Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական
ԱՐԴ/1715/02/19
- Գործի համարը
- ԱՐԴ/1715/02/19
- Հայցվոր
- «Կոնվերս բանկ» ՓԲԸ
- Պատասխանող
- Դավիթ Սամսոնյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 08.04.2022
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/1715/02/19
դատարանի որոշում 2022թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/1715/02/19
Նախագահող դատավոր`
Կ․ Չիլինգարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2022 թվականի ապրիլի 08-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06․08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Բանկի ընդդեմ Դավիթ Սամսոնյանի ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Դավիթ Սամսոնյանից բռնագանձել 2․781․378,70 ՀՀ դրամ որպես պարտքի գումար, ինչպես նաև պայմանագրով նախատեսված տոկոսներ և տույժեր:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ․ Սիմոնյան) 15․10․2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Բանկը 05.05.2021 թվականի դիմելով Դատարան պահանջել է վճռի հիման վրա տրամադրել կատարողական թերթ և հարգելի ճանաչել ու վերականգնել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը։
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ․ Սիմոնյան) (այսուհետ` Դատարան) 24․05․2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06․08.2021 թվականի որոշմամբ Դատարանի 24․05․2021 թվականի «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու, այն վերականգնելու և կատարողական թերթ տալու վերաբերյալ պահանջատիրոջ դիմումը մերժելու մասին» որոշման դեմ Բանկի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Էրիկ Հովակիմյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ, 368-րդ և 371-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ բողոքաբերի լիազորված ներկայացուցիչ Քրիստինե Հակոբյանին տրված լիազորագիրը չի կարող դիտվել որպես դատարանում իրավաբանական անձի գործերն օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձի կողմից տրված լիազորագիր, քանի որ Բանկի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 24.08.2016 թվականի թիվ 1/602Ա որոշման պատճենը չի կարող համարվել Արթուր Հակոբյանի՝ Բանկի գործադիր տնօրենի կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթուղթ այն պատճառով, որ այն ներկայացվել է պատճենի տեսքով, ինչն էլ հանգեցրել է գործի սխալ լուծման:
Վերաքննիչ դատարանի վերլուծություններն անհիմն են՝ նկատի ունենալով, որ դրանց արդյունքում կայացված որոշմամբ Բանկը ծանրաբեռնվել է ավելորդ ձևական պահանջներով: Բանկի կողմից ամսական հարյուրավոր հայցադիմումներ և դիմումներ են ներկայացվում դատարաններ, որոնք ստորագրվում են Բանկի ներկայացուցիչների կողմից՝ գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանի կողմից տրված լիազորագրերի հիման վրա, իսկ վերջինիս՝ գործադիր տնօրենի կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթուղթը, որը «Բանկի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 24.08.2016 թվականի թիվ 1/602Ա որոշումն է, ներկայացվել է պատճենի տեսքով: Գնահատելով իրավիճակը հարկ է փաստել, որ իրատեսական չէ յուրաքանչյուր գործին կցել վերոնշյալ որոշման բնօրինակը, ուստի անհարկի սահմանափակվում է Բանկի դատական պաշտպանության և մատչելիության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 06․08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Եվրոպական դատարանի կայուն դատական պրակտիկայի համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով ՄԻԵԴ 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հետևյալ իրավական նորմերին: Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված անձինք համարվում են գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչներ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում նույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ դատական ակտը բողոքարկելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` (...) ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե սույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է սույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ (...)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Ըստ այդմ էլ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու համար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն): Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարզում է, որ դատավարական գործողություններ իրականացնելու համար տրված լիազորագիրը ներկայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, կամ դադարել է լիազորագրի գործողության ժամկետը, ապա դատարանն իրավասու է կիրառելու դրանից բխող դատավարական հետևանքները:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ընդ որում, այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը պարզում է, որ վերաքննիչ բողոքն ստորագրված չէ կամ ներկայացուցչի ներկայացված լիազորագիրը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին, կամ դադարել է ներկայացված լիազորագրի գործողության ժամկետը, Վերաքննիչ դատարանն իրավասու է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերադարձնելու վերաքննիչ բողոքը` սահմանելով ժամկետ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (տե՛ս, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0748/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ իրավաբանական անձի անունից դատարանում գործը կարող են վարել օրենքով սահմանված կարգով կամ այդ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք (ի պաշտոնե ներկայացուցիչները): Ընդ որում, ի պաշտոնե ներկայացուցիչն իր հերթին իրավունք ունի դատարանում գործի վարումը հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված այլ անձի (անձանց)՝ պահպանելով տվյալ ներկայացուցչին լիազորագրի տրման օրենքով սահմանված ձևը և կարգը: Ըստ այդմ էլ, իրավաբանական անձի անունից դատարանում գործը վարելու համար փաստաբանին հասարակ գրավոր ձևով լիազորագիրն իրավասու է տալ օրենքով կամ տվյալ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երբ վերաքննիչ բողոքը ստորագրում է ի պաշտոնե ներկայացուցիչը, ապա պետք է ներկայացվի կարգավիճակը հավաստող պատշաճ ապացույց, իսկ եթե վերաքննիչ բողոքը իրավաբանական անձի անունից ստորագրում է ներկայացուցիչը, ապա պատշաճ պետք է լինի լիազորագիրը, որի պարագայում լիազորագիր տվող անձի կարգավիճակը հավաստող ապացույցի պատճենի տեսքով ներկայացված լինելը չի կարող հիմք հանդիսանալ լիազորագրի իսկությունը կասկածի տակ դնելու և լիազորված անձի լիազորությունները չճանաչելու համար։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով դիմելով դատարան` Բանկը պահանջել է Դավիթ Սամսոնյանից բռնագանձել 2․781․378,70 ՀՀ դրամ որպես պարտքի գումար, ինչպես նաև պայմանագրով նախատեսված տոկոսներ և տույժեր (հատոր 1-ին, գ.թ. 3-6):
Դատարանի 15․10․2019 թվականի վճռով հայցը բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 46-48):
Բանկը 05.05.2021 թվականի դիմելով Դատարան պահանջել է վճռի հիման վրա տրամադրել կատարողական թերթ և հարգելի ճանաչել ու վերականգնել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը (հատոր 1-ին, գ.թ. 56-57)։
Դատարանի 24․05․2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 70-72)։
Նշված որոշման դեմ Բանկի անունից վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկի լիազորված ներկայացուցիչ, Բանկի աշխատակից Քրիստինա Հակոբյանը` վերաքննիչ բողոքին կցելով Բանկի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանի կողմից տրված լիազորագիրը, ինչպես նաև «Բանկի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 24.08.2016 թվականի թիվ 1/602Ա որոշման պատճենը (հատոր 1-ին, գ.թ. 82-91):
Վերաքննիչ դատարանը 13․07․2021 թվականի որոշմամբ վերադարձրել է Բանկի վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ․ «ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 24.08.2016 թվականի թիվ 1/602Ա որոշման պատճենը չի կարող համարվել Արթուր Հակոբյանի՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթուղթ, քանի որ այն ներկայացվել է պատճենի տեսքով։ Դրանից բացի, Կենտրոնական բանկի հիշյալ որոշման պատճենի ուսումնասիրությունից հետևում է, որ դրա վրա առկա են գրառումներ, որոնք անընթեռնելի են և հնարավորություն չեն ընձեռում Վերաքննիչ դատարանին ծանոթանալու դրա բովանդակությանը»։ Բացի այդ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարման փաստը հաստատող թույլատրելի ապացույց, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 1-ին, գ.թ. 93-94):
Բանկի կողմից 08․05․2021 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին, ի թիվս պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագրի, կցվել է նաև Բանկի լիազորված ներկայացուցիչ, Բանկի աշխատակից Քրիստինա Հակոբյանին Բանկի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանի կողմից տրված լիազորագիրը, ինչպես նաև «Բանկի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 24.08.2016 թվականի թիվ 1/602Ա որոշման պատճենը (հատոր 1-ին, գ.թ. 115,117):
Վերաքննիչ դատարանը 06․08․2021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(…) բողոք բերած անձն ամբողջությամբ չի վերացրել Վերաքննիչ դատարանի 13.07.2021թ. որոշմամբ արձանագրված խախտումները։ Մասնավորապես, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին դարձյալ չի կցվել «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթուղթ (Վերաքննիչ դատարանի 13.07.2021թ. որոշմամբ արձանագրվել էր, որ «««Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 24.08.2016 թվականի թիվ 1/602Ա որոշման պատճենը չի կարող համարվել Արթուր Հակոբյանի՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթուղթ, քանի որ այն ներկայացվել է պատճենի տեսքով։ Դրանից բացի, Կենտրոնական բանկի հիշյալ որոշման պատճենի ուսումնասիրությունից հետևում է, որ դրա վրա առկա են գրառումներ, որոնք անընթեռնելի են և հնարավորություն չեն ընձեռում Վերաքննիչ դատարանին ծանոթանալու դրա բովանդակությանը» (…)» (հատոր 1-ին, գ.թ. 119):
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ բանկի կառավարման մարմիններն են՝ (․․․) բանկի խորհուրդը, բանկի գործադիր տնօրենը կամ վարչության նախագահը, բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում՝ բանկի տնօրինությունը կամ վարչությունը:
«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ բանկի ղեկավարներ են համարվում բանկի խորհրդի նախագահը, նրա տեղակալը և խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալները, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը, նրա անդամները, բանկի տնօրինության անդամները, ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը, ինչպես նաև բանկի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ բանկի դեպարտամենտի, վարչության, բաժնի, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով որևէ կերպ բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող աշխատակիցները:
«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկի մասնաճյուղերը պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները`
ա) բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունում կատարված փոփոխությունները.
բ) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.
գ) օրենքով կամ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ:
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի 24.08.2016 թվականի թիվ 1/602Ա ««Կոնվերս Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ» որոշմամբ Բանկի գործադիր տնօրենի պաշտոնում գրանցվել է Արթուր Հակոբյանը։ Նշված որոշմամբ Դատարան և Վերաքննիչ դատարան ներկայացված պատճենի վրա առկա է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության «իսկականի հետ ճիշտ է» գրառումը` վավերացված նաև նույն քարտուղարության կնիքով:
Ըստ գործում առկա 08․01․2021 թվականին տրված լիազորագրի՝ «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն, ի դեմս գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանի, լիազորել է բանկի աշխատակից Քրիստինե Հակոբյանին, որպես Բանկի ներկայացուցիչ հանդես գալու Հայաստանի Հանրապետության (…) բոլոր դատարաններում այդ թվում կատարելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները, մասնավորապես (…) բողոքարկել դատական ակտը, (…) (հատոր 1-ին, գ.թ. 117):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական կողմի՝ դատարանում գործը վարելու լիազորագիր ներկայացնելու դեպքում դատարանը, ինչպես նաև դատավարական կողմը, կարող են ստուգել ներկայացված լիազորագիրը, հավաստիանալու համար, արդյոք ներկայացված փաստաթուղթը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանում է, թե՝ ոչ։ Օրենքով սահմանված կարգով չվիճարկված և անվավեր չճանաչված լիազորագիրը, լիազորագրում նշված անձին թույլ է տալիս իրականացնելու լիազորագրում նշված և օրենքով չարգելված իրավաբանական նշանակություն ունեցող և հետևանքներ առաջացնող գործողություններ։
Մասնավորապես՝ դատավարական կողմ հանդիսացող իրավաբանական անձի դեպքում, երբ դատարանում գործը վարում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը, ապա յուրաքանչյուր դեպքում, կախված այն հանգամանքից, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտներից ով է կրում իրավաբանական անձի շահերն ի պաշտոնե նեկայացնելու լիազորություն, այդ լիազորությունները պետք է հավաստվեն ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այնպես էլ տվյալ իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան փաստաթղթերով։
Վերլուծելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն այն հարցի շուրջ, որ գործի նյութերում առկա Բանկի գործադիր տնօրենի պաշտոնում Արթուր Հակոբյանին գրանցելու վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի որոշման պատճենը չի կարող դիտվել Արթուր Հակոբյանի՝ որպես Բանկի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթուղթ, անհիմն է և չէր կարող հիմք հանդիսանալ Բանկի ներկայացուցչի լիազորությունները չճանաչելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար, քանի որ Բանկի ներկայացուցիչը պահպանել է իր վրա դրված օրեսդրական պահանջը՝ բողոքին կից ներկայացրել է իր լիազորությունները հաստատող պատշաճ փաստաթուղթ, այն է ՝ Բանկի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանի կողմից տրված լիազորագիրը։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Բանկի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրել է Քրիստինե Հակոբյանը, ում Բանկի անունից հանդես գալու լիազորագիր է տվել Բանկի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը ՝ օգտվելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի, Բանկի կանոնադրությամբ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված իրավունքից: Ընդ որում լիազորագրում հատուկ նախատեսված է Քրիստինե Հակոբյանի` դատական ակտը բողոքարկելու լիազորությունը: Այսինքն` լիազորագիրը տրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասում, 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված պարտադիր պայմանների պահպանմամբ:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածը, ոչ իրավաչափորեն է Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել` Բանկին զրկելով դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 06․08․2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06․08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
Հատուկ կարծիք հայտնած դատավորներ՝ Ռ. Հակոբյան, Գ. Հակոբյան։
