Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-148(ՎԴ) դատարանի վճիռ 2008թ. Քաղաքացիական գործ թիվ 07-3298/2007թ. Նախագահող դատավոր՝ Լ.Գրիգորյան Դատավորներ` Կ.Հակոբյան Լ.Սոսյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ Վ.ԱԲԵԼՅԱՆԻ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ 2008 թվականի փետրվարի 29-ին դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Ալլահվերդյանի և Բաբկեն Տեր-Մանվելյանի բերած վճռաբեկ բողոքները Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Արմեն Ալլահվերդյանի ընդդեմ Բաբկեն Տեր-Մանվելյանի, «Կենտրոն» նոտարական գրասենյակի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Բաբկեն Տեր-Մանվելյանի անվամբ 31.10.2001 թվականին և 10.11.2004 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը և ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ: Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 24.04.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է Բաբկեն Տեր-Մանվելյանին 31.10.2001 թվականին և 10.11.2004 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակիորեն` 1/4 մասով, ճանաչել անվավեր և հայցվոր Արմեն Ալլահվերդյանին ճանաչել իր հոր` Նորայր Ալլահվերդյանի ժառանգությունն ընդունած ժառանգ: Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Բաբկեն Տեր-Մանվելյանը և Արմեն Ալլահվերդյանը: Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. Ըստ Բ.Տեր-Մանվելյանի վճռաբեկ բողոքի՝ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ և 280-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կովենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 17-րդ հոդվածը,: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Նորայր Ալլահվերդյանը դիմել է դատարան Բաբկեն Տեր-Մանվելյանին 31.10.2001 թվականին և 10.11.2004 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու և իրեն ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով: Հետագայում հայցից հրաժարվել է: Վերաքննիչ դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ հայցից հրաժարվելու դեպքում կրկին նույն հայցով դատարան դիմելու իրավունքը վերապահված է միայն նույն հայցվորին, այսինքն՝ Նորայր Ալլահվերդյանին այլ ոչ թե Արմեն Ալլահվերդյանին: Բացի այդ, հայցից հրաժարումը նշանակում է ըստ էության հրաժարում ոչ թե ժառանգությունից, այլ արդեն իսկ ընդունված ժառանգական գույքից: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը չի պարզել, թե արդյո՞ք սույն իրավահարաբերություններում առկա է հայցվորի որևէ սուբյեկտիվ իրավունքի, նյութաիրավական կամ օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտություն այն դեպքում, երբ նման իրավունքից օգտվելու ցանկություն չի ունեցել այն անձը, որի իրավունքների պաշտպանությամբ հանդես են գալիս նրա մահվանից հետո: Վերոգրյալի հիման վրա, վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 02.10.2007 թվականի վճիռը և այն փոփոխել, հայցը մերժել: Ըստ Ա.Ալլահվերդյանի վճռաբեկ բողոքի՝ Դատարանը ճիշտ չի կիրառել քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ, 1216-րդ, 1225-րդ, 1226-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով Ն.Ալլահվերդյանի կողմից ժառանգական գույքի 1/2-րդ մասը ընդունելու փաստը, այնուամենայնիվ Բաբկեն Տեր-Մանվելանին 31.10.2001 և 10.11.2004 թվականներին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը անվավեր է ճանաչել մասնակի՝ 1/4-ի մասով: Վերոգրյալի հիման վրա, վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 27.04.2007թվականի վճռին: 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 1) Նորայր Ալլահվերդյանը ժառանգատուի (Քնարիկ Ալլահվերդյանի) հայրն է, իսկ Բաբկեն Տեր-Մանվելյանը՝ որդին: 2) Արմեն Ալլահվերդյանը Նորայր Ալլահվերդյանի որդին է և առաջին հերթի ժառանգը: 3) Քնարիկ Ալլահվերդյանի մահվան պահից Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 3-րդ շենքի թիվ 324 բնակարանում մշտապես հաշվառված է եղել և բնակվել Նորայր Ալլահվերդյանը: 4) Բաբկեն Տեր-Մանվելյանը 31.10.2001 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայական է ստացել Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 38 բնակելի տան, իսկ 10.11.2004 թվականին՝ Ալիխանյան փողոցի 3-րդ շենքի 324-րդ բնակարանի նկատմամբ: 5) Նորայր Ալլահվերդյանը դիմել է դատարան Բաբկեն Տեր-Մանվելյանին 31.10.2001 թվականին և 10.11.2004 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու և իրեն ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով: Հետագայում հայցից հրաժարվել է: 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` Բաբկեն Տեր-Մանվելյանի վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցը. Արդյո՞ք հայցից հրաժարումը կարող է դիտվել որպես հայցվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում՝ ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը: Ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով: Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ժառանգը կարող է հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման վայրի նոտարին ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում տալու միջոցով: Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Նորայր Ալլահվերդյանը նման եղանակով իրեն հասանելիք ժառանգությունից չի հրաժարվել: Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում ներկայացված պատճառաբանությանն այն մասին, որ հայցից հրաժարումը անհրաժեշտ է որակել որպես ժառանգությունից հրաժարում, ապա Վճռաբեկ դատարանը այն անհիմն է համարում, հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ հայցվորն իրավունք ունի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը փոխել հայցի հիմքը կամ առարկան, ավելացնել կամ նվազեցնել հայցային պահանջների չափը կամ հրաժարվել հայցից: Վերոնշյալից հետևում է, որ հայցից հրաժարումը հայցվորի դատավարական իրավունքն է: Հայցից հրաժարվելով, հայցվորն ըստ էության հրաժարվում է ոչ թե պատասխանողի նկատմամբ ունեցած պահանջից, այլ քաղաքացիական դատավարության կանոններով իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցից: Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև դատավարական օրենքի այն կարգավորումը, համաձայն որի հայցից հրաժարումը հայցվորին չի զրկում նույն հայցով կրկին անգամ դատարան դիմելու իրավունքից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից: Նույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջեւ, նույն առարկայի մասին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ սույն օրենսգրքի 109 հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքի: Այսինքն՝ Նորայր Ալլահվերդյանը, հրաժարվելով Բաբկեն Տեր-Մանվելյանի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու և իրեն ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով ներկայացված հայցադիմումից, չի զրկվել նույն հայցով կրկին անգամ դատարան դիմելու իրավունքից: Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև վճռաբեկ բողոքի այն հիմնավորումը, համաձայն որի Արմեն Ալլահվերդյանը պատշաճ հայցվոր չէ, քանի որ Նորայր Ալլահվերդյանը չի օգտվել իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հնրավորությունից, հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի կանոններով: Նույն օրենսգրքի 1186-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները եւ պարտականությունները: Հիմք ընդունելով վերոնշյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Ալլահվերդյանը Նորայր Ալլահվերդյանի որդին է և առաջին հերթի ժառանգը, հետևաբար Արմեն Ալլահվերդյանին է անցնում Նորայր Ալլահվերդյանին պատկանող գույքային բոլոր իրավունքները, այդ թվում՝ Նորայր Ալլահվերդյանի կողմից արդեն իսկ ընդունած ժառանգական գույքի նկատմամբ իր իրավունքների ճանաչման հայցով դատարան դիմելու իրավունքը: Արմեն Ալլահվերդյանի վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի առաջին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել և որոնք չեն պարզվել, իսկ նույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը: Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով այն հանգամանքը, որ Նորայր Ալլահվերդյանը ընդունել է ժառանգական գույքի 1/2 մասը, այնուհանդերձ վճռել է Բաբկեն Տեր-Մանվելյանին 31.10.2001 և 10.11.2004 թվականներին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը անվավեր ճանաչել 1/4-ի մասով: Այսինքն՝ առկա է անհամապատասխանություն Վերաքննիչ դատարանի վճռի պատճառաբանական և եզրափակիչ մասերում: Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական խախտումը հանգեցրել է գործի սխալ լուծման: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմեն Ալլահվերդյանի վճռաբեկ բողոքի հիմնավոր լինելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 02.10.2007 թվականի վճիռը բեկանելու հիմք է: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Արմեն Ալլահվերդյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 27.04.2007թվականի վճռին: 2. Բաբկեն Տեր-Մանվելյանի վճռաբեկ բողոքը մերժել: 3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ Դատավորներ՝ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ