Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական
ԵԿԴ/4708/02/17
- Գործի համարը
- ԵԿԴ/4708/02/17
- Հայցվոր
- «Ինվեսթմնթ Լո Գրուպ» ՍՊԸ
- Պատասխանող
- Վիկտոր Տեր-Հովսեփյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 04.03.2022
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4708/02/17
դատարանի որոշում 2022թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4708/02/17
Նախագահող դատավոր`
Ն. Մարգարյան
Դատավորներ`
Ա. Սմբատյան
Հ. Ենոքյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ`Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2022 թվականի մարտի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վիկտոր Տեր-Հովսեփյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Ինվեսթմնթ Լո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Վիկտոր Տեր-Հովսեփյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Վիկտոր Տեր-Հովսեփյանից բռնագանձել 93.192 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 09.09.2011 թվականին կայացված որոշման համաձայն՝ 900.000 ԱՄՆ դոլար փոխառության գումարի նկատմամբ 29.11.2017 թվականից հետո հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների 5 տոկոսը՝ հաշվարկված մինչև Ընկերության նկատմամբ Վիկտոր Տեր-Հովսեփյանի վճարային պարտականության ամբողջական կատարման օրը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 04.06.2019 թվականի վճռով Ընկերության հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.12.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ Դատարանի 04.06.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ Ընկերության հայցը բավարարվել մասնակի. որոշվել է Վիկտոր Տեր-Հովսեփյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 93.192 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ հայցը՝ մնացած մասով, մերժել:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վիկտոր Տեր-Հովսեփյանը (ներկայացուցիչներ՝ Հակոբ Սաֆարյան և Արթուր Գրիգորյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Սայադ Բադալյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հետաձգող պայմանով գործարքի կնքումն ինքնին իրավունքներ և պարտականություններ չի առաջացնում, այլ այդ իրավունքներն ու պարտականություններն առաջանում են մեկ այլ իրավաբանական փաստի՝ գործարքով հետաձգված պայմանի ի հայտ գալու հետ: Հետևաբար եթե հետաձգված պայմանով նշված իրավիճակը չի առաջանում, ապա այդ հետաձգված պայմանի շրջանակներում նախատեսված իրավունքները և պարտականությունները նույնպես չեն կարող առաջանալ։ Սույն գործով Ընկերությունը պետք է ապացուցեր, որ Պատասխանողը կատարել է անբարեխիղճ գործողություններ, Պայմանագրի պայմանը չկատարելը պայմանավորված էր այդ անբարեխիղճ գործողություններով և որ դատական ակտով հաստատված գումարի բռնագանձումը ձեռնտու չէ պատասխանողին, մինչդեռ նշված փաստերն Ընկերության կողմից չեն ապացուցվել:
Ավելին, Վերաքննիչ դատարանի պատճառաբանության արդյունքում ստացվում է, որ փաստաբանը կատարողական վարույթի ցանկացած փուլում կարող է դադարեցնել իր ծառայությունների մատուցումը և պահանջել նախատեսված պարգևավճարի վճարում:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը սույն գործի նկատմամբ կիրառել է թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2014 թվականի որոշումն այն դեպքում, երբ գործերի փաստական հանգամանքները տարբեր են:
Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննության սահմաններից, քանի որ դատական ակտում արծարծել է այնպիսի հիմքեր և հիմնավորումներ, որոնք առկա չեն եղել վերաքննիչ բողոքում: Մասնավորապես, Ընկերությունն իր վերաքննիչ բողոքում չի մատնանշել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետը և որպես բողոքի հիմնավորում՝ չի վկայակոչել դրանում գործածվող «գույք» հասկացության ինքնավար նշանակության և «օրինաչափ սպասելիքի» վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.12.2019 թվականի որոշումը և ուժ տալ Դատարանի 04.06.2019 թվականի վճռին։
2.1 Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը բողոքի հիմքերից և հիմնավորումներից դուրս չի եկել, քանի որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետի իմաստով «գույք» հասկացությանն անդրադարձել է թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2014 թվականի որոշման քննարկման շրջանակներում, այլ ոչ թե որպես բողոքի առանձին հիմք կամ հիմնավորում:
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ ըստ Վերաքննիչ դատարանի պատճառաբանության՝ փաստաբանը կատարողական վարույթի ցանկացած փուլում կարող է դադարեցնել իր ծառայությունների մատուցումը և պահանջել նախատեսված պարգևավճարի վճարում, ապա բողոքաբերն անտեսել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերը նշված որոշմամբ արդեն իսկ տրվել է նմանատիպ գործերի լուծման ուղենիշը: Ընդ որում, նշված որոշումը կիրառելի է սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ, քանի որ գործերի տարբերվող հանգամանքները տվյալ դեպքում էական նշանակություն չունեն: ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կարևորվել է այն հանգամանքը, որ կողմերից մեկն իր վարքագծով պետք է նպաստի պայմանի չիրականացմանը, և սույն գործում առկա է հենց այդ իրավիճակը՝ պատասխանողն իր գործողություններով խոչընդոտում է պայմանի իրականացմանը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ընկերության (Կատարող) և Վիկտոր Տեր-Հովսեփյանի (Վստահորդ) միջև 27.09.2010 թվականին կնքվել է իրավաբանական օգնություն տրամադրելու մասին պայմանագիր, որով Վիկտոր Տեր-Հովսեփյանը հանձնարարել է, իսկ Ընկերությունը պարտավորվել է հատուցման դիմաց տրամադրել իրավաբանական օգնություն՝ Պայմանագրով որոշված ծավալով և պայմաններով:
Պայմանագրի 2.1 կետի համաձայն՝ Կատարողը պարտավորվում է ներկայացնել Վստահորդի շահերը, ինչպես նաև Լյուբով Փիլոյանի շահերը, իրականացնել նրանց պաշտպանությունը ՀՀ դատական ատյաններում, ի թիվս այլնի, հետևյալ գործով՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանն ընդդեմ «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ պատասխանողից 900.000 ԱՄՆ դոլար և այդ գումարի վրա հաշվարկված տոկոսները բռնագանձելու պահանջի մասին:
Պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ Վստահորդը, անկախ մատուցված ծառայությունների արդյունքից, մատուցված ծառայությունների և կատարված ծախսերի համար վճարում է հիմնական վարձատրություն ժամավճարի ձևով՝ մեկ ժամը 30.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ ԱԱՀ):
Պայմանագրի 3.4 կետի համաձայն՝ այն դեպքում, երբ Կատարողի միջոցով Վստահորդը հասնում է անհրաժեշտ վերջնական արդյունքի, Վստահորդը Կատարողին վճարում է լրացուցիչ վարձատրություն Հաջողության հոնորարի ձևով:
Պայմանագրի 3.4.1 կետի համաձայն՝ Հաջողության հոնորարը կախվածության մեջ է դրվում վերջնական արդյունքից, որին փորձում է հասնել Վստահորդը Կատարողի միջոցով:
Պայմանագրի 3.4.2 կետի համաձայն՝ Վստահորդին անհրաժեշտ Վերջնական արդյունքն է Վստահորդի կողմից դրամական միջոցների և/կամ այլ գույքի փաստացի ստանալը հաշտության համաձայնության կնքման և/կամ հակառակ կողմի հետ ունեցած բոլոր դատական գործերով և վեճերով առանց հաշտության համաձայնության դատական որոշումների կայացման արդյունքում:
Պայմանագրի 3.4.3 կետի համաձայն՝ Հաջողության հոնորարը սահմանվում է 5 տոկոս՝ Կատարողի միջոցով Վստահորդի փաստացի ստացած դրամական միջոցներից և/կամ այլ գույքի շուկայական արժեքից:
Պայմանագրի 4.2 կետի համաձայն՝ Հաջողության հոնորարը վճարվում է մեկ ամսվա ընթացքում Կատարողի միջոցով Վստահորդի կողմից Վերջնական արդյունքի հասնելուց և Վստահորդի կողմից դրամական միջոցները և/կամ այլ գույքը ստանալուց հետո (հատոր 1-ին, գ.թ. 13-15):
2) Թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2011 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ որոշվել է Վիկտոր Տեր-Հովսեփյանի վերաքննիչ բողոքը բավարարել. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.06.2011 թվականի վճիռը բեկանել և փոփոխել, այն է` «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը` մերժել, Վիկտոր Տեր-Հովսեփյանի հայցը բավարարել՝ «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Վիկտոր Տեր-Հովսեփյանի բռնագանձել 900.000 ԱՄՆ դոլարին՝ բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ՝ որպես փոխառության գումար, և 142.446,58 ԱՄՆ դոլարին՝ բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ՝ որպես տոկոսներ՝ հաշվարկված 01.01.2009 թվականից մինչև 20.04.2010 թվականը, ինչպես նաև բռնագանձել տոկոսներ՝ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով՝ սկսած 20.04.2010 թվականից մինչև փոխառության գումարի բռնագանձման օրը (հատոր 3-րդ, գ.թ. 19-32, դատական տեղեկատվական համակարգ):
3) «Կատարողական վարույթը կասեցնելու մասին» 10.03.2016 թվականի որոշման համաձայն՝ ի կատարումն թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով 13.09.2012 թվականին տրված կատարողական թերթի՝ կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող անշարժ գույքը չի բավարարում կատարողական թերթի պահանջները կատարելու համար: Պահանջատիրոջը և պարտապանին առաջարկվել է 60-օրյա ժամկետում սնանկության դիմում ներկայացնել դատարան: Ուստի 02.12.2012 թվականին հարուցված թիվ 01/02/-5975/12 կատարողական վարույթը 60-օրյա ժամկետով կասեցվել է (հատոր 1-ին, գ.թ. 74):
4) «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 10.05.2016 թվականի որոշման համաձայն՝ 02.12.2012 թվականին հարուցված թիվ 01/02/-5975/12 կատարողական վարույթը կասեցվել է, և առաջարկվել է պահանջատիրոջը և պարտապանին 60-օրյա ժամկետում սնանկության դիմում ներկայացնել դատարան, սակայն օրենքով սահմանված ժամկետում կողմերը չեն դիմել դատարան՝ սնանկության դիմումով: Ուստի 10.03.2016 թվականին կասեցված թիվ 01/02/-5975/12 կատարողական վարույթը վերսկսվել է (հատոր 1-ին, գ.թ. 37):
5) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Գ. Սախոյանի 23.03.2017 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման համաձայն՝ ի կատարումն թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով 13.09.2012 թվականին տրված կատարողական թերթի՝ «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ ք. Երևան, Անտառային փողոցի 108/1, 108/2, 116, 116/3, 112/2 հասցեի շինությունը և հողամասը ներկայացվել են հարկադիր էլեկտրոնային աճուրդի (հատոր 1-ին, գ.թ. 71):
6) Թիվ ՎԴ/3113/05/17 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 17.04.2017 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Վիկտոր Տեր-Հովսեփյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Գ. Սախոյանի՝ 23.03.2017 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 38):
7) Գործում առկա են Ընկերության փաստաբանների և Վիկտոր Տեր-Հովսեփյանի էլեկտրոնային նամակագրությունները, որոնց համաձայն՝ Ընկերության փաստաբանները Վիկտոր Տեր-Հովսեփյանին դատական ակտի կատարման տարբեր հնարավորություններ են առաջարկել (մասնավորապես՝ սնանկության դիմում ներկայացնելու կամ արտադատական կարգով գույքի իրացման միջոցով), սակայն Վիկտոր Տեր-Հովսեփյանը չի համաձայնվել (հատոր 1-ին, գ.թ. 101, 104-150):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած նյութական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. փաստաբանի և վստահորդի միջև կնքված պայմանագրով հաջողության հոնորար սահմանված լինելու դեպքում արդյո՞ք ծագում է հոնորարի վճարման պարտականությունը, եթե վերջինս կախվածության մեջ է դրվել վստահորդի կողմից դրամական գումարներ կամ այլ գույք փաստացի ստանալու հանգամանքից, որը, սակայն, չի ստացվել, իսկ վստահորդն առաջնորդվել է իրավունքների պաշտպանության այլ եղանակով, քան առաջարկել է իր փաստաբանը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշպանության իրավունք:
ՀՀ Սահմադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք (...)։
ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:
ՀՀ վճռաբեկ դատարանը «Յունիբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի քաղաքացիական գործով փաստել է, որ նշված մոտեցումը համահունչ է Եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ Եվրոպական դատարանի՝ դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի, ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, HORNSBY v. GREECE գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով Եվրոպական դատարանի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով Եվրոպական դատարանի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, KHACHATRYAN v. ARMENIA գործով Եվրոպական դատարանի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):
Այսպիսով, դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ցուցաբերվող հայեցակարգային մոտեցման համաձայն՝ դատական ակտերի հարկադիր կատարումն արդարադատության շարունակությունն է. այն չի կարող առանձնացվել արդարադատությունից: Առանց դատական ակտերի պատշաճ կատարման դատավարությունն արդյունավետ չի լինի և չի հասնի իր նպատակներին, քանի որ իրավունքի խախտումները կարելի է վերացնել միայն սուբյեկտիվ իրավունքներն իրապես վերականգնելու միջոցով, որը տեղի է ունենում կատարողական վարույթի արդյունքում: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ չնայած Կոնվենցիայի 6-րդ հոդվածն ուղղակիորեն չի ամրագրում դատական ակտի կատարման իրավունքը, այնուամենայնիվ, այն համարվում է արդար դատաքննության իրավունքի անօտարելի տարրը (տե՛ս, «Յունիբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը որոշվում են փաստաբանի և վստահորդի միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով (այսուհետ` պայմանագիր):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս (…): Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ (…):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքը համարվում է հետաձգող պայմանով կնքված, եթե կողմերն իրավունքների և պարտականությունների ծագումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականանա՞, թե՞ ոչ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե պայմանի իրականացմանն անբարեխղճորեն արգելք է հանդիսացել այն կողմը, ում ձեռնտու չէ պայմանի իրականացումը, ապա պայմանը ճանաչվում է իրականացված: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ եթե պայմանի իրականացմանն անբարեխղճորեն նպաստել է այն կողմը, ում ձեռնտու է պայմանի իրականացումը, ապա պայմանը ճանաչվում է չիրականացված:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 782-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հանձնարարության պայմանագրով մի կողմը (հանձնակատարը) պարտավորվում է մյուս կողմի (հանձնարարողի) անունից և նրա հաշվին կատարել որոշակի իրավաբանական գործողություններ…: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` հանձնարարության պայմանագիրը կնքվում է այն ժամկետի նշումով, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից կամ առանց դրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 783-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե դա նախատեսված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ հանձնարարության պայմանագրով …:
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հանձնարարության պայմանագրի ուժով հանձնակատարը հանձնարարողի անունից և նրա հաշվին պարտավոր է կատարել որոշակի իրավաբանական գործողություններ, պայմանագրում կարող է նշվել նաև այն ժամկետը, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից: Միաժամանակ, ինչպես ցանկացած պայմանագիր, այնպես էլ հանձնարարության պայմանագիր կնքելիս կողմերը` հանձնակատարը և հանձնարարողը, չփոխելով օրենսգրքի իմպերատիվ դրույթներով ամրագրված պայմանները, ազատ են որոշելու պայմանագրի պայմաններն իրենց հայեցողությամբ, այդ թվում նաև` հանձնարարողի կողմից հանձնակատարին վարձատրելու չափը և վճարման ժամկետը (տե′ս, «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ-ն ընդդեմ «Օլիմպուորլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2043/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ փաստաբանը և վստահորդը սեփական հայեցողությամբ ոչ միայն կարող են սահմանել փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը, այլև վճարման պարտավորության ծագման պահը կարող են պայմանավորել որոշակի պայմանի իրականացման փաստով (օրինակ` գործի բարենպաստ ելքով, գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքով կամ այդ դատական ակտի կատարմամբ): ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ փաստաբանի և վստահորդի հարաբերությունների պայմանագրային կարգավորումը կրում է համանման բնույթ, և կողմերի միջև ծագել է վեճ փաստաբանական գործունեության վճարի չվճարման կապակցությամբ, դատարանները պարտավոր են նախ և առաջ պարզել.
պայմանագրով նախատեսված համապատասխան պայմանն իրականում ինչ է ենթադրում.
արդյո՞ք այդ պայմանի իրականացումը որևէ կերպ պայմանավորված է պայմանագրի կողմի կամ կողմերի վարքագծով.
պայմանը փաստացի իրականացել է, թե` ոչ.
եթե ոչ, արդյո՞ք կողմերից որևէ մեկն իր վարքագծով (գործողությամբ կամ անգործությամբ) նպաստել է պայմանի չիրականացմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ վերը նշված հարցադրումներին անդրադառնալիս դատարանները պետք է ղեկավարվեն պայմանագրերի մեկնաբանման կանոններով՝ նույն որոշմամբ անդրադառնալով նաև այդ կանոններին (տե՛ս, Սամվել Մարտիրոսյանն ընդդեմ Գեղամ Մելիքսեթյանի թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Զարգացնելով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաբանի և վստահորդի միջև հարաբերությունները, այդ թվում՝ փաստաբանի վարձատրության հետ կապված հարցերը կարգավորվում են պայմանագրով, և կողմերն ազատ են պայմանագրի ազատության սկզբունքի շրջանակներում որոշելու պայմանագրի պայմանները: Կողմերն ազատ են պայմանագրում սահմանել նաև հետաձգող կամ վերացնող պայման, որի դեպքում կիրառման են ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ պայմանով կնքված գործարքի վերաբերյալ կարգավորումները:
Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ մասնավորապես փաստաբանի և վստահորդի միջև հարաբերություններում «արդյո՞ք կողմերից որևէ մեկն իր վարքագծով (գործողությամբ կամ անգործությամբ) նպաստել է պայմանի չիրականացմանը» հարցադրման պարզաբանումը պետք է իրականացվի ոչ միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումների, այլ նաև դատական պաշտպանության իրավունքի համատեքստում: Այսպես, եթե փաստաբանին վարձատրության վճարումը կախվածության մեջ է դրվել դատական ակտի կատարումից, ապա առանցքային նշանակություն ունի այն, որ դատական ակտի կատարումը դատական պաշտպանության իրավունքի տարր է, ուստի՝ գնահատելու համար, թե արդյոք վստահորդը խոչընդոտում է պայմանի առաջացմանը (դատական ակտի կատարմանը), պետք է գնահատել նաև այն հանգամանքը, թե որքանով է դատական պաշտպանության տեսանկյունից վստահորդի համար ձեռնտու դատական ակտի չկատարումը: Այլ կերպ ասած՝ եթե վստահորդն իր օգտին կայացված դատական ակտի փաստացի կատարումը տեսնում է այլ եղանակով, քան իր փաստաբանը, ապա դա ինքնին չի կարող մեկնաբանվել որպես դատական ակտի կատարման խոչընդոտում՝ հաշվի առնելով, որ դատական պաշտպանության տարր կազմող դատական ակտի կատարման իրավունքի իրավատերը վստահորդն է, ոչ թե փաստաբանը:
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ հետաձգող պայմանով փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը մեկնաբանելիս պետք է հաշվի առնվեն պայմանագրի մեկնաբանման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանոնները՝ կողմերի իրական կամքը բացահայտելով վստահորդի դատական պաշտպանության իրավունքի համատեքստում:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության և Վիկտոր Տեր-Հովսեփյանի միջև 27.09.2010 թվականին կնքվել է իրավաբանական օգնություն տրամադրելու մասին պայմանագիր, որով Վիկտոր Տեր-Հովսեփյանը հանձնարարել է, իսկ Ընկերությունը պարտավորվել է հատուցման դիմաց տրամադրել իրավաբանական օգնություն՝ Պայմանագրով որոշված ծավալով և պայմաններով: Պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ Վստահորդը՝ անկախ մատուցված ծառայությունների արդյունքից, մատուցված ծառայությունների և կատարված ծախսերի համար վճարում է հիմնական վարձատրություն ժամավճարի ձևով՝ մեկ ժամը 30.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ ԱԱՀ): Պայմանագրի 3.4 կետի համաձայն՝ այն դեպքում, երբ Կատարողի միջոցով Վստահորդը հասնում է անհրաժեշտ վերջնական արդյունքի, Վստահորդը Կատարողին վճարում է լրացուցիչ վարձատրություն Հաջողության հոնորարի ձևով: Պայմանագրի 3.4.1 կետի համաձայն՝ Հաջողության հոնորարը կախվածության մեջ է դրվում վերջնական արդյունքից, որին փորձում է հասնել Վստահորդը Կատարողի միջոցով: Պայմանագրի 3.4.2 կետի համաձայն՝ Վստահորդին անհրաժեշտ Վերջնական արդյունքն է Վստահորդի կողմից դրամական միջոցների և/կամ այլ գույքի փաստացի ստանալը հաշտության համաձայնության կնքման և/կամ հակառակ կողմի հետ ունեցած բոլոր դատական գործերով և վեճերով առանց հաշտության համաձայնության դատական որոշումների կայացման արդյունքում: Պայմանագրի 3.4.3 կետի համաձայն՝ Հաջողության հոնորարը սահմանվում է 5 տոկոս՝ Կատարողի միջոցով Վստահորդի փաստացի ստացած դրամական միջոցներից և/կամ այլ գույքի շուկայական արժեքից: Պայմանագրի 4.2 կետի համաձայն՝ Հաջողության հոնորարը վճարվում է մեկ ամսվա ընթացքում Կատարողի միջոցով Վստահորդի կողմից Վերջնական արդյունքի հասնելուց և Վստահորդի կողմից դրամական միջոցները և/կամ այլ գույքը ստանալուց հետո:
Թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2011 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ որոշվել է Վիկտոր Տեր-Հովսեփյանի վերաքննիչ բողոքը բավարարել. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.06.2011 թվականի վճիռը բեկանել և փոփոխել, այն է` «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը` մերժել, Վիկտոր Տեր-Հովսեփյանի հայցը բավարարել՝ «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Վիկտոր Տեր-Հովսեփյանի բռնագանձել 900.000 ԱՄՆ դոլարին՝ բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ՝ որպես փոխառության գումար, և 142.446,58 ԱՄՆ դոլարին՝ բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ՝ որպես տոկոսներ՝ հաշվարկված 01.01.2009 թվականից մինչև 20.04.2010 թվականը, ինչպես նաև բռնագանձել տոկոսներ՝ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով՝ սկսած 20.04.2010 թվականից մինչև փոխառության գումարի բռնագանձման օրը:
Վիկտոր Տեր-Հովսեփյանն ընտրել է դատական ակտի հարկադիր կատարման միջոցով գումարը բռնագանձելու տարբերակն այն դեպքում, երբ Ընկերության փաստաբանները Վիկտոր Տեր-Հովսեփյանին դատական ակտի կատարման այլ հնարավորություններ են առաջարկել (մասնավորապես՝ սնանկության դիմում ներկայացնելու կամ արտադատական կարգով գույքի իրացման միջոցով), սակայն Վիկտոր Տեր-Հովսեփյանն այդ տարբերակներին չի համաձայնվել:
Սույն գործով Դատարանը գտել է, որ ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի՝ Ընկերության՝ հաջողության հոնորար ստանալու իրավունքը և Վիկտոր Տեր-Հովսեփյանի՝ հաջողության հոնորար վճարելու պարտականությունն առաջանում է այն դեպքում, երբ Վիկտոր Տեր-Հովսեփյանը փաստացի ստացել է դրամական միջոցներ և/կամ այլ գույք: Դատարանն արձանագրել է, որ սույն գործով տվյալ հանգամանքը բացակայում է, ուստի հաջողության հոնորար վճարելու պարտականությունը նույնպես բացակայում է: Նկատի ունենալով, որ կողմերի միջև կնքվել է հետաձգող պայմանով գործարք, Դատարանը եզրահանգել է, որ Ընկերությունը պետք է ապացուցեր, որ պատասխանողը կատարել է անբարեխիղճ գործողություններ, պայմանը չկատարելը պայմանավորված է եղել պատասխանողի անբարեխիղճ գործողություններով և պայմանի կատարումը՝ գումարների ստացումը, ձեռնտու չէ պատասխանողին։ Դատարանը գնահատել է Ընկերության կողմից պատասխանողին առաջարկված տարբերակները («Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելը և «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելը) և եզրահանգել, որ դրանք չեն բխում պատասխանողի շահերից: Ուստի Դատարանը եզրահանգել է, որ Ընկերությունը չի հիմնավորել պատասխանողի անբարեխիղճ գործողությունների, անբարեխիղճ գործողությունների և Պայմանագրի պայմանն իրագործելու անհնարինության պատճառահետևանքային կապի, ինչպես նաև պայմանի կատարումը պատասխանողին ձեռնտու չլինելու հանգամանքների միաժամանակյա առկայությունը, որպիսի պայմաններում Դատարանը գտել է, որ հայցը անհիմն է և ենթակա է մերժման:
Անդրադառնալով Ընկերության կողմից վկայակոչված թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշմանը՝ Դատարանը գտել է, որ այդ որոշումը տվյալ գործով կիրառելի չէ, քանի որ այդ որոշման հիմքում ընկած քաղաքացիական գործի փաստական հանգամանքներն էականորեն տարբերվում են տվյալ գործի փաստական հանգամանքներից։
Վերաքննիչ դատարանը նախ արձանագրել է, որ Դատարանն անհիմն կերպով շեղվել է թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումից: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա ձեռք է բերել սեփականության իրավունք, քանի որ թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով վեճը լուծվել է Վիկտոր Տեր-Հովսեփյանի օգտին, դրամական պահանջի իրավունքը հաստատվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2011 թվականի որոշմամբ, որի հիման վրա տրվել են կատարողական թերթեր, որոնք ներկայացվել են հարկադիր կատարման: Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանի օգտին օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված պահանջի իրավունքի առկայության, ինչպես նաև պահանջի իրավունքի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրված լինելու պայմաններում արդեն իսկ վրա է հասել պայմանագրով սահմանված հաջողության հոնորար վճարելու համար անհրաժեշտ պայմանը:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով Դատարանը գտել է, որ թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշմամբ հայտնած իրավական դիրքորոշումները կիրառելի չեն սույն գործի նկատմամբ, սակայն Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանն առաջնորդվել է հենց այդ որոշմամբ տրված իրավական վերլուծություններով, քանի որ գնահատել է, թե պայմանագրով նախատեսված համապատասխան պայմանն իրականում ինչ է ենթադրել, գնահատել է, թե որքանով էր այդ պայմանի իրականացումը պայմանավորված պայմանագրի կողմի կամ կողմերի վարքագծով, պարզել է, որ այդ պայմանը փաստացի չի իրականացվել, և իրականում պատասխանողն անբարեխիղճ վարքագիծ չի դրսևորել:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանին, ապա վերջինս թեև առաջնորդվել է սույն որոշմամբ հայտնած իրավական դիրքորոշումներով, սակայն սխալ է բացահայտել Պայմանագրի պայմանը:
Այսպես, նախ և առաջ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ինչպես Դատարանի և Վերաքննիչ դատարանի, այնպես էլ հայցվորի և պատասխանողի միջև ծագած՝ թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշման կիրառելիության հետ կապված խնդրին:
ՀՀ դատական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույնանման փաստերով այլ գործով Վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում դատարանը պետք է հիմնավորի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի՝ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը:
21.02.2007 թվականին ընդունված, 18.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը 21.02.2007 թվականին ընդունված, 18.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մեկնաբանության շրջանակներում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և ՀՀ վճռաբեկ դատարանի և [Եվրոպական] դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության՝ համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս, դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն՝ դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության՝ քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ՝ որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (տե՛ս, «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊ ընկերություն ընդդեմ Սոս Բաղդասարյանի թիվ 3-480(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ նախորդ և գործող դատական օրենսգրքերի կարգավորումների միջև առկա են որոշակի տարբերություններ, սակայն նկատի ունենալով, որ գործող դատական օրենսգիրքը նույնպես կարևորում է համադրվող գործերի՝ նույնանման փաստական հանգամանքներ ունենալը, գտնում է, որ վերոգրյալ՝ թիվ 3-480(ՎԴ) գործով որոշմամբ հայտնած դիրքորոշումը կիրառելի է նաև գործող դատական օրենսգրքի պայմաններում: Ուստի, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ համադրվող դատական գործերի էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներին:
Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Փաստաբանի և վստահորդի միջև կնքվել է «Փաստաբանական ծառայություններ մատուցելու մասին» պայմանագիր, որի համաձայն՝ վստահորդը պարտավորվել է կատարված փաստաբանական ծառայության դիմաց վճարել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացված գումարի 3 տոկոսը:
2) Առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ և դրան հիման վրա տրված կատարողական թերթ՝ գումարի բռնագանձման վերաբերյալ: Կատարողական թերթը ներկայացվել է հարկադիր կատարման:
3) Հետագայում դատական ակտի հարկադիր կատարման փուլում կողմերի միջև կնքվել է հաշտության համաձայնություն, որով ներվել է պարտապանի պարտքը:
4) Վստահորդը հրաժարվել է փաստաբանի ծառայությունների դիմաց գումար վճարել այն հիմնավորմամբ, որ գումար չի ստացել, հետևաբար վճարման պարտականություն չունի (այսինքն՝ վեճը ոչ թե հաջողության հոնորարի, այլ փաստաբանի մատուցած ամբողջ ծառայությունների համար վճարի վերաբերյալ է եղել):
Նշված գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քանի որ քաղաքացիական գործով վեճը լուծվել է հաշտության համաձայնության կնքմամբ, անհրաժեշտ էր գնահատել, թե արդյոք այդ հաշտության համաձայնությունը հաստատող դատական ակտը գործին մասնակցող անձանց համար բարենպաստ դատական ակտ էր: Նշված դատական ակտը կատարվել է կամովին, ուստի դատական ակտի հարկադիր կատարման անհրաժեշտությունը բացակայել է: Ընդ որում, կնքված հաշտության համաձայնությունը վերացրել է նաև կատարողական թերթի պահանջների կատարման անհրաժեշտությունը: Ուստի ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն գումար մուտքագրվելու վերաբերյալ պայմանը ենթակա էր գնահատման կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Միաժամանակ պետք է պարզվեր նաև սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստն այն մասին, թե արդյոք պայմանագրի կողմերից որևէ մեկն իր վարքագծով (գործողությամբ կամ անգործությամբ) օժանդակել է նշված պայմանի չիրականացմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նշված գործով բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
Վերոգրյալ դատական գործի փաստական հանգամանքները համեմատելով սույն գործի փաստական հանգամանքների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով առանցքային տարբերակիչ նշանակություն ունի այն հանգամանքը, որ վստահորդը վեճը լուծել է հաշտությամբ՝ փաստաբանին որևէ գումար չվճարելով և գտնելով, որ վճարման պարտականություն ընդհանրապես չունի:
Մինչդեռ սույն գործով էական տարբերակիչ նշանակություն ունի այն հանգամանքը, որ վստահորդը չի հրաժարվում իր պայմանագրային պարտականությունների կատարումից ընդհանրապես, այլ պարզապես գտնում է, որ դեռ չի ծագել այդ պայմանը, քանի որ դեռ փաստացի որևէ գումար չի ստացել:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն դատական գործերը չեն կարող համարվել նույնանման փաստական հանգամանքներ ունեցող:
Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը կարևորում է իր սահմանադրական առաքելությունը՝ ապահովել օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, և դրա իրացման դատավարական եղանակներից մեկը՝ իրավունքի զարգացումն ապահովելը: Ուստի, հենց նշված գործերի փաստական հանգամանքների որոշակի նմանության և փաստաբանի ու վստահորդի միջև ծագած հանձնարարության հարաբերություններից վճարման պարտականության ծագման պահի ճիշտ որոշման հարցով պայմանավորված՝ Դատարանի ու Վերաքննիչ դատարանի միջև ծագած՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման կիրառելիության հետ կապված խնդիրը լուծելու անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ զարգացնում է թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով հայտնած իր իրավական դիրքորոշումները:
Այսպիսով, վերոգրյալ իրավական վերլուծությունները համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանը չի խուսափել իր պարտավորության կատարումից, այլ ընտրել է իրավունքի պաշտպանության այլ եղանակ, քան առաջարկել են իր փաստաբանները: Ընդ որում, ընտրված միջոցը՝ դատական ակտի հարկադիր կատարումը, իրավունքի պաշտպանության ոչ արտասովոր, ընդհակառակը՝ առավել տարածված միջոց է: Այսինքն՝ չի կարելի եզրահանգել, որ, օրինակ, Վիկտոր Տեր-Հովսեփյանն ընտրել է իրավունքի իրացման այնպիսի մեխանիզմ, որն ուղղված էր Պայմանագրով սահմանված պայմանի ծագմանը խոչընդոտելուն: Ավելին, բավարար իրավական հիմնավորվածությունից զուրկ է նաև այն եզրահանգումը, որ դատական ակտի կատարումը՝ որպես դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարր, ձեռնտու չէ Վիկտոր Տեր-Հովսեփյանին: Հետևաբար, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վիկտոր Տեր-Հովսեփյանի գործողությունները չեն կարող որակվել որպես Պայմանագրի պայմանի կատարմանը խոչընդոտող գործողություններ:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի հետևությանն այն մասին, որ օրինական ուժի մեջ մտած կատարելի դատական ակտի գոյության, ինչպես նաև այդպիսի դատական ակտի հիման վրա հարուցված կատարողական վարույթի առկայության պայմաններում Վիկտոր Տեր-Հովսեփյանն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա ձեռք է բերել սեփականության իրավունք, ապա Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ հետաձգող պայմանով գործարքի դեպքում էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյոք պայմանը փաստացի իրականացվել է, թե` ոչ: Սույն գործով պայմանը ձևակերպված է եղել հետևյալ կերպ.
Պայմանագրի 3.4 կետի համաձայն՝ այն դեպքում, երբ Կատարողի միջոցով Վստահորդը հասնում է անհրաժեշտ վերջնական արդյունքի, Վստահորդը Կատարողին վճարում է լրացուցիչ վարձատրություն Հաջողության հոնորարի ձևով:
Պայմանագրի 3.4.1 կետի համաձայն՝ Հաջողության հոնորարը կախվածության մեջ է դրվում վերջնական արդյունքից, որին փորձում է հասնել Վստահորդը Կատարողի միջոցով:
Պայմանագրի 3.4.2 կետի համաձայն՝ Վստահորդին անհրաժեշտ Վերջնական արդյունքն է Վստահորդի կողմից դրամական միջոցների և/կամ այլ գույքի փաստացի ստանալը հաշտության համաձայնության կնքման և/կամ հակառակ կողմի հետ ունեցած բոլոր դատական գործերով և վեճերով առանց հաշտության համաձայնության դատական որոշումների կայացման արդյունքում:
Պայմանագրի 3.4.3 կետի համաձայն՝ Հաջողության հոնորարը սահմանվում է 5 տոկոս՝ Կատարողի միջոցով Վստահորդի փաստացի ստացած դրամական միջոցներից և/կամ այլ գույքի շուկայական արժեքից:
Պայմանագրի 4.2 կետի համաձայն՝ Հաջողության հոնորարը վճարվում է մեկ ամսվա ընթացքում Կատարողի միջոցով Վստահորդի կողմից Վերջնական արդյունքի հասնելուց և Վստահորդի կողմից դրամական միջոցները և/կամ այլ գույքը ստանալուց հետո:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վեճի առարկան ոչ թե փաստաբանին տրվող վարձատրությունն է իր մատուցած ծառայությունների համար (ինչպես եղել է թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով), այլ հաջողության հոնորարը, այսինքն՝ վերջնական արդյունքի հասնելիս (գործը վերջնականապես ավարտվելիս) փաստաբանի լրացուցիչ վարձատրությունը: Հետևաբար նման պարագայում անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումը, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանի սեփականության ծագման հիմքով ծագել է նաև հաջողության հոնորարի վճարման պարտավորությունը, քանի որ հոնորարի վճարման պարտականությունը կախվածության մեջ է դրվել ոչ թե պահանջի իրավունքի ծագման պահից, այլ դրամական միջոցները կամ այլ գույքը փաստացի ստանալու պահից:
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով առանցքային նշանակություն ունեն այն հանգամանքները, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանի իրավունքի պաշտպանության գործընթացը դեռևս չի ավարտվել, այլ գտնվում է հարկադիր կատարման փուլում, Պայմանագրի պայմանը փաստացի չի ծագել, իսկ Վիկտոր Տեր-Հովսեփյանը որևէ անբարեխիղճ գործողություն չի կատարել՝ ընտրելով իրավունքի իրացման այլ օրինական ճանապարհ, քան առաջարկել են իր փաստաբանները: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է նշված հանգամանքները՝ արդյունքում թույլ տալով նյութական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և ազդել է գործի ելքի վրա:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկների մի մասը հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննության սահմաններից, քանի որ Ընկերությունն իր վերաքննիչ բողոքում չի մատնանշել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետը և որպես բողոքի հիմնավորում՝ չի վկայակոչել դրանում գործածվող «գույք» հասկացության ինքնավար նշանակության և «օրինաչափ սպասելիքի» վերաբերյալ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ապա Վճռաբեկ դատարանն այս մասով հիմնավոր է համարում վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը բողոքի հիմքերից և հիմնավորումներից դուրս չի եկել, քանի որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետի իմաստով «գույք» հասկացությանն անդրադարձել է թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2014 թվականի որոշման քննարկման շրջանակներում, այլ ոչ թե որպես բողոքի առանձին հիմք կամ հիմնավորում: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում փորձել է իրավական գնահատական տալ Պայմանագիր կնքելիս կողմերի իրական կամքին, որը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի կարող որակվել որպես վերաքննության սահմաններից դուրս գալու գործողություն:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես՝ Պայմանագրի պայմանը մեկնաբանելիս Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածն այնպիսի մեկնաբանությամբ, որի արդյունքում խաթարվել է պայմանագրի պայմանը սահմանելիս կողմերի իրական կամքը և պայմանագրի պայմանն ազատորեն սահմանելու՝ կողմերի իրավունքը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [«Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման, և օրինական ուժ է տրվում Դատարանի 04.06.2019 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Վիկտոր Տեր-Հովսեփյանի պետք է բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 04.06.2019 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. «Ինվեսթմնթ Լո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Վիկտոր Տեր-Հովսեփյանի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
Հատուկ կարծիք հայտնած դատավոր՝ Ս. Միքայելյան
