«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1-2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 223.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ, 223.3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՈՒ 5-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-212)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 հոկտեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 212 | «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1-2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 223.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ, 223.3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՈՒ 5-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1-2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 223.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ, 223.3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՈՒ 5-ՐԴ ԿԵՏԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 223.1-ին հոդվածի 1-2-րդ մասերի, 223.2-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 5-րդ կետի և 3-րդ մասի, 223.3-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի 1-ին ու 5-րդ կետերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. 2021 թվականի օգոստոսի 3-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով թիվ ԵԴ/1369/01/20 քրեական գործով ներկայացված «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին» 2021 թվականի հունիսի 21-ի որոշմամբ Դիմողը խնդրել է «քննարկել և պարզել սույն քրեական գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 223.1 հոդվածի 1-2-րդ մասերի, 223.2 հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 5-րդ կետի ու 3-րդ մասի, 223.3 հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի 1-ին ու 5-րդ կետերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1, 5, 72 և 79 հոդվածների պահանջներին»: Ըստ Դիմողի «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի» և «քրեական ենթամշակույթ կրող խմբավորման» հասկացությունների օրենսդրական սահմանումները, որոնք տեղ են գտել համապատասխանաբար Օրենսգրքի 223.1-ին հոդվածի 2-րդ և 223.2-րդ հոդվածի 3-րդ մասերում, որոշակի չեն: Ի հիմնավո-րումն վիճարկվող իրավանորմերի անորոշության Դիմողը վկայակոչում է հետևյալ հանգամանքները. 2.1. Օրենսգրքի վիճարկվող նորմերի բովանդակությունից հստակ չէ, թե քանի անձից պետք է բաղկացած լինի քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը, եթե վիճարկվող դրույթներում խոսքը վերաբերում է ցանկացած տեսակի քրեական ենթամշակույթ կրող խմբավորման, և « ... ինչպես պետք է այն սահմանազատել ՀՀ քրեական օրենսգրքում տեղ գտած այնպիսի հասկացություններից, ինչպիսիք են «կազմակերպված խումբ» կամ «նախնական համաձայնությամբ մի խումբ անձինք» կամ, այլ կերպ ասած, ինչպես պետք է սահմանազատել այս հասկացությունը հանցակցությունից»: 2.2. Անդրադառնալով Օրենսգրքի 223.1-ին հոդվածին, որով հանցագործություն է համարվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը, Դիմողը նշում է, որ « ... քննարկվող իրավակարգավորումը, հատկապես «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող» հասկացության մասով քրեականացրել է ոչ թե որևէ գործողություն կամ անգործություն, այլ անձը բնութագրող հանգամանք», քանի որ, ըստ Դիմողի « ... «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելը» որևէ գործողություն չի ենթադրում, քանի որ քննարկվող իրավակարգավորումներից հնարավոր չէ հետևության գալ, թե օբյեկտիվ իրականությունում վերջինս կոնկրետ ինչ դրսևորում ունի»: Այս առնչությամբ Դիմողը բարձրացնում է այն հարցը, որ «եթե անձը չի կատարում քննարկվող արարքներից որևէ մեկը, սակայն «գողական աշխարհի» կողմից շարունակվում է «օրենքով գող» համարվել, ապա արդյոք նրա արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 223.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, մասնավորապես քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելը»: Արդյունքում Դիմողը եզրահանգում է, որ 223.1-ին հոդվածում առկա ձևակերպումը հակասում է ինչպես իրավական որոշակիության պահանջին, այնպես էլ Սահմանադրության 72-րդ հոդվածին: 2.3. Դիմողը նշում է նաև, որ «... անձին պատասխանատվության ենթարկելու համար պետք է առկա լինի քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որն էլ սահմանած և ճանաչած լինի վարքագծի կանոններ, որոնք էլ չհամապատասխանեն պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, ինչը Դատարանի գնահատմամբ որևէ գործով անձի կամ անձանց խմբի կողմից, որևէ մշակույթի կամ ենթամշակույթի կրող լինելու մասին դատողություններ անելն անհնար է: Առավել ևս հնարավոր չէ Սահմանադրությամբ, քրեական դատավարության օրենսգրքով սահմանված սկզբունքների, կանոնների պահպանմամբ խոսել ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների առկայության կամ բացակայության մասին, որոնք էլ չհամապատասխանեն պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոնների կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին»: Դիմողը նկատում է, նաև, որ նույնիսկ այդ փաստարկն անտեսվելու դեպքում օրենսդրական այդպիսի կարգավորման պայմաններում դրանց կիրառման ընթացքում հնարավոր է տեղ գտնեն որոշակի կամայականություններ, քանի որ «...պետության համապարտադիր ամրագրված կանոններին հակասող չգրված կանոնները կարող են հայտնի լինել շատ կամ քիչ իրավակիրառողներին»:
3. Ուսումնասիրելով դիմումը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությունը պայմանավորում է Օրենսգրքի վիճարկվող դրույթներում առկա արտահայտությունների և սահմանումների (հատկապես Օրենսգրքի 223.1-ին հոդվածի 2-րդ և 223.2-րդ հոդվածի 3-րդ մասերում տրված հասկացությունների սահմանումների), ըստ Դիմողի իրավական որոշակիության պահանջներին չհամապատասխանելու հանգամանքով։ Հաշվի առնելով, որ Դիմողի Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունն իրացվել է որպես դատարանի կողմից կիրառման ենթակա նորմի Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված իրավական որոշակիության պահանջներին համապատասխանության վերաբերյալ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած»-ի հիմքով, ապա Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն դիմումի ընդունելիության հարցի լուծման նպատակով վկայակոչել մարդու և քաղաքացու հիմնական սահմանադրական իրավունքների և ազատությունների սահմանափակման դեպքում «օրենք»-ին առաջադրվող իրավական որոշակիության վերաբերյալ նախկինում արտահայտված դիրքորոշումները։ Մասնավորապես. 3.1. «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (13.05.2008թ. ՍԴՈ-753, 9-րդ կետ). 3.2. «ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի» (03.05.2016թ. ՍԴՈ-1270, 7-րդ կետ). 3.3. Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ դիրքորոշումներն ամրագրված են Սահմանադրական դատարանի մի շարք, մասնավորապես, ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1270 որոշումներում, « … որոնցից բխում է, որ Սահմանադրական դատարանն իրավական որոշակիության սկզբունքը դիտարկում է որպես ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության և հատկապես վերջինիս կարևորագույն հատկանիշներից` իրավունքի գերակայության գլխավոր պահանջներից մեկը, և հիշյալ սահմանադրաիրավական սկզբունքի գործողությունը տարածվում է բոլոր օրենքների վրա` անկախ այն հանգամանքից, թե վերջիններս ունեն հիմնական իրավունք սահմանափակող, թե հիմնական իրավունքի իրացումը կարգավորող բնույթ» (14.03.2017թ. ՍԴՈ-1357, 5-րդ կետ):
4. Վերահաստատելով իրավական որոշակիության մասին նախկինում իր արտահայտած դիրքորոշումները Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն դիմումը ներկայացված է դատարանի կողմից, հարկ է համարում այս կապակցությամբ վկայակոչել նաև Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական վերահսկողության այս տեսակի սուբյեկտների դիմումներին վերաբերելի իր այն դիրքորոշումները, համաձայն որոնց 4.1. «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձակացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով» (03.05.2016թ. ՍԴՈ-1270, 7-րդ կետ), 4.2. «Որոշակիության սկզբունքի համատեքստում հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ իրավական նորմերը, որպես ընդհանուր-վերացական կարգավորումներ, միշտ որոշակի մեկնաբանությունների կարիք ունեն, և գրեթե անհնար է իրավական միարժեք նորմերով հստակ կարգավորել հասարակական կյանքի բոլոր բազմաբնույթ հարաբերությունները» (23.09.2021թ. ՍԴՈ-1610, 4.1.2.-րդ կետ):
5. Դատարանների կողմից իրավական անորոշության հիմնավորումներով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների ընդունելիության հարցի համար արժեքավոր են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականին Հռոմում ստորագրված կոնվենցիայի իմաստով իրավական որոշակիության ապահովման վերաբերյալ դատողությունները, համաձայն որոնց «92. ... օրենքները պետք է լինեն ընդհանուր կիրառության, և որ օրենսդրական ակտերի ձևակերպումները ոչ միշտ են ճշգրիտ: Նորմատիվ կարգավորման ստանդարտ տեխնիկաներից մեկը սպառիչ ցանկերի փոխարեն ընդհանուր դասակարգումների օգտագործումն է: Հետևապես բազմաթիվ օրենքներ անխուսափելիորեն պարունակում են ձևակերպումներ, որոնք այս կամ այն աստիճանի անորոշություն են պարունակում, և որ որոնց մեկնաբանումն ու կիրարկումը պրակտիկայի խնդիր է …: Ինչքան էլ որ իրավական դրույթը լինի հստակորեն ձևակերպված, այնուամենայնիվ, ցանկացած իրավական համակարգում, այդ թվում քրեական իրավունքում անխուսափելիորեն առկա է դատարանի կողմից մեկնաբանման տարրը: Միշտ էլ առկա է լինելու կասկածելի կետերի պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին հարմարվելու անհրաժեշտություն: Եվ կրկին, թեև որոշակիությունը շատ ցանկալի է, այն կարող է հանգեցնել չափից շատ բարձր աստիճանի անփոփոխելիության, և (մինչդեռ) օրենքը պետք է զարգանա փոփոխվող հանգամանքներին համընթաց …:
93. Դատարաններին դատական որոշումներ ընդունելու դեր վերապահելը հենց նպատակ ունի ցրել մեկնաբանման հետ կապված այդպիսի կասկածները, որոնք դեռևս առկա են (ibid): Դատական իրավաստեղծ գործունեության միջոցով քրեական իրավունքի շարունակական զարգացումը Կոնվենցիային անդամակցող երկրներում իրավական ավանդույթի խորը արմատավորված և անհրաժեշտ մասն է …: Չի կարելի համարել, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածով արգելվում է ըստ առանձին գործերի դատական մեկնաբանման միջոցով քրեական պատասխանատվության կանոնների աստիճանական հստակեցումը պայմանով, որ հետևող զարգացումը համապատասխանում է արարքի էությանը և կարող է ողջամտորեն կանխատեսելի լինել …: Հասանելի և ողջամտորեն կանխատեսելի դատական մեկնաբանման բացակայությունը կարող է նույնիսկ հանգեցնել մեղադրյալի 7-րդ հոդվածով նապատեսված իրավունքների խախտման հայտնաբերման … («Հանցանքի սահմանման մեջ «բլանկետային հղում» կամ «օրենսդրություն ըստ հղման» տեխնիկայի կիրառման և հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենքի ու փոփոխված քրեական օրենքի համեմատության չափորոշիչների վերաբերյալ խորհրդատվական կարծիք [Մեծ պալատ], դիմում թիվ P16-2019-001, Հայաստանի Սահմանադրական դատարան, § 60, 2020 թվականի մայիսի 29):
6. Սահմանադրական դատարանը դատարանների կողմից ներկայացվող դիմումների ընդունելիության չափանիշները մեկնաբանելու վերաբերյալ իր դիրքորոշումներում զարգացրել և հստակեցրել է Սահմանադրության 169-րդ հոդվածով նախատեսված դատարանի լիազորության իրականացման անհրաժեշտ պայմանները, մասնավորապես դատարանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի հիմնավորումների մասով նշելով. « ... դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն ոչ միայն վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, այլ նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Այլ կերպ, եթե վիճարկվող դրույթը դատարանի կողմից չի կիրառվելու կամ այլևս ենթակա չէ կիրառման, կամ այդպիսի կիրառումը կրելու է ձևական բնույթ, ապա Սահմանադրական դատարանի գործն ըստ էության լուծող որոշմամբ վիճարկվող դրույթի վերաբերյալ արտահայտած ցանկացած գնահատական որևէ նշանակություն չի ունենալու կոնկրետ գործի լուծման համար (...): Այդ պարագայում դատարանի դիմումը ենթադրելու է ոչ թե կոնկրետ, այլ վերացական սահմանադրական վերահսկողություն: Այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով» (05.08.2021թ. ՍԴԱՈ-176, 3-րդ կետ)։
7. Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իրավական որոշակիության սահմանադրական բովանդակության առնչությամբ նախկինում արտահայտած դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում սույն դիմումի ընդունելիության հարցի շրջանակում անդրադառնալ դատարանի դիմումի ընդունելիության պայմաններին հաշվի առնելով սահմանադրական հիմնարար իրավունքների պաշտպանության համար առանցքային կարևորություն ունեցող իրավական որոշակիության սկզբունքի ապահովման հարցում դատարանների ունեցած առանձնահատուկ դերը, ընդգծելով այդ հիմքով դատարանների դիմումի ընդունելիության հարցի շրջանակներում իրավական անորոշության հաղթահարման համար դատական իշխանությանը հասու իրավական նորմերի դատական մեկնաբանության միջոցի կարևորությունը։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական նորմերում ընդհանրական ձևակերպումների պատճառով հստակության բացարձակության անհնարինության դեպքերում իրավական որոշակիության սահմանադրական հրամայականն իրագործելու արդյունավետ միջոցը դատարանների կողմից իրենց լիազորությունների շրջանակում իրավական նորմերի դատական մեկնաբանման միջոցով նորմի անհրաժեշտ որոշակիության ապահովումն է։ Ըստ այդմ իրավական անորոշության հիմքով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելիս Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած»-ի առկայությունը դատարանի կողմից հիմնավորված կարող է լինել, եթե դատարանի կողմից, ի թիվս դիմումին ներկայացվող այլ պայմանների, բավարար հիմնավորումներ են ներկայացվել առ այն, որ Սահմանադրական դատարանի ստուգմանն առաջադրվող նորմերի անորոշությունն անհնար է հաղթահարել դատարանի կողմից իր լիազորությունների գործադրմամբ իրավական նորմի բավարար հստակությունն ապահովող սպառիչ դատական մեկնաբանություն տալով։ Այսինքն Սահմանադրական դատարան դիմող դատարանը պարտավոր է հիմնավորել, թե իր կողմից վիճարկվող իրավական նորմերի հստակության վերաբերյալ կասկածները փարատելու ուղղությամբ ինչպե՛ս է փորձել մեկնաբանել վիճարկվող իրավական նորմերը, և վիճարկվող նորմերի իր կողմից մեկնաբանման մեթոդաբանական ողջ գործիքակազմի կիրառմամբ դրանք ի՛նչ վերջնական իրավական բովանդակություն են ստացել հիմնավորելով այդ բովանդակության անհամապատասխանությունը Սահմանադրությանը։ Միայն նման հիմնավորումների առկայությամբ է դատարանն իրավասու դիմել Սահմանադրական դատարան իրավական անորոշությամբ պայմանավորված «հիմնավոր կասկած»-ի հիմքով։
8. Սահմանադրական դատարանի այս դիրքորոշման հիմքում ընկած է այն նկատառումը, որ բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարան դիմող դատարանի իրավասության տիրույթում է գտնվում իր կողմից վիճարկվող իրավական նորմերի հստակության վերաբերյալ կասկածները փարատելու հնարավորությունը, որպեսզի վիճարկվող իրավական նորմի դատական մեկնաբանությամբ հանդերձ այն վերջնական իրավական բովանդակությամբ լինի Սահմանադրության 79-րդ հոդվածի իմաստով «բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ», ապա Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգի դատարանների իրավասությունների կրկնօրինակման բացառման, եռաստիճան դատական համակարգի դատարանների կողմից դատական մեկնաբանություններով իրավունքի զարգացումը խթանելու, սահմանադրական իրավունքների և ազատությունների կրողների և հասցեատերերի իրավունքների պաշտպանության արդյունավետության ապահովման նպատակով, Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը դատարանի մոտ ծագում է միայն իր բարձրացրած խնդրի լուծման անհնարինության դեպքում։ Այլապես դատարանն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։
9. Անդրադառնալով վերը նշված չափորոշիչների լույսի ներքո Դիմողի բարձրացրած հարցադրումներին Սահմանադրական դատարանը, առանց անդրադառնալու վիճարկվող իրավական նորմերի որոշակիության վերաբերյալ Դիմողի բարձրացրած փաստարկների վերաբերելիությանը և բավարարությանը, արձանագրում է, որ դիմողի կողմից հիմնավորում չի ներկայացվել առ այն, թե որքա՞նով է անհնար եղել վիճարկվող նորմերի որոշակիության վերաբերյալ կասկածը դատական մեկնաբանությամբ փարատելը, որի պատճառով դիմել է Սահմանադրական դատարանի կողմից վիճարկվող նորմերի սահմանադրականության ստուգման միջոցին։ Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը նկատում է նաև, որ թեպետ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշմամբ իրավացիորեն անհրաժեշտ է համարել պարզել, թե վիճարկվող նորմերը տարաբնույթ ընկալվելու դեպքում արդյոք տարաբնույթ մեկնաբանությունները կարող են «հաղթահարվել դատական մեկնաբանությունների արդյունքում», այդուհանդերձ դիմումում բացակայում է այս հարցի բացասական պատասխանի որևէ հիմնավորում։ Հետևաբար Դիմող դատարանի դատական մեկնաբանության միջոցով իրավական անորոշության վերաբերյալ կասկածը փարատելու անհնարինության մասին հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով քանի որ դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։
10. Ելնելով դիմումի ուսումնասիրության արդյունքներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 223.1-ին հոդվածի 1-2-րդ մասերի, 223.2-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 5-րդ կետի և 3-րդ մասի, 223.3-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի 1-ին ու 5-րդ կետերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
26 հոկտեմբերի 2021 թվականի
ՍԴԱՈ-212
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 հոկտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-212
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
