Վճռաբեկ դատարան · Քաղ. միջանկյալ
ԱՐԱԴ/3010/02/17
- Գործի համարը
- ԱՐԱԴ/3010/02/17
- Հայցվոր
- «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակակական կազմակերպություն
- Պատասխանող
- Գագիկ Իսկանդարյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 06.04.2022
- Քաղաքացիական գործերով միջանկյալ գործեր
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/3010/02/17 Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/3010/02/17
2022թ.
Նախագահող դատավոր`
Դատավորներ`
Ն. Գաբրիելյան
Լ. Գրիգորյան
Կ. Չիլինգարյան /հատուկ կարծիք/
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2022 թվականի ապրիլի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակակական կազմակերպության (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Գագիկ Իսկանդարյանի` ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը բաժնի վրա տարածելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքում գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1037917 վկայականում ներառված անշարժ գույքից բնեղենով առանձնացնել Գագիկ Իսկանդարյանի բաժինը, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել` բռնագանձումը տարածելով Գագիկ Իսկանդարյանի բաժնի վրա:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Նարինյան) 25.09.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Մ. Հարթենյան, դատավորներ` Կ. Չիլինգարյան, Ա. Խառատյան) 27.03.2019 թվականի որոշմամբ Գագիկ Իսկանդարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.09.2018 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Հայցի առարկայի փոփոխության մասին միջնորդություն ներկայացնելով դատարան` Բյուրոն հայտնել է, որ պարտապանի անվամբ Օշական համայնքի 1042810 և 1042809 կադաստրային համարներով ընդհանուր գույքերից, համաձայն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման, պարտապանի բաժնի առանձնացման պահանջ ներկայացված չի եղել, ուստի խնդրել է նշված ընդհանուր գույքերից պարտապանի բաժինն առանձնացնել, իսկ դրա անհնարինության դեպքում թույլատրել հրապարակային սակարկություններով վաճառել գույքը` բռնագանձումը տարածելով պարտապանի բաժնի վրա:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խաչատրյան) 12.02.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ն. Մարգարյան, դատավորներ` Կ. Համբարձումյան, Հ. Ենոքյան) 18.06.2021 թվականի որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 12.02.2021 թվականի վճիռը` բողոքարկված` «Հօգուտ Հայցվորի պարտապան Գագիկ Իսկանդարյանից 84.000 ՀՀ դրամ դատական ծախսեր բռնագանձելու» և «Հայցվորից ՀՀ պետական բյուջե 10.000 ՀՀ դրամ` վերաքննության կարգով գործի քննության համար պետական տուրք գանձելու: Մնացած մասով դատական ծախսերի հարցը լուծված համարելու» մասերով, բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ` «Գագիկ Իսկանդարյանից հօգուտ «Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի բռնագանձել 67.000 ՀՀ դրամ (պետական տուրք` 12.000 ՀՀ դրամ, փորձաքննության վճար` 52.000 ՀՀ դրամ, գործի քննության համար անհրաժեշտ ծախս` 3.000 ՀՀ դրամ) գումար: Գագիկ Իսկանդարյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես 27.10.2018 թվականի վերաքննիչ բողոքով հետաձգված պետական տուրքի գումար: Դատական ծախսերի հարցը համարել լուծված»:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 03.05.2021 թվականի որոշմամբ Բյուրոյի ներկայացուցչի` 23.05.2018 թվականին փորձաքննության համար կատարված 55.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցման հետ կապված անդրադառնալու համար լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.07.2021 թվականի որոշմամբ Դատարանի 03.05.2021 թվականի «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդության քննության վերաբերյալ» որոշման դեմ Բյուրոյի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է 3-օրյա ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու կրկին ներկայացնելու համար:
Վերաքննիչ դատարանի դատավոր Կ. Չիլինգարյանը 22.07.2021 թվականին ներկայացրել է հատուկ կարծիք:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ` Փիրուզա Վարդանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 52-րդ, 55-րդ, 59-րդ, 66-րդ, 368-րդ հոդվածները, 370-րդ հոդվածի 1-ին մասը, 371-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումն անհիմն է և ենթակա է վերացման:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործի նյութերում առկա` ՀՀ կենտրոնական բանկի 17.06.2020 թվականի թիվ 1/323 և Բյուրոյի խորհրդի 21.05.2020 թվականի թիվ 15-Ա որոշումների բնօրինակները չեն գտնվում հայցվորի մոտ, դրանք կայացվել են համապատասխանաբար Բյուրոյի խորհրդի և ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից: Նշված որոշումների բնօրինակները երբեք չեն տրամադրվել Բյուրոյին, ավելին` այդ որոշումներն առկա են առնվազն մեկ օրինակով, և Դատարանը չի կարող բողոքաբերի դատարանի մատչելիության և դատարան դիմելու իրավունքը սահմանափակել իր կամայական պահանջներով` գիտակցելով, որ բողոքաբերը զրկված է դրանք օբյեկտիվորեն ձեռք բերելու և ներկայացնելու հնարավորությունից:
Ավելին, սույն գործով ըստ էության կայացված դատական ակտի դեմ ներկայացված բողոքը, որի վերաբերյալ 18.06.2021 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը կայացրել է բողոքը մասնակի բավարարելու վերաբերյալ որոշում, և որին կից ներկայացվել են նշված որոշումների պատճենները, որևէ խնդիր չեն առաջացրել և վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմք չեն հանդիսացել:
Միաժամանակ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից թիվ ԵԴ/24450/02/19 գործով 15.04.2020 թվականի, թիվ ԵԴ/25161/02/19 գործով 05.05.2020 թվականի, թիվ ԵԴ/28883/02/18 գործով 30.04.2020 թվականի վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելու մասին որոշումներով, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԿԴ1/1887/02/19 գործով 01.07.2020 թվականի և թիվ ԵԴ/29755/02/18 գործով 10.07.2020 թվականի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու մասին որոշումներով ներկայացված վերաքննիչ և վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունվել` առանց անդրադարձ կատարելու բողոքաբերի լիազորությունները հաստատող ապացույցի` լիազորագրի իրավազորությանը, դրանով իսկ փաստացի ընդունելով այն պատշաճ լինելու հանգամանքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 22.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի և 371-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը վերահաստատելով նախկինում արտահայած իրավական դիրքորոշումները հարկ է համարում կրկին անդրադառնալ հետևյալ հարցադրմանը, թե իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի կողմից տվյալ իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու համար փաստաբանին կամ որևէ այլ անձի լիազորելու պարագայում արդյո՞ք անհրաժեշտ է լիազորագրից բացի ներկայացնել նաև լիազորող անձի կարգավիճակը հավաստող որևէ փաստաթուղթ։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:
Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Աշինգդանեն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) անդրադառնալով դատարանի մատչելիության սկզբունքին, արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատական ներկայացուցչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` ներկայացուցչության մասին դրույթները, նույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում նույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանում ներկայացուցչությունն իրականացնում են փաստաբանները, (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև` նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, վարչական շրջանի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև` անձինք, որոնք` վճարովի կամ անվճար ներկայացնում են այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի քսան և ավելի տոկոսը պատկանում է իրենց կամ նույն կետի «ա» ենթակետում նշված անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետեի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են` (...)
2) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի, պետական մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի, ինչպես նաև համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի, վարչական շրջանի ղեկավարի` նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով.
3) փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ իրավաբանական անձին օրենքով կամ դրա կանոնադրությամբ իրավաբանական անձին ներկայացնելու լիազորություն ունեցող անձինք գործը կարող են վարել անձամբ կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի։ Դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձինք իրենց լիազորությունները պետք է հավաստեն բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերով (տե՛ս, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ն ընդդեմ Ասան Մուրզագալիևի թիվ ԵԴ/39604/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.07.2021 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երբ իրավաբանական անձին դատարանում ներկայացնում է փաստաբանը, ապա դատարանն ընդունում է վերջինիս լիազորությունը, եթե վերջինիս կողմից ներկայացված լիազորագիրը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին և պարունակում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով նշված անհրաժեշտ լիազորությունները։ Իսկ այն դեպքում, երբ իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի ներկայանում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված անձը (անձինք), ապա վերջինս պետք է դատարանին ներկայացնի իր կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթղթեր, որոնք համապատասխանում են տվյալ իրավաբանական անձի գործունեությունը կարգավորող օրենքին և նորմատիվ իրավական ակտերին (տե՛ս, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ն ընդդեմ Իլուշ Մուրադյանի թիվ ԵԴ/13150/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.02.2022 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ իրավաբանական անձը դատարաններում կարող է հանդես գալ կա՛մ օրենքով կամ կանոնադրությամբ իրեն ներկայացնելու լիազորություն ունեցող անձի կողմից` ինքնուրույն, առանց լիազորագրի, կա՛մ օրենքով սահմանված կարգով հանձնարարել որպես ներկայացուցիչ ընտրված այլ անձի կամ անձանց իր անունից իրականացնել ներկայացուցչություն: Ընդ որում, եթե առաջին դեպքում օրենսդիրը, որպես դատարանում ներկայացուցչություն իրականացնելու փաստը հավաստող փաստաթուղթ, սահմանել է առանց լիազորագրի` միայն իր կարգավիճակը հավաստող այնպիսի պատշաճ փաստաթղթերի ներկայացում, որոնք համապատասխանում են տվյալ իրավաբանական անձի գործունեությանը կարգավորող օրենքին և նորմատիվ իրավական ակտերին, ապա երկրորդ դեպքում` բավարար է միայն փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրի առկայությունը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Փիրուզա Վարդանյանը 25.03.2021 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան մուտքագրված վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է Բյուրոյի խորհրդի 21.05.2020 թվականի թիվ 15-Ա որոշման պատճենը` Վաղինակ Եղիազարյանին 01.06.2020 թվականից Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու վերաբերյալ (հատոր 6-րդ, գ.թ. 18), ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը (հատոր 6-րդ, գ.թ. 19): Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է նաև Բյուրոյի՝ ի դեմս գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից «ԱԳՈՍ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի փաստաբաններին, այդ թվում` Փիրուզա Վարդանյանին, 14.12.2020 թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը (հատոր 6-րդ, գ.թ. 16):
Դատարանի 03.05.2021 թվականի «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդության քննության վերաբերյալ» որոշման դեմ 19.05.2021 թվականին փոստային առաքման եղանակով վերաքննիչ բողոք է ներկայացրել Բյուրոյի ներկայացուցիչը (հատոր 5-րդ, գ.թ. 85-100):
Վերաքննիչ դատարանը 22.07.2021 թվականի որոշմամբ Բյուրոյի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն հիմքով, որ սույն գործի նյութերում առկա է ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը: Ըստ Վերաքննիչ դատարանի դիրքորոշման` ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը չի կարող համարվել Վաղինակ Եղիազարյանի` Բյուրոյի գործադիր տնօրենի կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթուղթ, քանի որ այն ներկայացվել է պատճենի տեսքով: Բացի այդ, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հիշյալ որոշման պատճենն ամբողջական չէ և անընթեռնելի է (հատոր 5-րդ, գ.թ. 101-102):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Այսպես, ինչպես արդեն վերը նշվեց, իրավաբանական անձի անունից դատարանում կարող են հանդես գալ.
1. իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձը, կամ
2. փաստաբանը` հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ դատավարական կողմ հանդիսացող իրավաբանական անձի գործը դատարանում վարում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը, ապա կախված այն հանգամանքից, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտներից ով է կրում իրավաբանական անձի շահերն ի պաշտոնե ներկայացնելու լիազորություն, այդ լիազորությունները պետք է հավաստվեն ինչպես ՀՀ օրենսդրությամբ, այնպես էլ տվյալ իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան փաստաթղթերով։
Միաժամանակ, այն դեպքում, երբ իրավաբանական անձին դատարանում ներկայացնում է փաստաբանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգով` հասարակ ձևով, տրված բնօրինակ լիազորագիրն արդեն իսկ բավարար է` ներկայացուցչի պատշաճ լիազորությունների առկայությունը հավաստելու համար: Նման պարագայում, լիազորագիրը տված ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պահանջն անհիմն է:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարական կողմի` դատարանում գործը վարելու լիազորագիր ներկայացնելու դեպքում դատարանը պետք է ստուգի միայն ներկայացված լիազորագիրը` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանելու փաստը հավաստելու տեսանկյունից: Օրենքով սահմանված պահանջներին բավարարելու դեպքում` լիազորագրում նշված անձին պետք է թույլատրվի իրականացնել դրանում նշված և օրենքով չարգելված իրավաբանական նշանակություն ունեցող և հետևանքներ առաջացնող գործողությունները։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ բոլոր դեպքերում փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց կողմից։ Հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր է պահանջվում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձանց համար։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածը սահմանում է գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները սահմանող փաստաթղթերը։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավարական կողմի՝ դատարանում գործը վարելու լիազորագիր ներկայացնելու դեպքում դատարանը, ինչպես նաև դատավարական կողմը, կարող են ստուգել ներկայացված լիազորագիրը, հավաստիանալու համար, թե արդյոք ներկայացված փաստաթուղթը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանում է, թե ոչ։ Օրենքով սահմանված կարգով չվիճարկված և անվավեր չճանաչված լիազորագիրը լիազորագրում նշված անձին թույլ է տալիս իրականացնելու լիազորագրում նշված և օրենքով չարգելված իրավաբանական նշանակություն ունեցող և հետևանքներ առաջացնող գործողություններ։ Այսպես, դատավարական կողմ հանդիսացող ֆիզիկական անձի օրինական ներկայացուցչի կարգավիճակը կարող է պայմանավորված լինել ներկայացվողի տարիքով, հիվանդությամբ, հաշմանդամությամբ կամ օրենքով նախատեսված այլ հանգամանքներով։ Դատավարական կողմ հանդիսացող իրավաբանական անձի դեպքում, երբ դատարանում գործը վարում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը, ապա յուրաքանչյուր դեպքում, կախված այն հանգամանքից, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտներից ով է կրում իրավաբանական անձի շահերն ի պաշտոնե ներկայացնելու լիազորություն, այդ լիազորությունները պետք է հավաստվեն ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այնպես էլ տվյալ իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան փաստաթղթերով (տե՛ս, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ն ընդդեմ Իլուշ Մուրադյանի թիվ ԵԴ/13150/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.02.2022 թվականի որոշումը):
Նման պայմաններում, հիմք ընդունելով վերոգրյալ դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն այն մասին, որ գործի նյութերում առկա ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը չի կարող համարվել Վաղինակ Եղիազարյանի` որպես Բյուրոյի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթուղթ, անհիմն է, քանի որ սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացրել է ոչ թե Բյուրոյի ի պաշտոնե ներկայացուցիչը, այլ Բյուրոյի ներկայացուցիչ Փիրուզա Վարդանյանը։
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի պաշտոնե ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոք ներկայացված չլինելու պարագայում, Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը ներկայացված լինելու հիմքով վերադարձնելը, անհիմն է և խախտում է բողոք բերած անձի արդար դատաքննության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 22.07.2021 թվականի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
