Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Վարչական

ՎԴ2/0012/05/23

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՎԴ2/0012/05/23
Հայցվոր
Աննա Խլղաթյան
Պատասխանող
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
27.01.2025
Վարչական դատավարություն
Հատուկ կարծիք
PDF DOC

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ2/0012/05/23 դատարանի որոշում 2025թ. Վարչական գործ թիվ ՎԴ2/0012/05/23 Նախագահող դատավոր` Ա. Հարությունյան Դատավորներ` Հ. Այվազյան Ռ. Խանդանյան ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով նախագահող և զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Ք. ՄԿՈՅԱՆ 2025 թվականի հունվարի 27-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14․12․2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Աննա Խլղաթյանի ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 11․11․2022 թվականի թիվ 493 որոշումը վերացնելու պահանջի մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1.Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Աննա Խլղաթյանը պահանջել է վերացնել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 11․11․2022 թվականի թիվ 493 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա․ Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 22․05․2023 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14․12․2023 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է․ Դատարանի 22․05․2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան)։ Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աննա Խլղաթյանը: 2.Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին և 27-րդ հոդվածի 1-ին մասերը։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վիճարկվող վարչական ակտը բավարար չափով հիմնավորված է և որոշակի, մասնավորապես, դրանում նշված են գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքները՝ մասնավորապես Ա.Խլղաթյանին զննության ենթարկելու ընթացքում միայն ապրանքների հայտնաբերումը վերջինիս տաբատի գրպանից, ինչպես նաև վարչական պատասխանատվություն նախատեսող նորմը՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածը, ինչը հնարավորություն է տալիս վարչական ակտի հասցեատիրոջը հստակ պատկերացում կազմելու այն մասին, թե վարչական ակտով ինչ պարտականություն է դրվել իր վրա և ինչ հիմքով: Հետևաբար Դատարանի այս փաստարկը նույնպես հիմնավոր չէ: Վերաքննիչ դատարանի կողմից չեն ուսումնասիրվել գործում ներկայացված ապացույցները, ինչպես նաև Կոմիտեի փաստարկները, սխալ են մեկնաբանվել կիրառման ենթակա օրենսդրական նորմերը, ինչն էլ ակնհայտորեն նպաստել է անհիմն որոշման կայացմանը: Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14․12․2023 թվականի որոշումը՝ մերժելով Աննա Խլղաթյանի հայցը։ 2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները. Վարչական մարմինը ո՛չ վարչական վարույթի ընթացքում, ո՛չ վիճարկվող որոշմամբ որևէ կերպ չի արձանագրել ապրանքը թաքցնելու մաքսային կանոնի խախտման դրսևորման օրենքով սահմանված կոնկրետ ձևը։ Այսինքն՝ վարչական մարմինը չի իրականացրել գործի հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ պարզելու օրենսդրական պահանջը՝ թույլ տալով օրենքի խախտում, որը հանգեցրել է ոչ իրավաչափ վարչական ակտի ընդունման՝ խախտելով այդ ակտի հասցեատիրոջ իրավունքները։ Հետևաբար՝ Վերաքննիչ դատարանը, գործում առկա ապացույցները գնահատելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ և դրանք ճիշտ համադրելով կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերի հետ, կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ։ 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 1) Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Կառլեն Մատինյանի կողմից 30.08.2022 թվականին կազմվել է անձնական մաքսային զննման թիվ 171 ակտը, որով արձանագրվել է, որ Աննա Խլղաթյանի անձնական մաքսային զննման ժամանակ վերջինս կամավոր հանձնել է իր տաբատի գրպանում առկա սպիտակ պոլիէթիլենային թափանցիկ թաղանթով փաթեթավորված երկու փաթեթ՝ առանց գրառման, որոնցից մեկում դրված էր ադամանդի նմանվող թվով 41 և մյուսում՝ 37 հատ փոքր քարեր: 2) Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Կառլեն Մատինյանի 30․08․2022 թվականի մաքսային կանոնների խախտման վերաբերյալ թիվ ՄԿԽԴ-389 արձանագրության համաձայն՝ 30․08․2022 թվականին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Դուբայ-Երևան FZ 715 չվերթով ՀՀ էր ժամանել քաղաքացի Աննա Խլղաթյանը, մոտեցել էր մաքսային զննման գոտի, հատել էր կանաչ ուղին, որից հետո վերջինս ՄԴՎՊ Զվարթնոց բաժնի աշխատակիցների կողմից ուղեկցվել էր կարմիր ուղի՝ մաքսային զննման, որի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել են 2 պոլիէթիլենային թափանցիկ տոպրակով 41 և 37 հատ ադամանդի նմանվող փոքր քարեր: Վերոնշյալ ապրանքը վերցվել և կապարակնքվել է RA370082 մաքսային ապահովման համարակալված միջոցով (հատոր 1-ին, գ․թ․ 65-66)։ 3) Կոմիտեի իրավաբանական վարչության մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթների իրականացման բաժնի ավագ մաքսային տեսուչի 23․09․2022 թվականի որոշմամբ Աննա Խլղաթյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով նշանակվել է նյութագիտական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետին (հատոր 1-ին, գ․թ․ 69)։ 4) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31․10․2022 թվականի որոշմամբ Աննա Խլղաթյանի վերաբերյալ վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է մինչև փորձագիտական եզրակացություն ստանալը (հատոր 1-ին, գ․թ․ 73)։ 5) Կոմիտեում 28.10.2022 թվականին ստացվել է ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետի 11.10.2022 թվականի գեմոլոգիական և ապրանքագիտական թիվ 16102204 եզրակացությունը, որի ‹‹Հետևություններ›› բաժնի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված փաթեթում առկա 78 հատ, 10.005կ ընդհանուր կշռով քարերը հանդիսանում են բնական ադամանդներ (հատոր 1-ին, գ․թ․ 77-80)։ 6) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 11․11․2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 493 որոշմամբ Աննա Խլղաթյանը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով և նշանակվել է տուգանք՝ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված ադամանդե քարերի արժեքի՝ 1.738.584 դրամի չափով (հատոր 1-ին, գ․թ․ 91-93)։ 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ հոդվածների խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով. Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացման համատեքստում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված արարքի զանցակազմն առկա է այն դեպքում, երբ մաքսային սահմանով անձը «կանաչ ուղի» մուտքի (ելքի) գիծը հատելու ժամանակ հայտարարագրման ենթակա գույքը մաքսային սահմանով տեղափոխում է այն թաքցնելու այնպիսի մեթոդների կիրառմամբ, որ մաքսային մարմնի պաշտոնատար անձը չի կարող այն հայտնաբերել սովորական տեսողական զննման միջոցով՝ առանց մաքսային անձնական զննման կամ մաքսային հսկողության տեխնիկական միջոցների օգտագործման։ Պետության մաքսային քաղաքականության իրականացման միջոցների շարքում կենտրոնական տեղ է զբաղեցնում մաքսային հսկողության ինստիտուտը, որը ծանրակշիռ դեր ունի մաքսային օրենսդրության խնդիրների կենսագործման հարցում: Տվյալ ինստիտուտի բովանդակության մեջ ներառվող բաղադրիչները հնարավորություն են տալիս առավել համակողմանի և արդյունավետ ապահովելու մաքսային գործի իրականացումը, և այն պետության համար անհրաժեշտ և կարևոր միջոց է՝ մաքսանենգ ապրանքները մաքսային սահմանը չհատելու և մաքսային գործընթացների մաքսային գործի վերաբերող մաքսային օրենսդրության, ինչպես նաև այլ օրենքների և միջազգային իրավական ակտերի պահանջների համապատասխանությունը վերահսկելու տեսանկյունից: ԵԱՏՄ-ում միասնական մաքսային կարգավորումները, այդ թվում՝ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, դրանց մաքսային հայտարարագրման, մաքսային հսկողության (այդ թվում նաև՝ պարզեցված մաքսային հսկողության) վերաբերյալ կարգավորումներն, ի թիվս այլնի, նախատեսված են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով, որի 255-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (…) «երկուղի համակարգ»՝ մաքսային հսկողության իրականացման պարզեցված համակարգ, որը թույլ է տալիս Միության մաքսային սահմանով ուղևորվող ֆիզիկական անձանց իրականացնել «կարմիր» և «կանաչ» ուղիների միջև ինքնուրույն ընտրություն։ Նույն օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում կարող է կիրառվել երկուղի համակարգը: «Կանաչ» ուղին Միության մաքսային սահմանով տեղափոխման վայրերում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է Միության մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքների տեղափոխման համար, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման: «Կարմիր» ուղին Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է Միության մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքներ տեղափոխելու համար, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման, ինչպես նաև այնպիսի ապրանքներ, որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային հայտարարագրում՝ ֆիզիկական անձի ցանկությամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երկուղի համակարգի կիրառմամբ նախատեսվում է Միության մաքսային սահմանով ուղևորվող ֆիզիկական անձի կողմից անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրի հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու (չիրականացնելու) համար համապատասխան ուղու («Կանաչ» կամ «Կարմիր») ինքնուրույն ընտրության կատարում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Կանաչ» ուղու մուտքի (ելքի) գիծը ֆիզիկական անձի կողմից հատելը մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն է: Նույն օրենսգրքի 322-րդ հոդված համաձայն՝ մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմինները կիրառում են մաքսային հսկողության հետևյալ ձևերը՝ բացատրությունների ստացումը. մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումը. մաքսային տեսազննումը. մաքսային զննումը. անձի մաքսային զննումը. շինությունների և տարածքների մաքսային տեսազննումը. մաքսային ստուգումը։ Նույն օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի մաքսային զննումը մաքսային հսկողության ձև է, որը ֆիզիկական անձանց զննում անցկացնելն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի մաքսային զննումը կարող է անցկացվել միայն Միության մաքսային սահմանով ուղևորվող և մաքսային հսկողության գոտում կամ միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում գտնվող ֆիզիկական անձանց նկատմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այդ անձինք իրենց մոտ թաքցնում են և կամավոր կերպով չեն հանձնում մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անձի մաքսային զննումն անցկացվում է սույն հոդվածի 2-րդ կետում նշված ֆիզիկական անձանց մոտ թաքցվող՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները հայտնաբերելու նպատակով և մաքսային հսկողության բացառիկ ձև է: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նախքան անձի մաքսային զննման անցկացումն սկսելը մաքսային մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է ֆիզիկական անձին ծանոթացնել անձի մաքսային զննում անցկացնելու մասին որոշմանը և անձի մաքսային զննում անցկացնելու դեպքում իր իրավունքներին, ինչպես նաև նրան առաջարկել կամավոր հանձնել մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները: ՀՀ Կառավարության՝ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգի մասին» թիվ 1927-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգը (այսուհետ՝ Կարգ), որի 3-րդ կետի համաձայն՝ երկուղային համակարգը մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության իրականացման պարզեցված համակարգ է՝ բաղկացած «Կարմիր» և «Կանաչ» ուղիներից, որը թույլ է տալիս ուղևորներին ինքնուրույն, ելնելով իրենց կողմից տեղափոխվող ապրանքների բնույթից, ընտրել երկու ուղուց որևէ մեկը: Կարգի 13-րդ կետի համաձայն՝ «Կանաչ» ուղին նախատեսված է այն ուղևորների համար, որոնք չունեն գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ: Կարգի 14-րդ կետի համաձայն՝ ուղևորի կողմից «Կանաչ» ուղին ընտրելը և սույն կարգի 4.2-րդ կետում նշված «Կանաչ» ուղու ելքը հատելը համարվում է բանավոր հայտարարագրում: Կարգի 15-րդ կետի համաձայն՝ եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Կանաչ» ուղի ընտրած ուղևորի մոտ առկա են գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ, ապա մինչև ուղևորի կողմից «Կանաչ» ուղու մուտքը հատելը մաքսային մարմնի պաշտոնատար անձը կարող է կանգնեցնել նրան և առաջարկել տեղափոխվել «Կարմիր» ուղի: Կարգի 16-րդ կետի համաձայն՝ եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Կանաչ» ուղու ելքը հատած ուղևորն իր հետ տեղափոխում է գրավոր հայտարարագրման ենթակա կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելված ապրանքներ, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է մաքսային հսկողության գործողություններ: Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ իրավակարգավորումները` պարզ է դառնում, որ ԵԱՏՄ մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման հայտարարագրման համատեքստում կիրառվում է մաքսային հսկողության իրականացման պարզեցված համակարգ, որը թույլ է տալիս ԵԱՏՄ մաքսային սահմանով ուղևորվող ֆիզիկական անձանց իրականացնել «կարմիր» և «կանաչ» ուղիների միջև ինքնուրույն ընտրություն։ «Կանաչ» ուղին ֆիզիկական անձի կողմից կարող է ընտրվել միայն մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության դեպքում, և այդպիսի ընտրությունը մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն է: Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Կանաչ» ուղի ընտրած ուղևորի մոտ առկա են գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ, ապա մինչև ուղևորի կողմից «Կանաչ» ուղու մուտքը հատելը մաքսային մարմնի պաշտոնատար անձը կարող է կանգնեցնել նրան և առաջարկել տեղափոխվել «Կարմիր» ուղի, իսկ եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Կանաչ» ուղու ելքը հատած ուղևորն իր հետ տեղափոխում է գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է մաքսային հսկողության գործողություններ, այդ թվում նաև անձի մաքսային զննում։ Անձի մաքսային զննումը մաքսային հսկողության բացառիկ ձև է, որն իրականացվում է այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մաքսային սահմանով ուղևորվող ֆիզիկական անձն իր մոտ թաքցնում է օրենսդրությամբ խախտմամբ տեղափոխվող ապրանքներ։ Նախքան անձի մաքսային զննման անցկացումն սկսելը մաքսային մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է ֆիզիկական անձին առաջարկել կամավոր հանձնել մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ ԵԱՏՄ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները։ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 337-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ նույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվել 2000 թվականի հուլիսի 6-ի Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 13-րդ բաժինը: Նույն օրենքի 338-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննվում են 2000 թվականի հուլիսի 6-ի Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 13-րդ բաժնի դրույթներին համապատասխան: Մաքսային կանոնների խախտման և դրանց համար նախատեսված պատասխանատվության վերաբերյալ նորմերը նախատեսվում էին 06․07․2000 թվականին ընդունված, 17․10․2022 թվականին ուժը կորցրած ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ գլխով: Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 189-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ, և որի համար նույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր նպատակաուղղված արարք սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնների ամբողջություն է, որտեղ առանձնացվում են ներգործության օբյեկտը և դրա նկատմամբ ներգործող սուբյեկտի հոգեբանական վերաբերմունքը։ Հետևաբար, արարքը զանցակազմ որակելու համար անհրաժեշտ է զանզակազմի բաղատարարրերի առկայություն, որոնք են՝ օբյեկտը, օբյեկտիվ կողմը և սուբյեկտը, սուբյեկտիվ կողմը։ Օրենսգրքի իրավակարգավորումների իմաստով՝ մաքսային կանոնների խախտման բաղադրատարրերը հետևյալն են․ սուբյեկտն իրավախախտումը կատարող անձն է, օբյեկտիվ կողմը՝ վերջինիս կողմից կատարվող արարքը, որը կարող է դրսևորվել և՛ գործողությամբ, և՛ անգործությամբ, օբյեկտը ՀՀ մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերություններն են, իսկ սուբյեկտիվ կողմն արտահայտվում է դիտավորությամբ կամ անզգուշությամբ մաքսային կանոնները խախտելու ձևով։ Օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով, այսինքն` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի չափով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական և պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության: Վկայակոչված նորմերից և իրավական դիրքորոշումից հետևում է, որ անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ, և որի համար նույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն, համարվում է մաքսային կանոնների խախտում, որոնց դիտավորյալ խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Այդպիսի իրավախախտում է համարվում մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը, որն իրականացվում է գաղտնարաններ օգտագործելով, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով, և եթե բացակայում են հանցագործության հատկանիշները։ Այսինքն՝ մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման իրավախախտումն առկա է այն պարագայում, երբ անձը ՀՀ մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելիս գաղտնարաններ օգտագործելու, ապրանքներին այլ տեսք տալու կամ ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով փորձում է թաքցնել հայտարարագրման ենթակա ապրանքներ։ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների՝ Օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված զանցակազմով սահմանված գաղտնի տեղափոխման եղանակներին արձանագրում է, որ գաղտնարանների օգտագործմամբ վերոնշյալ իրավախախտումը կարող է դրսևորվել այն պարագայում, երբ անձը թաքցնում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող անօրինական կամ հայտարարագրման ենթակա ապրանքն իրը թաքցնելու համար հատուկ արտադրված վայրերում (որոնց գործառնական նպատակը միայն ապրանքների ապօրինի տեղափոխումն է մաքսային սահմանով) կամ հատուկ սարքավորված կամ հարմարեցված վայրերում (այսինքն՝ տվյալ վայրը (իրը), որտեղ թաքցվում է անօրինական կամ հայտարարագրման ենթակա ապրանքը, ենթարկվել է դիզայնի փոփոխությունների, կամ այլ փոփոխությունների) (օրինակ՝ ապրանքները մեքենայի դիզայնով չնախատեսված խորշում, կրկնակի ճամպրուկի մեջ, հագուստի երեսպատման տակ գտնվող խոռոչներում տեղափոխելը և այլն): Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման ձևով վերոնշյալ իրավախախտումը կարող է դրսևորվել ապրանքները թաքցնելու տարբեր բարդ մեթոդների կիրառմամբ (օրինակ՝ ապրանքների ֆիզիկական կերպով թաքցնելու միջոցով), երբ մաքսային մարմնի պաշտոնատար անձը չի կարող դրանք հայտնաբերել սովորական տեսողական զննման միջոցով՝ առանց անձնական զննման՝ որպես մաքսային հսկողության բացառիկ ձևի, կամ մաքսային հսկողության տեխնիկական միջոցների օգտագործման։ Նշվածի համատեքստում անդրադառնալով ապացույցների գնահատման արդյունքում գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։ ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների կիրառելիությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին: Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա (տե՛ս, Միսակ Այանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0702/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը)։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շիրակի տարածքային ստորաբաժանման թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը)։ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքները թաքցնելու հանգամանքը պարզելիս դատարանը նախ պետք է պարզի ենթադրյալ իրավախախտումը կատարած անձին վերագրվող զանցակազմի բաղադրատարրերի առկայությունը։ Ընդ որում՝ «կանաչ ուղի» մուտքի (ելքի) գիծը հատելու պարագայում մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքները թաքցնելու միջոցով մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելու զանցակազմի օբյեկտիվ կողմն արտահայտվում է, երբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումն իրականացվում է ապրանքները թաքցնելու այնպիսի մեթոդների կիրառմամբ, որ մաքսային մարմնի պաշտոնատար անձը չի կարող դրանք հայտնաբերել սովորական տեսողական զննման միջոցով՝ առանց մաքսային անձնական զննման՝ որպես մաքսային հսկողության բացառիկ ձևի, կամ մաքսային հսկողության տեխնիկական միջոցների օգտագործման, և հանցագործության հատկանիշները բացակայում են։ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. Սույն գործի փաստերի համաձայն՝ Աննա Խլղաթյանը, դիմելով Դատարան, պահանջել է վերացնել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 11․11․2022 թվականի թիվ 493 որոշումը։ Դատարանը 22․05․2023 թվականին կայացրած վճռով բավարարել է Աննա Խլղաթյանի հայցը՝ անվավեր ճանաչելով Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 11․11․2022 թվականի թիվ 493 որոշումը հետևյալ պատճառաբանությամբ․ «Դատարանն արձանագրում է, որ վիճարկվող որոշումը Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման օբյեկտիվ կողմի պարտադիր տարրերի առկայության վերաբերյալ որևէ նշում չի բովանդակում: Մաքսային մարմինը բացահայտված հանգամանքները շարադրելիս բավարարվել է միայն Աննա Խլղաթյանի մոտ մաքսային հսկողությունից թաքցված ադամանդե քարերի առկայության մասին նշելով: Նշված տարրերի վերաբերյալ նշում չի պարունակում նաև 2022 թվականի օգոստոսի 30-ի մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը, իսկ 2022 թվականի օգոստոսի 30-ի անձնական մաքսային զննման թիվ 171 ակտով նշվել է, որ Աննա Զորիկի Խլղաթյանի անձնական մաքսային զննման ժամանակ վերջինս կամավոր հանձնել է իր տաբատի գրպանում առկա սպիտակ պոլիէթիլենային թափանցիկ թաղանթով փաթեթավորված երկու փաթեթ՝ առանց գրառման, որոնցից մեկում դրված էր ադամանդի նմանվող թվով 41 և մյուսում՝ 37 հատ փոքր քարեր: Դատարանը փաստում է, որ նման պայմաններում Աննա Խլղաթյանի արարքում Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման օբյեկտիվ կողմի պարտադիր տարրերի կամ այլ կերպ՝ ապրանքները մաքսային հսկողությունից թաքցնելու համար գաղտնարաններ օգտագործելու, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող որևէ եղանակ կիրառելու կամ ապրանքներին այլ տեսք տալու փաստական հանգամանքների առկայությունը չի հաստատվում, ինչը բացառում է արարքը Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով որակելու հնարավորությունը»: Վերաքննիչ դատարանը 14․12․2023 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի 22․05․2023 թվականի վճիռը թողնելով անփոփոխ հետևյալ պատճառաբանությամբ․ «Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ինչպես 30.08.2022 թվականի մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությամբ, այնպես էլ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 11.11.2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 493 որոշմամբ նշված չէ, թե հայցվոր Աննա Խլղաթյանի կողմից ինչպես է դրսևորվել ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված մաքսային կանոնների խախտումը, այսինքն՝ գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով: Մինչդեռ, սույն դեպքում վարչական իրավախախտումը քննող մաքսային մարմինը պետք է նշեր, թե ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված կոնկրետ որ եղանակով է դրսևորվել մաքսային հսկողությունից թաքցնելով մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը: Ինչ վերաբերում է Պատասխանողի կողմից մատնանշված այն հանգամանքին, որ խնդրո առարկա ապրանքները Հայցվորը մաքսային մարմնին է հանձնել միայն մաքսային հսկողությունից թաքցված ապրանքները կամավոր հանձնելու առաջարկին ի պատասխան, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշվածն ինքնին չի կարող իրավախախտման փաստը հավաստող ապացույց հանդիսանալ, քանի որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, թե արդյոք մինչ Հայցվորին զննման ենթարկելը մաքսային ծառայողի կողմից հայտարարագրման ենթակա կամ թաքցրած ապրանք ունենալու վերաբերյալ նրան կատարվել է որևէ հարցադրում, թե՝ ոչ, իսկ իրականացված զննման արդյունքում ուղեբեռում հայտարարագրման ենթակա կամ արգելված ապրանքներ չեն հայտնաբերվել: Ավելին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Պատասխանողը սույն դեպքում ոչ թե վերաքննիչ բողոքում պետք է շարադրեր, թե որ եղանակով է դրսևորվել մաքսային հսկողությունից թաքցնելով մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը, այլ վարչական մարմինը վարչական տույժ նշանակելիս պետք է շարադրեր վարչական տույժ նշանակելու ինչպես իրավական, այնպես էլ փաստական հիմքերը՝ հնարավորություն տալով հայցվորին, ով համաձայն չէ ընդունված վարչական ակտի հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով՝ գործնականում իրացնել իր արդյունավետ իրավական պաշտպանության և դատարան դիմելու հիմնարար իրավունքները։ Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վարչական մարմնի կողմից ընդունված հիմնավորված վարչական ակտը գործնականում իրական հնարավորություն է տալիս վարչական բողոքը քննարկող վարչական մարմնին կամ այն քննող դատարանին պարզելու այն փաստական և իրավական հիմքերը, որոնք վարչական ակտն ընդունած վարչական մարմինը դրել է իր որոշման հիմքում»: Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա է դարձրել այն հանգամանքը, որ վիճարկվող որոշմամբ նշված չէ, թե հայցվոր Աննա Խլղաթյանի կողմից ինչպես է դրսևորվել Օրենսգրքի 201-րդ հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված մաքսային կանոնների խախտումը, այսինքն՝ գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով, և գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, թե արդյոք մինչ հայցվորին զննման ենթարկելը մաքսային ծառայողի կողմից հայտարարագրման ենթակա կամ թաքցրած ապրանք ունենալու վերաբերյալ նրան կատարվել է որևէ հարցադրում, թե՝ ոչ։ Մինչդեռ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորը հատել էր կանաչ ուղին և այդպիսի կոնկլյուդենտ գործողությամբ հայտարարել էր մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ու մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկաները գտնվել են հայցվորի տաբատի այնպիսի հատվածում, որ չէին կարող սովորական տեսողական զննման միջոցով՝ առանց անձնական զննման, կամ մաքսային հսկողության տեխնիկական միջոցների օգտագործման հայտնաբերվել մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա է Օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման փաստը և բացակայում են Կոմիտեի 11․11․2022 թվականի թիվ 493 որոշման անվավերության հիմքերը։ Ինչ վերաբերում է նախքան հայցվորին զննման ենթարկելը մաքսային ծառայողի կողմից հայտարարագրման ենթակա կամ թաքցրած ապրանք ունենալու վերաբերյալ նրան հարցադրում կատարված լինելու հանգամանքին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ փաստը սույն գործի քննության համար էական նշանակություն չունի, քանի որ Կարգի 16-րդ կետի հիման վրա՝ ՀՀ մաքսային սահմանով հայտարարագրման ենթակա ապրանք անցկացնելու կասկածի դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրավունք ունի իրականացնելու մաքսային հսկողության գործողություններ։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, հայցվորը, իր մոտ ունենալով հայտարարագրման ենթակա ապրանքներ, դրանք անտեսանելի վայրում պահելով, հատել է «Կանաչ ուղի» գիծը, որպիսի փաստն արդեն իսկ բավարար է՝ հաստատված համարելու, որ հայցվորը, ըստ էության, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող միջոցով փորձել է թաքցնել իր մոտ առկա թանկարժեք քարերը։ Դա դրսևորվել է դրանք մաքսային մարմնի աշխատակիցներին ոչ տեսանելի վայրում՝ մասնավորապես տաբատի գրպանում պահելու, առանց մաքսային մարմնի աշխատակիցներին դրա մասին տեղյակ պահելու՝ «Կանաչ ուղին» ընտրելու և հատելու գործողություններով։ Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ վիճարկվող վարչական ակտը բավականաչափ հիմնավորված չէ, եկել է սխալ եզրահանգման՝ կայացնելով գործն ըստ էության սխալ լուծող դատական ակտ: Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։ Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։ 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ: Նկատի ունենալով այն, որ Կոմիտեի կողմից վերաքննիչ բողոքի համար վճարվել է 26․846 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքի համար՝ 46․846 ՀՀ դրամ, մինչդեռ, վճարման էր ենթակա 36․846 ՀՀ դրամ` որպես մեկ ոչ դրամական պահանջի գործով վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 26․846 ՀՀ դրամի և 36․846 ՀՀ դրամի չափով, ենթակա է հատուցման հայցվորի կողմից, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով՝ ավել վճարված պետական տուրքը՝ 10․000 ՀՀ դրամը, ենթակա է վերադարձման Կոմիտեին։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14․12․2023 թվականի որոշումը և այն փոփոխել. Աննա Խլղաթյանի հայցն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 11․11․2022 թվականի թիվ 493 որոշումը վերացնելու պահանջի մասին, մերժել: 2. Աննա Խլղաթյանից հօգուտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 26․846 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 36․846 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Նախագահող և զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Ք. ՄԿՈՅԱՆ