Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Վարչական

ՎԴ/0380/05/08

Գործի համարը
ՎԴ/0380/05/08
Հայցվոր
Երևանի քաղաքապետարան
Պատասխանող
Ցողիկ Հակոբջանյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
31.10.2008

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0348/05/08 Վարչական գործ թիվ ՎԴ/0348/05/08 2008թ. Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ Ս. ՕՀԱՆՅԱՆԻ 2008 թվականի նոյեմբերի 28-ին դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 19.05.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Մայրանուշ Մկրտչյանի` ինքնակամ կառուցված շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը բռնագանձելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է Մայրանուշ Մկրտչյանից բռնագանձել 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը, պարտավորեցնել քանդել առանց համապատասխան քաղաքաշինական փատաթղթերի պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված ինքնակամ շինությունը, ինչպես նաև բռնագանձել վճարված պետական տուրքի գումարը: Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.05.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասով: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասը և 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Դատարանը վարչական տույժի գումար բռնագանձելու մասով պահանջը մերժել է՝ նշելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ և 154-րդ հոդվածների միջև առկա է հակասություն այն առումով, որ վերը նշված հոդվածներում ամրագրված «զավթել» և «կառուցել» հասկացությունները ենթադրում են անձի կողմից կատարված նույնաբովանդակ գործողություն, այսինքն` որևէ շինության կամ կառույցի կառուցում, հետևաբար պետք է կիրառվի ավելի մեղմ պատասխանատվություն սահմանող նորմը: Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է ինքնակամ հողամաս զավթելով, իսկ 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցակազմի օբյեկտիվ կողմը` հողամասում շինություն կառուցելով, ինչն էլ կատարվել է Մայրանուշ Մկրտչյանի կողմից: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` վարչական տուգանքի բռնագանձումը մերժելու մասով, բեկանել Վարչական դատարանի 19.05.2008 թվականի վճիռը և հայցն այդ մասով բավարարել: 3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը. 1) Երևանի քաղաքապետի 19.10.2007 թվականի թիվ 004321 արձանագրության համաձայն` Երևանի Ռ.Մելիքյան փողոցի 2/3 շենքի թիվ 26 բնակարանի բնակիչ Մայրանուշ Մկրտչյանի կողմից նույն շենքի բակում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կառուցվում է մոտ 36քմ մակերեսով ավտոտնակ: 2) Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 31.10.2007 թվականի թիվ Վ-17/4 արձանագրությամբ առաջարկվել է Մայրանուշ Մկրտչյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական պատասխանատվության` 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի: 3) Երևանի քաղաքապետի 31.10.2007 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-17/4 որոշմամբ Մայրանուշ Մկրտչյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի: Միաժամանակ վերջինս պարտավորեցվել է քանդել ինքնակամ շինությունը և տարածքը բերել նախկին տեսքի: 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Նույն օրենսգքրի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով: Սույն գործով Դատարանը, 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի բռնագանձման հայցապահանջի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 48-րդ հոդվածի 1-ին մասում և 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում ամրագրված «զավթել» և «կառուցել» օրենսդրական եզրույթները ենթադրում են անձի կողմից կատարված նույնաբովանդակ գործողություն, եկել է այն եզրահանգման, որ Մայրանուշ Մկրտչյանի նկատմամբ պետք է կիրառվի ավելի մեղմ պատժամիջոց, այսինքն՝ 200.000 ՀՀ դրամ տուգանք: Մինչդեռ վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ նրանցում արտացոլված իրավախախտումները (զանցանքները) միմյանցից տարբերվում են ինչպես կատարման ձևերով (օբյեկտիվ կողմով), այնպես էլ վարչական պատասխանատվության միջոցի՝ վարչական տուգանքի չափով: Ընդ որում, վարչական տուգանքը 200.000 ՀՀ դրամ գումարի չափով, որպես վարչական պատասխանատվության միջոց, ծագում է պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու դեպքում, իսկ վարչական տուգանքը 400.000 ՀՀ դրամ գումարի չափով՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու դեպքում: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ինքնակամ զավթել» և «ինքնակամ կառուցել» օրենսդրական եզրույթները միմյանցից տարբերվող հասկացություններ են և չեն կարող նույնացվել (Տես՝ Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Ցողիկ Հակոբջանյանի` գումարի բռնագանձման, ինքնակամ կառույցը քանդելու և տարածքը նախկին տեսքի բերելու պարտավորեցնելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի ՎԴ/0380/05/08 գործով 31.10.2008 թվականի որոշումը): Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մայրանուշ Մկրտչյանը Երևանի Ռ.Մելիքյան փողոցի 2/3 շենքի բակում ինքնակամ զավթել է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, ինչպես նաև որպես հողօգտագործման իրավունք չունեցող անձ պետությանը և համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցել է շինություն, այսինքն՝ կատարել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված տարբեր իրավախախտումներ (զանցանքներ), որի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Դատարանի այն եզրահանգումը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 48-րդ հոդվածի 1-ին մասում և 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում ամրագրված «զավթել» և «կառուցել» օրենսդրական եզրույթները ենթադրում են անձի կողմից կատարված նույնաբովանդակ գործողություն: Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Դատարանի վճիռը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մասնակիորեն՝ հայցը մերժելու մասով, բեկանել Վարչական դատարանի 19.05.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. Մայրանուշ Մկրտչյանից բռնագանձել 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես վարչական տույժի գումար, ինչպես նաև 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումարը: 2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Դատավորներ՝ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ Ս. ՕՀԱՆՅԱՆ