ՌՈԲԵՐՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 հունվարի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 1 | ՌՈԲԵՐՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 30 հունվարի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Ռոբերտ Մարտիրոսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ռոբերտ Մարտիրոսյանը 09.01.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով «ՀՀ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետի, ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի, ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` սահմանադրականության վերաբերյալ» հարցը:
2. Դիմողը նաև միջնորդություն է ներկայացրել պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ: Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին.
դիմողը նշում է, որ սույն դիմումով վիճարկվող` իր նկատմամբ կիրառված իրավական նորմերն ակնհայտորեն չեն բավարարել իրավական որոշակիության պահանջները, ինչի արդյունքում խախտվել է իր սեփականության իրավունքը: Դիմողը նշում է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` միևնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունած և ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին: Հետևաբար, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը հակասում է 2004 թվականին ուժի մեջ մտած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետին և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն այն իրավաբանական ուժ չունի: Դիմողը գտնում է, որ դատարանը խախտել է նյութական իրավունքի նորմը, քանի որ պարտավոր էր կիրառել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթը, սակայն չի կիրառել դրանք: Դիմողի կարծիքով` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածը և 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը հակասում են ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների պահանջներին, քանի որ չեն ապահովում իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը: Ըստ դիմողի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի առկայության պարագայում ինքը զրկվում է վճռաբեկ դատարանում իր գործի քննության իրավունքից, քանի որ նախատեսված է իրավական արգելք, որը խոչընդոտում է դատարանի մատչելիությունը:
3. Դատական կազմը, ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, գտնում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերը չեն կիրառվել դիմողի նկատմամբ: Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածին և 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին, ապա, չնայած այն հանգամանքին, որ դիմողը վիճարկել է այդ հոդվածն ամբողջությամբ, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մայիսի 4-ի վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին և նույն թվականի հունիսի 15-ի` վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումների ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար անցանկալի իրավական հետևանքներ առաջացրել է խնդրո առարկա հոդվածի 5-րդ մասը, որի ուսումնասիրությունն էլ վկայում է, որ դիմողի փաստարկները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի վերաբերյալ առ այն, որ «...` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի առկայության պարագայում ինքը զրկվում է վճռաբեկ դատարանում իր գործի քննության իրավունքից, քանի որ նախատեսված է իրավական արգելք, որը խոչընդոտում է դատարանի մատչելիությունը...», ակնհայտ անհիմն են, քանի որ դիմողը չի հիմնավորել, որ առկա է պատճառահետևանքային կապ իր խախտված իրավունքների և վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականության միջև, ինչն էլ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-839 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Անդրադառնալով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը գտնում է, որ նշյալ դրույթի մասով անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Այսպես, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը սահմանում է պետական կենսաթոշակների երկու տեսակ` աշխատանքային և զինվորական, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ենթատեսակները: Զինվորական կենսաթոշակն ունի երեք ենթատեսակ, որոնցից «երկարամյա ծառայություն» ենթատեսակն է քննարկվում խնդրո առարկա գործի շրջանակներում: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը, իսկ նշյալ հոդվածի` դիմողի կողմից վիճարկվող դրույթը վերաբերում է համապատասխան մարմիններում, ինչպես նաև քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով և ժամկետներով ծառայած այն անձին, որը սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (սահմանային տարիքը լրացած լինելու դեպքում) զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս: Զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի հետ կապված հարաբերությունները, մինչև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ 22.12.2010 թվականի թիվ ՀՕ-243-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, այն է`01.01.2011 թվականը, կարգավորվել են նախ` «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՕ-49 օրենքով, այնուհետև` «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՕ-258 օրենքով, որի 2-րդ` «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովությունը» վերտառությամբ գլուխն (հոդվածը վերաբերում էր երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու պայմաններին) իր ուժը կորցրել է 22.12.10 թվականի ՀՕ-248-Ն օրենքով: Վերոշարադրյալ համատեքստում դիմողի ներկայացրած փաստարկներն ակնհայտ անհիմն են, քանի որ առկա չէ պատճառահետևանքային կապ դիմողի խախտված իրավունքների և վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականության միջև, ինչն էլ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-839 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողը վերոհիշյալ դրույթի սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո բարձրացնում է նաև դրա կիրառման իրավաչափության հարց` գործի բացասական ելքը պայմանավորելով այն հանգամանքով, որ դատարանները դատական ակտերի հիմքում դրել են «... ոչ թե «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետը, այլ իրավաբանական ուժ չունեցող խնդրո առարկա դրույթը...»: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
Ռոբերտ Մարտիրոսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
30 հունվարի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/1-1
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հունվարի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-1
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
