Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական

ԿԴ3/0085/02/09

Գործի համարը
ԿԴ3/0085/02/09
Հայցվոր
Վանա Վարուջի Սաֆաիեի
Պատասխանող
Առլեն Պետրոսյանս
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
28.11.2014
Քաղաքացիական դատավարություն

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0085/02/09 դատարանի որոշում 2014թ. Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0085/02/09 Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան Դատավորներ` Ա. Խառատյան Ա. Պետրոսյան ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ մասնակցությամբ դատավորներ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ Մ. ԴՐՄԵՅԱՆԻ Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ 2014 թվականի նոյեմբերի 28-ին դռնբաց դատական նիստում, քննելով Առլեն Պետրոսյանսի ներկայացուցիչ Աշոտ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վանա Վարուջի Սաֆաիեի ընդդեմ Առլեն Պետրոսյանսի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Վանա Վարուջի Սաֆաիեին պահանջել է Առլեն Պետրոսյանսից հօգուտ իրեն բռնագանձել 102.778.000 ՀՀ դրամ և 90.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Հեբոյան) (այսուհետ` Դատարան) 05.11.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Առլեն Պետրոսյանսից հօգուտ Վանա Սաֆաիեի բռնագանձել 25.390.500 ՀՀ դրամ և 40.360 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 24.400.000 ՀՀ դրամը` որպես առուվաճառքի պայմանագրով վճարված գումար, 900.000 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 40.000 ՀՀ դրամը` որպես շինարարական թույլտվության և հողամասի տեխզննման համար վճարված գումար, 5.500 ՀՀ դրամը` որպես թիվ 3251 հողամասի առուվաճառքի պայմանագրի վավերացման համար վճարված գումար, 45.000 ՀՀ դրամը` որպես փորձաքննության համար վճարված գումար, 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` որպես շինարարության կատարման համար նախապես վճարված գումար, 2.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` որպես շինարարական նախագծի համար նախապես վճարված գումար, 17.860 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված բանկային տոկոսներ, իսկ հայցապահանջը` մնացած մասով, մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2010 թվականի որոշմամբ Առլեն Պետրոսյանսի վերաքննիչ բողոքը վերադարձվել է և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով սահմանվել է երկշաբաթյա ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2013 թվականի որոշմամբ մերժվել է Առլեն Պետրոսյանսի վերաքննիչ բողոքը` նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու, Դատարանի 05.11.2010 թվականի վճիռը բեկանելու մասին և նշված վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Առլեն Պետրոսյանսի ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ, 204.32-րդ և 204.34-րդ հոդվածները, որն ազդել է գործի ելքի վրա և կայացվել է չպատճառաբանված դատական ակտ: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը, անտեսելով բողոքում ներկայացված փաստարկները և դրանք հիմնավորող ապացույցները, առանց որևէ հիմնավոր պատճառաբանության մերժել է Առլեն Պետրոսյանսի վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Առլեն Պետրոսյանսը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, պարբերաբար բացակայել է ՀՀ-ից և տեղյակ չի եղել թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2010 թվականի որոշման մասին: Այն հանգամանքի մասին, որ Վանա Սաֆաիեին հանդիսանում է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Չարենցի փողոցի թիվ 15 հասցեի անշարժ գույքի միակ սեփականատերը, Առլեն Պետրոսյանսնն իմացել է միայն 30.05.2013 թվականին` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված գրությամբ: Նման պայմաններում ակնհայտ է, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված եռամսյա ժամկետի հաշվարկը պետք է սկսել 30.05.2013 թվականից, երբ Առլեն Պետրոսյանսն իմացել է, որ վիճելի հասցեի անշարժ գույքի սեփականատերը հաստատապես Վանա Սաֆաիեին է և տեղեկացել է թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2010 թվականի որոշման մասին: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Առլեն Պետրոսյանսը, չտիրապետելով ՀՀ օրենսդրությանը, չի կարողացել իրացնել իր դատական պաշտպանության իրավունքը, մասնավորապես` թիվ ԿԴ3/0085/02/09 քաղաքացիական գործով կայացված վճռով վերջինիս վրա դրված ոչ իրավաչափ գումարային պարտավորությունների մասով, և միևնույն ժամանակ զրկվել է նաև ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Չարենցի փողոցի թիվ 15 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իր ունեցած սեփականության իրավունքից: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության: 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը` Դատարանի 05.11.2010 թվականի թիվ ԿԴ3/0085/02/09 վճռի հիմքում դրվել է նաև ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2009 թվականի թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 վճիռը (հատոր 4-րդ, գ.թ. 132-139): ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2009 թվականի թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 վճռով Կարինե Հաիգազի Գաբրիի հայցն ընդդեմ Վանա Վարուջի Սաֆաիեի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման և երրորդ անձ Առլեն Պետրոսյանսի բավարարվել է: Վճռվել է մասնակի անվավեր ճանաչել Առլեն Պետրոսյանսի և Վանա Վարուջի Սաֆաիեի միջև 13.10.2008 թվականին կնքված ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Չարենցի թիվ 15 հասցեում գտնվող հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և ճանաչվել է Կարինե Գաբրիի սեփականության իրավունքը նշված հասցեում գտնվող հողամասի 1/2 մասի նկատմամբ (հատոր 4-րդ, գ.թ. 1-6): Առլեն Պետրոսյանսի կողմից 18.07.2013 թվականին բերված վերաքննիչ բողոքին կից ներկայացված ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2010 թվականի որոշմամբ Վանա Սաֆաիեի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2009 թվականի թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 վճիռը բեկանվել և փոփոխվել է. որոշվել է Կարինե Հաիգազի Գաբրիի հայցն ընդդեմ Վանա Վարուջի Սաֆաիեի, ՀՀ կառավարությանն աընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման և երրորդ անձ Առլեն Պետրոսյանսի` հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և հայցվորի սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Չարենցի թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 մասի նկատմամբ ճանաչելու պահանջի մասին, մերժել (հատոր 5-րդ, գ.թ. 36-40): Առլեն Պետրոսյանսի կողմից 18.07.2013 թվականին բերված վերաքննիչ բողոքին կից ներկայացված ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) 30.05.2013 թվականի տեղեկանքի համաձայն` Կոտայքի մարզ, գ. Քասախ, Չարենցի փողոց թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքը միանձնյա սեփականության իրավունքով գրանցված է Վանա Սաֆաիե Վարուջի անվամբ (հատոր 5-րդ, գ.թ. 41):  4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար: Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետը պահպանված լինելու հարցին, ինչպես նաև օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները դատական ակտի հիմնավորման հիմքում դնելու իրավաչափության խնդրին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե վերացվել է այն դատական ակտը, դատավճիռը, վարչական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին: Վկայակոչված իրավադրույթի վերլուծությունից հետևում է, որ բողոք բերած անձն է կրում դատական ակտը նոր երևան եկած հանգամանքի հիմքով օրենքով սահմանված ժամկետում բողոքարկելու փաստի ապացուցման պարտականությունը: Այսինքն` բողոք բերած անձը ոչ միայն պետք է ապացուցի, որ առկա է նոր երևան եկած հանգամանք, այլև պետք է համապատասխան թույլատրելի և վերաբերելի ապացույցների ներկայացմամբ հիմնավորի, որ այդ հանգամանքի ի հայտ գալու մասին իմացել կամ կարող էր իմանալ բողոքը ներկայացնելուն նախորդող եռամսյա ժամկետի ընթացքում: Սույն գործով բողոք բերած անձը որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացրել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2010 թվականի թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 որոշումը, և որպես այդ հանգամանքի մասին իր կողմից իմանալու փաստը հիմնավորող ապացույց վերաքննիչ բողոքին կցել է Կադաստրի 30.05.2013 թվականի տեղեկանքը, ըստ որի` Կոտայքի մարզ, գ. Քասախ, Չարենցի փողոց, թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքը միանձնյա սեփականության իրավունքով պատկանում է Վանա Սաֆաիեին: Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, արձանագրել է, որ բողոք բերած անձի կողմից նոր երևան եկած հանգամանքի վերաբերյալ տեղյակ լինելու փաստը գնահատելու համար անհրաժեշտաբար պահանջվել է թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 քաղաքացիական գործը և նշված հանգամանքը բացահայտվել է հիշյալ քաղաքացիական գործի նյութերի ուսումնասիրությամբ: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 քաղաքացիական գործում առկա հետևյալ ապացույցները. ա) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2010 թվականի որոշմամբ Վանա Սաֆաիեի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, և գործի քննությունը նշանակվել է 03.11.2010 թվականին (գործ թիվ ՀՅՔԴ4/0136/02/08, հատոր 3-րդ, գ.թ. 16-17): բ) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2010 թվականի <<Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու, այն վերականգնելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու>> մասին որոշումը 13.10.2010 թվականի թիվ ԴԴ7-23682 գրությամբ` ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Քասախ, Կենտրոն 3-րդ փողոց, թիվ 15 տուն հասցեով պատվիրված նամակով հետադարձ ծանուցմամբ ուղարկվել է Առլեն Պետրոսյանսին, հետադարձ ծանուցման թերթիկը ստորագրվել և փոստային բաժանմունքի կողմից հետ է վերադարձվել դատարան 21.10.2010 թվականին (գործ թիվ ՀՅՔԴ4/0136/02/08, հատոր 3-րդ, գ.թ. 31-33): գ) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2010 թվականի որոշմամբ Վանա Սաֆաիեի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել և փոփոխվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2009 թվականի թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 վճիռը և հայցը մերժվել է (գործ թիվ ՀՅՔԴ4/0136/02/08, հատոր 3-րդ, գ.թ. 76-80): դ) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2010 թվականի որոշումը նույն` ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Քասախ, Կենտրոն 3-րդ փողոց, թիվ 15 տուն հասցեով պատվիրված նամակով հետադարձ ծանուցմամբ 08.12.2010 թվականի թիվ ԴԴ7-28860 գրությամբ ուղարկվել է Առլեն Պետրոսյանսին, որը ստորագրությամբ վերջինիս հանձնվել է 13.12.2010 թվականին, իսկ հետադարձ ծանուցման թերթիկը նույն ստորագրությամբ փոստային բաժանմունքի կողմից հետ է վերադարձվել դատարան (գործ թիվ ՀՅՔԴ4/0136/02/08, հատոր 3-րդ, գ.թ. 93): Վերաքննիչ դատարանը, միաժամանակ նշելով, որ Առլեն Պետրոսյանսը մասնակցել է թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 քաղաքացիական գործին, ստացել է ինչպես վերաքննիչ բողոքի, այնպես էլ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և գործը վերաքննիչ դատարանում դատական նիստ նշանակելու մասին որոշումները, հանգել է այն հետևության, որ Առլեն Պետրասյանսի կողմից չի հիմնավորվել նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող հանգամանքի ի հայտ գալու վերաբերյալ բողոք բերած անձի իրազեկման պահից բողոք ներկայացնելու օրենքով սահմանված 3 ամսվա ժամկետի պահպանման փաստը: Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերը նշված եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան: Միջնորդությունում պետք է նշվեն ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում: Վկայակոչված իրավադրույթներից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության սկզբունքի հիման վրա: Մրցակցության սկզբունքը, որպես քաղաքացիական դատավարության հիմնարար սկզբունք, կոչված է խթանել գործին մասնակցող անձանց դատավարական ակտիվությունը, ինչն առաջնահերթ դրսևորվում է ապացուցման գործընթացում: Մրցակցային դատավարության պայմաններում ապացուցման պարտականությունը կրում են գործին մասնակցող անձինք: Դատարանը պատասխանատու է ապացուցման գործընթացի կազմակերպման համար, կարող է իրականացնել մրցակցությանն օժանդակող, այն երաշխավորող որոշակի գործառույթներ, սակայն իր նախաձեռնությամբ ապացույցներ ձեռք բերելու իրավունք չունի: Դատարանը սեփական նախաձեռնությամբ ապացույց կարող է ձեռք բերել բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ կետով և 60-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում, այլ դեպքերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով միայն կարող է օժանդակել գործին մասնակցող անձանց` համապատասխան ապացույցը ձեռք բերելու հարցում: Հետևաբար, վերոնշյալ կանոնների խախտմամբ ձեռք բերված ապացույցները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներ են, իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատական ակտի հիմնավորման հիմքում: Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրվել են այնպիսի ապացույցներ, որոնք Վերաքննիչ դատարանի կողմից թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 քաղաքացիական գործից ձեռք են բերվել սեփական նախաձեռնությամբ: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը պահպանված չլինելու փաստը հաստատված է համարել` բացառապես հիմնվելով իր նախաձեռնությամբ ձեռք բերված ապացույցների վրա, որոնք վերը նշված վերլուծությունների և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետի իրավանորմի հիմքով իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմքում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Վերոնշյալ իրավանորմից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:  Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե°ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև հավելել, որ բոլոր այն դեպքերում, երբ Վերաքննիչ դատարանը քննության է առնում նաև բողոք բերած անձի կողմից բողոքարկման իրավունքի իրացման ժամկետների պահպանվածության հարցը, Վերաքննիչ դատարանը պարտավոր է նաև գնահատել բողոք բերած անձի կողմից ներկայացված ապացույցները: Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը պահպանված լինելու փաստի վերաբերյալ եզրահանգումներ անել` հետազոտելով և գնահատելով բողոք բերած անձի փաստարկները և դրանք հիմնավորող ապացույցները: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է ի հիմնավորումն բողոք բերելու համար սահմանված ժամկետը պահպանված լինելու փաստի ներկայացված ապացույցը: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Դատավորներ` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Մ. ԴՐՄԵՅԱՆ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ