողջ Տեքստ

«ՎԱՐԴԱՆ ԿՈԼՅԱՅԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՆՈՆԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ԿՈԼՅԱՅԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՋՈՒԼԵՏԱ ԺՈՐԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ԿՈԼՅԱ ԳԵՎՈՐԳԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՍՊԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՆՈՆԱ ՍՊԱՐՏԱԿԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՄԱՆՅԱ ՎԱՐԴԱՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՇՈՒՇԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԵԳԱՆՅԱՆԻ, ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՄԱՐԻԱՄ ՎԱՐԴԱՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, «ԱՆԲԵՐԴ»/«ԱԼԵՔՊՈԼ» ՍՊԸ, «ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ, «Ա.Ն.Մ.Ա.» ՍՊԸ, «ՂՈՒԿԱՍՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ»/«ՉԱԴՐԵՆՑ» ՍՊԸ, «ԿՈԼՅԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ» ԱՁ, «ՄԱՆՅԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆԻ» ԱՁ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՎԵՐՋԻՆԻՍ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ՝ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2 ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վարդան Կոլյայի Ղուկասյանի, Նոնա Սերյոժայի Ղուկասյանի, Գևորգ Կոլյայի Ղուկասյանի, Ջուլետա Ժորայի Հարությունյանի, Կոլյա Գևորգի Ղուկասյանի, Սպարտակ Վարդանի Ղուկասյանի, Նոնա Սպարտակի Ղուկասյանի, Մանյա Վարդանի Ղուկասյանի, Շուշանիկ Հովհաննեսի Եգանյանի, Աննա Վարդանի Ղուկասյանի, Մարիամ Վարդանի Ղուկասյանի, «Անբերդ»/«Ալեքպոլ» ՍՊԸ, «Ալեքսանդրապոլ Բիզնես Կենտրոն» ՍՊԸ, «Ա.Ն.Մ.Ա.» ՍՊԸ, «Ղուկասյան Եղբայրներ»/«Չադրենց» ՍՊԸ, «Կոլյա Ղուկասյան» ԱՁ, «Մանյա Ղուկասյան Վարդանի» ԱՁ դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 12-րդ հոդվածի, վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև 7-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի մայիսի 5-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վարդան Կոլյայի Ղուկասյանի, Նոնա Սերյոժայի Ղուկասյանի, Գևորգ Կոլյայի Ղուկասյանի, Ջուլետա Ժորայի Հարությունյանի, Կոլյա Գևորգի Ղուկասյանի, Սպարտակ Վարդանի Ղուկասյանի, Նոնա Սպարտակի Ղուկասյանի, Մանյա Վարդանի Ղուկասյանի, Շուշանիկ Հովհաննեսի Եգանյանի, Աննա Վարդանի Ղուկասյանի, Մարիամ Վարդանի Ղուկասյանի, «Անբերդ»/«Ալեքպոլ» ՍՊԸ, «Ալեքսանդրապոլ Բիզնես Կենտրոն» ՍՊԸ, «Ա.Ն.Մ.Ա.» ՍՊԸ, «Ղուկասյան Եղբայրներ»/«Չադրենց» ՍՊԸ, «Կոլյա Ղուկասյան» ԱՁ, «Մանյա Ղուկասյան Վարդանի» ԱՁ (այսուհետ՝ Դիմողներ, ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյան) դիմումը, որով Դիմողները խնդրել են.

«(...) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածն ու իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 31-րդ, 34-րդ, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 74-րդ, 75-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, չի նախատեսում երաշխիք դիմողներին ծանուցելու իրենց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ իրականացված միջամտության և հավաքված տվյալների մասին՝ հնարավորություն տալով օգտվել անձնական տվյալների պաշտպանության իրավական երաշխիքներից, ինչպես նաև արդյունավետ դատական պաշտպանություն հայցելու իրավունքից։

(...) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը համակարգային առումով փոխկապակցված նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի հետ ու իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 31-րդ, 34-րդ, 74-րդ, 75-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, հնարավորություն է ընձեռում օրենքով սահմանված թույլատրելի առավելագույն տասը տարվա ժամկետի շրջանցմամբ միջամտել դիմողների մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին և այդ իրավունքով պաշտպանված տեղեկություններ հավաքել անորոշ ժամկետով՝ ընդհուպ առ 1991 թվականի սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածը, այն դեպքում, երբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրության ժամկետը ներառել է 2011 թվականի օգոստոսի 18-ից հետո ընկած ժամանակահատվածը և չի երկարաձգվել։

(...) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը համակարգային առումով փոխկապակցված նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 7-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի հետ ու իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 31-րդ, 74-րդ, 75-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, հնարավորություն է ընձեռում «օրենքով սահմանված կարգով» պահանջի շրջանցմամբ միջամտել դիմողների մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին։

(...) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածն ու իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 31-րդ, 34-րդ, 74-րդ, 75-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, չի նախատեսում բանկային, ապահովագրական գաղտնիք և վարկային արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ հավաքված տեղեկությունների ոչնչացման (վերացման) հնարավորություն այն դեպքում, երբ այդ տվյալներն առանց այդ անձանց գիտության օգտագործվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում»:

2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0016/04/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը և անդրադառնալով սույն անհատական դիմումով Սահմանադրական դատարանի առջև բարձրացվող առաջին հարցին՝ Դիմողները նշում են, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 12-րդ հոդվածը և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը չեն համապատասխանում Սահմանադրության 31 և 34-րդ հոդվածներով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 74, 75, 79, 80 և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին այնքանով, որքանով, ի հակադրումն դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, չեն նախատեսում իրենց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ իրականացված միջամտության և հավաքված տվյալների մասին իրենց ծանուցելու երաշխիք՝ հնարավորություն տալով օգտվելու անձնական տվյալների պաշտպանության իրավական երաշխիքներից, ինչպես նաև արդյունավետ դատական պաշտպանություն հայցելու իրավունքից (այսուհետ՝ Առաջին հարց):

Այս առումով Դիմողները պնդում են, որ քննարկվող համատեքստում ուսումնասիրության նյութերին, այդ թվում՝ թիվ ՀԿԴ/0016/04/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2024 թվականի փետրվարի 27-ին կայացված որոշմանը ծանոթանալու համար իրավասու մարմնի կողմից ծանուցվել են 2024 թվականի հուլիսի 22-ին Դիմողներից միայն Մանյա Վարդանի Ղուկասյանը, Սպարտակ Վարդանի Ղուկասյանը, Վարդան Կոլյայի Ղուկասյանը և Նոնա Սերյոժայի Ղուկասյանը։ Ըստ Դիմողների՝ Հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ որոշմանը և դրա արդյունքում հավաքված տվյալների մշակմանը ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու համար իրավասու մարմնի կողմից երբևէ չեն ծանուցվել Գևորգ Կոլյայի Ղուկասյանը, Ջուլետա Ժորայի Հարությունյանը, Կոլյա Գևորգի Ղուկասյանը, Նոնա Սպարտակի Ղուկասյանը, Շուշանիկ Հովհաննեսի Եգանյանը, Աննա Վարդանի Ղուկասյանը, Մարիամ Վարդանի Ղուկասյանը, «Անբերդ»/«Ալեքպոլ» ՍՊԸ-ն, «Ալեքսանդրապոլ Բիզնես Կենտրոն» ՍՊԸ-ն, «Ա.Ն.Մ.Ա.» ՍՊԸ-ն, «Ղուկասյան Եղբայրներ»/«Չադրենց» ՍՊԸ-ն, «Կոլյա Ղուկասյան» ԱՁ-ն, «Մանյա Ղուկասյան Վարդանի» ԱՁ-ն։

Անդրադառնալով սույն անհատական դիմումով Սահմանադրական դատարանի առջև բարձրացվող երկրորդ հարցին՝ Դիմողները գտնում են, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 12-րդ հոդվածը՝ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենքի 7-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերի հետ, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը չեն համապատասխանում Սահմանադրության 31, 34, 74, 75, 79, 80 և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին այնքանով, որքանով, ի հակադրումն դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, հնարավորություն են ընձեռում օրենքով սահմանված թույլատրելի առավելագույն տասը տարվա ժամկետի շրջանցմամբ միջամտել իրենց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին և այդ իրավունքով պաշտպանված տեղեկություններն ստանալ անորոշ ժամկետով՝ ընդհուպ մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածը՝ այն դեպքում, երբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրության ժամկետը ներառել է 2011 թվականի օգոստոսի 18-ից հետո ընկած ժամանակահատվածը և չի երկարաձգվել (այսուհետ՝ Երկրորդ հարց)։

Այս առումով վկայակոչելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերի բովանդակությունը՝ Դիմողները նշում են, որ, ելնելով մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի պաշտպանության երաշխիքներից՝ ի սկզբանե ուսումնասիրության ժամանակահատվածը չի կարող ներառել ավելի երկար ժամանակահատված, քան ուսումնասիրությունն սկսելու մասին որոշումը կայացնելու օրվան նախորդող տասը տարին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տասը տարվա ժամանակահատվածով կատարված ուսումնասիրության արդյունքներով կայացված լրացուցիչ որոշմամբ դրա ժամկետը կերկարաձգվի լրացուցիչ՝ ավելի վաղ ժամանակահատվածով։ Ըստ Դիմողների՝ նման մոտեցումը կարևոր է նաև այն պատճառով, որ հնարավորություն է ընձեռում անձի գերզգայուն մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ միջամտություն իրականացնել աստիճանակարգային ձևով՝ քայլ առ քայլ զգուշավորությամբ խորացնելով միջամտության ծավալը դրա նկատմամբ։

Քննարկվող հարցի առնչությամբ Դիմողները նաև գտնում են, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 12-րդ հոդվածի կիրառմամբ շահագրգիռ անձանց բանկային, ապահովագրական գաղտնիք պարունակող և վարկային, արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկությունները պահանջելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի դիմումը բավարարելու առումով ձևավորվել է այնպիսի իրավակիրառ պրակտիկա, որն անտեսում է մասնավոր կյանքի անձեռնմխելիության ու անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտության լեգիտիմության ապահովման սահմանադրական հիմքերի, որոշակիության, ինչպես նաև համաչափության սահմանադրական սկզբունքի անհրաժեշտության բաղադրիչի ապահովման երաշխիքները և դուրս գալիս նշված հոդվածի հետ համակարգային կապի մեջ գտնվող՝ նույն օրենքի 7-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերով նախատեսված ժամկետային սահմանափակումներից։ Մասնավորապես՝ Դիմողների պնդմամբ՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ հայցվող տեղեկատվությունն ստանալու վերաբերյալ դիմումը բավարարելիս, թեև որոշման պատճառաբանական մասում նշել է ուսումնասիրության տասը տարվա ժամկետային սահմանափակման մասին, սակայն դիմումի բավարարման ժամանակահատվածը չի սահմանափակել միայն ուսումնասիրության կատարման՝ 2011 թվականի օգոստոսի 18-ից հետո ընկած ժամանակահատվածով, այլ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի ուժով դուրս գալով ուսումնասիրության կատարման սահմաններից՝ բավարարել է նաև դրանից ավելի վաղ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունների ստացման պահանջը՝ մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ը՝ այդ կերպ անհամաչափորեն միջամտելով իրենց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին։

Անդրադառնալով սույն անհատական դիմումով Սահմանադրական դատարանի առջև բարձրացվող երրորդ հարցին՝ Դիմողները նշում են, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 12-րդ հոդվածը՝ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 7-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի հետ, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը չեն համապատասխանում Սահմանադրության 31, 74, 75, 79, 80 և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին այնքանով, որքանով, ի հակադրումն դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, հնարավորություն են ընձեռում «օրենքով սահմանված կարգով» պահանջի շրջանցմամբ միջամտել իրենց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին (այսուհետ՝ Երրորդ հարց)։

Այս առումով Դիմողները գտնում են, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն նախաձեռնելիս և այդ ուսումնասիրությունը կատարելիս կարևոր է, որ սկսված ուսումնասիրությունը լեգիտիմ փոխկապակցվածության մեջ գտնվի այդ հիմքի, այն է՝ հարուցված քրեական հետապնդման որոշման հետ, որում նկարագրված ենթադրյալ հանցանքների կատարման հետ կարող է փոխկապակցված լինել ապօրինի ծագում ունեցող գույքը։ Ըստ այդմ, նկատի ունենալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերով սահմանված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն կատարելու սահմանների վերաբերյալ իրավական երաշխիքները, այդ թվում՝ 10 տարվա ժամկետով ուսումնասիրություն կատարելու ընդհանուր կանոնը, Դիմողները նշում են, որ քրեական հետապնդում հարուցելու որոշմամբ նկարագրված ենթադրյալ հանցանքների կատարումը պետք է ներառվի այդ ժամկետի մեջ՝ լեգիտիմացնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ուսումնասիրության նախաձեռնումը։ Հակառակ պարագայում, ըստ Դիմողների՝ նախաձեռնված ուսումնասիրությունը կշրջանցի «օրենքով սահմանված պահանջը» և այդ ուսումնասիրության շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին հակասող ձևով՝ առանց իրավական հիմքի պահպանման՝ միջամտություն տեղի կունենա մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ՝ նույն օրենքի 12-րդ հոդվածի կիրառմամբ բանկային, ապահովագրական գաղտնիք պարունակող և վարկային արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելիս։

Քննարկվող համատեքստում Դիմողները նաև նշում են, որ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ մերժելիս, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի 2024 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելիս արձանագրվել է, որ «(…) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրության նախաձեռնումը որևէ պայմանավորվածության մեջ չի գտնվում քրեական վարույթի/քրեական հետապնդման հարուցման հետ, ուստի նաև պատճառահետևանքային կապ, այդ թվում՝ ժամանակագրական, դրանց միջև լինել չի կարող»։ Ըստ Դիմողների՝ ՀՀ Սահմանադրական դատարանի առջև բարձրացված խնդրո առարկա հարցի համատեքստում դատարանները հրաժարվում են բովանդակային քննարկման առարկա դարձնել նախաձեռնված ուսումնասիրության լեգիտիմությունը՝ այդ ուսումնասիրության շրջանակներում իրենց բանկային, ապահովագրական գաղտնիք պարունակող և վարկային արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկությունները տրամադրելու միջնորդությունը բավարարելու հարցը լուծելիս։ Դիմողները նաև նշում են, որ տվյալ պարագայում իրենց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ միջամտության իրականացմամբ բանկային և հարակից գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հասանելիություն տրամադրվել չէր կարող, եթե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրության իրականացման առիթը դուրս է գտնվել ուսումնասիրության իրականացման թույլատրելի առավելագույն ժամկետի լեգիտիմ շրջանակից։ Մասնավորապես՝ Դիմողների պնդմամբ՝ տվյալ պարագայում քրեական հետապնդման փաստակազմում ներառված ժամանակահատվածը, այն է՝ 2001 թվականի հունիսի 25-ից 2011 թվականի հունիսի 10-ը, prima facie (առերևույթ) դուրս է գտնվել ուսումնասիրությունն սկսելուն նախորդող թույլատրելի առավելագույն տասը տարվա լեգիտիմ ժամանակահատվածից, այն է՝ 2011 թվականի օգոստոսի 18-ից 2021 թվականի օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածից։

Անդրադառնալով սույն անհատական դիմումով Սահմանադրական դատարանի առջև բարձրացվող չորրորդ հարցին՝ Դիմողները նշում են, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 12-րդ հոդվածը և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը չեն համապատասխանում Սահմանադրության 31, 34, 74, 75, 79, 80 և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին այնքանով, որքանով, ի հակադրումն դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, չեն նախատեսում բանկային, ապահովագրական գաղտնիք պարունակող և վարկային արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ հավաքված տեղեկությունների ոչնչացման (վերացման) հնարավորություն այն դեպքում, երբ այդ տվյալները, առանց այդ անձանց գիտության, օգտագործվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում (այսուհետ՝ Չորրորդ հարց)։

Այս առումով Դիմողները գտնում են, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 12-րդ հոդվածը և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը զարգացել են այն ուղղությամբ, որ այդ հոդվածով նախատեսված կառուցակարգի շրջանակներում անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքով պաշտպանված տվյալներ ստանալիս իրավասու պետական մարմինը չի ոչնչացնում այդ տվյալները՝ ուսումնասիրության շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց իրենցից յուրաքանչյուրի դեմ ներկայացնելու նպատակահարմարության հարցը լուծելուց և ավարտելուց հետո։ Ավելին, Դիմողների պնդմամբ՝ իրենց բոլորի վերաբերյալ անորոշ ժամկետով հավաքված բոլոր տվյալները շարունակվում են պահպանվել և օգտագործվել միայն Վարդան Կոլյայի Ղուկասյանի, Նոնա Սերյոժայի Ղուկասյանի, Սպարտակ Վարդանի Ղուկասյանի և Մանյա Վարդանի Ղուկասյանի դեմ ներկայացված հայցադիմումի դատական քննության շրջանակներում այն դեպքում, երբ մյուսներն իրազեկված չեն իրենց անձնական տվյալների օգտագործման ձևաչափի մասին, որևէ տեղեկություն չունեն իրենց անձնական տվյալների մշակման ընթացակարգերի և ժամկետների շուրջ, նույնիսկ դատավարական որևէ կարգավիճակով չեն մասնակցում ներկայացված հայցի քննությանը։ Արդյունքում՝ ըստ Դիմողների՝ ստացվում է, որ առանց նախնական կամ հետագա ծանուցման (իրազեկման), առանց անձնական տվյալների ոչնչացման հնարավորության, առանց որևէ իրավական երաշխիքի ապահովման՝ ՀՀ դատախազությունն իրավասու է հավաքելու, անորոշ ժամկետով պահպանելու և օգտագործելու իրենց վերաբերյալ ստացված՝ բանկային, ապահովագրական գաղտնիք պարունակող և վարկային արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկությունները։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի պահանջով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ հիմքերով և պատճառաբանություններով.

3.1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 12-րդ հոդվածի, վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև 7-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) մասով

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրության վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Այդ համատեքստում, հաշվի առնելով Դիմողների ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջիններիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողները, քննարկվող համատեքստում ձևականորեն վիճարկելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 12-րդ հոդվածի, վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև 7-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում են տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այս առումով Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումը՝ որպես ընդհանուր իրավակարգավորում, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավակարգավորումը՝ որպես համապատասխան հիմքերի առկայության պարագայում սահմանված ընդհանուր իրավակարգավորումից բացառություն, վերաբերում են ուսումնասիրության ժամանակահատվածին, այսինքն՝ ուղենշում են այն ժամանակահատվածը, որի ընթացքում ձեռք բերված ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքն է գտնվում համապատասխան ուսումնասիրության առանցքում, հետևաբար նաև՝ դրա արդյունքներով պայմանավորված՝ ենթակա է բռնագանձման: Մինչդեռ Դիմողները վերը նշված՝ ուսումնասիրության համար սահմանված ժամանակահատվածի, ինչպես նաև դրանից նախատեսված բացառությունների վերաբերյալ իրավակարգավորումները տեղայնացրել և նույնացրել են ուսումնասիրության համար անհրաժեշտ, իրավասու մարմնի կողմից պահանջվող՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքին առնչվող տեղեկություններին, ապացույցներին վերաբերող ժամանակահատվածի հետ, որի հետևանքով էլ հանգել են քննարկվող հարցին:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ, ինչպես վկայակոչել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ խնդրո առարկա հակակոռուպցիոն քաղաքացիական գործով 2024 թվականի հոկտեմբերի 11-ին կայացված որոշմամբ, Վճռաբեկ դատարանը մեկ այլ՝ թիվ ՀԿԴ/0017/04/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով 2024 թվականի հուլիսի 11-ին կայացված որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

«Իրավասու մարմնի՝ ուսումնասիրության համար անհրաժեշտ նյութեր հավաքելու լիազորությունը ժամկետային որևէ սահմանափակում չունի (...):

(...) Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում Իրավասու մարմինը կարող է տվյալներ պահանջել բացառապես ուսումնասիրության ժամանակահատվածում ընդգրկված գույքերի մասին, Օրենքի 7-րդ հոդվածին տրվել է անհարկի նեղ մեկնաբանություն՝ դրանով իսկ սահմանափակելով Իրավասու մարմնի լիազորությունների շրջանակը՝ անձանց վերաբերյալ ևս տեղեկություններ հավաքելու և ուսումնասիրելու համար (...)»:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև նշել, որ վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը թիվ ՀԿԴ/0016/04/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով կայացրած՝ վերը նշված որոշմամբ արձանագրել է.

«(...) նման տեղեկություններ կարող են հայտնաբերվել նաև հայց ներկայացնելուց առաջ ապացույցներ պահանջելու մասին դիմումի քննության և դրա արդյունքում կայացվող որոշման հիման վրա ձեռք բերվելիք այնպիսի ապացույցներով, որոնք կարող են վերաբերել ուսումնասիրության ժամանակահատվածից առաջ ծագած հանգամանքներին ու փաստերին, սակայն միևնույն ժամանակ կարող են էական նշանակություն ունենալ գույքի ապօրինի լինելու փաստի պարզման գործընթացում: Ավելին, հարկ է նաև նշել, որ օրենսդրի կողմից շեշտադրվել է ինչպես ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերման, այնպես էլ այդպիսի գույքի ձեռքբերմանն առնչվող ապացույցներին վերաբերող ժամանակահատվածը (ուսումնասիրության ժամանակահատվածը, որպես կանոն, որոշվում է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերման պահով՝ ելնելով Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանությունից և նույն նորմով սահմանված բացառությունից): Հետևաբար, ուսումնասիրության սահմաններին և ժամանակահատվածին վերաբերող օրենսդրական կարգավորումների շարքում պետք է ինչպես առանձնացնել ընդհանուր և հատուկ նորմերը, այնպես էլ տարբերել ուսումնասիրության ժամանակահատվածում «ձեռք բերված գույք» և դրան վերաբերող, «առնչվող ապացույցներ» հասկացությունները, քանի որ Իրավասու մարմնի կողմից սահմանված ուսումնասիրության ժամանակահատվածում հայտնաբերված ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքին առնչվող տեղեկությունները կարող են վերաբերել նաև ավելի վաղ ժամանակահատվածին, սակայն միայն առնչվող ապացույցներ ձեռք բերելու մասին խնդրանքի առկայությունն ինքնին դեռ չի վկայում այն մասին, որ սահմանված ժամանակահատվածին նախորդող՝ ավելի վաղ ժամանակահատվածում ձեռք է բերվել գույք, որը ենթադրաբար կարող է ունենալ ապօրինի ծագում, հետևաբար, ուսումնասիրվող ժամանակահատվածում հայտնաբերված ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքին առնչվող ապացույցները կարող են նաև վերաբերել այդ ժամանակահատվածին նախորդող ժամկետներին, սակայն այդպիսիք ձեռք բերելու համար օրենսդիրն Իրավասու մարմնի առջև չի դրել պահանջ՝ յուրաքանչյուր ապացույցի ձեռքբերման նպատակով ուսումնասիրության նոր ժամկետ սահմանելու մասին որոշում կայացնելու, այլ այդպիսին կայացնելու հիմքերը կարող են ծագել այն դեպքում, երբ նախատեսված ժամանակահատվածից ավելի վաղ ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ ողջամիտ կասկածներ առաջանան»:

Հաշվի առնելով ողջ վերոշարադրյալը, նկատի ունենալով նաև Դիմողների՝ սույն անհատական դիմումում ներկայացված դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջիններս իրենց անհամաձայնությունն են հայտնում թիվ ՀԿԴ/0016/04/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողները քննարկվող համատեքստում վիճարկվող՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 12-րդ հոդվածի, վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև 7-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չեն ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա հակակոռուպցիոն քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողների բարձրացրած խնդրո առարկա հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե քննարկվող համատեքստում վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՀԿԴ/0016/04/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 12-րդ հոդվածի, վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև 7-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

3.2. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 12-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված ենթադրյալ մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) մասով

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Սահմանադրական դատարանը 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման շրջանակում բացահայտել է «կիրառում» հասկացությունը, մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը.

«(...) ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»։

Բացի այդ, Սահմանադրական դատարանը 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրել է, որ հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար՝ «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը:

Այսպիսով, անհատական դիմումի շրջանակներում դիմողի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական դրույթի՝ վերջինիս նկատմամբ կիրառված լինելը գնահատելիս հիմնաքարային նշանակություն ունի ոչ թե համապատասխան դրույթի՝ դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված լինելու կամ չլինելու հանգամանքը, այլ տվյալ դրույթի կիրառման հետևանքով հենց դիմողի համար իրավական հետևանքների առաջացումը:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի կողմից վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում թիվ ՀԿԴ/0016/04/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի շրջանակներում Դիմողների նկատմամբ վերջիններիս կողմից բարձրացվող խնդրո առարկա հարցի համատեքստում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 12-րդ հոդվածի կիրառված լինելը։

Այս առումով, Դիմողների կողմից սույն դիմումի շրջանակներում վիճարկվող նորմի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված ենթադրյալ մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և դիմումին կից ներկայացված՝ թիվ ՀԿԴ/0016/04/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներով Սահմանադրական դատարանը եզրահանգում է.

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ «Հայցի հարուցումից առաջ ապացույցներ պահանջելը» վերտառությամբ 12-րդ հոդվածով սահմանված են իրավասու մարմնի կողմից իրականացվող ուսումնասիրության շրջանակներում հայցի հարուցումից առաջ ապացույցներ պահանջելուն առնչվող ընթացակարգը և վերաբերելի իրավակարգավորումները: Հետևաբար՝ նշված հոդվածի բովանդակությունը, ինչպես նաև քննարկվող համատեքստում Դիմողների կողմից բարձրացված հարցը հաշվի առնելով՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքով պաշտպանված տվյալներ ստանալիս իրավասու պետական մարմնի կողմից, ուսումնասիրության շրջանակներում Դիմողներից յուրաքանչյուրի դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց ներկայացնելու նպատակահարմարության հարցը լուծելուց և ավարտելուց հետո, այդ տվյալները ոչնչացնելու անհրաժեշտության և վիճարկվող նորմում նման ընթացակարգի բացակայության սահմանադրականության հարց Դիմողներն իրավասու են բարձրացնել միայն այն պարագայում, երբ խնդրո առարկա հակակոռուպցիոն քաղաքացիական գործի քննության շրջանակներում ՀՀ դատարանների առջև բարձրացրել են համապատասխան իրավական հարցը, և վիճարկվող դրույթը քննարկվող համատեքստում ՀՀ դատարանների կողմից կիրառվել է Դիմողների նկատմամբ՝ առաջացնելով համապատասխան իրավական հետևանք:

Մինչդեռ, թիվ ՀԿԴ/0016/04/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողների կողմից վիճարկվող՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 12-րդ հոդվածը վերջիններիս կողմից բարձրացված համատեքստում նրանց նկատմամբ չի կիրառվել, ավելին՝ խնդրո առարկա գործով կայացված դատական ակտերով տվյալ հարցին որևէ անդրադարձ կատարված չէ:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ինչպես սույն դիմումի, այնպես էլ դրան կից ներկայացված՝ թիվ ՀԿԴ/0016/04/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողները տվյալ հարցով չեն դիմել և որևէ կերպ չեն նախաձեռնել իրենց կողմից բարձրացվող տվյալ հարցի քննություն ՀՀ դատարաններում: Հետևաբար՝ Դիմողների կողմից վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված ենթադրյալ մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) քննարկվող համատեքստում որևէ պարագայում չէր կարող անմիջականորեն իրավական հետևանքներ առաջացնել նրանց համար:

Այսպիսով՝ ողջ վերոգրյալը հիմք է տալիս Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ Դիմողների կողմից չի հիմնավորվում վիճարկվող նորմի՝ քննարկվող համատեքստում իրենց նկատմամբ կիրառված լինելը։

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն պարագայում բացակայում է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված պայմանը, մասնավորապես, Դիմողների կողմից վիճարկվող դրույթը քննարկվող համատեքստում չի կիրառվել վերջիններիս նկատմամբ: Հետևաբար՝ Դիմողներն այս առումով Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտներ չեն:

Ուստի՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 12-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված ենթադրյալ մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) մասով, ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ Դիմողների՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտներ չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Վարդան Կոլյայի Ղուկասյանի, Նոնա Սերյոժայի Ղուկասյանի, Գևորգ Կոլյայի Ղուկասյանի, Ջուլետա Ժորայի Հարությունյանի, Կոլյա Գևորգի Ղուկասյանի, Սպարտակ Վարդանի Ղուկասյանի, Նոնա Սպարտակի Ղուկասյանի, Մանյա Վարդանի Ղուկասյանի, Շուշանիկ Հովհաննեսի Եգանյանի, Աննա Վարդանի Ղուկասյանի, Մարիամ Վարդանի Ղուկասյանի, «Անբերդ»/«Ալեքպոլ» ՍՊԸ, «Ալեքսանդրապոլ Բիզնես Կենտրոն» ՍՊԸ, «Ա.Ն.Մ.Ա.» ՍՊԸ, «Ղուկասյան Եղբայրներ»/«Չադրենց» ՍՊԸ, «Կոլյա Ղուկասյան» ԱՁ, «Մանյա Ղուկասյան Վարդանի» ԱՁ դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 12-րդ հոդվածի, վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև 7-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

3 հունիս 2025 թվականի

ՍԴԱՈ-92

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հունիսի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-92
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել