Վճռաբեկ դատարան · Քրեական
ԵԿԴ/0007/11/09
- Գործի համարը
- ԵԿԴ/0007/11/09
- Դիմող / մեղադրյալ
- Կարապետ Ռուբինյան Ռուբենի
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 23.07.2010
- ՀՀ Սահմանադրություն
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
9 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 225. Զանգվածային անկարգությունները
- Հոդված 225.1. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը
- Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը
- Հոդված 300. Իշխանությունը յուրացնելը
- Հոդված 316. Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԿԴ/ 0007/11/09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ՝ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ
ներկայացուցիչ՝ Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆԻ
2010 թվականի հուլիսի 23-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 3-ի որոշման դեմ Կարապետ Ռուբենի Ռուբինյանի ներկայացուցիչների վճռաբեկ բողոքի հիման վրա՝ նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 2. 2008 թվականի մարտի 5-ին Կարապետ Ռուբինյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ և 300-րդ հոդվածի 1-ին մասերով:
3. 2008 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Կարապետ Ռուբինյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: 4. Վիճարկելով քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը` Կ.Ռուբինյանը 2008 թվականի դեկտեմբերի 18-ին հիշյալ որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով վերացնել վերը նշված որոշումը և պարտավորեցնել դադարեցնելու իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանը 2008 դեկտեմբերի 22-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:
5. 2009 թվականի հունվարի 18-ին Կ.Ռուբինյանը և նրա ներկայացուցիչը ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի 2008 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումն անվավեր ճանաչելու, Կ.Ռուբինյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը փոփոխելու, քրեական հետապնդման մարմնի կողմից Կ.Ռուբինյանից գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելու, Կարապետ Ռուբինյանի անձնական անձեռնմխելիության, անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի, մտքի, խղճի, արտահայտվելու, միավորումներ կազմելու ազատության, սեփականության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի խախտման փաստերը ճանաչելու և Կ.Ռուբինյանին պատճառված վնասների հատուցման պահանջների մասին բողոք են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի մարտի 9-ի որոշմամբ`
1/ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի 2008 թվականի դեկտեմբերի 22-ի բողոքը մերժելու մասին որոշումն անվավեր ճանաչելու, Կ.Ռուբինյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը փոփոխելու, քրեական հետապնդման մարմնի կողմից Կ.Ռուբինյանից գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելու մասերով բողոքը մերժվել է,
2/ Կ.Ռուբինյանին պատճառված վնասների հատուցման մասով բողոքը թողնվել է առանց քննության` նրան իրավունք վերապահելով հետագայում այն լուծել քաղաքացիական դատավարության կարգով,
3/ Կարապետ Ռուբինյանի անձնական անձեռնմխելիության, անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի, մտքի, խղճի, արտահայտվելու, միավորումներ կազմելու ազատության, սեփականության, արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջների մասով թողնվել է առանց քննության:
6. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 9-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Կ.Ռուբինյանը և նրա ներկայացուցիչը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի մայիսի 8-ի որոշմամբ Կարապետ Ռուբինյանի և նրա ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել է` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 9-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
7. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշման դեմ Կ.Ռուբինյանը և նրա ներկայացուցիչը վճռաբեկ բողոք են բերել, որը Վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ վերադարձվել է:
8. Վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի սահմանադրականությունը՝ քաղաքացիներ Ա.Սարգսյանը, Կ.Ռուբինյանը, Մ.Դանիելյանը դիմել են ՀՀ սահմանադրական դատարան: ՀՀ սահմանադրական դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի «և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված` նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, որով գործնականում նույն հոդվածի 2-րդ մասի վրա տարածելով 1-ին մասում նախատեսված պայմանն ու նման մեկնաբանությամբ դիմողների նկատմամբ կիրառելով հոդվածի 1-ին մասը` սահմանափակվել են մարդու` դատարանի մատչելիության ու արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:
ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշման 2-րդ կետով գտել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
9. Ելնելով այն բանից, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշումը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 3-ի որոշումը նոր հանգամանքներով վերանայելու համար՝ Կ.Ռուբինյանի ներկայացուցիչները վճռաբեկ բողոք են բերել:
Վճռաբեկ դատարանն իր 2010 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ բողոքը վերադարձրել է` թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանելով 15-օրյա ժամկետ:
2010 թվականի մայիսի 4-ին Կ.Ռուբինյանի ներկայացուցիչները կրկին վճռաբեկ բողոք են բերել:
10. Մինչ այդ, վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և 67-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը՝ քաղաքացիներ Ա.Սարգսյանը և Կ.Ռուբինյանը, դիմել են ՀՀ սահմանադրական դատարան: ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թվականի մարտի 30-ի ՍԴՈ-871 որոշման 1-ին կետով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի «… իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու առնչությամբ, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին և 21-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:
ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թվականի մարտի 30-ի ՍԴՈ-871 որոշման 2-րդ կետով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:
ՀՀ վճռաբեկ դատարանը 2010 թվականի հունիսի 4-ին որոշում է կայացրել նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
11. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ արձանագրել է «Քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից Կ.Ռուբինյանից գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելու մասով բողոքը նույնպես ենթակա է մերժման, քանի որ Կ.Ռուբինյանի կողմից քրեական հետապնդում իրականացնող մարմնի ներողություն չհայցելու գործողությունը չի բողոքարկվել դատախազին» (տե'ս գործի նյութեր, հատոր 1, էջ 112):
12 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը գրավոր ներողություն խնդրելու ձևով դրսևորած անգործությունը ներկայացրել է որպես գործողություն (տե՛ս գործի նյութեր, հատոր 1, էջ 112, էջ):
13. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Կ.Ռուբինյանը գործի քննության ընթացքում դատախազին չի բողոքարկել իր` վերաքննիչ բողոքում նշված իրավունքների և ազատությունների խախտումների մասին» (տե՛ս գործի նյութեր, հատոր 2, էջ 111):
Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
14. Ելնելով այն բանից, որ դատարանները, կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, որոնք ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր են ճանաչվել` ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ, խախտել են Կարապետ Ռուբինյանի դատական պաշտպանության և անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքները, բողոք բերած անձինք խնդրել են`
1/ հարուցել ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 3-ի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման վարույթ,
2/ վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 3-ի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը,
3/ վարույթ ընդունել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մայիսի 8-ի որոշման դեմ Կարապետ Ռուբինյանի անունից 2009 թվականի հունիսի 1-ին ներկայացված վճռաբեկ բողոքը,
4/ բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 9-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մայիսի 8-ի որոշումները,
5/ հաստատել ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի 2008 թվականի դեկտեմբերի 22-ի բողոքը մերժելու մասին որոշման անվավեր լինելը,
6/ ճանաչել`
ա) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանների կողմից Կ.Ռուբինյանի իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի խախտման փաստերը,
բ) Կարապետ Ռուբինյանի անձնական անձեռնմխելիության իրավունքի, անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքի, մտքի, խղճի, արտահայտվելու, միավորումներ կազմելու ազատության, սեփականության իրավունքի խախտման փաստերը,
գ) փոխել Կարապետ Ռուբինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը,
դ) գրավոր ներողություն հայցել Կարապետ Ռուբինյանից: 15. Բողոք բերած անձինք, ի լրումն նախորդ բողոքի, նաև նշել են, որ իրենց` 2010 թվականի մարտի 4-ի վճռաբեկ բողոքը դատարան ներկայացնելուց հետո, մինչ կլուծվեր դրա ընդունելության հարցը, ՀՀ սահմանադրական դատարանն Ա.Սարգսյանի և Կարապետ Ռուբինյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել Կ.Ռուբինյանի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` սույն գործով կիրառված մեկ այլ դրույթ: Խոսքը վերաբերում է ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի մարտի 30-ի ՍԴՈ-871 որոշմանը, որի համաձայն` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի «… իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու առնչությամբ, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի (1-ին մաս) և 21-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:
Բողոք բերած անձինք նշել են, որ ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի իմաստով նոր հանգամանք է:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի «…և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված՝ նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, պարտավորեցնո՞ւմ է արդյոք Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնել գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելու մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2008 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման դեմ դիմող Կ.Ռուբինյանի ներկայացուցիչների բողոքը:
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների՝ սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»:
18. ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշման մեջ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործնականում դատական պրակտիկան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ «գործողություն» եզրույթը հավասարապես վերագրել է նաև անգործությանը: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի «և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված` նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, որով գործնականում նույն հոդվածի 2-րդ մասի վրա տարածելով 1-ին մասում նախատեսված պայմանն ու նման մեկնաբանությամբ դիմողների նկատմամբ կիրառելով հոդվածի 1-ին մասը` սահմանափակվել են մարդու` դատարանի մատչելիության ու արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:
Այլ կերպ` ՍԴՈ-844 որոշման հիման վրա` հետաքննւոթյան մարմնի, քննիչի, դատախազի անգործությունը կարող է անմիջականորեն բողոքարկվել դատարան:
19. Ինչպես երևում է գործի նյութերից և բողոքների բովանդակությունից, քրեական հետապնդման մարմնի կողմից գրավոր ներողություն չհայցելը ստորադաս դատարանները դիտել են որպես գործողություն և ոչ թե անգործություն (տե'ս սույն որոշման 12-րդ կետը): Բողոքաբերների կարծիքով` դատարաններն այն դիտել են գործողություն, որպեսզի կիրառելի լինի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը և իրենց բողոքը մերժվի:
20. Քննության առարկա հարցի կապակցությամբ իրենց դիրքորոշումները Սահմանադրական դատարանը և Վճռաբեկ դատարանն արտահայտել են, համապատասխանաբար, 2009թ. դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ և Ա.Մողրովյանի վերաբերյալ որոշմամբ:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշման 7-րդ կետի համաձայն` «անգործություն» եզրույթն իրավակիրառական պրակտիկայում, պետք է ընկալվի որպես հետաքննության, նախաքննության մարմինների, պաշտոնատար անձանց և դատախազի` Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունների (որոշումների ընդունում, իրենց լիազորություններից բխող գործունեության իրականացում) չկատարում»:
Ա.Մողրովյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն` (…) մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման առարկա անմիջականորեն կարող են հանդիսանալ քրեական հետապնդման մարմինների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները, եթե դրանք չեն բավարարվել դատախազի կողմից` անկախ նրանից, թե բողոքարկման արդյունքում դատախազի կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտեր են կայացվել, թե դրսևորվել է անգործություն (տե՛ս, Արևիկ Մողրովյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0076/11/09 որոշման 14-րդ և 15-րդ կետերը):
21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` քրեական հետապնդման մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել արդարացվածից:
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական հետապնդման մարմինը, Կ.Ռուբինյանի նկատմամբ դադարեցնելով քրեական հետապնդումը, նրանից գրավոր ներողություն չի հայցել: Այլ կերպ` քրեական հետապնդման մարմինը, չկատարելով օրենքով իր վրա դրված պարտականությունը, դրսևորել է անգործություն:
22. Ելնելով վերոգրյալներից, ինչպես նաև հիմք ընդունելով Ա.Մողրովյանի վերաբերյալ որոշման մեջ շարադրված դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պարտավոր է դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնել գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելու մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2008 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման դեմ դիմող Կ.Ռուբինյանի ներկայացուցիչների բողոքը:
23. Սույն որոշման 14-20-րդ կետերի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, Կ.Ռուբինյանից գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելը մերժելու մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 9-ի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մայիսի 8-ի, ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 3-ի դատական ակտերը պետք է բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
24. Բողոք բերած անձինք որպես նոր հանգամանք վկայակոչել են նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի մարտի 30-ի ՍԴՈ-871 որոշումը: Այդ որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի «… իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու առնչությամբ, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի (1-ին մաս) և 21-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:
Փաստորեն, ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին և 21-րդ հոդվածին հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի «…իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը: Գործի նյութերից երևում է, որ Կ.Ռուբինյանի նկատմամբ կայացվել է ոչ թե քրեական գործի վարույթը կարճելու, այլ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում (տե՛ս, սույն որոշման 3-րդ կետը): Այսինքն, նախաքննության մարմնի կիրառած նորմը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական չի ճանաչվել:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշումը Վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 3-ի դատական ակտը վերանայելու հիմք չէ:
25. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 290-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ, 4261-րդ, 4262-րդ, 4264-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Քրեական հետապնդման մարմնի կողմից գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելը մերժելու մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 9-ի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մայիսի 8-ի, ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 3-ի դատական ակտերը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
