Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղ. միջանկյալ

ԱՐԴ/3937/02/17

Գործի համարը
ԱՐԴ/3937/02/17
Հայցվոր
Հակոբ Հովհաննիսյան
Պատասխանող
Հայաստանի Հանրապետություն և մյուսներ
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
24.09.2018
Քաղաքացիական գործերով միջանկյալ գործեր

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/3937/02/17 Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/3937/02/17 2018թ. Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ մասնակցությամբ դատավորներ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ Մ. ԴՐՄԵՅԱՆԻ Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 2018 թվականի սեպտեմբերի 24-ին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Հակոբ Հովհաննիսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ի դեմս` ՀՀ կառավարության, <<Արմավիր բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի և Անահիտ Պետրոսյանի` պատճառված բարոյական վնասի հատուցման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2017 թվականի որոշման դեմ Հակոբ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Անի Չատինյանի բերած վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Հակոբ Հովհաննիսյանը պահանջել է <<Արմավիր բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ից և Անահիտ Պետրոսյանից բռնագանձել 15.000.000 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված բարոյական վնասի հատուցում: ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 16.10.2017 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.12.2017 թվականի որոշմամբ Հակոբ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.10.2017 թվականի <<Հայցադիմումը վերադարձնելու մասին>> որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հակոբ Հովհաննիսյանի ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 62-րդ հոդվածները, <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 13-րդ հոդվածը, <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի <<ե>> կետը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի <<ե>> կետն արտոնություն է սահմանում նաև բարոյական վնասի հատուցման պահանջով հայցադիմումների նկատմամբ, որոնց հիմքը հանցագործությամբ պատճառված վնասն է: Ընդ որում, բարոյական վնասը ևս պետք է հասկանալ <<վնաս>> եզրույթի ներքո, քանի որ օրենսդիրը <<վնաս>> եզրույթի տակ դիտարկել է նաև բարոյական վնասը: Մասնավորապես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 45-րդ կետում օրենսդիրը սահմանել է <<վնաս>> հասկացությունը, ըստ որի վնաս է դրամական չափման ենթակա բարոյական, ֆիզիկական, գույքային վնասը, իսկ նույն օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է <<բեկանել Վերաքննիչ դատարանի 18.12.2017 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ>>: 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի <<ե>> կետի մեկնաբանման արդյունքում վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով. Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հանցագործությամբ պատճառված բարոյական վնասի հատուցման հայցապահանջով անձին պետական տուրքի վճարումից ազատելու իրավական խնդրին: 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով: 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...): Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են <<Պետական տուրքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով: <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար: <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` ա) պետական տուրքի վճարումից ազատում, (...): <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի <<ե>> կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները՝ հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ին ընդունված՝ «Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագիր» վերտառությամբ թիվ 40/34 բանաձևի «Ա» բաժնի 2-րդ կետում բացահայտված է «տուժող»-ի, որպես հանցագործության զոհի, հասկացության միջազգային իրավական բովանդակությունը, համաձայն որի` հանցագործության զոհ է (են) համարվում այն անձը (անձինք), ում (որոնց) հանցագործությամբ կամ իշխանության չարաշահմամբ պատճառվել է վնաս, ներառյալ մարմնական կամ բարոյական վնասը, հուզական ապրումները, նյութական վնասը կամ հիմնական իրավունքների էական խախտումները, որոնք օժտված են հատուցման հավասար իրավունքով: Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, որպես պետական տուրքի վճարման արտոնություն, այն է՝ պետական տուրքի վճարումից ազատելու նախապայման, ի թիվս այլնի <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով առանձնացրել է նաև այն հայցվորներին, որոնց հանցագործությամբ վնաս է պատճառվել: Ընդ որում, վերը նշված հիմքով պետական տուրքի վճարումից ենթակա են ազատման ինչպես քաղաքացիական դատավարության կարգով, այնպես էլ քրեական դատավարության կարգով քաղաքացիական հայց ներկայացրած անձինք, եթե հանցագործության հետևանքով կրել են վնասներ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված արտոնությունների սահմանումն օրենսդրի կողմից պայմանավորված է այն ընդհանուր օրինաչափությամբ, համաձայն որի` հատկապես հաշվի են առնվում նման արտոնություն տրամադրելու անհրաժեշտությունը պայմանավորող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են, ի թիվս այլնի, հանցագործության հետևանքով վնաս կրած անձանց փոխհատուցում ստանալու իրավունքը: Այսինքն` օրենսդիրը կարևորել է հանցագործություններից տուժողների գույքային իրավունքների պաշտպանությունը, այդ իրավունքի լիարժեք իրականացումը պայմանավորելով անձի սահմանադրորեն և միջազգային պայմանագրերով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման հետ, ինչն իր հերթին պահանջում է բավարար դատավարական երաշխիքներ: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52): ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը): Միաժամանակ մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցին, նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե´ս, «Կոնվերս Բանկ›» ՓԲԸ-ն ընդդեմ Հասմիկ Ափինյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը): Ամփոփելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաև այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն` տուժողը, նույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ստանալ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցումը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` տուժողի իրավահաջորդը քրեական գործով վարույթին մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները և պարտականությունները, բացի ցուցմունքներ տալու և տուժողի անձից անբաժանելի այլ իրավունքներից և պարտականություններից: Տուժողի իրավահաջորդն իրավունք չունի հաշտվել կասկածյալի և մեղադրյալի հետ ու հետ վերցնել տուժողի ներկայացրած բողոքը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով սահմանված է օրենսգրքում տեղ գտած հիմնական հասկացությունները, որի 45-րդ կետի համաձայն` <<վնաս>> նշանակում է դրամական չափման ենթակա բարոյական, ֆիզիկական, գույքային վնասը: Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ինչպես տուժողը, այնպես էլ տուժողի իրավահաջորդն իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով ստանալ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցում: Ընդ որում, օրենսդիրը չի որոշակիացրել, թե ինչ վնասի դեպքում է հնարավոր ստանալ վնասի փոխհատուցում, այսինքն` փոխհատուցման ենթակա է ինչպես նյութական, այնպես էլ բարոյական և գույքային վնասը: ՀՀ սահմանադրական դատարանն իր 05.11.2013 թվականի թիվ ՍԴՈ-1121 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ սահմանադրության մի շարք դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը վկայում է այն մասին, որ բարոյական վնասը և բարոյական վնասի նյութական հատուցման հնարավորությունը բխում են մարդու իրավունքների պաշտպանության հարցում որդեգրված սահմանդրաիրավական մոտեցումներից: Բացի այդ, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանարպետությունում անձին պատճառված բարոյական վնասի նյութական փոխհատուցման ոչ ներդաշնակ կանոնակարգումները խոչընդոտում են Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների բարեխիղճ իրականացմանը: Սահմանադրական դատարանը գտել է, որ բարոյական վնասի նյութական փոխհատուցման իրավունքը բխում է ՀՀ սահմանադրության և ՀՀ մի շարք օրենսդրական ակտերի դրույթների բովանդակությունից և ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից, մասնավորապես` Կոնվենցիայի (կից արձանագրություններով) դրույթներից և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավակիրառ պրակտիկայից: ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների և ՀՀ սահմանադրական դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումների վերլուծությունից բխում է, որ բարոյական վնասի հատուցումը կարող է իրականացվել երկու ռեժիմով` ոչ նյութական բնույթի գործողություններով և նյութական հատուցմամբ: Ընդ որում, երբ անձը պահանջում է բարոյական վնասի նյութական հատուցում, ապա առկա չէ որևէ հիմք պահանջվող նյութական վնասի հատուցումը իրականացնելու այլ իրավական եղանակով, քան գույքային վնասի հատուցումը, քանի որ երկու դեպքում էլ հատուցումը ենթակա է իրականացման նյութական արտահայտությամբ: Հետևաբար <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի <<ե>> կետի <<հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման հայցերով>> արտահայտությունը պետք է ենթարկել տարածական մեկնաբանության, ըստ որի` հայցվորները պետական տուրքի վճարումից ազատվում են նաև այն դեպքերում, երբ հայց (բողոք) են ներկայացնում բարոյական վնասի նյութական հատուցման վերաբերյալ: Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործությամբ պատճառված բարոյական վնասի նյութական հատուցման հայցապահանջով անձին պետական տուրքի վճարումից ազատելու հարցը նույնպես անհրաժեշտ է գնահատել <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի <<ե>> կետի լույսի ներքո: Սույն գործի փաստերի համաձայն՝ Հակոբ Հովհաննիսյանը <<Արմավիր բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ից և Անահիտ Պետրոսյանից պահանջել է հօգուտ իրեն բռնագանձել 15.000.000 ՀՀ դրամ` որպես բարոյական վնասի հատուցում` հայցի հիմքում դնելով ՀՀ Արմավիրի մարզի ընդահանուր իրավասության դատարանի 02.06.2016 թվականի դատավճիռը, ըստ որի` Անահիտ Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել թիվ 48111415 քրեական գործով առաջադրված մեղադրանքում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և թիվ 48122515 քրեական գործով առաջադրված մեղադրանքում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Հայցադիմումին կից ներկայացվել է ՀՀ Արմավիրի մարզի ընդահանուր իրավասության դատարանի 02.06.2016 թվականի դատավճիռը (հատոր 1-ին, գ.թ. 4-7, 9-32): Դատարանը 16.10.2017 թվականին Հակոբ Հովհաննիսյանի հայցադիմումը վերադարձրել է՝ պատճառաբանելով, որ հայցվորը չի վճարել պետական տուրքը, իսկ <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքը պետական տուրքի գծով արտոնություն սահմանում է միայն այն հայցվորների համար, որոնք ներկայացրել են հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման պահանջ (հատոր 1-ին, գ.թ. 41): Հակոբ Հովհաննիսյանը, ներկայացնելով վերաքննիչ բողոք, նշել է, որ Դատարանը հաշվի չի առել, որ ներկայացվել է հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջ, ուստի օրենքի ուժով հայցվորներն ազատված են պետական տուրքի վճարումից (հատոր 2-րդ, գ.թ. 7-9): Վերաքննիչ դատարանը 18.12.2017 թվականի որոշմամբ մերժել է Հակոբ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ <<օրենսդիրը հայցվորներին պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնությունից օգտվելու հնարավորություն է ընձեռել միայն այն դեպքում, երբ վերջիններս ներկայացրել են հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման պահանջ: Մինչդեռ հայցվորը ներկայացրել է բարոյական վնասի (ոչ նյութական վնաս) հատուցման պահանջ>> (հատոր 2-րդ, գ.թ. 64-66)։ Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. Սույն գործով ներկայացվել է հայցադիմում, որով Հակոբ Հովհաննիսյանը պահանջել է ստանալ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորին հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով պետական տուրքի վճարումից ազատելը հանդիսանում է երաշխիք տուժողի` քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցում ստանալու իրավունքի իրացման համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պարագայում, երբ օրենսդիրը իրավունք է վերապահել տուժողին կամ նրա իրավահաջորդին օրենքով սահմանված կարգով ստանալ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի (նյութական և ոչ նյութական վնաս) փոխհատուցում, ապա նշված իրավունքի իրացման համար անհրաժեշտ է տրամադրել նաև երաշխիք, այսինքն` անհրաժեշտ է, որ հայցվորները դատարան դիմելիս ազատվեն հանցագործության հետևանքով իրենց պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով պետական տուրքի վճարումից, այսպիսով` անհրաժեշտ է տրամադրել իրավական երաշխիքներ` տվյալ դեպքում պետական տուրքի վճարումից ազատելու եղանակով, քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցում ստանալու իրավունքի իրացման համար: Վերոգրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանն իրավաչափ չի համարում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ հայցվորներին պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնությունից օգտվելու հնարավորություն է ընձեռված միայն այն դեպքում, երբ վերջիններս ներկայացրել են հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման պահանջ: Այսպիսով, վճռաբեկ բողոքի ներկայացման պահին գործող հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանի դիտում է բավարար՝ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2017 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2017 թվականի <<Հայցադիմումը վերադարձնելու մասին>> որոշումը: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Դատավորներ` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Մ. ԴՐՄԵՅԱՆ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ