Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական
ԳԴ4/0069/02/13
- Գործի համարը
- ԳԴ4/0069/02/13
- Հայցվոր
- «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ
- Պատասխանող
- ««ՀԱՆՔԱՎԱՆ» հանքային ջրերի գործարան» ԲԲԸ
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 29.11.2013
- Քաղաքացիական դատավարություն
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ ԳԴ4/0069/02/13
դատարանի որոշում 2013թ.
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0069/02/13
Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան
Դատավորներ՝ Կ. Հակոբյան
Դ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
2013 թվականի նոյեմբերի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով <<<<ՀԱՆՔԱՎԱՆ>> հանքային ջրերի գործարան>> ԲԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.08.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի <<Սևան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ <<<<ՀԱՆՔԱՎԱՆ>> հանքային ջրերի գործարան>> ԲԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` գումարի բռնագանձման և պայմանագրի լուծման պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 266.352 ՀՀ դրամ և լուծել 10.03.2005 թվականին կնքված <<Սևան>> ազգային պարկի 1908.0 մետր բացարձակ նիշից բարձր տարածքներում հողամասի վարձակալության մասին թիվ 073 պայմանագիրը:
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Մանուկյան) (այսուհետ՝ Դատարան) 03.05.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.08.2013 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.05.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 78-րդ, 86-րդ, 218-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ներկայացված հայցապահանջը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածով սահմանված բացառիկ ընդդատության ենթակա հայցապահանջ չէ, որպիսի պարագայում հայցը պետք է հարուցվեր և վարույթ ընդունվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված ընդդատության ընդհանուր կանոնին համապատասխան: Վերոգրյալից հետևում է, որ Դատարանը իրավասու չէր քննելու <<Սևան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի հայցը, այլ պետք է կայացներ որոշում գործը պատասխանողի գտնվելու վայրի, այն է` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին հանձնելու մասին, ինչը, սակայն, չի արել՝ թույլ տալով դատավարական իրավունքի կոպիտ խախտում, որի արդյունքում պատասխանողին զրկել է իրավասու դատարանում հանդես գալու և իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը, հայցը բավարարել է` հիմք ընդունելով հայցվորի կողմից ներկայացված տեղեկանքը, որով պարտքի չափը չի ապացուցվել:
Գումարի բռնագանձման պահանջով ապացուցման բեռը կրում է հայցվորը, որը պետք է ապացուցեր պատասխանողի պարտքի չափը։ Սույն գործով պարտքի չափի վերաբերյալ որպես ապացույց հայցվորը ներկայացրել է իր իսկ կազմած տեղեկանքը, որը սուբյեկտիվ փաստաթուղթ է և չի կարող հանդիսանալ փաստը հաստատող պատշաճ ապացույց:
Սույն գործով Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 21.08.2013 թվականին` ժամը 12:15-ին, որը չի կայացել, իսկ նոր նիստի վերաբերյալ Կազմակերպությունը չի ծանուցվել և առանց պատշաճ ծանուցման Կազմակերպության վերաքննիչ բողոքը քննվել և մերժվել է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.08.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Վերաքննիչ դատարանի 21.08.2013 թվականի ժամը 12:15-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին Ընկերությունը և Կազմակերպության ներկայացուցիչը ծանուցագրերով ծանուցվել են (գ.թ. 69-79)։
2. Դատական նիստի արձանագրության համաձայն` սույն գործով դատական նիստը սկսվել է 21.08.2013 թվականի ժամը 13:10-ին։ Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն չեն ներկայացել, գործը քննել է նրանց բացակայությամբ: Նույն օրը դատարանը գործի քննությունը հայտարարել է ավարտված (գ.թ. 86):
3. Վերաքննիչ բողոք ներկայացրած անձ Կազմակերպությունը պատշաճ ձևով չի տեղեկացվել 21.08.2013 թվականի ժամը 13:10-ին տեղի ունենալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է այն իրավական խնդրին, թե արդյոք դատարանը, գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին, սակայն այն սկսելով ուշացմամբ, խախտում է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի համաձայն՝ բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին: Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագիրը պետք է պարունակի դատարանի անվանումը և ստույգ հասցեն, նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին, գործը, որի վերաբերյալ անձը ծանուցվում է, նշում` դատարան կանչվող կամ ծանուցվող անձի մասին, նշում, թե անձը որպես ինչ է ծանուցվում կամ կանչվում, նշում` չներկայանալու հետևանքների մասին:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 78-րդ հոդվածի կիրառման հարցին։ Մասնավորապես, նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տե՛ս` ըստ հայցի Վերգուշ Վարդանյանի ընդդեմ Եղիշ Թորոսյանի, Արամայիս Օհանջանյանի և Միշա Գրիգորյանի՝ ընդհանուր գույքում բաժինն առանձնացնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ։ Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն (տե´ս Վարդան Նավասարդյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Համլետ Ավդալյանի՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1867(Ա) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախագահողը դատական նիստը բացում է գործի քննության համար նշանակված ժամին: Այսինքն` դատական նիստը սահմանված ժամին սկսելը գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված լինելու տարրերից է:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (տե՛ս ըստ հայցի Շենգավիթի թաղապետարանի ընդդեմ Ալվինա, Լիանա Կազկոների, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին թիվ 3-2236/Ա քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը)։
Սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական նիստը նշանակել է 21.08.2013 թվականին` ժամը 12:15-ին, որի վերաբերյալ վերաքննիչ բողոք բերած անձ Կազմակերպությունը պատշաճ ձևով ծանուցվել է: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը դատական նիստը սկսել է 21.08.2013 թվականին` ժամը 13:10-ին, այնինչ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Վերաքննիչ դատարանը կողմերին պատշաճ ձևով տեղեկացրել է 21.08.2013 թվականի ժամը 13:10-ին տեղի ունենալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, 79-րդ և 218-րդ հոդվածների պահանջները, գործը քննել է վերաքննիչ բողոք բերած անձ Կազմակերպության բացակայությամբ, ինչը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով արձանագրված կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար, որի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.08.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող`
Դատավորներ` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
