Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական

ԵԴ/12436/02/18

Գործի համարը
ԵԴ/12436/02/18
Հայցվոր
«Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ
Պատասխանող
ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
22.10.2021
Հատուկ կարծիք
DOCX PDF

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12436/02/18 դատարանի որոշում 2021թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12436/02/18 Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան Դատավորներ՝ Ն. Բարսեղյան Ս. Թորոսյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ Մ. ԴՐՄԵՅԱՆ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ Մ. ԴՐՄԵՅԱՆԻ Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆԻ 2021 թվականի հոկտեմբերի 22-ին գրավոր ընթացակարգով քննելով «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Եղեգնաձոր ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի, երրորդ անձինք` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ), «Ա.Ա.Բ. Պրոեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն)` գնումների հետ կապված բողոքը բավարարելու մասով որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1.Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության գնումների հետ կապված բողոքներ քննող անձի 18.06.2018 թվականի թիվ ԳԲԽ-ԱՄ-2018/64 բողոքը մասնակի բավարարելու վերաբերյալ կայացված որոշումը՝ բավարարված մասով: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Հովսեփյան) (այսուհետ՝ Դատարան) 05.10.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Մ. Անանյանի` 18.06.2018 թվականի թիվ ԳԲԽ-ԱՄ-2018/64 որոշումը, որով պարտավորեցվել է Հիմնադրամի կողմից հայտարարված ՋԲՄ-ԱՇՁԲ-2018/3 ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովին` դադարեցնել Ընկերության հայտը հրավերի պահանջներին բավարար գնահատելու, առաջին տեղ զբաղեցրած և ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումները և Ընկերության հայտը գնահատել հրավերի պահանջներին չհամապատասխանող: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.02.2019 թվականի որոշմամբ Կազմակերպության և ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի վերաքննիչ բողոքները բավարարվել են, և Դատարանի 05.10.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Վահագն Գասպարյան): Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ, 447-րդ հոդվածները, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 32-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իր կողմից վկայակոչված՝ ՀՀ կառավարության 11.08.2011 թվականի թիվ 1145-Ն որոշումը բանկային երաշխիքի տրման ժամանակ ուժը կորցրած է եղել, հետևաբար կիրառելի չի եղել: Այսինքն՝ տվյալ դեպքում առկա չէ բանկային երաշխիքի օրինակելի ձև, հետևաբար պետք է բովանդակային մեկնաբանմամբ գնահատական տալ ներկայացված երաշխիքին՝ այդ թվում հաշվի առնելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից տրված լրացուցիչ պարզաբանումները: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությանը տրված երաշխիքի 1-ին մասի բովանդակային ուսումնասիրությունից ակնհայտ է, որ սահմանված է երաշխիքի վճարման պայման այն դեպքում, երբ մասնակիցը խախտել է պարտավորությունները՝ համաձայն մրցույթի պայմանների: Փաստորեն Վերաքննիչ դատարանի կողմից նշված հրավերի 11-րդ հավելվածով սահմանված 7.3-րդ կետի 2-րդ ենթակետի բացակայության եզրահանգումը չի բխում գործի փաստերից և ակնհայտ անհիմն է, քանի որ նման եզրահանգման գալու համար Վերաքննիչ դատարանը առնվազն պետք է բացահայտեր, թե գնման գործընթացի որ պարտավորության խախտման դեպքն է բացակայում երաշխիքում: Վերաքննիչ դատարանը վավերականության ժամկետի վերաբերյալ նույնպես կատարել է սխալ մեկնաբանում, քանի որ ամբողջությամբ մրցույթի երաշխիքը ապահովում է պարտավորությունը: Նախ` անկախ որևէ հանգամանքից՝ բանկային երաշխիքի վավերականությանը վերաբերող «բ» կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանի առկայության դեպքում իրավահարաբերությունը դադարում է, որից հետո այլևս կբացակայի պատվիրատուի հանդեպ որևէ հնարավոր պարտավորություն, իսկ «բ» կետի 2-րդ ենթակետի պայմանը, որով նախատեսված է 90 աշխատանքային օր ժամկետից հետո բանկային երաշխիքի վավերականության ավարտ, ամբողջությամբ ապահովում է մրցույթում հնարավոր պարտավորության խախտումը: Ավելին, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից տրված լրացուցիչ պարզաբանումներով հիմնավորվել է, որ 2-րդ ենթակետի պայմանը կիրառելի է նաև 1-ին կետի նկատմամբ: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 15.02.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.10.2018 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության: 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ Հիմնադրամի կողմից Հիմնադրամի կարիքների համար Ջերմուկ համայնքի փողոցների շինարարական բարեկարգման «Ջերմուկ համայնքում փողոցների շին. բարեկարգում (վերակազմավորում) Շահումյան և Մյասնիկյան փող. II-րդ փուլ» աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվել է «ՋԲՄ-ԱՇՁԲ-2018/3» ծածկագրով բաց մրցույթ, որում հաղթող (ընտրված մասնակից) է ճանաչվել Ընկերությունը (անվիճելի փաստ, հատոր 1-ին, գ.թ. 8-31): «ՋԲՄ-ԱՇՁԲ-2018/3» ծածկագրով բաց մրցույթի շրջանակներում Ընկերության կողմից ներկայացվել է գնային առաջարկ՝ 634.851.600 ՀՀ դրամի, իսկ Կազմակերպության կողմից՝ 824.843.640 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 38, 39): «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի 20.04.2018 թվականի թիվ 2866-02 «Մրցույթային առաջարկի բանկային երաշխիք»-ի համաձայն․ «(...) Մրցույթի մասնակցի խնդրանքով մենք՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով երաշխավոր, հաստատում ենք, որ պարտավորվում ենք անվերապահորեն շահառուի՝ [Հիմնադրամի] առաջին իսկ գրավոր պահանջով նրան վճարել 37.500.000 ՀՀ դրամը չգերազանցող գումար, եթե այդ պահանջի հետ մեկտեղ մեզ ներկայացվի նաև գրավոր ծանուցում, որով կսահմանվի, որ մրցույթի մասնակիցը խախտել է իր պարտավորությունները՝ համաձայն մրցույթի պայմանների, քանի որ նա՝ (ա) հետ է վերցրել իր մրցութային առաջարկը մրցույթի մասնակցի կողմից մրցույթին մասնակցելու նամակում նշված առաջարկի վավերության ժամկետի, կամ մրցույթի մասնակցի կողմից երկարաձգված վավերության ժամկետի ընթացքում, կամ (բ) մրցութային առաջարկի վավերության ժամկետի ընթացքում, ստանալով ծանուցում շահառուի կողմից իր մրցութային առաջարկի ընդունման մասին՝ (i) հրաժարվում է կնքել պայմանագրային համաձայնագիրը, կամ (ii) հրաժարվում է ներկայացնել կատարողական երաշխիք՝ համաձայն շահառուի մրցութային փաստաթղթերի «Հրահանգներ մրցույթի մասնակիցներին» (ՀՄՄ) բաժնի: Նույն երաշխիքի վավերականության ժամկետը լրանում է` (ա) եթե մրցույթի մասնակիցը մրցույթի շահող է, ապա` այն պահին, երբ մենք ստանում են մրցույթի մասնակցի կողմից ստորագրված պայմանագրային համաձայնագիրը, և Դուք ստանում եք մրցույթի մասնակցի հրահանգով շահառուի համար թողարկված կատարողական երաշխիքը, (բ) եթե մրցույթի մասնակիցը մրցույթի շահող չէ, ապա հետևյալ դեպքերից ավելի վաղի տեղի ունենալու պահին. (1) մենք ստանում ենք մրցույթի հաղթողին ճանաչելու վերաբերյալ շահառուի ծանուցման պատճենը մրցույթի մասնակցին, (2) հայտը ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օր անց: (…)» (հատոր 1-ին, գ.թ. 32): «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն 04.06.2018 թվականի թիվ 3988-02 գրությամբ Հիմնադրամին հայտնել է, որ 20.04.2018 թվականին բանկի կողմից տրամադրվել է թիվ 2866-02 բանկային երաշխիքը Հիմնադրամի կողմից կազմակերպված թիվ «ՋԲՄ-ԱՇՁԲ-2018/3» ծածկագրով մրցույթին մասնակցելու հրավերի շրջանակներում «Ջերմուկ համայնքի փողոցների շինարարական բարեկարգման «Ջերմուկ համայնքում փողոցների շինարարական բարեկարգում /վերակազմավորում/ Շահումյան և Մյասնիկյան փողոցների 2-րդ փուլ» աշխատանքները կատարելու մրցույթին մասնակցելու համար: Բանկային երաշխիքում առկա (բ) կետի «(2) հայտը ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օր անց» ենթակետը կիրառելի է նաև (բ) կետի (1) ենթակետի համար (հատոր 1-ին, գ.թ. 33): «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի կողմից 05.06.2018 թվականին Ընկերությանը տրված թիվ 4029-02 տեղեկանքի համաձայն` 20.04.2018 թվականին տրամադրվել է թիվ 2866-02 բանկային երաշխիքը Հիմնադրամի կողմից կազմակերպված թիվ «ՋԲՄ-ԱՇՁԲ-2018/3» ծածկագրով մրցույթին մասնակցելու հրավերի շրջանակներում «Ջերմուկ համայնքի փողոցների շինարարական բարեկարգման «Ջերմուկ համայնքում փողոցների շինարարական բարեկարգում /վերակազմավորում/ Շահումյան և Մյասնիկյան փողոցների 2-րդ փուլ»» աշխատանքները կատարելու մրցույթին մասնակցելու համար: 90 աշխատանքային օր վավեր լինելու պահանջը տարածվում է նաև «բ» կետի (1) ենթակետի վրա, որը ենթադրում է, որ նույնիսկ «բ» կետի (1) ենթակետով նախատեսված պայմանը ի հայտ գալու դեպքում այնուամենայնիվ բանկային երաշխիքի վավերականության ժամկետը մնում է 90 աշխատանքային օր (հատոր 1-ին, գ.թ. 34): ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Մհեր Անանյանը 18.06.2018 թվականի թիվ ԳԲԽ-ԱՄ-2018/64 որոշմամբ որոշել է Կազմակերպության կողմից 18.05.2016 թվականին ներկայացված բողոքը բավարարել մասնակի՝ պարտավորեցնել Հիմնադրամի կողմից հայտարարված «ՋԲՄ-ԱՇՁԲ-2018/3» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովին՝ (ա) դադարեցնել Ընկերության հայտը հրավերի պահանջներին բավարար գնահատելու, առաջին տեղ զբաղեցրած և ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումները, (բ) Ընկերության հայտը գնահատել հրավերի պահանջներին չհամապատասխանող: Որոշման հիմքում դրվել է Ընկերության կողմից ներկայացված հայտի ապահովումն օրենքով և հրավերով սահմանված պահանջներին՝ մասնավորապես երաշխիքի սահմանված օրինակելի ձևին չհամապատասխանելու հանգամանքը: Բողոք քննող անձը գտել է, որ բանկային երաշխիքով սահմանված՝ հայտի ապահովման վճարելու դեպքերն ավելի նեղ են, քան այն հիմքերը, որոնք սահմանված են «Գնումների մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես, երաշխիքի մեջ բացակայում է ընթացակարգի հրավերի 7.3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված` հայտի ապահովումը վճարելու հիմքը, այն է՝ երբ մասնակցի կողմից խախտվում է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարման (հատոր 1-ին, գ.թ. 8-31): 22.06.2018 թվականին հրավիրված հայտերի գնահատման նիստում «ՋԲՄ-ԱՇՁԲ-2018/3» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի 18.06.2018 թվականի որոշումը, որոշել է Ընկերության հայտը համարել հրավերի պահանջներին անբավարար և դադարեցնել առաջին տեղ զբաղեցրած և ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումները, իսկ Կազմակերպությանը ճանաչել առաջին տեղ զբաղեցրած մասնակից (հատոր 2-րդ, գ.թ. 100-101): 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է` 1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված հայտի էության վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, 2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 32-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում: Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը գնումների վերաբերյալ օրենսդրության վերլուծություն հիման վրա անհրաժեշտ է համարում անդրադառնալ գնումների գործընթացում հայտի ապահովման էությանը, ինչպես նաև գնման գործընթացի փուլերին և գնման գործընթացի առանձնահատկություններին: «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. (...) 3) գնում` պատվիրատուի հատուցմամբ` ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքելու միջոցով բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, լիզինգը, պատվիրատուի կողմից նվիրաբերության կարգով իրավաբանական անձանց հատկացվող միջոցների հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, փոխանակման ձևով ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերումը, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության, ներառյալ հավատարմագրային կառավարման և կոնցեսիայի գործարքների շրջանակներում մասնավոր հատվածի գործընկերոջը իրավունքների շնորհումը. 4) պայմանագիր` գնում կատարելու նպատակով կնքվող գրավոր գործարք. 5) մասնակից` պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ. 6) ընտրված մասնակից` մասնակից (մասնակիցներ), որին (որոնց) պատվիրատուն առաջարկում է կնքել պայմանագիր. 7) հրավեր` պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ. 8) հայտ` հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ. 9) հայտի ապահովում` նույն օրենքով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց. 10) պայմանագրի ապահովում` նույն օրենքով նախատեսված դեպքերում ընտրված մասնակցի կողմից պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց. (...) 23) գնման գործընթաց` գնում կատարելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն, ներառյալ՝ գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը և կառավարումը. (...): «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի նպատակն է ապահովել գնումների գործընթացում հատուցման դիմաց արժեք, այն է` 1) պատվիրատուին վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ` կարիքին համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում` համարժեք հատուցմամբ. 2) գնումների և գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացում: «Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գնում կատարելու ընթացակարգերն են` 1) էլեկտրոնային աճուրդը. 2) մրցույթը. 3) գնանշման հարցումը. 4) մեկ անձից գնումը: «Գնումների մասին» ՀՀ օրենքի 4-րդ բաժնով սահմանվում է մրցույթի՝ որպես գնման նախընտրելի ձևի անցկացման կարգը: «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 04.05.2017 թվականի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 4-րդ կետի համաձայն՝ գնման գործընթացը հետևյալ գործընթացների (գործառույթների) ամբողջությունն է՝ 1) գնումների պլանավորում. 2) գնման գործընթացի կազմակերպում (ներառյալ գնման առարկայի բնութագրերի հաստատումը). 3) պայմանագրի կնքում. 4) պայմանագրի կատարում և կառավարում: Կարգի 7-րդ բաժնով մանրամասն կարգավորվում է պայմանագրի կնքման գործընթացը: «Գնումների մասին» ՀՀ օրենքի և Կարգի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ գնման գործընթացը մի շարք փուլերի ամբողջություն է, որի վերջնական նպատակը հատուցման դիմաց արժեք ապահովելն է՝ գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացմամբ: Անդրադառնալով գնումների գործընթացում պայմանագրի կնքման գործընթացի փուլերին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի (27-28-րդ, 30-36-րդ հոդվածներ) և Կարգի (31-33-րդ, 40-50-րդ կետեր) վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ գնման գործընթացում մրցույթի ընթացակարգի կիրառմամբ պայմանագրի կնքումը ներառում է. գնումների հայտարարությամբ և հրավերով հայտերի ներգրավման փուլը, որը վերաբերում է պատվիրատուի կողմից գնումների հայտարարություն և հրավեր հրապարակելուն, մասնակցի կողմից հայտերի ներկայացման փուլը, հայտերի բացման և գնահատման փուլը, պայմանագրի կնքման փուլը: Գնումների վերաբերյալ օրենսդրության ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում մի փուլի ավարտը կանխորոշում է մյուս փուլի սկիզբը, և փուլերից յուրաքանչյուրն ունի իր նպատակը: Այսպես, հայտերի ներգրավման փուլը ենթադրում է գնումների հայտարարության և հրավերի հրապարակում, որոնց հրապարակմամբ սահմանվում է հայտերի ներկայացման վերջնաժամկետը: Ընդ որում, որպես կանոն, հայտերի ներկայացման վերջնաժամկետը փաստացի համընկնում է հայտերի բացման նիստի, այսինքն՝ հայտերի բացման և գնահատման փուլի սկզբի հետ: Հայտերի գնահատման արդյունքում ընտրված մասնակից որոշելուց հետո սկիզբ է առնում պայմանագրի կնքման փուլը, երբ ընտրված մասնակցին տրամադրվում է պայմանագիր կնքելու առաջարկը և կնքվելիք պայմանագրի նախագիծը: Վերոշարադրյալ վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հայտի ապահովման էությանը: Այսպես, հայտի ապահովումը «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց է, և նույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ մասնակիցը հայտով` հրավերով սահմանված պահանջով ներկայացնում է հայտի ապահովում, որի չափը հավասար է հայտով առաջարկվող գնի մինչև հինգ տոկոսին: Հայտի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Կանխիկ փողի ձևով ներկայացված հայտի ապահովումը պահվում է լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնակիցը վճարում է հայտի ապահովումը, եթե նա` 1) հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից. 2) խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը. 3) հայտերի բացումից հետո հրաժարվել է գնման գործընթացին հետագա մասնակցությունից: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայտի ապահովման նպատակը մասնակցի կողմից հայտերի ներկայացման փուլից մինչև պայմանագրի կնքման փուլն ընկած ժամանակահատվածում մասնակցի կողմից հայտի ներկայացմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումն է: Ուստի ընտրված մասնակցի հետ պայմանագրի կնքմամբ եզրափակվում է հայտի ապահովման գործառույթը, առավել ևս, որ ընտրված մասնակիցը պարտավորվում է ներկայացնել պայմանագրի ապահովում՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն: Ի տարբերության հայտի ապահովման՝ պայմանագրի ապահովումն ապահովում է պայմանագրի կատարման գործընթացը: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ յուրաքանչյուր փուլ պետք է իրականացվի գնումների վերաբերյալ օրենսդրության իմպերատիվ պահանջների պահպանմամբ, և միայն սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում կարելի է արձանագրել մի փուլից մյուս փուլի անցումը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը կնքված է համարվում օֆերտա ուղարկած անձի կողմից դրա ակցեպտն ստանալու պահից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ 15), տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 383-րդ հոդվածի համաձայն՝ երաշխիք տված անձը (բանկը, այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը) այլ անձի (պրինցիպալի) խնդրանքով գրավոր պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար` վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երաշխիքով դրամական գումար վճարելու մասին բենեֆիցիարի պահանջը պետք է երաշխիք տված անձին ներկայացվի գրավոր` կցելով երաշխիքում նշված փաստաթղթերը: Բենեֆիցիարը պահանջի կամ դրա հավելվածի մեջ պետք է նշի, թե որն է պրինցիպալի կողմից հիմնական պարտավորության խախտումը, որի ապահովման համար տրված է երաշխիքը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բենեֆիցիարի պահանջը երաշխիք տված անձին պետք է ներկայացվի մինչև երաշխիքով սահմանված ժամկետի ավարտը, որով այն տրվել է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 392-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բենեֆիցիարի առջև երաշխիքով նախատեսված երաշխիք տված անձի պարտավորությունը սահմանափակվում է այն գումարով, որով տրված է երաշխիքը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ երաշխիք տված անձի կողմից երաշխիքով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար երաշխիք տված անձի պատասխանատվությունը բենեֆիցիարի առջև չի սահմանափակվում այն գումարով, որով տրված է երաշխիքը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիքով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բենեֆիցիարի առջև երաշխիք տված անձի երաշխիքով պարտավորությունը դադարում է` 1) բենեֆիցիարին այն գումարը վճարելով, որով տրված է երաշխիքը. 2) երաշխիքով որոշված ժամկետի ավարտով. 3) բենեֆիցիարի կողմից` երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու և երաշխիքը երաշխիք տված անձին վերադարձնելու հետևանքով. 4) բենեֆիցիարի կողմից` երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու հետևանքով, երաշխիք տված անձին պարտավորություններից ազատելու մասին գրավոր դիմում տալու միջոցով: Նույն կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված հիմքերով երաշխիք տված անձի պարտավորության դադարելը կախված չէ երաշխիքը նրան վերադարձնելուց: ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին, արձանագրել է, որ նշված հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե´ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով պայմանագրի մեկնաբանության կանոնների վերաբերյալ իր վերը նշված իրավական դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ անդրադարձել է պայմանագրերի իրավաբանական դասակարգման կամ պայմանագրերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի պայմանագրերի տարրերի առկայության բացահայտման կանոններին, և արձանագրել է, որ բացահայտումը մի քանի փուլերից բաղկացած գործընթաց է, որն իրենից ներկայացնում է պայմանագրի մեկնաբանության բաղկացուցիչ մաս: Մասնավորապես՝ պայմանագրի իրավաբանական դասակարգման համար պետք է` 1) պարզվեն տվյալ պայմանագրի պայմանները (առարկան, գինը, ձևը, կողմերի իրավունքների և պարտականությունների շրջանակը). 2) դրանք համադրվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրերի վերաբերյալ ընդհանուր և կոնկրետ պայմանագրի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ նորմերի հետ պայմանագրի տեսակը որոշելու համար: Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պայմանագրերի իրավաբանական դասակարգման նկատմամբ կիրառելի են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական իրավունքի նորմերի և պայմանագրի մեկնաբանության վերաբերյալ հոդվածները (տե´ս, «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաչագան Հովհաննիսյանի թիվ ԵՄԴ/0720/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ առանձին դեպքերում, գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններով պայմանավորված, պայմանագրի որևէ պայմանի մեկնաբանությունն իրականացնելիս չի բացառվում նաև վերը նշված կանոնների միաժամանակյա կիրառումը: Մասնավորապես` իրավակիրառ պրակտիկայում հնարավոր են դեպքեր, երբ պայմանագրի համապատասխան պայմանը թեև դրանում շարադրված բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ հստակ է, սակայն կողմերի կամ կողմի իրական կամքին չի համապատասխանում: Նման իրավիճակում միայն պայմանագրի մեկնաբանման տառացի կանոնը կիրառելով ոչ միայն կարող է սահմանափակվել շահագրգիռ անձի` գործի լրիվ և բազմակողմանի քննության իրավունքը, այլև պայմանագրի մեկնաբանման նպատակը կարող է ընդհանրապես չիրականացվել: Մինչդեռ պայմանագրի մեկնաբանումն ինքնանպատակ գործընթաց չէ և նպատակաուղղված է կողմերի իրական կամքի բացահայտմանը` որպես հիմք ունենալով քաղաքացիական իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը` բարեխղճության սկզբունքը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ առաջանում է կամքի և կամահայտնության համապատասխանությունը պարզելու անհրաժեշտություն, պայմանագրի համապատասխան պայմանի մեկնաբանումը պետք է իրականացնել` հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները. այն դեպքերում, երբ պայմանագիրը կնքած կողմի կամքը չի համապատասխանում կամահայտնությանը, և պայմանագրի մյուս կողմը գիտեր կամ կարող էր իմանալ այդ մասին, պայմանագրի համապատասխան պայմանի մեկնաբանումը պետք է իրականացվի նաև կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Մինչդեռ այն դեպքում, երբ պայմանագիրը կնքած կողմի կամքը չի համապատասխանում կամահայտնությանը, և պայմանագրի մյուս կողմը չգիտեր կամ չէր էլ կարող իմանալ այդ մասին (բարեխիղճ կողմ), պայմանագրի մեկնաբանումը պետք է իրականացվի վերը շարադրված ընդհանուր կանոններին համապատասխան (տե՛ս, Սամվել Մարտիրոսյանն ընդդեմ Գեղամ Մելիքսեթյանի թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը): Ընդ որում, մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը պայմանագրի մեկնաբանման կանոններն անալոգիայի միջոցով կիրառել է լիազորագրի բովանդակության մեկնաբանության համար (տե՛ս, «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ն ընդդեմ Մարինա Հայրապետյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1769/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը)՝ այդպիսով փաստորեն ստեղծելով պրակտիկա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի կանոնները նաև այլ գործարքների բովանդակությունը բացահայտելիս կիրառելու հարցում (պայմանով, որ հատուկ կանոններ նախատեսված չլինեն): Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստական հանագամանքների նկատմամբ. Սույն գործի փաստերի համաձայն՝ Հիմնադրամի կողմից Հիմնադրամի կարիքների համար հայտարարվել է բաց մրցույթ, որում ընտրված մասնակից է ճանաչվել Ընկերությունը: Վերջինս, որպես հայտի ապահովում, ներկայացրել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի 20.04.2018 թվականի թիվ 2866-02 «Մրցույթային առաջարկի բանկային երաշխիք», որի համաձայն․ «(...) Մրցույթի մասնակցի խնդրանքով մենք՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով երաշխավոր, հաստատում ենք, որ պարտավորվում ենք անվերապահորեն շահառուի՝ [Հիմնադրամի] առաջին իսկ գրավոր պահանջով նրան վճարել 37.500.000 ՀՀ դրամը չգերազանցող գումար, եթե այդ պահանջի հետ մեկտեղ մեզ ներկայացվի նաև գրավոր ծանուցում, որով կսահմանվի, որ մրցույթի մասնակիցը խախտել է իր պարտավորությունները՝ համաձայն մրցույթի պայմանների, քանի որ նա՝ (ա) հետ է վերցրել իր մրցութային առաջարկը մրցույթի մասնակցի կողմից մրցույթին մասնակցելու նամակում նշված առաջարկի վավերության ժամկետի, կամ մրցույթի մասնակցի կողմից երկարաձգված վավերության ժամկետի ընթացքում, կամ (բ) մրցութային առաջարկի վավերության ժամկետի ընթացքում, ստանալով ծանուցում շահառուի կողմից իր մրցութային առաջարկի ընդունման մասին՝ (i) հրաժարվում է կնքել պայմանագրային համաձայնագիրը, կամ (ii) հրաժարվում է ներկայացնել կատարողական երաշխիք՝ համաձայն շահառուի մրցութային փաստաթղթերի «Հրահանգներ մրցույթի մասնակիցներին» (ՀՄՄ) բաժնի: Նույն երաշխիքի վավերականության ժամկետը լրանում է` (ա) եթե մրցույթի մասնակիցը մրցույթի շահող է, ապա` այն պահին, երբ մենք ստանում են մրցույթի մասնակցի կողմից ստորագրված պայմանագրային համաձայնագիրը և Դուք ստանում եք մրցույթի մասնակցի հրահանգով շահառուի համար թողարկված կատարողական երաշխիքը, (բ) եթե մրցույթի մասնակիցը մրցույթի շահող չէ, ապա հետևյալ դեպքերից ավելի վաղի տեղի ունենալու պահին. (1) մենք ստանում ենք մրցույթի հաղթողին ճանաչելու վերաբերյալ շահառուի ծանուցման պատճենը մրցույթի մասնակցին, (2) հայտը ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օր անց: (…)»: Հետագայում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն 04.06.2018 թվականի գրությամբ Հիմնադրամին հայտնել է, որ վերոգրյալ բանկային երաշխիքում առկա (բ) կետի «(2) հայտը ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օր անց» ենթակետը կիրառելի է նաև (բ) կետի (1) ենթակետի համար: Բացի այդ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի կողմից 05.06.2018 թվականին Ընկերությանը տրվել է թիվ 4029-02 տեղեկանք, որի համաձայն` 20.04.2018 թվականին տրված բանկային երաշխիքը 90 աշխատանքային օր վավեր լինելու պահանջը տարածվում է նաև «բ» կետի (1) ենթակետի վրա, որը ենթադրում է, որ նույնիսկ «բ» կետի (1) ենթակետով նախատեսված պայմանը ի հայտ գալու դեպքում այնուամենայնիվ բանկային երաշխիքի վավերականության ժամկետը մնում է 90 աշխատանքային օր: ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Մհեր Անանյանը 18.06.2018 թվականի որոշմամբ որոշել է Կազմակերպության կողմից 18.05.2016 թվականին ներկայացված բողոքը բավարարել մասնակի՝ պարտավորեցնել Հիմնադրամի կողմից հայտարարված «ՋԲՄ-ԱՇՁԲ-2018/3» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովին՝ (ա) դադարեցնել Ընկերության հայտը հրավերի պահանջներին բավարար գնահատելու, առաջին տեղ զբաղեցրած և ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումները, (բ) Ընկերության հայտը գնահատել հրավերի պահանջներին չհամապատասխանող: Որոշման հիմքում դրվել է Ընկերության կողմից ներկայացված հայտի ապահովումն օրենքով և հրավերով սահմանված պահանջներին՝ մասնավորապես երաշխիքի սահմանված օրինակելի ձևին չհամապատասխանելու հանգամանքը: Բողոք քննող անձը գտել է, որ բանկային երաշխիքով սահմանված՝ հայտի ապահովման վճարելու դեպքերն ավելի նեղ են, քան այն հիմքերը, որոնք սահմանված են «Գնումների մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես, երաշխիքի մեջ բացակայում է ընթացակարգի հրավերի 7.3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված` հայտի ապահովումը վճարելու հիմքը, այն է՝ երբ մասնակցի կողմից խախտվում է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարման: Դատարանը, վկայակոչելով մրցույթի հրավերի պայմանները, ինչպես նաև ՀՀ կառավարության 12.04.2018 թվականի թիվ 423-Ն որոշման հիմնավորումները, սույն գործով հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ Ընկերությունը հայտի ապահովումը ներկայացրել է հրավերով և օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ, և Ընկերության կողմից ներկայացված բանկային երաշխիքը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 383-386-րդ հոդվածների և «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ: Մինչդեռ բողոք քննող անձը, արձանագրելով հրավերի պահանջների և ընկերության ներկայացրած երաշխիքի անհամապատասխանությունը, առաջնորդվել է միայն ձևական նկատառումներով: Վերաքննիչ դատարանը Կազմակերպության և ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի վերաքննիչ բողոքները բավարարել է, Դատարանի վճիռը բեկանել և փոփոխել է և հայցը մերժել է` պատճառաբանելով, որ մրցույթի հրավերն ուղարկվել է ՀՀ կառավարության 11.08.2011 թվականի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից պահանջվող երաշխիքի օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 1145-Ն որոշման գործողության ժամանակ: Մինչդեռ Ընկերության ներկայացրած հայտի ապահովումը բովանդակային առումով չի համապատասխանում երաշխիքի օրինակելի ձևին, քանի որ բացակայում է մրցույթի հրավերի նշված պայմաններից մեկը (խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը): Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ բանկային երաշխիքի մեջ նշված վավերականության ժամկետը չի համապատասխանում մրցույթի հրավերի 7-րդ կետի 7.4-րդ ենթակետով սահմանված վավերականության ժամկետին, որով սահմանված է հայտի ապահովման` հայտը ներկայացվելու օրվանից հաշված 90 աշխատանքային օր վավեր լինելու պահանջը: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ տվյալ դեպքում առկա է հակասություն մրցույթի հրավերի 7.4-րդ ենթակետով սահմանված` հայտի ապահովումը հայտը ներկայացվելու օրվանից հաշված 90 աշխատանքային օր վավեր լինելու և երաշխիքով սահմանված` երաշխիքի վավերականության ժամկետն ավելի վաղ լրանալու պայմանների միջև, քանի որ վերջինը նախատեսում է նաև ավելի վաղ ավարտվող ժամկետ: Ուստի հիմնավոր է բողոք բերած անձանց փաստարկն առ այն, որ հայցվորի կողմից մրցութային հայտով ներկայացված բանկային երաշխիքը չի համապատասխանում օրենքի պահանջներին: Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են՝ հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից: Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ գնումների գործընթացում պատվիրատուի և մասնակիցների իրականացրած գործողությունները, որոնք իրենց բնույթով գործարք են՝ ուղղված են քաղաքացիաիրավական պայմանագրի կնքմանը, պետք է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի կանոնների հաշվառմամբ՝ հաշվի առնելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի առանձնահատկությունները՝ մասնավորապես օրենքի նպատակը: Սույն գործով Վերաքննիչ դատարանը բողոքի բավարարման և Դատարանի վճռի բեկանման ու փոփոխման արդյունքում հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերության ներկայացրած հայտի ապահովումը բովանդակային առումով չի համապատասխանում երաշխիքի օրինակելի ձևին, որը սահմանված էր ՀՀ կառավարության 11.08.2011 թվականի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից պահանջվող երաշխիքի օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 1145-Ն որոշման հիման վրա մրցույթի հրավերով (ընդ որում, որոշումն ուժը կորցրել է 19.04.2018 թվականին): Մինչդեռ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ Վերաքննիչ դատարանը «Գնումների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը պետք է մեկնաբաներ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի կանոններով (Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:)՝ բացահայտելով օրենսդրի նպատակը, իսկ Հիմնադրամի հրավերի, Ընկերության հայտի, բանկի կողմից տրված երաշխիքի բովանդակությունը պետք է բացահայտեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի կանոններով՝ այդ թվում գնահատելով բանկի կողմից հետագայում տրված գրությունները (որոնք կարող էին բացահայտել երաշխիքի պայմանագիրը կնքելիս կողմերի իրական կամքը): Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը նաև հիմք է ընդունում այն, որ բանկային երաշխիքի տրման օրը ՀՀ կառավարության վերոգրյալ որոշումն ուժը կորցրած էր, որն ավելի ակնառու է դարձնում գնումների գործընթացին մասնակցող բոլոր անձանց գործողությունները (գործարքները) համակցության մեջ գնահատելու անհրաժեշտությունը: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես՝ անտեսվել են պայմանագրի մեկնաբանման կանոնները, չի բացահայտվել կողմերի իրական կամքը, ինչը հանգեցրել է գնումների գործընթացի առանձնահատկությունների անտեսման: Արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է սույն գործի նոր քննության անհրաժեշտություն՝ սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա գործի փաստական հանգամանքները գնահատելու համար: 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի որոշման բեկանման արդյունքում սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ 2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող Զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ Մ. ԴՐՄԵՅԱՆ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ