Վճռաբեկ դատարան · Քրեական
ԵԱՆԴ/0030/01/17
- Գործի համարը
- ԵԱՆԴ/0030/01/17
- Դիմող / մեղադրյալ
- Հովհաննես Ղազարյան Մանվելի
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 20.09.2018
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
5 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԱՆԴ/0030/01/17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԱՆԴ/0030/01/17
Նախագահող դատավոր՝ Մ.Արղամանյան
Դատավորներ` Ռ.Մխիթարյան
Ս.Չիչոյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ` դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ` Մ.ԱՎԱԳՅԱՆԻ
մասնակցությամբ` դատախազ Մ.ԱՐԱՄՅԱՆԻ
2018 թվականի սեպտեմբերի 20-ին ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Հովհաննես Մանվելի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշման դեմ Հ.Ղազարյանի պաշտպան Ռ.Սիրեկանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 17104917 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ Հովհաննես Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 34-153-րդ հոդվածով:
2017 թվականի ապրիլի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 10-ի դատավճռով ամբաստանյալ Հ.Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով։
3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 10-ի դատավճիռը բեկանել և փոփոխել, Հ.Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը` վերացրել:
4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Հ.Ղազարյանի պաշտպան Ռ.Սիրեկանյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել մեղադրող Մ.Արամյանը` խնդրելով վճռաբեկ բողոքը մերժել` օրինական ուժի մեջ թողնելով Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշումը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Հ.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով այցելել է Երևան քաղաքի, Միկոյան փողոցի 4/2 հասցեում տեղակայված համար 159 դպրոցի տարածքում գործող թիվ 2/19 տարածքային ընտրական տեղամաս, որտեղ ժամը 09:14-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է ներկայացրել իր՝ 004889846 համարի նույնականացման քարտը, ապա սահմանված կարգով քվեարկելուց հետո հեռացել է տեղամասից: Դրանից հետո Հ.Ղազարյանը մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ վերադարձել է նույն ընտրատեղամաս և ժամը 09:29-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է կրկին ներկայացրել իր նույնականացման քարտը, սակայն Հ.Ղազարյանն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ընտրողների գրանցման տեխնիկական սարքը արձանագրել է վերջինիս կողմից ընտրություններին մասնակցելու համար կրկնակի գրանցվելու փորձ կատարելու փաստը (…)»:
6. Առաջին ատյանի դատարանը, դատաքննության արագացված կարգ կիրառելով, Հ.Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը կատարելու մեջ և, անդրադառնալով վերջինիս նկատմամբ պատիժ նշանակելու հարցին, փաստել է. «(...) [Առաջին ատյանի] դատարանը ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում այն, որ նա նախկինում դատված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, ըստ բնակության և աշխատանքի վայրերի բնութագրվում է դրական, շնորհակալագրերի է արժանացել ՀՀ ՊՆ թիվ 21127 զորամասի հրամանատարության կողմից, խնամքին է գտնվում առաջին կարգի հաշմանդամ թոշակառու տատը:
Դատարանն ամբաստանյալ Հ.Ղազարյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում:
Հաշվի առնելով Հ.Ղազարյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, ինչպես նաև այն, որ վերջինիս մեղսագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված միջին ծանրության հանցագործություն, որի համար որպես հիմնական պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով, [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ նրան ուղղելու, նոր հանցագործությունները կանխելու, ինչպես նաև սոցիալական արդարությունը վերականգնելու համար նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, ինչպես նաև սահմանել հոդվածի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատիժ:
Միաժամանակ [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ հիմնական պատժի մասով կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը (...):
(...)
[Առաջին ատյանի] դատարանը արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի անձը դրական բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը էականորեն նվազեցնում են նրա կողմից կատարած հանցագործության և նրա անձի հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչը հիմք է տալիս հանգելու հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու (...):
7. Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, փաստել է. «(...) Հաշվի առնելով ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանի կողմից կատարված հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք իրենց համակցությամբ բավարար չեն հանգելու հետևության, որ Հովհաննես Ղազարյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու:
Մասնավորապես, Հովհաննես Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, [Ա]ռաջին ատյանի դատարանն անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները, և դատավճռում նշված փաստարկները սույն գործի շրջանակներում չեն կարող բավարար հիմք հանդիսանալ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:
(...)
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործի փաստական հանգամանքները, Հովհաննես Ղազարյանի կողմից կատարված հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը և հանցավորի անձը բնութագրող վերոնշյալ տվյալներն իրենց համակցությամբ բավարար չեն հանգելու այն հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու և նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու պայմաններում հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին, ինչը բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից (...):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, որի պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման։
Մասնավորապես, ըստ բողոք բերած անձի` Վերաքննիչ դատարանը չպետք է բավարարեր մեղադրողի բողոքը, քանի որ Առաջին ատյանի դատարանը, Հ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով հանգել էր ճիշտ հետևության: Բողոքաբերը, մատնանշելով Առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմնավորումները, նշել է, որ դատարանը կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, և այն բեկանելու ու փոփոխելու հիմքեր չկան:
9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի դատական ակտը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատավճռին:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն`
«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:
Վերոնշյալ իրավադրույթը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև, պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված, ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն:
12. Նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քաղաքական իրավունքների և ազատությունների, մասնավորապես` ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների դեպքում պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս էական նշանակություն ունի խախտված հասարակական հարաբերությունների բնույթի, կատարած հանցանքի հանրային վտանգավորության աստիճանի, հանցանքի կատարման եղանակի պատշաճ գնահատումը։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ընտրական իրավունքի պատշաճ իրացման հետ կապված հանցագործությունների համար նշանակված պատիժն առանց հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող փաստական հանգամանքների առկայության պայմանականորեն չկիրառելը չի կարող ապահովել պատժի նպատակների արդյունավետ կենսագործումը և իր բացասական ազդեցությունը կունենա երկրում ընտրական գործընթացների կազմակերպման ու անցկացման բնականոն ընթացքի վրա։
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Հ.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով այցելել է Երևան քաղաքի Միկոյան փողոցի 4/2 հասցեում տեղակայված համար 159 դպրոցի տարածքում գործող թիվ 2/19 տարածքային ընտրական տեղամաս և փորձել է մեկից ավելի անգամ կատարել քվեարկություն:
Գնահատելով կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, Հ.Ղազարյանի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայության փաստը՝ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Հ.Ղազարյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը նրա կողմից կրելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթների կիրառման միջոցով:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի հետ, նշել է, որ հաշվի առնելով Հ.Ղազարյանի կողմից կատարված հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և պահպանվող հասարակական հարաբերության բնույթը` Առաջին ատյանի դատարանի կողմից մատնանշված հանգամանքներն իրենց համակցությամբ բավարար չեն հանգելու հետևության, որ Հ.Ղազարյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Հ.Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով` Առաջին ատյանի դատարանն անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները։ Ուստի դատավճռում նշված փաստարկները սույն գործի շրջանակներում, Վերաքննիչ դատարանի համոզմամբ, չեն կարող բավարար հիմք հանդիսանալ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման է ենթարկել ոչ միայն ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, այլ նաև խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը, հանցանքի կատարման եղանակը, մասնավորապես այն, որ Հ.Ղազարյանի կողմից խախտվել են ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության՝ օրենքով սահմանված կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները, որն արտահայտվել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելով։ Այսպես` ամբաստանյալը ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով այցելել է Երևան քաղաքի Միկոյան փողոցի 4/2 հասցեում տեղակայված համար 159 դպրոցի տարածքում գործող թիվ 2/19 տարածքային ընտրական տեղամաս, որտեղ ժամը 09:14-ին ներկայացնելով իր նույնականացման քարտը` կատարել է քվեարկություն և հեռացել տեղամասից: Այնուհետև, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ վերադարձել է նույն ընտրատեղամաս և ժամը 09:29-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է կրկին ներկայացրել իր նույնականացման քարտը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ընտրողների գրանցման տեխնիկական սարքն արձանագրել է կրկնակի գրանցվելու փորձ կատարելու փաստը։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված փաստական հանգամանքների առկայության պայմաններում Առաջին ատյանի դատարանը համակողմանի գնահատման չի ենթարկել խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, կատարված հանցանքի վտանգավորության աստիճանը, հանցանքի կատարման եղանակը։ Արդյունքում` ընտրական իրավունքի պատշաճ իրացման դեմ ուղղված հանցագործության համար Հ.Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` առանց մատնանշելու որևէ փաստական հանգամանք, որը, նվազեցնելով կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը, հնարավորություն կտար եզրահանգելու, որ տվյալ պարագայում արդարացված կլինի նշանակված պատիժը Հ.Ղազարյանի կողմից պայմանականորեն չկրելը։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր են: Այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որը պետք է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Ամբաստանյալ Հովհաննես Մանվելի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դատավորներ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
Հատուկ կարծիք հայտնած դատավոր` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
