Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական
ԵԴ/11462/02/20
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԵԴ/11462/02/20
- Հայցվոր
- «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
- Պատասխանող
- դիմումի ելքով շահագրգռված անձինք ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյան և Սուրեն Հովհաննիսյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 23.01.2023
- Քաղաքացիական դատավարություն
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/11462/02/20
դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/11462/02/20
Նախագահող դատավոր՝ Կ․ Չիլինգարյան
Դատավորներ՝ Դ․ Սերոբյան
Լ․ Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող
զեկուցող
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ա․ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի հունվարի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), դիմումի ելքով շահագրգռված անձինք Հաշտարարի և Սուրեն Հովհաննիսյանի՝ Հաշտարարի 13.02.2020 թվականի թիվ 15-1088/20 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 13.02.2020 թվականի թիվ 15-1088/20 որոշումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 14.05.2020 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.05.2021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 14.05.2020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը վերացվել է, և Հաշտարարի 13.02.2020 թվականի թիվ 15-1088/20 որոշումը չեղյալ է ճանաչվել։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում սույն պահանջի քննության ընթացքում հաճախորդը չի դրսևորել այնպիսի վարքագիծ, որը կարող էր գնահատվել իբրև անբարեխիղճ և հանդիսանալ պահանջի քննության մերժման հիմք, ուստի առկա չէ Հաշտարարի կողմից թույլ տրված ընթացակարգային կանոնի խախտում:
Բացի այդ, պահանջի քննության ընթացքում Բանկը չի ներկայացրել ապացույցներ այն մասին, որ փոստային կապի միջոցով առնվազն երեսնօրյա պարբերականությամբ հաճախորդին ներկայացրել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը: Հետևաբար Հաշտարարը հաստատված է համարում այն փաստը, որ Բանկը չի կատարել նշված պարտականությունը, ինչը հանգեցրել է Բանկի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը ստանալու հաճախորդի իրավունքը խախտման։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հաճախորդի վարքագծի անբարեխղճության հարցը պետք է որոշի Հաշտարարը՝ հաշվի առնելով տվյալ գործի հանգամանքները: Ընդ որում, հաճախորդի բարեխղճության հարցը վերաբերում է վերջինիս՝ պահանջի քննության ընթացքում դրսևորած վարքագծին: Նման մոտեցումը բխում է նրանից, որ օրենսդիրը հաճախորդի վարքագծի անբարեխղճությունը դիտարկել է ոչ թե որպես վերջինիս պահանջը մերժելու հիմք, այլ վերջինիս պահանջի քննությունը մերժելու հիմք, իսկ այն դեպքում, երբ պահանջն արդեն իսկ քննվում է Հաշտարարի կողմից և այդ փուլում է հաճախորդը դրսևորում անբարեխիղճ վարքագիծ, ապա այդ դեպքում Հաշտարարը դադարեցնում է պահանջի քննությունը: Այլ խոսքով՝ հաճախորդի վարքագծի անբարեխղճությունը ոչ թե վերջինիս պահանջը նյութական իրավունքի նորմերի կիրառման համատեքստում մերժելու հիմք է, այլ պահանջի քննությանը (գործի քննության ընթացքին) վերաբերող ընթացակարգային նորմ է, որի նպատակը վեճի կողմերի պատշաճ վարքագծի ապահովումն է, իսկ դրա խախտման դեպքում, որպես անբարենպաստ հետևանք, սահմանվել է Հաշտարարին դիմելու և վերջինիս կողմից գործի քննություն ստանալու իրավունքի իրացման անհնարինությունը: Հակառակ պարագայում, եթե ենթադրենք, որ հաճախորդի վարքագծի անբարեխղճությունը կարող է վերաբերել նաև վերջինիս՝ պայմանագրային իրավահարաբերությունների ընթացքում դրսևորած վարքագծին, ապա առաջանում է գործառութային-տրամաբանական հակասություն՝ Հաշտարարին վերապահված լիազորությունների վերաբերյալ օրենսդրի սահմանած իրավակարգավորումների առնչությամբ: Մասնավորապես՝ պայմանագրային իրավահարաբերությունների ընթացքում կողմերի գործողություններին գնահատական տալը պահանջի ըստ էության քննության արդյունքում կայացվող որոշմամբ լուծման ենթակա հարց է: Մինչդեռ պահանջի քննությունը մերժելու կամ այն դադարեցնելու որոշմամբ չի կարող անդրադարձ կատարվել այնպիսի հարցերի, որոնք ենթադրում են վեճի՝ ըստ էության քննություն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.05.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Բանկի և Սուրեն Հովհաննիսյանի միջև 10.04.2017 թվականին կնքվել է թիվ AP-00/17/25953 վարկային և գրավի պայմանագիր։ Պայմանագրի 5.1-րդ կետում նշվել են Բանկի կողմից հաճախորդին տեղեկությունների և քաղվածքների տրամադրման հետևյալ հնարավոր լեզուները` «հայերեն», «ռուսերեն» և «անգլերեն», և եղանակները` «Բանկի տարածքում», «Փոստով», «Էլեկտրոնային փոստով» և «Այլ կապի միջոցով«, ընդ որում, «հայերեն» բառին նախորդում է «V» նշանը, իսկ «ռուսերեն» և «անգլերեն» բառերին որևէ նշան չի ուղեկցում։ «Բանկի տարածքում» տողը լրացված է «ՀՀ, 0001, Երևան Աբովյան 22» արտահայտությամբ (նշվածը Բանկի հասցեն է), իսկ «Փոստով», «Էլեկտրոնային փոստով» և «Այլ կապի միջոցով» տողերը` միայն «Z» նշանով։ Պայմանագրի 5.1-րդ կետը եզրափակվում է վարկառու հաճախորդի ստորագրությամբ (գ.թ. 13-16):
2) Հաշտարարի կողմից 13.02.2020 թվականին կայացված թիվ 15-1088/20 որոշմամբ մասնակի բավարարվել է Սուրեն Հովհաննիսյանի՝ Բանկի դեմ ուղղված պահանջը՝ 300.000 ՀՀ դրամ գումարի չափով (գ.թ. 21-38):
3) 28.02.2020 թվականին Բանկի գործադիր տնօրենին ուղղված գրությամբ Հաշտարարը հայտնել է, որ 13.02.2020 թվականին կայացված թիվ 15-1088/20 որոշումն օրենքի համաձայն պարտադիր է կողմերի համար, ուստի Բանկը պարտավոր է սույն ծանուցումը ստանալուց հետո կատարել ֆինանսական համակարգի հաշտարարի վերոնշյալ որոշումը՝ որոշմամբ սահմանված կարգով (գ.թ. 39):
4) Գործում առկա չէ տվյալ Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր կնքված լինելու մասին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարող են էական նշանակություն ունենալ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում Հաշտարարարի կողմից դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրականացման հարցի վերաբերյալ միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանն առերևույթ թույլ է տվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որն առերևույթ խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով․
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը, կրկին անգամ հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
- ինչպիսի՞ դատավարական կարգավիճակ ունի հաշտարարը՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում և ըստ այդմ արդյո՞ք իրավասու է հաշտարարը բողոքարկելու վերը նշված վարույթի կարգով քննված գործով դատական ակտը:
- արդյո՞ք հաճախորդի կողմից պահանջի հիմքում քաղվածքներն ընդհանրապես չստանալու հիմնավորում ներկայացնելու պայմաններում հաշտարարն իրավունք ունի քննարկման առարկա դարձնել և իր որոշմամբ որպես խախտում արձանագրել այն, որ քաղվածքները տրամադրվել են 30-օրյա պարբերականության խախտմամբ։
Սույն վեճին իրավաչափ լուծում տալու տեսանկյունից Վճռաբեկ դատարանը հարկ է համարում առաջին հերթին անդրադառնալ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում Հաշտարարի դատավարական կարգավիճակին: Այսպես.
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` կարևորելով դրանք որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր` հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական և վարչական):
Մասնավորապես` Սահմանադրական դատարանն իր` 28.11.2007թ. ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ (…)»:
Միաժամանակ, դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ ՄԻԵԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(…) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (Case of Khalfaoui v. France, application no. 34791/97, 14/03/2000):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն` դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումին կցվում են դիմումը և դրան կից փաստաթղթերը մյուս կողմին և ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում` առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցվում են կողմերը և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը կարող է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշումը վիճարկվում է դատարանում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում` դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Դատարանի որոշումը կողմերին և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին է ուղարկվում ընդունման պահից եռօրյա ժամկետում (...):
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը Կողմերին իրավունք է վերապահել, օրենքով սահմանված ժամկետում, դատական կարգով վիճարկելու Հաշտարարի որոշումը` տվյալ որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
ՀՀ Սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ մասնավորապես արձանագրվել է, որ «(...) օրենսդրի կողմից կատարված փոփոխության արդյունքում ներկայիս գործող կարգավորումը, դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համահունչ չեն Սահմանադրական դատարանի 09.10.2012թ. ՍԴՈ-1051 որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշմանը, քանի որ Սահմանադրական դատարանը հստակորեն արձանագրել էր, որ Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումն այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ և հանգեցնում է Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված իրավունքի իրացման արգելափակմանը, որի արդյունքում և Օրենսդիրը պետք է կարգավորումը ձևակերպեր այնպես, որ Կազմակերպությանն ընձեռեր Հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկելու հնարավորություն, քանի որ ՍԴՈ-1051 որոշման ամբողջ էությունը հանդիսացել է տվյալ պահին գործող կարգավորմամբ առկա ոչ իրավաչափ սահմանափակման վերացումը:
Միևնույն ժամանակ, վերոգրյալով չի բացառվում վեճերի լուծման այլընտրանքային միջոցների կիրառմամբ դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման և/կամ այլ իրավաչափ նպատակ հետապնդող նկատառումներից ելնելով տարբեր արտադատական ինստիտուտների և ընթացակարգերի ներդրումը վեճերի լուծման ներպետական համակարգում: Այդուհանդերձ, դա պետք է իրականացվի դատարանի մատչելիության և արդար դատաքննության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո: Մասնավորապես, պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել, որ կիրառված սահմանափակումներն այն աստիճանի չսահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ապահովել սահմանափակման նպատակի իրավաչափությունը, կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը»։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննության վարույթը լինելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված առանձին վարույթի տեսակ, ենթակա է քննության դատավարական օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ և պահպանմամբ:
Մասնավորապես, ի տարբերության այլ վարույթների (օրինակ` հայցային, հատուկ և այլն), նշված վարույթով դիմումի քննությունը, որպես կանոն իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ դատարանը հանգում է այն հետևության կամ գտնում է, որ անհրաժեշտ է ստանալ պարզաբանումներ գործում առկա ապացույցների, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ: Այս դեպքում գործի քննությունը իրականացվում է դատական նիստի միջոցով, որի վայրի և ժամանակի մասին ծանուցվում են ինչպես կողմերը, այնպես էլ Հաշտարարը, իսկ տվյալ գործով կայացված եզրափակիչ դատական ակտն ուղարկվում է նաև Հաշտարարի գրասենյակ: Այսինքն, օրենսդիրը նախատեսել է Հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու վերաբերյալ դատական գործերին նաև Հաշտարարի մասնակցությունը։ Ուստի, եթե Հաշտարարը կարող է մասնակցել դատական նիստին, ապա պետք է ունենա դատավարական կարգավիճակ։ Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ Հաշտարարի դատավարական կարգավիճակին` վերջինիս դատական նիստին մասնակցելու համար իր որոշումները չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք են` (…) դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` դիմողն այն անձն է, որ ներկայացրել է սույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում:
Ելնելով նշված իրավական նորմերի վերլուծությունից` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով բողոքաբերի շահագրգռվածության հարցը:
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՐԴ/4208/02/16 գործով 17.09.2018 թվականի որոշմամբ նշել է, որ հատուկ վարույթի գործերին բնորոշ է ոչ թե ընդհանրապես վեճի բացակայությունը, այլ նյութաիրավական վեճի բացակայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հատուկ վարույթի կարգով քննվող գործերով, բացի դիմողներից, կարող են ներգրավվել նաև այն անձինք, որոնք ուղղակիորեն շահագրգիռ են տվյալ գործով համապատասխան դիմումի քննության (փաստի հաստատման) ելքով: Նշվածն ամրագրված է նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որն ուղղակիորեն սահմանում է, որ գործին մասնակցող անձինք են դիմողները և դիմումի ելքով շահագրգռված այլ անձինք՝ նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:
Այլ կերպ ասած` հատուկ վարույթի կարգով քննվող գործերով, այդ թվում նաև իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերով շահագրգիռ են այն անձինք,
որոնք ունեն ուղղակի նյութաիրավական շահագրգռվածություն տվյալ գործով,
որոնց վրա օրենքով սահմանված կարգով դրված է համապատասխան իրավունքի իրականացումը, որը հաստատվել է տվյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստով (օրինակ` այդպիսիք կարող են լինել կենսաթոշակային ապահովության մարմինները, քաղաքացիական կացության գրանցման մարմինները, ՀՀ կառավարության առնընթեր անշարժ գույքի գործակալությունը և այլն):
Վերոգրյալի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հաշտարարը դատարանի կողմից դատական նիստին նեգրավվում է գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար: Այսինքն, Հաշտարարին գործի քննությանը ներգրավելը դառնում է պարտադիր, եթե առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով Հաշտարարը կարող է հավասարեցվել դիմումի քննության ելքով շահագրգռված անձի կարգավիճակ ունեցող անձին: Վերոնշյալից բխում է, որ Հաշտարարը կարող է իրականացնել իր դատավարական իրավունքները, մասնավորապես` բողոքարկել տվյալ գործով դատական ակտերը (տե՛ս, ըստ «Յունիբանկ» ԲԲԸ-ի դիմումի թիվ ԼԴ/3539/02/20 քաղաքացիական գործով կայացված ՀՀ վճռաբեկ դատարանի 18.11.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով երկրորդ հարցադրմանը, հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն՝ որոշումը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձվում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է նույն օրենսգրքի 337-րդ հոդվածի, ինչպես նաև նույն հոդվածի պահանջների խախտմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը կարող է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշումը վիճարկվում է դատարանում:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ, կապված են Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ և պարունակում են տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ, (...):
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը հաճախորդը պետք է Կազմակերպությանը ներկայացնի բողոք-պահանջ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կազմակերպությունը պարտավոր է նույն հոդվածի 1-ին մասում նշված բողոք-պահանջը ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդին գրավոր տրամադրել վերջնական պատասխան: Կազմակերպության վերջնական պատասխանը պետք է արտահայտի Կազմակերպության հստակ դիրքորոշումը սպառողի պահանջը մերժելու, բավարարելու կամ մասնակի բավարարելու վերաբերյալ: (...) Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կազմակերպության վերջնական պատասխանը ստանալու պահից կամ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում այն չստանալու դեպքում հաճախորդն իրավունք է ձեռք բերում պահանջ ներկայացնելու Ֆինանսական համակարգի հաշտարարին:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացվող պահանջը կազմվում է գրավոր և ներառում է՝ (...)
5) Կազմակերպությանն ուղղված հաճախորդի բողոք-պահանջի պատճենը.
6) առկայության դեպքում Կազմակերպության գրավոր պատասխանը հաճախորդի բողոք-պահանջին. (...)
8) պահանջի բովանդակությունը (հանգամանքները, որոնց վրա հիմնվում է պահանջը). (...)։
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարը մերժում է պահանջի քննությունը, եթե հաճախորդը նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով բողոք-պահանջ չի ներկայացրել Կազմակերպությանը։
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պահանջի քննության արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին և ոչ ուշ, քան հաջորդ օրը ծանուցում որոշման մասին՝ համապատասխան ծանուցման եղանակով ներկայացնելով որոշումը։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ հաշվի առնելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, այլև գործարար վարքագծի և էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման ձև, նպատակ ունի ապահովել արդարադատության արդյունավետությունը և մատչելիությունը՝ հաշվի առնելով, որ վեճերի լուծման այլընտրանքային ձևերի արդյունավետ գործունեությունը նպաստում է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների որակական չափանիշների բարձրացմանը (այդ թվում՝ բեռնաթափելով դատարանները)։
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 22.12.2015 թվականի 70/186 բանաձևում (General Assembly Resolution 70/186 on Consumer Protection (A/RES/70/186)) ընդգծվում է սպառողների պահանջների բավարարման արդյունավետ ընթացակարգեր նախատեսելու անհրաժեշտությունը (3-րդ բաժին, 5-րդ կետ)։ Բանաձևի 5-րդ բաժնի «F» գլխում, որը վերաբերում է վեճերի լուծմանը և փոխհատուցմանը (պահանջների բավարարմանը), կարևորվում է իրավական այնպիսի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կընձեռեն սպառողներին ներկայացնել իրենց պահանջներն արդյունավետ, արդար և հասանելի ընթացակարգերի (այդ թվում՝ վեճերի այլընտրանքային լուծման) միջոցով։ Ընդ որում, կարևորվում է սպառողների պահանջների արագ, արդարացի, թափանցիկ, ոչ թանկ, հասանելի և չձևականացված (ոչ ֆորմալ) քննությունը (5-րդ բաժին, 37-41-րդ կետեր)։
Հայաստանի Հանրապետությունում Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը ներդրվել է 17.06.2008 թվականին ընդունված և 02.08.2008 թվականին ուժի մեջ մտած «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով՝ հիմք ընդունելով «Դատարանների աշխատանքի չափազանց ծանրաբեռնվածությունը կանխելու և նվազեցնելու միջոցառումների վերաբերյալ» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 16.09.1986 թվականի թիվ R (86)12 հանձնարարականը (Recommendation No R (86) 12 Of The Committee of Ministers to Member States Worklood in the courts) և «Սպառողների վեճերի արտադատական լուծման համար պատասխանատու մարմինների վրա տարածվող սկզբունքների մասին» Եվրոպական հանձնաժողովի 30.03.1998 թվականի թիվ 98/257/EC հանձնարարականում (Commission Recommendation of 30 March 1998 on The Principles Applicable Responsible for out-of-court settlement of consumer disputes) ամրագրված սկզբունքները։ Վերջինս, ի թիվս այլնի, նախատեսում է արդյունավետության սկզբունքը, որը մասնավորապես ենթադրում է, որ պահանջի ներկայացման և որոշման կայացման միջև կարճ ժամանակ պետք է լինի։ Ընդ որում, օրենքի ընդունման հիմնավորումներում նշվել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունն է, նրանց բողոքների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը և ֆինանսական միջնորդության ավելացումը։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից վեճերի քննությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ ապահովվում է տվյալ վարույթի մասնակիցների հավասարությունը, մրցակցությունը, իսկ կայացրած որոշումը բավարարում է օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության չափանիշներին։ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի կարգավորումերը, արձանագրում է, որ վարույթի արդյունավետությունն ապահովելուն է ուղղված օրենսդրական այն պահանջը, որ նախքան պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը հաճախորդը պետք է Կազմակերպությանը ներկայացնի նույնաբովանդակ բողոք-պահանջ։ Այսինքն՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը՝ որպես վեճերի արտադատական, այլընտրանքային լուծման մեխանիզմ, կարող է գործնականում արդյունավետ գործել, եթե նախքան վարույթի սկիզբը Հաճախորդը Կազմակերպությանը ներկայացրել է հստակ պահանջ, սակայն բավարարում չի ստացել, որից հետո նույնական պահանջով դիմել է Ֆինանսական համակարգի հաշտարարին։ Նշված կարգավորումն ինքնանպատակ չէ, քանի որ հնարավոր է, որ Կազմակերպությունը լիովին հիմնավոր համարի ներկայացված բողոք-պահանջը և խնդիրը տեղում լուծելու միջոցով ավարտի գործընթացը։ Հակառակ դեպքում նույն պահանջը ներկայացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարին, ով արդեն գնահատում է Հաճախորդի պահանջը և նույն պահանջին ծանոթ Կազմակերպության ներկայացրած պատասխանը։
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ֆինանասական համակարգի հաշտարարի կողմից իրականացվող քննության ընթացքում որպես ելակետ պետք է ընդունվի հաճախորդի կողմից նախ Կազմակերպությանը և հետո միայն Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացված պահանջը։ Ուստի՝ քննությունը պետք է իրականացվի պահանջի շրջանակներում:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ վեճերի լուծման ընթացքում Ֆինանսական համակարգի հաշտարարը հաշվի է առնում ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, այլև գործարար վարքագծի և էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները, ինչն առավել ճկուն և պակաս ֆորմալ է դարձնում վարույթը (ի տարբերություն, օրինակ, քաղաքացիական դատավարության)։ Պատահական չէ, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի խորհրդի 30.08.2020 թվականի թիվ 11/20 որոշմամբ հաստատված «Պահանջների քննության գործընթացը կարգավորող կանոնների» 9-րդ կետի համաձայն՝ պահանջի քննության ընթացքում Հաշտարարն աջակցում է կողմերի միջև հաշտության բանակցություններ իրականացնելուն և (կամ) հաշտության համաձայնագիր կնքելուն:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պահանջի քննության ընթացքում Ֆինանսական համակարգի հաշտարարը, ի թիվս այլնի, պարտավոր է ստուգել, թե արդյոք Հաճախորդի կողմից Կազմակերպությանը ներկայացվել է նույնական պահանջ, որից հետո միայն անցնել պահանջի ըստ էության քննությանը։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի և Սուրեն Հովհաննիսյանի միջև 10.04.2017 թվականին կնքվել է թիվ AP-00/17/25953 վարկային և գրավի պայմանագիր։ Պայմանագրի 4.1.3-րդ կետով Բանկը պարտավորվել է 30-օրյա պարբերականությամբ տրամադրել վարկառուին նրա վարկային պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների, այդ թվում՝ պարտավորությունների խախտման համար կիրառված տուժանքի, կիրառման դեպքերի ու կարգի մասին տեղեկություն /քաղվածք/ սույն պայմանագրի 5.1-րդ կետով նշված եղանակով։ Պայմանագրի 5.1-րդ կետում նշվել են Բանկի կողմից հաճախորդին տեղեկությունների և քաղվածքների տրամադրման հետևյալ հնարավոր լեզուները` «հայերեն», «ռուսերեն» և «անգլերեն», և եղանակները` «Բանկի տարածքում», «Փոստով», «Էլեկտրոնային փոստով» և «Այլ կապի միջոցով«, ընդ որում, «հայերեն» բառին նախորդում է «V» նշանը, իսկ «ռուսերեն» և «անգլերեն» բառերին որևէ նշան չի ուղեկցում։ «Բանկի տարածքում» տողը լրացված է «ՀՀ, 0001, Երևան Աբովյան 22» արտահայտությամբ (նշվածը Բանկի հասցեն է), իսկ «Փոստով», «Էլեկտրոնային փոստով» և «Այլ կապի միջոցով» տողերը` միայն «Z» նշանով։ Պայմանագրի 5.1-րդ կետը եզրափակվում է վարկառու հաճախորդի ստորագրությամբ։
Սուրեն Հովհաննիսյանը 07.11.2019 թվականին 600.000 ՀՀ դրամի բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին՝ հայտնելով, որ «(...) Պայմանագրի գործողության ընթացքում բազմիցս այցելել է Բանկ, սակայն ոչ մի անգամ քաղվածք չի ստացել իր վարկի վերաբերյալ տեղեկությամբ՝ իր նախընտրած եղանակով»։
Բանկը 19.11.2019 թվականին գրությամբ Սուրեն Հովհաննիսյանին հայտնել է, որ վարկային պայմանագրի 5.1-րդ կետով վարկի մասին տեղեկատվության տրամադրման եղանակը նշվել է Բանկի տարածքում եղանակը, սակայն դուք չեք պահանջել տրամադրելու այդ տեղեկատվությունը Բանկի տարածքում կամ որևէ այլ ձևով։
Սուրեն Հովհաննիսյանի՝ Բանկի դեմ ուղղված 29.11.2019 թվականի թիվ 07-1815/19 պահանջը մասնակի բավարարելու մասին Հաշտարարի 13.02.2020 թվականի թիվ 15-1711/19 որոշման համաձայն՝ «(...) Հաշտարարն արձանագրում է, որ առկա չէ հաճախորդի գրավոր դիմում կամ պայմանագրի պայման, որի հիման վրա հաճախորդը հրաժարվել է քաղավածքները փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ դրանք էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ առձեռն ստանալու պայմանով։ Քանի որ սույն պայմանագրի շրջանակներում գործում է օրենքով նախատեսված՝ Բանկի և հաճախորդի միջև հաղորդակցման փոստային կապի միջոցով եղանակը, հետևաբար հաճախորդը պայմանագրից բխող «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը երեսնօրյա պարբերականությամբ պետք է ստանար փոստային կապի միջոցով։ Հաճախորդն ուներ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը ոչ պակաս, քան 30-օրյա պարբերականությամբ փոստային կապի միջոցով ստանալու իրավունք, որին համապատասխան բանկը պարտավոր էր առնվազն 30-օրյա պարբերականությամբ փոստային կապի միջոցով հաճախորդին տրամադրել նշված տեղեկատվությունը։ (...) Հաշտարարը գտնում է, որ հաճախորդի պահանջը հիմնավոր է, քանի որ նրան «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարբերականությամբ և եղանակով չի տրամադրվել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը, ինչը հանգեցրել է նշված օրենքով սահմանված հաճախորդի իրավունքի խախտման, որի պարագայում վերջինս իրավունք ունի կրոդիտավորողից պահանջել հօգուտ իրեն վճարել Օրենքով նախատեսված տուգանքը, որի չափը հանդիսանում է 300.000 ՀՀ դրամ։ (...) Հաճախորդի պահանջը պետք է բավարարել մասնակի, քանի որ այն հիմնավոր է միայն քաղվածք ստանալու հաճախորդի իրավունքի խախտման մասով»։ Հաշտարարը որոշել է Սուրեն Հովհաննիսյանի՝ Բանկի դեմ ուղղված 29.11.2019 թվականի թիվ 07-1815/19 պահանջը բավարարել մասնակի՝ 300.000 ՀՀ դրամ գումարի չափով։
Դատարանը մերժել է Բանկի դիմումը՝ արձանագրելով, որ բացակայում են Հաշտարարի 13.02.2020 թվականի թիվ 15-1088/20 որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերը, որպիսի պարագայում Դիմողի պահանջը՝ հաշտարարի որոշումն ընթացակարգային կանոնների խախտման հիմքով չեղյալ ճանաչելու մասին, անհիմն է և ենթակա է մերժման:
Վերաքննիչ դատարանը Բանկի վերաքննիչ բողոքը բավարարել է, վերացրել է Դատարանի 14.05.2020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը և չեղյալ է ճանաչել Հաշտարարի 13.02.2020 թվականի թիվ 15-1088/20 որոշումը` պատճառաբանելով. «Հաճախորդի կողմից անվիճելի ձևով ընտրված է եղել վարկի մասին տեղեկությունները Բանկի տարածքում ստանալու եղանակը, և «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կանոնի կիրառման պայմանն առկա է եղել և ի չիք է դարձրել Հաշտարարի կողմից Բանկին վերագրված` տեղեկությունները և քաղվածքները Հաճախորդին փոստային կապի միջոցով ուղարկելու պարտականությունը.
Հաճախորդը վարկային պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում չի օգտվել Բանկից տեղեկությունների ստացման իր իսկ ընտրած եղանակից և Բանկի մեղքով այդպիսիք ստացած չլինելու մտացածին ՙհիմքով՚ պահանջ է ներկայացրել միայն վարկն ամբողջությամբ մարելուց հետո, երբ անցյալում էր մնացել համապատասխան տեղեկություններն ստանալու և դրանց միջոցով իր իրավունքների հնարավոր խախտումները բացառելու կամ այդպիսիք հայտնաբերվելու դեպքում դրանց վերացմանն ուղղված գործողություններ կատարելու իրական անհրաժեշտությունը (Հաճախորդն անտեսել է նաև տեղեկությունները Բանկի տարածքում ստանալու վերաբերյալ Բանկի վարչության նախագահ Ա. Խաչատրյանի` պայմանագրի 5.1 կետը վկայակոչող 19.11.2019թ. թիվ 09.3-37/657 գրությամբ ներկայացված առաջարկը և Բանկին էլ վարկային պարտավորությունների հաշվարկների հետ կապված որևէ խախտում չի վերագրել): Այս պայմաններում Հաճախորդի կողմից վարկը մարելուց հետո Բանկին, ապա` Հաշտարարին պահանջ ներկայացնելը չի կարող գնահատվել այլ կերպ, քան որպես Հաճախորդի կողմից անբարեխիղճ վարքագծի դրսևորում, ինչն Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ուժով պետք է հիմք ծառայեր Հաշտարարի կողմից պահանջի քննությունը մերժվելու համար, իսկ Հաշտարարի կողմից հակառակն արված լինելու փաստն էլ նույն Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով պետք է հիմք ծառայեր Հաշտարարի Որոշումը չեղյալ ճանաչելու մասին Բանկի դիմումը Դատարանի կողմից բավարարվելու համար, բայց ո°չ Հաշտարարը, ո°չ էլ Դատարանն այդ նորմերը չեն կիրառել վերը բերված և գործում եղած ապացույցներով հաստատվող փաստերից բխող մեկնաբանությամբ»։
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կրեդիտավորողի և սպառողի միջև ցանկացած հաղորդակցում, որը կապված է կրեդիտավորման պայմանագրի պայմանների կամ կողմերի միջև հաղորդակցման կարգի կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության սահմանման, փոփոխման կամ դադարեցման հետ կամ վերաբերում է կրեդիտավորման պայմանագրի վրա որևէ ազդեցություն ունեցող օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ կրեդիտավորողի ներքին ակտերին, կատարվում է գրավոր եղանակով՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սույն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ, սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սպառողն իր գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունը փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու պայմանով: Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու սպառողի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Ընդ որում, կրեդիտավորողն իրավունք չունի սպառողին պարտադրելու, այդ թվում՝ սպառողի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ սպառողը հրաժարվի պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կապով ստանալու իր իրավունքից:
«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն դեպքում, երբ կրեդիտավորողի կողմից խախտվել է սպառողի՝ սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված որևէ իրավունք, ապա սպառողն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ առևտրային արբիտրաժ: Կրեդիտավորողի ծառայություններից օգտվող սպառողի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ սպառողի բռնագանձվում է երեք հարյուր հազար դրամ: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված սպառողի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` սպառողի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:
Ինչպես արդեն իսկ Վճռաբեկ դատարանը փաստել է սույն որոշմամբ, Ֆինանասական համակարգի հաշտարարի կողմից իրականացվող քննության ընթացքում որպես ելակետ պետք է ընդունվի հաճախորդի կողմից նախ Կազմակերպությանը և հետո միայն Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացված պահանջը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով կարևորել է կրեդիտավորողի և սպառողի միջև արդյունավետ հաղորդակցումը, որը ենթադրում է սահմանված ժամկետներում և սահմանված կարգով Հաճախորդին տեղեկատվության տրամադրում։ Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կրեդիտավորողի կողմից օրենսդրական պահանջը կարող է խախտվել ինչպես ընդհանրապես տեղեկատվություն չտրամադրելով, այնպես էլ այն սահմանված ժամկետների խախտմամբ տրամադրելով։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեղեկատվության ստացման իրավունքը կհամարվի իրացված, եթե կրեդիտավորողը պահպանել է բոլոր կանոնները՝ կապված տեղեկատվության տրամադրման հետ։ Մասնավորապես, ընդհանրապես տեղեկատվություն չտրամադրելը չի կարող նույնացվել տեղեկատվությունը ժամկետի խախտմամբ տրամադրելու հետ։
Վերոգրյալի հիման վրա գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սուրեն Հովհաննիսյանը բարձրացրել է Բանկի կողմից քաղվածք ընդհանրապես չտրամադրելու հարցը։ Մինչդեռ Հաշտարարը, պահանջը նշված սահմանում քննելու փոխարեն, գնահատել է քաղվածքը ենթադրաբար ուշացմամբ Սուրեն Հովհաննիսյանին տրամադրելու հարցը՝ այդպիսով դուրս գալով պահանջի շրջանակներից և զրկելով Բանկին՝ այդ հարցի վերաբերյալ նախապես իր դիրքորոշումը հայտնելու և վեճը մինչև Հաշտարարին դիմելը լուծելու հնարավորությունից։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների և փաստական հանգամանքների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հաշտարարը թույլ է տվել ընթացակարգային կանոնների խախտում՝ դուրս գալով Հաճախորդի պահանջի հիմքերի և հիմնավորումների շրջանակից, որպիսի հանգամանքն էլ իրավացիորեն արձանագրվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքը և հիմնավորումները բավարար չեն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Հաշտարարի ներկայացրած վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանը, վերացնելով Դատարանի որոշումը և կայացնելով նոր որոշում՝ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու մասին, կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [«Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Հաշտարարի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պայմաններում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքները ենթակա են մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2021 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Զեկուցող
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
