Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Վարչական

ՎԴ/0557/05/08

Գործի համարը
ՎԴ/0557/05/08
Հայցվոր
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
Պատասխանող
Սամվել Հովսեփյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
31.10.2008
Վարչական դատավարություն

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0557/05/08 Վարչական գործ թիվ ՎԴ/0557/05/08 2008թ. Նախագահող դատավոր՝ Գ.Ղարիբյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ Վ.ԱԲԵԼՅԱՆԻ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ 2008 թվականի հոկտեմբերի 31-ին դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Սամվել Հովսեփյանի` գումարի բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանք: Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 21.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Դատարանը չի կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Դատարանն անտեսել է, որ օրենսդիրը ներմուծվող ապրանքների արժեքի որոշումը կարևորում է միայն մաքսային սահմանով ապրանքները տեղափոխելիս, այլ ոչ թե ապրանքները մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին սահմանված ժամկետում չհասցնելիս, որի դեպքում ապրանքների արժեքը որևէ հետևանք չի առաջացնում: Բացի այդ, ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածը սահմանում է մաքսատուրքի վճարման արտոնություններ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար, մինչդեռ մաքսային մարմինը Սամվել Հովսեփյանի նկատմամբ հայց է հարուցել մաքսային կանոնների խախտման, այն է` ապրանքները տասնօրյա ժամկետում նշանակման վայր չհասցնելու և չհայտարարագրելու համար 100.000 ՀՀ դրամ տույժի գումար բռնագանձելու պահանջով: Տվյալ դեպքում Դատարանը պետք է կիրառեր ՀՀ մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածը, որը 100.000 ՀՀ դրամի չափով պատասխանատվություն է սահմանում ՀՀ մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չհասցնելու համար: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճիռը և փոփոխել: 3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 1. Թիվ 439408 փոխադրման ամփոփագրով սահմանվել է, որ դրանում նշված բեռը նշանակման վայր` Կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատուն, հասցնելու ժամկետն է 07.11.2007 թվականը: 2. Կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան 15.11.2007 թվականի մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ Սամվել Հովսեփյանը 29.10.2007 թվականին թիվ 439408 ամփոփագրով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել անվադող և անվահեծ, որոնք 10 օրվա ընթացքում` մինչև 08.11.2007 թվականը, մաքսային մարմին չեն հասցվել: 3. Կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի 26.11.2007 թվականի որոշմամբ, ՀՀ մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կանոնների խախտման համար Սամվել Հովսեփյանի նկատմամբ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով տուգանք: 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ: ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սույն օրենսգրքով սահմանված չէ զրո տոկոս և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150.000 ՀՀ դրամը: ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն` ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսային կետերում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով. եթե դրանք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով: ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն` ապրանքների և տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում մինչև ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության միջոցների իրականացումը և տրանսպորտային միջոցների բացթողումը ապրանքներ և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցներ ներմուծելիս` ներմուծելուն հաջորդող տասնօրյա ժամկետում: ՀՀ մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության մեկ մաքսային մարմնից մյուս մարմին մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չհասցնելն առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 ՀՀ դրամի չափով: Սույն գործով հայցապահանջի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Սամվել Հովսեփյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի հիման վրա իրավունք ունի առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը նույն օրենսգրքով սահմանված չէ զրո տոկոս և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150.000 ՀՀ դրամը և սույն գործով չի հիմնավորվել ներմուծված անվադողերի և անվահեծերի արժեքի` 150.000 ՀՀ դրամից ավելի լինելու հանգամանքը: Մինչդեռ Սամվել Հովսեփյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները Արարատյան տարածաշրջանային մաքսատուն սահմանված ժամկետում չհասցնելու համար: Այսինքն՝ սույն գործով կիրառման ենթակա է ՀՀ մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածը, որով վարչական պատասխանատվություն է նախատեսվում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չհասցնելու համար: Հետևաբար, ներկայացված հայցապահանջի հիմնավորվածությունը գնահատելիս Դատարանը պետք է գնահատման առարկա դարձներ ամփոփագրի մեջ նշված ապրանքները Սամվել Հովսեփյանի կողմից մինչև օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը Արարատյան տարածքային մաքսային կետ հասցված լինելու հանգամանքը: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վարչական դատարանի որոշումը բեկանելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հայցը բավարարել՝ Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքը: 2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Դատավորներ՝ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ