Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղ. միջանկյալ

ԼԴ3/0387/02/09

Գործի համարը
ԼԴ3/0387/02/09
Հայցվոր
Օֆելյա Ղուլինյան
Պատասխանող
«Լոռու մարզի Սարչապետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Համլետ Դավթյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
09.02.2011
Քաղաքացիական գործերով միջանկյալ գործեր

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԼԴ3/0387/02/09 դատարանի որոշում 2011թ. Քաղաքացիական գործ թիվ ԼԴ3/0387/02/09 Նախագահող դատավոր` Դատավորներ` Ն. Տավարացյան Ս. Միքայելյան Դ. Խաչատրյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ մասնակցությամբ դատավորներ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ Մ. ԴՐՄԵՅԱՆԻ Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 2011 թվականի փետրվարի 09-ին, քննարկելով ըստ հայցի Օֆելյա Ղուլինյանի ընդդեմ <<Լոռու մարզի Սարչապետի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն Համլետ Դավթյանի (այսուհետ` Տնօրեն)` աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի պատճառով աշխատավարձ բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.10.2010 թվականի <<Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>> որոշման դեմ Օֆելյա Ղուլինյանի բերած վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Օֆելյա Ղուլինյանը պահանջել է վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել Տնօրենից հարկադիր պարապուրդի պատճառով չստացած աշխատավարձը: ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 08.09.2010 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.10.2010 թվականի որոշմամբ Դատարանի 08.09.2010 թվականի վճռի դեմ Օֆելյա Ղուլինյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Օֆելյա Ղուլինյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետը, <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը բողոքարկման ժամկետը հաշվարկել է` հիմք ընդունելով Դատարանի վճռի ձախ անկյունի վերևի մասում տպագրված <<2010 թվականի օգոստոսի 26-ին>> նշումը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի վճռի ձախ անկյունում փակագծերի մեջ նշված է նաև` (վճիռը հրապարակվել է սեպտեմբերի 8-ին), որն Օֆելյա Ղուլինյանն ընդունել է որպես նշված վճռի հրապարակման օր: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկեր 08.09.2010 թվականից, իսկ Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ պետք է մտներ դրա հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Տվյալ դեպքում Օֆելյա Ղուլինյանը վերաքննիչ բողոքը ներկայացրել է 06.10.2010 թվականին: Այսինքն` վերջինս վերաքննիչ բողոքը ներկայացրել է սահմանված ժամկետում: Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանի 26.08.2010 թվականի նիստի արձանագրության բովանդակությունից երևում է, որ 26.08.2010 թվականին ժամը 12:00-ին տեղի է ունեցել դատական նիստ, որի արդյունքում Դատարանը որոշում է կայացրել 08.09.2010 թվականին վճռի հրապարակման օր նշանակելու մասին: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 28.10.2010 թվականի <<Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>> որոշումը <<բեկանել և գործն ուղարկել նոր քննության>>: 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք ...: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը: Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Սույն գործով Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը և վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանի <<26.08.2010>> թվականին կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտել 27.09.2010 թվականին, և նշված վճռի դեմ վերաքննիչ բողոքը պետք է բերվեր մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելը: Տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալուց հետո` 06.10.2010 թվականին, և այն չի պարունակում միջնորդություն բաց թողած ժամկետը վերականգնելու մասին: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճիռը հրապարակվել է 08.09.2010 թվականին, ինչը հաստատվում է նշված վճռում դրա վերաբերյալ կատարված գրառմամբ (հատոր 2, գ.թ. 84) և 26.08.2010 թվականի դատական նիստի արձանագրությամբ (հատոր 2, գ.թ. 81), որի համաձայն` վճիռը հրապարակվելու է 08.09.2010 թվականին ժամը 12:00-ին, իսկ Օֆելյա Ղուլինյանը վերաքննիչ բողոքը ներկայացրել է 06.10.2010 թվականին (հատոր 2, գ.թ. 121): Այսինքն` Օֆելյա Ղուլինյանը Դատարանի 08.09.2010 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացրել է դրա հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 08.09.2010 թվականի վճռում նշված <<2010 թվականի օգոստոսի 26-ին>> նշումը վերաբերում է դատական նիստի կայացման օրվան, որի արդյունքում էլ վճռի հրապարակման օր է նշանակվել 08.09.2010 թվականը (հատոր 2, գ.թ. 80-81): Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Օֆելյա Ղուլինյանը զրկվել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքից: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.10.2010 թվականի <<Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>> որոշումը: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Դատավորներ` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Մ. ԴՐՄԵՅԱՆ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ