Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԿԴ/0102/11/09

Գործի համարը
ԵԿԴ/0102/11/09
Դիմող / մեղադրյալ
Մամիկոն Գևորգյան Ռուբիկի
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
04.05.2010

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԿԴ/0102/11/09 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում գործ թիվ ԵԿԴ/0102/11/09 Նախագահող դատավոր՝ Ա.Դանիելյան Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ` Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ դիմողի ներկայացուցիչ` Է.ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ 2010 թվականի մայիսի 4-ին ք. Երևանում դռնբաց դատական նիստում, քննության առնելով Մամիկոն Ռուբիկի Գևորգյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ դիմող Մ.Գևորգյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2009 թվականի հոկտեմբերի 26-ին Մամիկոն Գևորգյանը դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` քրեական գործ հարուցելու պահանջով: 2009 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը թիվ 18-102մ/դ09 գրությամբ մերժել է դիմումատուի պահանջը: 2. ՀՀ հատուկ քննչական ծառայության թիվ 18-102մ/դ09 գրությունը դիմումատուն 2009 թվականի նոյեմբերի 4-ին բողոքարկել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան): Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ Մ.Գևորգյանի բողոքը մերժվել է: 3. 2009 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի գրությունը դիմումատուն բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին: ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 33-109-09 գրությամբ դիմումատուի բողոքը մերժել է: 4. Մ.Գևորգյանը, դիմելով Առաջին ատյանի դատարան, բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանի 2009 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 33-109-09 գրությունը և խնդրել է այն ճանաչել որպես անգործություն և պարտադրել ՀՀ գլխավոր դատախազությանը քննել իր կողմից ներկայացված բողոքը և կայացնել որոշում: Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ Մ.Գևորգյանի բողոքը մերժվել է: 5. Մ.Գևորգյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի հունվարի 22-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ, իսկ վերաքննիչ բողոքը` մերժել: Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ 2010 թվականի փետրվարի 5-ին վճռաբեկ բողոք է բերել Մ.Գևորգյանը: 6. 2010 թվականի մարտի 4-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4141-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձրել է` թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանելով 15-օրյա ժամկետ: Մ.Գևորգյանը 2010 թվականի մարտի 17-ին կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանը 2010 թվականի մարտի 30-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար») վարույթ է ընդունել: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Տվյալ դեպքում Մամիկոն Գևորգյանը ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանի 2009 թվականի նոյեմբերի 24-ի գործողությունը վերադաս դատախազին չի բողոքարկել: Այսինքն` դիմումատուի կողմից չի պահպանվել դատախազի գործողությունների դեմ բողոք ներկայացնելու օրենքով նախատեսված ընթացակարգը» (տե՛ս քրեական գործի նյութեր, էջ 64): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. 8. Բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը, քրեական գործ հարուցելու վերաբերյալ իր դիմումին գրությամբ պատասխանելով, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ, 185-րդ, 290-րդ հոդվածների, ՀՀ Սահմանադրության 18-19-րդ հոդվածների պահանջները: Մասնավորապես, իր դիմումին գրությունով պատասխանելու հետևանքով ինքն ըստ էության զրկված է եղել քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը բողոքարկելու իրավունքից: 9. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որի արդյունքում խախտվել են նաև իր սահմանադրական իրավունքները: Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի որոշումը և գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ՍԴՈ-844 որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի «…և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված՝ նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով պարտավորեցնո՞ւմ է արդյոք Առաջին ատյանի դատարանին դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնել քրեական գործ հարուցելու պահանջը մերժելու վերաբերյալ դատախազի գրության դեմ դիմող Մ.Գևորգյանի բողոքը: 11. Խնդրո առարկա հարցադրման կապակցությամբ իրավական դիրքորոշում Վճռաբեկ դատարանն արտահայտել է Արևիկ Մողրովյանի վերաբերյալ որոշմամբ, որի համաձայն՝ «(...) Մյասնիկ Հարութիկի Ավետիսյանի վերաբերյալ 2009 թվականի հունիսի 29-ի ԵԿԴ/0019/11/09 որոշմամբ ձևավորած դիրքորոշումը (…) պետք է վերանայել և համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշման հետ: (…) Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի միասնական կիրառության հետ կապված անհրաժեշտ է համարում ձևավորել հետևյալ մոտեցումը՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման առարկա անմիջականորեն կարող են հանդիսանալ քրեական հետապնդման մարմինների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները, եթե դրանք չեն բավարարվել դատախազի կողմից` անկախ նրանից, թե բողոքարկման արդյունքում դատախազի կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտեր են կայացվել, թե դրսևորվել է անգործություն» (տե՛ս Արևիկ Մողրովյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0076/11/09 որոշման 14-րդ և 15-րդ կետերը): 12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մ.Գևորգյանը Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում խնդրել է ճանաչել ՀՀ գլխավոր դատախազության գրությունը որպես անգործություն, ինչպես նաև պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազությանը քննել իր բողոքները և իրեն պատասխանել որոշումով: Սակայն ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը Մ.Գևորգյանի բողոքները մերժել են` դիմողի կողմից դատախազի գործողությունների դեմ բողոք ներկայացնելու օրենքով նախատեսված ընթացակարգը չպահպանելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 4-րդ և 7-րդ կետերը): 13. Հիմք ընդունելով սույն որոշման 11-րդ կետում և համապատասխանաբար նաև Ա.Մողրովյանի որոշման մեջ շարադրված դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը պարտավոր է դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնել քրեական գործ հարուցելու պահանջը մերժելու վերաբերյալ դատախազի գրության դեմ դիմող Մ.Գևորգյանի բողոքը: Հետևաբար, սույն գործով դիմող Մամիկոն Ռուբիկի Գևորգյանի բողոքը մերժելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 11-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի որոշումներն անհրաժեշտ է բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի միատեսակ կիրառության հետ կապված ձևավորվել է նոր իրավական դիրքորոշում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Մամիկոն Ռուբիկի Գևորգյանի բողոքը մերժելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 11-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ Դատավորներ ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ