Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6616 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-66)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 դեկտեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 66 | ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 16 դեկտեմբերի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով Արթուր Գևորգյանի անհատական

դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արթուր Գևորգյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի դեկտեմբերի 4-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով այն ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայությամբ ալիմենտի չափը դատական կարգով որոշելուց հետո յուրաքանչյուր կողմի պահանջով ալիմենտի սահմանված չափը դատական կարգով փոփոխելու հնարավորությունը պայմանավորում է կողմերի և՛ գույքային և՛ ընտանեկան դրության միաժամանակյա փոփոխությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 36-րդ, 37-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/62386/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասը մեկնաբանելիս ՀՀ դատարանները ելել են դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից և, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հանգել են եզրակացության, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասում «գույքային» և «ընտանեկան» բառերի միջև առկա «և» շաղկապը պարտադիր է դարձնում դրանով կապակցված երկու պայմանների միաժամանակյա առկայությունը:

Դիմողը գտնում է, որ ՀՀ դատարաններն ալիմենտի չափի փոփոխությունը սահմանափակել են ալիմենտային հարաբերությունների մասնակիցների միայն ընտանեկան և գույքային դրության փոփոխությամբ, մինչդեռ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասն ալիմենտի չափի փոփոխման հնարավորությունը պայմանավորում է ոչ միայն ընտանեկան կամ գույքային դրության փոփոխությամբ, այլև կողմերի՝ ուշադրության արժանի այլ շահերով, և բոլորովին պարտադիր չէ, որ այդպիսի փոփոխությունները տեղի ունենան միաժամանակ: Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ ալիմենտային պարտավորության փոփոխման հիմք կարող է հանդիսանալ և իրավակիրառ պրակտիկայում հանդիսանում է կա՛մ միայն ընտանեկան դրության փոփոխությունը, կա՛մ միայն գույքային դրության փոփոխությունը:

Ըստ Դիմողի՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասին ՀՀ դատարանների կողմից տրված մեկնաբանությունն իրավական առումով ո՛չ տեսականորեն, և ո՛չ էլ գործնականում կենսունակ չէ, այն չի բխում ո՛չ ՀՀ ընտանեկան օրենսգրքից, ո՛չ էլ օբյեկտիվ իրականությունից, հետևաբար՝ անհիմն է և ոչ իրավաչափ, այդ թվում՝ հակասահմանադրական:

Դիմողը նշում է, որ «(…) թե՛ կալանավորելը, թե՛ ամսական 200.000 ՀՀ դրամի չափով ալիմենտ վճարելու պարտավորություն սահմանելը ստեղծել է (սահմանել է) պետությունը միաժամանակ, որի դեպքում, այսինքն՝ այն դեպքում, երբ այդ երկու պայմանները ժամանակային առումով համընկնում են, պետությունը պետք է սահմանի նաև այդ պայմանները զուգակցելու հնարավորություն» այնպես, որ չտուժեն երեխաների՝ ալիմենտ ստանալու և իր (ծնողի)՝ բավարար կենսամակարդակի իրավունքները, ինչը պետությունը չի արել: Հավելելով՝ Դիմողի պնդմամբ՝ նշված պայմաններում տուժում են Սահմանադրությամբ ամրագրված այլ իրավունքներ ևս, օրինակ՝ երեխաների՝ ծնողի հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունքը (Սահմանադրության 37-րդ հոդվածի 3-րդ մաս) և իր՝ երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին հոգ տանելու, այդ թվում՝ երեխաների հետ տեսակցելու՝ դատական ակտով ճանաչված իրավունքը (Սահմանադրության 36-րդ հոդված), որը կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում կալանքի տակ գտնվող անձի համար որևէ կերպ չի ապահովվում այն դեպքում, երբ պետությունը պարտավոր է ապահովել դատական ակտի կատարումը դրանց հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով:

Արդյունքում՝ Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը կիրառելիս, այդ թվում՝ այն մարդու հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությամբ ամրագրված դրույթների հաշվառմամբ մեկնաբանելիս, ներպետական իրավակիրառ պրակտիկան հաշվի չի առնում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի դրույթները և հակասում է դրանց:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում ընդգծել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:

Այսինքն` Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի դրույթի, դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և (կամ) դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության գնահատումը:

Սահմանադրական դատարանի դատական կազմը, ուսումնասիրելով սույն դիմումը և դրան կից փաստաթղթերը, եկել է եզրակացության, որ դիմողի կողմից բարձրացված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Այսպես` Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) տվյալ գործով դատարանների մոտեցումն իրավաչափ չէ ինչպես այն պատճառով, որ նման մոտեցումն իսպառ անտեսում է Դիմողի, որպես, նախ և առաջ, մարդու և քաղաքացու, ապա՝ նաև որպես ծնողի, գույքային և ուշադրության արժանի այլ շահերը, այնպես էլ այն պատճառով, որ դատարաններն ըստ էության չեն լուծել օրենքով իրենց առջև դրված խնդիրը` ապահովել ալիմենտային հարաբերությունների մասնակիցների գույքային և ուշադրության արժանի այլ շահերի ողջամիտ հարաբերակցությունը, իսկ այդ մոտեցումները, որը ցուցաբերել են դատարանները՝ հակասում են ՀՀ Սահմանադրությանը»:

Դիմողը նաև նշել է. «(…) Հայաստանի Հանրապետությունը, մի կողմից, ճանաչում է Դիմողի բավարար կենսամակարդակի իրավունքը և միջազգային-իրավական մակարդակով ստանձնում է այդ իրավունքի կենսագործումն ապահովելու պարտավորություն, մյուս կողմից, խախտում է Դիմողի այդ իրավունքը՝ ի դեմս դատարանների Դիմողին կալանավորելով և այդ ընթացքում Դիմողի ալիմենտ վճարելու պարտականությունը չփոփոխելով՝ ալիմենտի չափը չնվազեցնելով»:

Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.

վիճարկվող՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ դատարանը կարող է յուրաքանչյուր կողմի պահանջով փոփոխել ալիմենտի սահմանված չափը կամ ալիմենտ վճարելու պարտավոր անձին ազատել դա վճարելուց այն դեպքերում, երբ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայությամբ ալիմենտի չափը դատական կարգով որոշելուց հետո փոփոխվել է կողմերից մեկի գույքային և ընտանեկան դրությունը: Այսինքն՝ օրենսդիրը հստակ սահմանել է, որ ալիմենտի չափը դատական կարգով որոշելուց հետո կողմերից մեկի գույքային և ընտանեկան դրության փոփոխության արդյունքում յուրաքանչյուր կողմի պահանջով ալիմենտի սահմանված չափը փոփոխելը կամ ալիմենտ վճարելու պարտավոր անձին դա վճարելուց ազատելը դատարանի հայեցողական լիազորությունն է: Ընդ որում՝ քննարկվող համատեքստում անձի գույքային և ընտանեկան դրության փոփոխությունը դատարանի կողմից ենթակա է յուրաքանչյուր գործով առանձին գնահատման՝ հաշվի առնելով տվյալ կոնկրետ գործի փաստական հանգամանքները, առանձնահատկությունները և կողմերի ներկայացրած հիմնավորումները: Ավելին՝ սույն պարագայում թիվ ԵԴ/62386/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում ևս ՀՀ դատարանները, իրացնելով օրենսդրի կողմից՝ քննարկվող համատեքստում ալիմենտի չափը փոփոխելու, սույն պարագայում՝ նվազեցնելու մասով իրենց վերապահված հայեցողությունը, գնահատել են հայցվորի (Դիմողի) գույքային և ընտանեկան դրության փոփոխությունը և կատարել ալիմենտի սահմանված չափը փոփոխելու վերաբերյալ համապատասխան եզրահանգում՝ հաշվի առնելով տվյալ գործի փաստական հանգամանքները, առանձնահատկությունները և կողմերի ներկայացրած հիմնավորումները:

Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները ևս` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/62386/02/22 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության հետ։ Մասնավորապես, Դիմողը վիճարկվող՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ԵԴ/62386/02/22 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ/62386/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արթուր Գևորգյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ա. Վաղարշյան

Անդամներ՝ Հ. Հովակիմյան

Վ. Գրիգորյան

16 դեկտեմբերի 2024 թվականի

ՍԴԴԿՈ–66

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-66
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել