Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Վարչական

ՎԴ/5866/05/22

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՎԴ/5866/05/22
Հայցվոր
Գոռ Մնացականյան
Պատասխանող
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայություն
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
07.03.2025
Վարչական դատավարություն
Հատուկ կարծիք
PDF DOC

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/5866/05/22 դատարանի որոշում 2025թ. Վարչական գործ թիվ ՎԴ/5866/05/22 Նախագահող դատավոր` Դատավորներ՝ Ռ․ Խանդանյան Հ․ Այվազյան Ա․ Հարությունյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող զեկուցող Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ Ք․ ՄԿՈՅԱՆ 2025 թվականի մարտի 07-ին գրավոր ընթացակարգով քննելով Գոռ Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.05.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Գոռ Մնացականյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ 06.07.2022 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ 8180146754 որոշումը և 03.08.2022 թվականի բողոքարկման վարույթի արդյունքներով ընդունված որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Գոռ Մնացականյանը պահանջել է անվավեր ճանաչել 06.07.2022 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ 8180146754 որոշումը և 03.08.2022 թվականի բողոքարկման վարույթի արդյունքներով ընդունված որոշումը։ ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ե․ Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 15․03․2023 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2024 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 15.03.2023 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոռ Մնացականյանը։ Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 124-րդ հոդվածի 2-րդ մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ և 279-րդ հոդվածները, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, կիրառել է Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի ուսումնասիրել գործում առկա ապացույցները և եկել է այն եզրահանգման, որ բացահայտված չէ, թե վարորդի կողմից տրանսպորտային միջոցը վարած չլինելու պայմաններում, ինչ կերպ է պատասխանողը նույնացրել վարորդին։ Սույն գործով որպես հայցվորի կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստը հիմնավորող ապացույց ներկայացված 06.07.2022 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը բավարար չէ հայցվորին վերագրված խախտումը հաստատված համարելու համար: Մասնավորապես, տվյալ դեպքում չի հաստատվում սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ հայցվորը, գտնվելով ոչ սթափ վիճակում, վարել է տրանսպորտային միջոցը: Վերաբերելի որևէ ապացույց վարչական մարմինը չի ներկայացրել, այնինչ հենց վերջինս էր պարտավոր ապացուցել իր կողմից կայացված վարչական ակտի իրավաչափությունը։ Տվյալ դեպքում հայցվորի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտումը կատարված լինելու հանգամանքի ապացուցման բեռը կրել է վարչական մարմինը` Ծառայությունը, հետևաբար վերջինս պարտավոր էր իրականացնել այնպիսի վարչական վարույթ, որի ընթացքում կապահովվեր կոնկրետ գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելու, փաստական հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկելու վարչական մարմնի պարտականությունը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները։ Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասին, եզրահանգել է, որ հայցվորը պետք է ապացուցեր իր համար բարենպաստ փաստական հանգամանքները։ Մինչդեռ նշված հոդվածը վերաբերում է վարչական վարույթին, իսկ ՀՀ վարչական դատարանում արդեն գործում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և ապացուցման բեռը՝ վարչական ակտի իրավաչափության մասով, կրում է վարչական մարմինը։ Վերաքննիչ դատարանը, կիրառելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, հանգել է այն եզրահանգման, որ հայցվորը չի ներկայացրել համապատասխան վերաբերելի և թույլատրելի ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր իր կողմից տրանսպորտային միջոցը չվարելու հանգամանքը։ Սույն դեպքում նշված փաստի ապացուցման բեռը կրում էր վարչական մարմինը, հայցվորը որևէ պարտավորություն չուներ ապացույցներ ներկայացնելու, բացի այդ, Ծառայության պարեկների տեխնիկական հագեցվածության մեջ մտում է համազգեստի վրա ամրակցված շարժական տեսախցիկը, ուստի հարց է առաջանում՝ ինչու՞ տեսաձայնագրությունը չի ներկայացվել որպես ապացույց, քանի որ Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն այն պահպանվում է 6 ամիս։ Այլ գործերով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում, մասնավորապես՝ թիվ ՎԴ/6871/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 27․09.2023 թվականի և թիվ ՎԴ/4760/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 30․01․2023 թվականի վճիռներում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի կարգավորումներին սույն գործով վիճարկվող որոշմամբ տրված մեկնաբանություններից տարբերվող մեկնաբանություն է տրվել։ Նշված գործերով ՀՀ վարչական դատարանը, մեկնաբանելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածը, հանգել է այն եզրահանգման, որ միայն սթափության վիճակի զննության արձանագրությամբ և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ չի հիմնավորվում հայցվորի կողմից կատարված իրավախախտման հանգամանքը և դրա ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը, որը նշված գործերով չի ապացուցվել, չի ներկայացվել համազգեստի վրա ամրակցված շարժական տեսախցիկով կատարված տեսաձայնագրությունը, իսկ սույն գործով Վերաքննիչ դատարանը, ապացուցման պարտականությունը դնելով վարչական ակտի հասցեատիրոջ վրա, հանգել է այն եզրահանգման, որ վերջինս չի ներկայացրել վերաբերելի և թույլատրելի ապացույցներ։ Այսինքն՝ առկա են գործն ըստ էության լուծող դատական ակտեր, որոնցում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածը, 279-րդ հոդվածը մեկնաբանվել են տարբեր իմաստներով, ուստի առկա է օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու խնդիր։ Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 14․05․2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15․03․2023 թվականի վճռին։ 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը. 1) Ծառայության 06.07.2022 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ Գոռ Մնացականյանը ք. Երևան, Կողբացի փ․ 01:10-ին տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերացանցում է 0.5 մ/գ: Սթափությունը ստուգվել է Alcovisor սարքի միջոցով՝ սարքի համար 91100852, զննման համար՝ 01186 (գ. թ. 54)․ 2) Ծառայության 06.07.2022 թվականի թիվ 8180146754 որոշմամբ Գոռ Մնացականյանը, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար զրկվել է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից՝ 1 տարի ժամկետով (գ. թ. 54)․ 3) Տեխնիկական միջոցով կազմված (տպագրված) վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության համաձայն` թիվ 91100852 սարքով, թիվ 01186 զննման համարով 06.07.2022 թվականին, ժամը 01:16:45-ին կատարվել է սթափության ստուգում, որով Գոռ Մնացականյանի արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0.732 մգ/լ (գ. թ. 56)․ 4) Ծառայության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողի 03.08.2022 թվականի «ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության վարչական իրավախախտման վերաբերյալ գործով 06.07.2022թ.-ին կայացված 8180146754 որոշումն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» որոշման համաձայն՝ Ծառայության վարչական իրավախախտման վերաբերյալ գործով 06.07.2022 թվականի թիվ 8180146754 որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ վարչական բողոքն՝ առանց բավարարման (գ. թ. 63-64)։ 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ՎԴ/6871/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 27․09.2023 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը կիրառվել են հակասող մեկնաբանությամբ, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ անձին տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ կայացված վարչական ակտի վիճարկման հայցի քննության ընթացքում ապացուցման ենթակա հանգամանքների և ապացուցման բեռի բաշխման կանոնների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ինչ ապացույցների համակցությամբ կարող է հաստատվել տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու վարչական իրավախախտման փաստը։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում: Անդրադառնալով վերոգրյալ իրավակարգավորման վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում արձանագրել է, որ օրենսդիրը հստակ ամրագրել է վարչական վարույթում ապացուցման պարտականության կանոնները, սահմանելով, որ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում անձի համար բարենպաստ փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է տվյալ անձը, իսկ անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը: Միևնույն ժամանակ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է այն ապացույցների շրջանակը, որոնց միջոցով անձը և վարչական մարմինը կարող են կատարել ապացուցման իրենց պարտականությունը: Ընդ որում, վարչական վարույթի ընթացքում հետազոտվել և գնահատվել կարող են միայն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված և օրենքին համապատասխանող ապացույցները: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ անձի կողմից ապացուցման իր պարտականությունը չկատարելու որևէ բացասական հետևանք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը չի սահմանել: Նշված օրենքով բացասական հետևանք չի սահմանվել նաև վարչական մարմնի կողմից իր պարտականությունը չկատարելու համար, այդուհանդերձ, վարչական մարմնի վրա օրենսդիրը դրել է գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու ուղղությամբ անհրաժեշտ ու համարժեք միջոցները ձեռնարկելու պարտականություն, քանի որ հենց վարչական մարմինն է կրում հիմնավորված և իրավաչափ վարչական ակտ ընդունելու պարտականությունը: Այսինքն՝ վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի եզրափակման և վարչական ակտ ընդունելու համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու նպատակով ձեռնարկել անհրաժեշտ ու համարժեք միջոցներ՝ իր գործողությունները որևէ կերպ չպայմանավորելով անձի կողմից ապացուցման պարտականությունը չկատարելու հանգամանքով (տե՛ս, «ԱՄՈԿԱ ԳԼԱՍ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/7522/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը): Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում ամրագրված վերոգրյալ երաշխիքներից բացի, համանման երաշխիք է ամրագրվել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը։ Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ապացուցման բեռը կրում է վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կարգավորումներով օրենսդիրը երաշխավորել է, որ - անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում, - անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթում անձի հակաիրավական, մեղավոր վարքագիծ ցուցաբերած լինելու ապացուցման բեռը դրված է վարչական մարմնի վրա, - վիճարկման հայցով ապացուցման բեռը դրված է վարչական մարմնի վրա, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով, և եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը։ Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ իրավակարգավորումների ուժով տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու վարչական իրավախախտման փաստի ապացուցման պարտականությունը (բեռը) ինչպես վարչական վարույթի, այնպես էլ ՀՀ վարչական դատարանում վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում կրում է վարչական մարմինը, հետևաբար վերջինս պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այդ փաստը հաստատող անհերքելի ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական դատավարությունում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը` ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված): Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վարչական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը` ապացուցման բեռի բաշխման կանոնները, վճռորոշ նշանակություն են ստանում այն դեպքում, երբ կողմերի ներկայացրած, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex օfficiօ) սկզբունքի իրագործման պայմաներում ձեռք բերված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար: Ըստ այդմ՝ ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի (վիճարկման հայց) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Ընդ որում՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Հետևաբար միջամտող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտումից հետո տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում վարչական դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե՛ս, Սիրանուշ Վարդանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0634/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանը վերահաստատում է այն իրավական դիրքորոշումը, որ գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու ուղղությամբ անհրաժեշտ ու համարժեք միջոցները ձեռնարկելու պարտականությունն օրենսդիրը դրել է վարչական մարմնի վրա, ուստի վերջինս է պարտավոր վարչական վարույթի եզրափակման և վարչական ակտ ընդունելու համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու նպատակով ձեռնարկել անհրաժեշտ ու համարժեք միջոցներ՝ իր գործողությունները որևէ կերպ չպայմանավորելով անձի կողմից ապացուցման պարտականությունը չկատարելու հանգամանքով։ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքրոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Գոռ Մնացականյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 06.07.2022 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ 8180146754 որոշումը և 03.08.2022 թվականի բողոքարկման վարույթի արդյունքներով ընդունված որոշումն այն հիմքով, որ ինքը չի վարել տրանսպորտային միջոցը։ Դատարանը հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ չի հիմնավորվում այն փաստը, որ հայցվորը, գտնվելով ոչ սթափ վիճակում, վարել է տրանսպորտային միջոցը և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ իրավախախտման դեպքի առկայությունն ապացուցելու բեռը կրում է վարչական մարմինը, հետևաբար վերջինս էլ պետք է ապացուցեր իր կողմից ընդունված որոշման իրավաչափությունը, իրավախախտման դեպքի չապացուցված լինելու բացասական հետևանքները կրում է պատասխանողը։ Վերաքննիչ դատարանը բավարարել է Ծառայության վերաքննիչ բողոքը՝ Դատարանի վճիռը բեկանել և փոփոխել է՝ հայցը մերժել է։ Վերաքննիչ դատարանը մասնավորապես արձանագրել է հետևյալը․ «ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 06.07.2022 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ Գոռ Գագիկի Մնացականյանը ք.Երևան, Կողբացի փ․ 01:10-ին տ/մ վարել է ոչ սթափ վիճակում (մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերացանցում է 0.5 մ/գ): Այնուհետև, Վերաքննիչ դատարանը նկատում է, որ տեխնիկական միջոցը, որով իրականացվել է հայցվորի սթափության վիճակի զննությունը, «Jupiter X/RP» տեսակի թիվ 91100852 գործարանային համարի «Ալկոտեստեր» սարքն է, որը ստուգաչափվել է 07.01.2022 թվականին, ուժի մեջ է եղել մինչև 07.01.2023 թվականը, ստուգաչափման արդյունքների հիման վրա չափման միջոցը բավարարել է սահմանված պահանջներին, չափման տիրույթն է 0.000-1.200 մգ/լ: Ըստ նշված սարքի՝ 06.07.2022 թվականին, ժամը 01:16:45-րդ վայրկյանին զննված Գոռ Մնացականյանի 1լ արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0.732 մգ/լ: Այսպիսով, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ամբողջ նշվածով հաստատվում է այն փաստը, որ հայցվորը թույլ է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտումը: Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ հայցվորի կողմից տրանսպորտային միջոցը վարելու վերաբերյալ ապացույցներ առկա չեն, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշվածը հիմնավորելու համար հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացահայտված չէ, թե հայցվորի կողմից տրանսպորտային միջոցը չվարելու պայմաններում ինչ կերպ պատասխանողը կարող էր նույնականացնել հայցվորին, արձանագրությունում նշել անձնական տվյալներ և կազմել համապատասխան արձանագրություն, այնուհետև՝ որոշում: Հարց է ծագում, եթե հայցվորը չէր վարում տրանսպորտային միջոցը, ինչու պետք է ներկայանար և ներկայացներ համապատասխան փաստաթղթեր, որոնց միջոցով պարեկը նույնացրել է անձին, և անցներ համապատասխան զննություն»։ Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» կետի համաձայն՝ վարորդին արգելվում է՝ տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում (...) մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, որպես վարչական իրավախախտում, նկարագրված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասում, որն առաջ է բերում նույն հոդվածի սանկցիայի շրջանակներում վարչական պատասխանատվություն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման հիմքով անձին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով զրկելու վերաբերյալ վարչական ակտ կայացնելու համար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անհրաժեշտ է ապացուցել հետևյալ պայմանների միաժամանկյա առկայությունը՝ - վարչական պատասխանատվության ենթարկվող անձը վարել է տրասպորտային միջոցը, - վարչական պատասխանատվության ենթարկվող անձը տրասպորտային միջոցը վարելիս եղել է ոչ սթափ վիճակում (արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը)։ Թվարկված երկու պայմանների միաժամանակյա առկայությունը պարտադիր է իրավախախտման փաստը հաստատված համարելու համար, ուստի նշված երկու հանգամանքները հիմնավորող բավարար ապացույցների առկայության դեպքում է միայն հնարավոր անձի նկատմամբ կիրառել պատժիչ սանկցիա՝ նրան զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սանկցիայի շրջանակներում վարչական պատասխանատվության ենթարկելու համար Ծառայությունը պարտավոր էր անհերքելի ապացույցներով հիմնավորել, որ վերջինս վարել է տրանսպորտային միջոցը՝ գտնվելով ոչ սթափ վիճակում։ Նման ապացույց կարող էր հանդիսանալ հսկողական տեսախցիկով արված տեսանյութը, որի պարունակությունը թույլ կտար ստանալ այն հարցի պատասխանը, թե արդյոք հայցվորն է վարել մեքենան։ Ընդ որում՝ մեքենան հայցվորի կողմից վարելու փաստը չհաստատվելու պարագայում հայցվորի ոչ սթափ վիճակում գտնվելու հանգամանքն ինքնին դառնում է ոչ էական, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված արարքը վարչական իրավախախտում որակելու համար պարտադիր է վերը նշված երկու պայմանների միաժամանակյա առկայությունը։ Սույն գործի փաստերի համաձայն՝ Ծառայության 06.07.2022 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ Գոռ Մնացականյանը ք. Երևան, Կողբացի փ․ 01:10-ին տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերացանցել է 0.5 մ/գ: Սթափությունը ստուգվել է Alcovisor սարքի միջոցով՝ սարքի համար 91100852, զննման համար՝ 01186։ Ծառայության 06.07.2022 թվականի թիվ 8180146754 որոշմամբ Գոռ Մնացականյանը, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար զրկվել է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից՝ 1 տարի ժամկետով։ Տեխնիկական միջոցով կազմված (տպագրված) վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության համաձայն` թիվ 91100852 սարքով, թիվ 01186 զննման համարով 06.07.2022 թվականին, ժամը 01:16:45-ին կատարվել է սթափություն ստուգում, որով Գոռ Մնացականյանի արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0.732 մգ/լ։ Ծառայության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողի 03.08.2022 թվականի «ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության վարչական իրավախախտման վերաբերյալ գործով 06.07.2022թ.-ին կայացված 8180146754 որոշումն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» որոշման համաձայն՝ Ծառայության վարչական իրավախախտման վերաբերյալ գործով 06.07.2022 թվականի թիվ 8180146754 որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ վարչական բողոքը՝ առանց բավարարման։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (…): Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ (...): Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 252-րդ հոդվածի համաձայն` մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, ղեկավարվելով օրենքով (...): Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը՝ (...) (2) ճիշտ են կազմվել, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը (...): Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում, արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության (...): «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները։ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ փաստել է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում հստակ սահմանել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները: Դրանցից են՝ յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն իրականացվում են նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև ապացույցների բացահայտումը, հավաքագրումը և դրանց պատշաճ ձևակերպումը:  Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթում ապացույցներ են համարվում այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հաստատում են գործի հանգամանքները, վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Սակայն ցանկացած փաստական տվյալ չէ, որ կարող է համարվել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ապացույց: Փաստական տվյալները կարող են համարվել ապացույց, եթե առաջին՝ բովանդակում են տվյալներ վարչական իրավախախտման կամ դրա բացակայության մասին, տվյալ անձի մեղավորության կամ անմեղության մասին, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին, և երկրորդ՝ այդ փաստական տվյալների բացահայտման, հավաքագրման և ձևակերպման գործընթացները պետք է համապատասխանեն օրենսդրության պահանջներին: Այսպիսով, օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզելու գործի փաստական հանգամանքները և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկել դրանք: Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի համակցված վերլուծությանը, գտել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել՝ կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, և արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ: Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ և ղեկավարվելով օրենքով՝ գնահատի գործով ձեռք բերված ապացույցները: Վերը նշվածն իրականացնելու համար համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս պետք է պատշաճ ձևով լուծի նաև հետևյալ հարցը՝ արդյո՞ք օրենքին համապատասխան են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը (տե՛ս, Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը): Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է՝ դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ: Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք: Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները: Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում: (․․․)։ Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ թեև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը հանդիսանում է ապացույցի ինքնուրույն տեսակ, այդուհանդերձ այն ենթակա է գնահատման վարչական իրավախախտման առկայության փաստը հաստատված համարելու համար անհրաժեշտ ապացույցների համակցության և բավարարության համատեքստում (տե՛ս, Արծրուն Խաչատրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6527/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19․11․2021 թվականի որոշումը): Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում նույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (...) (ժը) սահմանում է ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը (...): «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (...) (ժա) իրականացնում է ճանապարհապարեկային ծառայություն՝ որպես կանոն, շրջիկ պարեկության եղանակով. (...): «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է նույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգության համար: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը և օրենքով սահմանված կարգով արձանագրելով խախտումը` թույլատրել տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը, բացառությամբ նույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժգ», «ժդ» և «ժզ» կետերով նախատեսված դեպքերի: ՀՀ կառավարության 23.11.2006 թվականի «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 1769-Ն որոշման 1-ին կետով սահմանվել է ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի: Նույն հավելվածով սահմանված «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման» կարգի 12-րդ կետի համաձայն՝ պարեկային ավտոմոբիլները (մոտոցիկլետները) պետք է կահավորված լինեն հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված սարքավորումներով, բորտհամակարգչով, իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցներով (արագաչափ, ալկոմետր, տեսախցիկ և այլն), կապի միջոցներով, լուսարձակով, մահակով, կրակմարիչով, մինչբժշկական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված պայուսակով, ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան տեխնիկական միջոցներով ու ճանապարհային նշաններով: Ճանապարհային նշանների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով: Ծառայություն իրականացնող պարեկային ավտոմոբիլում (մոտոցիկլետի վրա) տեղադրված տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը և երթևեկության ուղղությունը ցույց տվող սարքավորումը և (կամ) ճանապարհապարեկային ծառայության իրականացման հսկողական տեսախցիկը պետք է միացվեն ծառայության դուրս գալու պահից և չանջատվեն (հսկողական տեսախցիկը` բացառությամբ ընդմիջման ժամանակի) մինչև ծառայության ավարտից հետո շարային ստորաբաժանում վերադառնալը: Եթե ծառայության ընթացքում այդ սարքերը շարքից դուրս են գալիս, ապա կարգախմբի ավագը պարտավոր է դրա մասին անհապաղ տեղեկացնել շարային ստորաբաժանման հերթապահին կամ հրամանատարին և հրամանատարի ցուցումով վերադառնալ շարային ստորաբաժանում` տեխնիկական թերությունները վերացնելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենքով սահմանվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողի տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պարտավորությունն այն դեպքերում, երբ ակնհայտ կամ տեխնիկական միջոցերի օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները: Նշված դեպքում ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը և օրենքով սահմանված կարգով արձանագրել խախտումը: Միևնույն ժամանակ՝ ՀՀ կառավարության թիվ 1769-Ն որոշմամբ սահմանված «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման» կարգի համաձայն՝ պարեկային ավտոմոբիլները պետք է կահավորված լինեն իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցներով (արագաչափ, ալկոմետր, տեսախցիկ և այլն), ընդ որում, ճանապարհապարեկային ծառայության իրականացման հսկողական տեսախցիկը պետք է միացվի ծառայության դուրս գալու պահից և չանջատվի մինչև ծառայության ավարտից հետո շարային ստորաբաժանում վերադառնալը, իսկ շարքից դուրս գալու դեպքում պետք է անհապաղ տեղեկացվեն շարային ստորաբաժանման հերթապահը կամ հրամանատարը և հրամանատարի ցուցումով վերադառնան շարային ստորաբաժանում` տեխնիկական թերությունները վերացնելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարեկային ավտոմոբիլները իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցներով (արագաչափ, ալկոմետր, տեսախցիկ և այլն) կահավորելու պահանջն ինքնանպատակ չէ, և երբ ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պարտականությունից զատ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի վարչական իրավախախտման փաստը իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցներով արձանագրելու համար: Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը ենթադրյալ իրավախախտում կատարած անձը ստորագրել է` առանց որևէ առարկության վկայակոչման, վարչական իրավախախտման փաստը հաստատված համարելու համար բավարար հիմք չէ (տե՛ս, Արծրուն Խաչատրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6527/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19․11․2021 թվականի որոշումը): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` ապացուցման բեռը կրում է` վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում և դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա (...): ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե'ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Ծառայությունը, կրելով 06.07.2022 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ 8180146754 որոշման կայացման համար հիմք ծառայած փաստերի ապացուցման պարտականությունը, Դատարան է ներկայացրել միայն վարորդի սթափության վիճակի զննության վերաբերյալ արձանագրությունը և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական իրախախտումների վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտում կատարած անձի կողմից առանց որևէ առարկության վկայակոչման ստորագրված լինելը դեռևս բավարար հիմք չէ վարչական իրավախախտման փաստը հաստատված համարելու համար, որպիսի իրավական դիրքորոշում է արտահայտել ՀՀ վճռաբեկ դատարանը վերը վկայակոչված որոշմամբ։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի ուժով Ծառայությունն էր պարտավոր ապացուցել, որ Գոռ Մնացականյանը վարել է տրանսպորտային միջոցը՝ գտնվելով ոչ սթափ վիճակում, որպիսի պարտականությունը, սակայն, վերջինս չի կատարել: Մասնավորապես՝ թեև առկա են վարորդի սթափության վիճակի զննության վերաբերյալ արձանագրություն, համաձայն որի՝ Գոռ Մնացականյանը գտնվել է ոչ սթափ վիճակում և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, համաձայն որի՝ Գոռ Մնացականյանը տրանսպորտային միջոցը վարել է՝ գտնվելով ոչ սթափ վիճակում, այդուհանդերձ նշվածը բավարար չէր կարող լինել վերջինիս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտում վերագրելու համար, քանի որ տրանսպորտային միջոցը Գոռ Մնացականյանի կողմից վարելու փաստը հաստատող բավարար համակցությամբ ապացույցներ գործում առկա չեն։ Ավելին, ինչպես վերը նշվեց, վարչական իրախախտումների վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտում կատարած անձի կողմից առանց որևէ առարկության վկայակոչման ստորագրված լինելը դեռևս բավարար հիմք չէ վարչական իրավախախտման փաստը հաստատված համարելու համար։ Հաշվի առնելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ: Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ Դատարանը իրականացրել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն և ապացույցների համադրված գնահատման արդյունքում հաստատված չի համարել հայցվորին վերագրված իրավախախտման փաստը, այն է՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը և Ծառայության 06.07.2022 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ 8180146754 որոշումն իրավացիորեն գնահատել է ոչ իրավաչափ՝ անվավեր ճանաչելով այն, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 1-ին կետի վերաբերյալ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշմամբ և այլ՝ թիվ ՎԴ/6871/05/22 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ՀՀ վարչական դատարանի կողմից արտահայտված միմյանց հակասող մեկնաբանություններին, որը, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորում, վկայակոչել է նաև բողոքաբեր Գոռ Մնացականյանը։ Այսպես, թիվ ՎԴ/6871/05/22 վարչական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 1-ին կետի կարգավորումներին՝ ՀՀ վարչական դատարանը, ըստ էության, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը, կրելով հայցվորի ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու փաստի ապացուցման բեռը, չի ապացուցել այն, չի ներկայացրել այդ փաստը հաստատված համարելու համար բավարար ապացույցներ: Մասնավորապես՝ պատասխանողը հայցվորի ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու փաստի ապացուցման համար չի ներկայացրել «ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ ոստիկանության պետի թիվ 36-Լ հրամանի 2.1-ին կետի 11-րդ ենթակետով սահմանված համազգեստի վրա կրվող շարժական տեսախցիկով ամրագրված իրավախախտման վերաբերյալ տեսաձայնագրություն։ Արդյունքում ՀՀ վարչական դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով դրա բացասական հետևանքները պետք է կրի ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը: Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից տրանսպորտային միջոցը վարած չլինելը հիմնավորելու համար հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացահայտված չէ, թե հայցվորի կողմից տրանսպորտային միջոցը չվարելու պայմաններում ինչ կերպ պատասխանողը կարող էր նույնականացնել հայցվորին, արձանագրությունում նշել անձնական տվյալներ և կազմել համապատասխան արձանագրություն, այնուհետև՝ որոշում: Արդյունքում Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ հայցվորը թույլ է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտումը։ Վճռաբեկ դատարանը, արժևորելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական առաքելությունը, անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը ենթակա է կիրառման վերը վկայակոչված թիվ ՎԴ/6871/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտում արտահայտված ու սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից վերահաստատված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա անձին տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ կայացված վարչական ակտի վիճարկման հայցի քննության գործերով ապացուցման ենթակա հանգամանքների և ապացուցման բեռի բաշխման կանոնների վերաբերյալ միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են, ի թիվս այլնի, նաև դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Գոռ Մնացականյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 30.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գոռ Մնացականյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիման վրա, ենթակա է հատուցման Ծառայության կողմից: Ինչ վերաբերում է Դատարանում հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումարին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրան անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, որով լուծվել է նաև հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի հարցն ու պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձվել է 10․000 ՀՀ դրամ։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.05.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 15.03.2023 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով։ 2. ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությանից հօգուտ Գոռ Մնացականյանի բռնագանձել 30․000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Նախագահող Զեկուցող Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ Ք․ ՄԿՈՅԱՆ