Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Հակակոռուպցիոն քաղաքացիական

ՀԿԴ/0161/02/23

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0161/02/23
Հայցվոր
ՀՀ գլխավոր դատախազություն
Պատասխանող
Վաղարշակ Ալեքսանյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
16.01.2026
Հատուկ կարծիք
PDF DOC PDF DOCX

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ դատարանի որոշում թիվ ՀԿԴ/0161/02/23 Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ 2026թ. թիվ ՀԿԴ/0161/02/23 Նախագահող դատավոր` Դ. Հովհաննիսյան Դատավորներ՝ Հ. Զարգարյան Հ. Շահնազարյան Ո Ր Ո Շ Ո Ւ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով` նախագահող Ա. ԴԱՎԹՅԱՆ զեկուցող Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ Գ. ԳՅՈԶԱԼՅԱՆ Լ․ ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ «16» հունվարի 2026 թվական քաղաք Երևան գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) հայցի ընդդեմ Վաղարշակ Ռաֆիկի Ալեքսանյանի, երրորդ անձ Հայկ Յուրիի Ճշմարիտյանի` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 02.10.2024 թվականի որոշման դեմ Դատախազության բերած վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. 1.1. Դիմելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Դատախազությունը պահանջել է Վաղարշակ Ռաֆիկի Ալեքսանյանից և Հայկ Յուրիի Ճշմարիտյանից համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1․223.147,94 ԱՄՆ դոլարին համարժեք 479.669.696 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնասի հատուցում։ Քաղաքացիական գործին տրվել է թիվ ԵԴ/4630/02/22 համարը։ 1.2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2022 թվականի որոշմամբ գործն ըստ ենթակայության հանձնվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Դատարան) քննությանը։ Հակակոռուպցիոն քաղաքացիական գործին տրվել է նոր՝ թիվ ՀԿԴ/0052/02/22 համարը: 1.3. Դատարանի (դատավոր՝ Ն. Ավագյան) 07.09.2023 թվականի որոշմամբ «Գործից մաս առանձնացնելու և առանձին վարույթում քննելու մասին» որոշմամբ թիվ ՀԿԴ/0052/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործից առանձնացվել է Դատախազության պահանջն ընդդեմ Վաղարշակ Ռաֆիկի Ալեքսանյանի՝ պետությանը պատճառված վնասի հատուցման մասին, նշված մասով գործն առանձին վարույթում քննելու նպատակով։ Առանձնացված մասով գործին շնորհվել է նոր՝ թիվ ՀԿԴ/0161/02/23 համարը։ 1.4․ Դատարանի 17.11.2023 թվականի որոշմամբ Հայկ Յուրիի Ճշմարիտյանը ներգրավվել է որպես երրորդ անձ։ 1.5․ Դատարանի 01.02.2024 թվականի վճռով Դատախազության հայցը մերժվել է։ 1․6․ 01.03.2024 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատախազությունը: 1.7. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.10.2024 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01․02․2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։ 1.8. 04.11.2024 թվականին վճռաբեկ բողոք է ներկայացրել Դատախազությունը։ 1.9. Վճռաբեկ դատարանը 17.01.2025 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ։ Զեկուցող դատավոր Գ․ Գյոզալյանը հայտնել է հատուկ կարծիք։ Սույն գործը 20.01.2025 թվականին վերամակագրվել է դատավոր Լ․ Մելիքջանյանին։ 1.10. 05․02․2025 թվականին վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վաղարշակ Ռաֆիկի Ալեքսանյանը: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. 2.1. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, ինչպես նաև իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 88-րդ հոդվածը։ Բողոք բերած անձը բողոքում ներկայացրել է հետևյալ փաստարկները. 2.2. Դատախազությունը վկայակոչելով Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը, 11-րդ հոդվածի 2-րդ մասը, 88-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 128-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ նշել է, որ օրենսդիրը, հաշվի առնելով բաժնետիրական ընկերության կառավարման համակարգում բաժնետիրական ընկերության տնօրենի դերը և նշանակությունը, սահմանել է բաժնետիրական ընկերության տնօրենի՝ որպես ընկերության գործադիր մարմնի գործունեության առանձնահատկություն: Բաժնետիրական ընկերության տնօրենն ընկերության կառավարման գործադիր մարմինն է, որին վերապահվել է կառավարման գործառույթների իրականացումը, ընկերության անունից իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ կատարելը, մասնավորապես՝ ընկերության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները տնօրինելու իրավասությունը: 2.3. Դատախազությունն անհիմն է համարել Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, ըստ որոնց՝ վիճելի գործարքը կնքելու հարցում բաժնետիրական ընկերության տնօրենի համար նախատեսված չի եղել օրենսդրական պահանջ ստուգելու պայմանագրի մյուս կողմ հանդիսացող սուբյեկտի ֆինանսական վիճակը, վճարունակությունը և այլն։ Անհիմն է համարել նաև Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ ընկերության կանոնադրության 8.8-րդ կետի 1-ին ենթակետի և 8.3-րդ կետի 13-րդ ենթակետի համաձայն՝ ընկերության գույքի օտարման ու ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման իրավասությունը պատկանում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին, ինչը ենթադրում է, որ առանց ընկերության ընդհանուր ժողովի որոշման տնօրենը խոշոր գործարք կնքելու իրավունք չուներ։ 2.4. Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ թեև քննարկվող դեպքում առկա է եղել ընկերության ընդհանուր ժողովի որոշումը՝ թույլատրելու տնօրենին կնքելու խոշոր գործարք, այդուհանդերձ այդ որոշումը չի ազատում վերջինիս բաժնետիրական ընկերության, ինչպես նաև բաժնետերերի օրինական շահերը պաշտպանելու պարտականությունից: 2.5. Բացի այդ, Վերաքննիչ դատարանը կիրառել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված իրավական նորմի նեղ մեկնաբանությունը, մինչդեռ քննարկվող նորմը պետք է գնահատվեր ոչ թե առանձնացված, մեկուսի, այլ՝ Դատախազության պետական շահերի պաշտպանության լիազորության համատեքստում: 2.6. Նշել է, որ ՀՀ օրենսդրությամբ բաժնետիրական ընկերության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները տնօրինելու իրավունքն օրենսդրորեն ամրագրելը դեռևս չի ենթադրում, որ նման լիազորությունն իրականացնելիս բաժնետիրական ընկերության տնօրենն օժտված է անսահմանափակ ազատությամբ և հայեցողությամբ, իրավունք ունի գործելու կամայականորեն` նրան նման լիազորությամբ օժտելու վերը նշված նպատակներին հակառակ` առանց հաշվի առնելու բաժնետիրական ընկերության, ինչպես նաև բաժնետերերի օրինական շահերը: 2.7. Վերաքննիչ դատարանը հաստատել է Դատարանի այն եզրահանգումը, ըստ որի՝ չի հիմնավորվում պատասխանողի հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն ինչպես անգործության, այնպես էլ գործողության դրսևորման ձևով, մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության 30.12.2020 թվականի թիվ 58173819 քրեական գործով կայացրած քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, այսինքն՝ ոչ արդարացնող հիմքով: Հիշյալ որոշման մեջ որպես տնօրենի ոչ իրավաչափ գործողություն է դիտվել «առանց պատշաճ ստուգումներ իրականացնելու անհայտ ընկերություն «Էլինետ Էնթերպրայզիս» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքելը»: 2.8. Գտել է, որ սույն գործով չի իրականացվել պատշաճ քննություն և ապացույցների գնահատման դատավարական կանոններին համապատասխան չի պարզվել Հայաստանի Հանրապետության՝ որպես բաժնետիրական ընկերության միակ բաժնետեր հանդիսանալու պայմաններում բաժնետիրական ընկերության տնօրենի իրավական կարգավիճակը, վերջինիս լիազորությունների ծավալն ու դրանց իրացման առանձնահատկությունները: 2.9. Վերոգրյալի հիման վրա Դատախազությունը պահանջել է․ «Բեկանել թիվ ՀԿԴ/0161/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումը և գործն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության կամ այն բեկանել և փոփոխել այն»։ 3. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները. 3.1. Վաղարշակ Ռաֆիկի Ալեքսանյանը վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացրել է հետևյալ փաստարկները 3.2. Դատարանի կողմից կայացվել է ամբողջությամբ օրինական, պատճառաբանված և հիմնավոր որոշում։ Դատարանը ճիշտ է կիրառել և մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը՝ մանրամասն պատասխանելով բողոքաբերի կողմից բողոքում բարձրացված հարցերին, մասնավորապես` ընդհանուր ժողովի որոշման իրավական ուժի մասով ու տնօրենի կողմից բարձրագույն մարմնի որոշման կատարման պարտավորության մասով, որպիսի պարագայում չի կարող հիմնավոր համարվել այն պնդումները, որ իր որոշմամբ է կնքվել սույն գործի շրջանակներում քննարկման առարկա դարձած պայմանագիրը, ինչի հիմքով էլ բողոք բերած անձի մոտ ծագել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով վնասի փոխհատուցում պահանջելը։ 3.3. Գտել է, որ ինքը որևէ կերպ չէր կարող «Էլինետ Էնթերպրայզիս» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալի ուսումնասիրումից հետո բացահայտել այդ ընկերության ֆինանսական դրությունը, հակառակը՝ նման եզրահանգումներն անհիմն են նաև այն հիմնավորմամբ, որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից հայտարարվող մրցույթների ընթացքում որպես պարտադիր պահանջ չի նշվում կանոնադրական կապիտալի նվազագույն շեմ։ Ընդ որում, վերջին տարիներին որոշ հրապարակային մրցույթների համար պարտադիր պահանջ է դարձել բանկային երաշխիքը, սակայն դա էլ որոշ տեսակի հրապարակային մրցույթների համար։ 3.4. Նման պայմաններում, երբ նույնիսկ գործարար շրջանառության սովորույթներում կանոնադրական կապիտալի նվազագույն չափի սահմանման կամ ուսումնասիրման պարտադիր պահանջ դրված չէ, պարզ չէ, թե բողոք բերած անձն ինչ փաստական կամ իրավական հիմք է դրել նշված եզրահանգման գալու համար։ 3.5. Հայցվորի պնդմանը հակառակ նշել է, որ «Էլինետ Էնթերպրայզիս» ՍՊ ընկերությունը որպես գործունեություն չծավալած և ֆինանսական միջոցների չտիրապետող ընկերություն է, ինչպես կարող էր վճարել 875.201.15 ԱՄՆ դոլար։ 3․6․ Ընդ որում, «Նամականիշ» ՓԲ ընկերության կանոնադրական կապիտալը քսան անգամ ավելի քիչ էր, քան կնքվող պայմանագիրը, ուստի այդ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում 10.01.2025 թվականին կնքված պայմանագրի կողմերից ոչ ոք չի ունեցել բավարար ֆինանսական միջոցներ այդ պայմանագիրը կնքելու համար։ 3.7. Միաժամանակ նշել է, որ սույն դեպքում ընկերության բարձրագույն մարմնի միակ մասնակիցը հանդիսացել է Հայաստանի Հանրապետությունը, ուստի ակնհայտ է այն փաստը, որ տվյալ գործարքի կնքման նպատակով աշխատել է մեծ վարչակազմ, տվյալ դեպքում` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, ինչի մասին ինքը հայտնել է նաև գործի քննության ընթացքում, իսկ բողոք բերած անձի կողմից այդ փաստը երբևիցե չի վիճարկվել։ 3.8. Հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումն ամբողջությամբ հիմնավոր է և պատճառաբանված, հիմնված է գործի բոլոր հանգամանքների լրիվ, բազմակողմանի ու օբյեկտիվ քննության վրա, չի հակասում որևէ իրավանորմի, իսկ վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման։ Խնդրել է` Դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքն ամբողջությամբ մերժել։ 4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը` 4․1․ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի կողմից ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետին ուղղված 16.10.2023 թվականի թիվ 25.8/44596-2023 պատասխան գրության համաձայն՝ 08․02․1995 թվականին գործակալությունում պետական գրանցում է ստացել «Նամականիշ» ՓԲ ընկերությունը, որտեղ որպես տնօրեն գրանցամատյանում 20․09․2006 թվականից գրառված է Վաղարշակ Ալեքսանյանը (հատոր 4-րդ, գ.թ. 40, 41)։ 4․2․ «Նամականիշ» ՓԲ ընկերության կանոնադրության համաձայն՝ ընկերության միակ բաժնետեր է հանդիսացել Հայաստանի Հանրապետությունը։ Ընկերության ստեղծման նպատակը փոստային վճարման պետական նիշերի պլանավորման, թողարկման և փոստային կապի ձեռնարկություններին և ֆիլատելիստներին դրանց իրացման ճանապարհով շահույթի ստացումն է։ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը կանոնադրությամբ նախատեսված դեպքերում, այդ թվում ընկերության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման, որոշումներն ընդունում է գործադիր տնօրենի ներկայացմամբ։ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեն ընկերության գործադիր տնօրենը, ինչպես նաև վերահսկիչ հանձնաժողովի անդամները և աուդիտն իրականացնող անձը։ Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ընկերության գործադիր տնօրենը։ Ընկերության գործադիր տնօրենը, ի թիվս այլնի, տնօրինում է ընկերության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կատարում ընկերության անունից, սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը (հատոր 4-րդ, գ.թ. 42-51)։ 4․3․ 10․01․2005 թվականին «Նամականիշ» ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Մատակարար) ի դեմս տնօրեն Վաղարշակ Ալեքսանյանի, որը գործել է ընկերության կանոնադրության համաձայն, և «Էլինետ Էնթերպրայսիս» ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Գնորդ), ի դեմս տնօրեն «Ռոմոս Սերվիսի Քոնսալթինգ Քո» ՍՊ ընկերության, որի անունից հանդես է եկել Նիկոս Նիոֆիտուն, միջև կնքված մատակարարման պայմանագրի համաձայն՝ Մատակարարը պարտավորվել է Գնորդի համար բացառիկ իրավունքներով առաքել հայկական նամականիշեր, գեղաթերթեր և մանրաթերթիկներ, իսկ Գնորդը պարտավորվել է Մատակարարի համար բացառիկ իրավունքներով ընդունել առաքված ապրանքն ու վճարել դրանց համար։ Պայմանագիրը գործել է մինչև 30․04․2009 թվականը։ Պայմանագրի՝ «Կողմերի վավերապայմանները և ստորագրությունները» բաժնում որպես գնորդի տվյալներ նշվել է հետևյալը․ ««Էլինետ Էնթերպրայսիս» ՍՊԸ Կիրիակու Մաթսի 3, Ռուսսոս Լիմասսոլ 6-րդ հարկ, գրասենյակ 6B P.C3723 Լիմասսոլ, Կիպրոս, Արժութային հաշվեհամար N 0385 40 06 063629 ’’Բանկ Օֆ Կիպրոս’’ Լիմասսոլ, Կիպրոս» (հատոր 1-ին, գ.թ. 24-32)։ 4․4. «Նամականիշ» ՓԲ ընկերության և «Էլինետ Էնթերպրայսիս» ՍՊ ընկերության միջև 10․01․2005 թվականին պայմանագրի կնքման օրվանից մինչ 28․09․2007 թվականը (վերջին առաքում) «Նամականիշ» ՓԲ ընկերության կողմից կատարվել է ապրանքների մատակարարում՝ 2․098․349,09 ԱՄՆ դոլար արժողությամբ։ 22.03.2005 թվականից մինչև 01.01.2009 թվականն ընկած ժամանակամիջոցում «Նամականիշ» ՓԲ ընկերության կողմից մատակարարված ապրանքի դիմաց «Էլինետ Էնթերպրայզիս» ՍՊ ընկերության կողմից վճարվել է 875.201,15 ԱՄՆ դոլար։ «Նամականիշ» ՓԲ ընկերության հանդեպ «Էլինետ Էնթերպրայզիս» ՍՊ ընկերության պարտավորությունը կազմել է՝ 1․223․147,94 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 33, 46, հատոր 4-րդ, գ․թ․ 38-39, հատոր 7-րդ, գ․թ․ 6, 10-14): 4.5․ «Էլինետ Էնթերպրայզիս» ՍՊ ընկերության տնօրենի 16.06.2008 թվականի գրության հայերեն թարգմանության համաձայն՝ (…) ընկերությունը չի կարող կատարել լրացուցիչ վճարումներ հետևյալ պատճառով. 1․ «Նամականիշ» ՓԲԸ-ի կողմից չի իրականացվում մեր ընկերությունների միջև կնքված պայմանագրի պայմանը, համաձայն որի «Նամականիշ»-ը պետք է մատակարարի նոր նամականիշեր: 2․ ՀՀ փոստային ադմինիստրացիայի կողմից ՀՀ փոստային նամականիշերի անօրինական լինելու մասին նամակներ են ուղարկվել Համաշխարհային Փոստային Միություն, հայկական նամականիշերով հետաքրքրված դիլերներին, ինչպես նաև ֆիլատելիստական կատալոգներ հրատարակող մի քանի ընկերությունների՝ լուրջ վնաս հասցնելով հայկական նամականիշերի վարկանիշին աշխահով մեկ: Նշված փաստի առկայությունն էլ թույլ չի տալիս մեր ընկերությանը վաճառելու հայկական նամականիշերը: Հաշվի առնելով վերոշարադրյալը «Էլինետ Էնթերպրայզիս»-ը մտադիր է սկսել չվաճառված հայկական նամականիշերի հետ վերադարձնելու գործընթաց» (հատոր 1-ին, գ.թ. 36): 4․6. ՀՀ կառավարությունը 15.01.2009 թվականին կայացրել է «Նամականիշ» Փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 55-Ա որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 34)։ 4․7. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի՝ 30․03․2009 թվականի հրամանով ստեղծվել է «Նամականիշ» ՓԲ ընկերության լուծարման հանձնաժողովը (հատոր 4-րդ, գ.թ. 38)։ 4․8. ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի կողմից ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետին հասցեագրված 05.11.2019 թվականի թիվ 1/11-5-18/30-2019 պատասխան գրության համաձայն՝ «(…) ըստ ֆինանսների նախարարությունում առկա տեղեկատվության լուծարման հանձնաժողովը չիրացնելով ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, մինչ օրս սահմանված կարգով չի հատուցել «Էդիշն 2002» ֆիրմայի և «Էլինետ Էնթերպրայզիս» ՍՊԸ-ի դեմ՝ դեբիտորական պարտքերի գումարները դատական կարգով բռնագանձելու ուղղությամբ, որպիսի պայմաններում բաց են թողնվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության ժամկետները: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի թիվ 55-Ա որոշմամբ «Նամականիշ» ՓԲԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում և լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցել Ընկերության գործերի կառավարման լիազորությունները: (…)» (հատոր 1-ին, գ.թ. 46-48): 4․9․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի կողմից ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատարին հասցեագրված 28.07.2023 թվականի N07/16.1/7367-2023 գրությամբ արձանագրվել է, որ «Նամականիշ» ՓԲԸ լուծարման հանձնաժողովը օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացրել է ընկերության լուծարման հետ կապված աշխատանքները՝ մարել է ընկերության պարտավորությունները, գույքը հանձնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, սակայն Ընկերության լուծարումը չի գրանցվել իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում, քանի որ ընկերությունն ունի դեբիտորական պարտք։ (...) «Նամականիշ» ՓԲԸ-ի հանդեպ դեբիտորական պարտքեր ունեն (...) «Էլինետ Էնթերպրայսիս» ընկերությունը՝ 1,223,147.94 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, որոնց սահմանված կարգով վճարելուց հետո ենթակա է փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարությանը» (հատոր 4-րդ, գ.թ. 38, 39)։ 4․10. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ա. Մաթևոսյանի 30.12.2020 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշմամբ թիվ 58173819 քրեական գործով որոշվել է Վաղարշակ Ռաֆիկի Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չիրականացնել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 16-19): 5. Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 5.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ Օրենքի 88-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով: Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) տնօրենի լիազորություններին՝ իր գործողությունների (անգործության) հետևանքով Ընկերությանը պատճառված վնասի համար պատասխանատվություն կրելու համատեքստում՝ վերահաստատելով վնասի հատուցման վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։ 5․2․ Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է Ընկերության գործադիր մարմնի` միանձնյա գործադիր մարմնի կամ Ընկերության միանձնյա գործադիր մարմնի և Ընկերության կոլեգիալ գործադիր մարմնի կողմից: (․․․)։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ընկերության գործադիր մարմնի իրավասությանն են պատկանում Ընկերության ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ նույն օրենքով և կանոնադրությամբ ժողովի և խորհրդի բացառիկ իրավասություն հանդիսացող հարցերի: Ընկերության գործադիր մարմինը կազմակերպում է ժողովի և խորհրդի որոշումների կատարումը: (․․․)։ Միանձնյա գործադիր մարմնի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, կառավարող կազմակերպության կամ կառավարչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են նույն օրենքով, այլ իրավական ակտերով և Ընկերության ու նրանցից յուրաքանչյուրի հետ կնքված պայմանագրով: Ընկերության անունից պայմանագիրը ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձ: (․․․)։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը)` ա) տնօրինում է Ընկերության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Ընկերության անունից. բ) ներկայացնում է Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում. գ) գործում է առանց լիազորագրի. դ) տալիս է լիազորագրեր. ե) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային. զ) բանկերում բացում է Ընկերության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ. է) խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ընկերության աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների կանոնակարգերը, Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը. ը) իրականացնում է Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը կամ հետգնումը, եթե ժողովի որոշմամբ կամ կանոնադրությամբ այդ լիազորությունը տրված է գործադիր մարմնին. թ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը. ժ) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Ընկերության աշխատակիցներին. ժա) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ: Կանոնադրությամբ կարող են սահմանվել Ընկերության տնօրենի (գլխավոր տնօրենի) նաև այլ իրավասություններ: Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խորհրդի անդամները, Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը), վարչության ու տնօրինության անդամները, ինչպես նաև կառավարիչ-կազմակերպությունը և կառավարիչն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործեն` ելնելով Ընկերության շահերից, իրականացնեն իրենց իրավունքները և Ընկերության նկատմամբ իրենց պարտականությունները կատարեն բարեխիղճ ու ողջամիտ կերպով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խորհրդի անդամները, Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը), վարչության ու տնօրինության անդամները, ինչպես նաև կառավարիչ-կազմակերպությունը և կառավարիչն ու օրենքով սահմանված այլ անձինք Ընկերության առջև պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների (անգործության) հետևանքով Ընկերությանը պատճառած վնասի համար` Օրենսգրքով [Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք], նույն օրենքով, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով: Ընկերությանը հասցված վնասի դիմաց պատասխանատվությունից ազատվում են խորհրդի կամ վարչության ու տնօրինության այն անդամները, որոնք Ընկերությանը վնասներ պատճառած որոշման ընդունմանը դեմ են քվեարկել կամ նիստին ներկա չեն գտնվել: Խորհրդի կամ Ընկերության տնօրենի (գլխավոր տնօրենի), վարչության ու տնօրինության անդամների հրաժարականը, պաշտոնից հետ կանչելը կամ ազատելը չի ազատում նրանց` Ընկերությանը պատճառած վնասի համար պատասխանատվությունից: Խորհրդի կամ Ընկերության տնօրենի (գլխավոր տնօրենի), վարչության ու տնօրինության անդամների, կառավարիչ-կազմակերպության և կառավարչի պատասխանատվության հիմքերի և չափի որոշման ժամանակ պետք է հաշվի առնվեն գործարար շրջանառության սովորույթները և գործի համար կարևոր նշանակություն ունեցող մյուս հանգամանքները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե նույն հոդվածի դրույթներին համապատասխան Ընկերությանը պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում մի քանի անձ, ապա նրանք Ընկերության առջև կրում են համապարտ պատասխանատվություն: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անձն ազատվում է նույն հոդվածով սահմանված` Ընկերությանը պատճառված վնասի համար պատասխանատվությունից, եթե գործել է բարեխիղճ` չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ իր գործողությունների (անգործության) հետևանքով Ընկերությունը կկրի վնասներ: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ընկերությունը կամ Ընկերության այն բաժնետերը (բաժնետերերը), որը (որոնք համատեղ) տնօրինում է (են) Ընկերության տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի մեկ և ավելի տոկոսին, իրավունք ունի (ունեն) խորհրդի անդամների, տնօրենի (գլխավոր տնօրենի), վարչության ու տնօրինության անդամների, ինչպես նաև կառավարիչ-կազմակերպության և կառավարչի դեմ հայցով դիմել դատարան` Ընկերությանը պատճառված վնասների փոխհատուցման պահանջով: 5․3․ Օրենսդիրը 25․05․2011 թվականի ««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ 210-Ն օրենքով Օրենքի 90-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված Ընկերության շահերից գործելու, իրենց իրավունքներն իրականացնելու և Ընկերության նկատմամբ իրենց պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով կատարելու Ընկերության տնօրենի պարտականությանն ավելացրել է նաև անձնական և Ընկերության շահերի միջև իրական և հնարավոր բախումներից խուսափելու պարտականությունը։ Ընդ որում Օրենքում նման լրացումը հիմնավորվել է հետևյալ կերպ․ «Գործարար միջավայրի վերլուծությունները ցույց են տալիս, որ երկրների օրենսդրական բացթողումները ընկերությունների սեփականատերերին և տնօրեններին թույլ են տալիս կատարել այնպիսի գործարքներ, որոնք օրինական են, չեն պարունակում կեղծիք կամ խաբեություն, սակայն, դրանք, այնուամենայնիվ, վնասում են ընկերության կառավարման գործում որոշիչ ձայնի իրավունք չունեցող բաժնետերերի շահերը: Ներկայումս, գործող օրենքը չի պահանջում, որ շահագրգռվածության առկայությամբ գործարքների մասին տեղեկություններն ընդգրկվեն տարեկան հաշվետվության մեջ, չի պահանջում անկախ գնահատողի եզրակացություն` ուսումնասիրելու կնքվող գործարքի համապատասխանությունը շուկայական արժեքին: Օրենքում հստակ ձևակերպված չէ տնօրենների պատասխանատվությունը` կապված ընկերությունը ղեկավարելիս համապատասխան գործելու հետ: Օրենքի նախագիծը նպատակ ունի բարձրացնել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանվածության մակարդակը` մասնավորապես, պահանջելով` տարեկան հաշվետվության մեջ կցել անկախ գնահատողի եզրակացությունը շուկայական արժեքին գործարքի համապատասխանության վերաբերյալ, մանրամասն տեղեկություններ ներկայացնել գործարքի կողմերի, պայմանների, շահագրգռվածության բնույթի ու շրջանակների վերաբերյալ, որ տնօրենները հանդես բերեն պատշաճ ջանասիրություն եւ տեղեկացնեն ընկերության ղեկավարելու ժամանակ ընդունած որոշումների մասին, իսկ օրենքի խախտմամբ կամ լիազորությունների վերազանցման արդյունքում ընկերությանը հասցված վնասը հատուցվի, ինչպես նաև ընկերությանը վերադարձված լիազորությունների վերազանցման արդյունքում ստացված շահույթը հատուցվի»: Իսկ 19․04․2019 թվականի ««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ 18-Ն օրենքով հստակեցրել է վերը նշված հոդվածը՝ «ֆիդուցիար պարտականություն լրացումով։ 5․4․ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ․ «Բաժնետիրական ընկերության բաժնետերերը, կառավարման մարմիններն իրենց գործունեությամբ պետք է ղեկավարվեն ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով։ Բաժնետիրական ընկերության գործունեությունը կանոնակարգող մյուս կարևոր իրավական ակտը՝ ընկերության կանոնադրությունն է, որի պահանջները ենթակա են կատարման ինչպես ընկերության բաժնետերերի, այնպես էլ կառավարման մարմինների կողմից։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես բաժնետերերն այնպես էլ կառավարման մարմինները կանոնադրությամբ իրենց վերապահված իրավունքների լիազորությունները պետք է իրականացնել կանոնադրությանը համապատասխան, չհակասելով սահմանված ընթացակարգերին» (տե՛ս Սահակ Կարապետյանն ընդդեմ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԼԴ2/0145/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.10.2022 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկով եզրակացրել է, որ «(․․․) բաժնետիրական ընկերության տնօրենն ընկերության կառավարման գործադիր մարմինն է, որն, իրականացնելով կառավարման գործառույթներ, ընկերության անունից կատարում է իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ, իրացնում է ընկերության՝ որպես քաղաքացիական շրջանառության մասնակցի իրավունքներն ու պարտականությունները, ընկերության գույքը տնօրինելու իրավասությունը, աշխատանքային հարաբերություններում իրականացնում է գործատուի իրավունքներն ու պարտականությունները և այլն» (տես Կարինե Տիտանյանն ընդդեմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1896/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28․12․2015 թվականի որոշումը)։ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՏԴ/0574/02/21 քաղաքացիական գործով 08․08․2024 թվականի որոշմամբ արձանագրել է, որ գործադիր մարմնի ղեկավարի վարքագիծը ոչ իրավաչափ է համարվում ոչ միայն այն դեպքում, երբ նա ուղղակիորեն խախտել է օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված այս կամ այն պահանջը, այլ նաև այն դեպքերում, երբ նրա՝ որպես իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի վարքագիծը շեղվում է ողջամիտ, բարեխիղճ և ի շահ ընկերության գործելու պարտականություն ունեցող ղեկավարի վարքագծի՝ օրենքով սահմանված չափանիշներից։ Ըստ էության, կարելի է փաստել, որ գործադիր մարմնի ղեկավարի վարքագծի անբարեխղճությունը պետք է համարել ապացուցված, մասնավորապես այն դեպքերում, երբ՝ 1) իր անձնական և իրավաբանական անձի շահերի միջև բախման առկայության պայմաններում գործադիր մարմնի ղեկավարը գործել է իր անձնական շահերից ելնելով, 2) գործադիր մարմնի ղեկավարը գիտեր կամ օբյեկտիվորեն պետք է իմանար, որ իր գործողությունները (անգործությունը) կատարման պահին չեն բխում իրավաբանական անձի շահերից, 3) գործադիր մարմնի ղեկավարն իրավաբանական անձի մասնակիցներից թաքցրել է իր կատարած գործարքի մասին տեղեկությունները, չի ապահովել դրանց հաշվապահական ձևակերպումը և իր հաշվետվողականությունը կամ մասնակիցներին տրամադրել է գործարքի մասին կեղծ տեղեկություններ, 4) գործարքը կատարվել է առանց իրավաբանական անձի կառավարման մարմինների համապատասխան հաստատման (համաձայնության): Միաժամանակ իրավաբանական անձի գործադիր մարմնի գործողությունների (անգործության) ոչ ողջամիտ լինելը պետք է համարել ապացուցված, երբ վերջինս՝ 1) առանց համապատասխան իրավիճակը գնահատելու կայացրել է այնպիսի որոշում կամ կատարել է այնպիսի գործողություն, որը բացասական ազդեցություն է ունեցել կամ հետագայում կարող է ունենալ իրավաբանական անձի գործունեության բնականոն ընթացքի վրա, 2) կատարել է այնպիսի գործողություն կամ կնքել է այնպիսի գործարք, որով չեն պահպանվել տվյալ իրավաբանական անձի կողմից նմանատիպ գործարքներ կատարելու համար սովորաբար պահանջվող կամ ընդունված ներքին ընթացակարգերը (օրինակ՝ համաձայնեցում իրավաբանական բաժնի, հաշվապահական հաշվառման բաժնի հետ և այլն): 5․5․ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ կորպորատիվ իրավահարաբերությունների բնույթն իրենից ենթադրում է փոխադարձ բարձր վստահության վրա հիմնված իրավահարաբերություններ, որտեղ Ընկերության բաժնետերերն ու կառավարման մարմինները պետք է իրականացնեն իրենց պարտականությունների լավագույնս կատարումը՝ հանուն Ընկերության շահի։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված են բաժնետիրական ընկերության տնօրենի լիազորությունները, որոնք ուղղված են Ընկերության ընթացիկ կառավարման և գործունեության բնականոն ընթացքն ապահովելուն։ Այսինքն՝ օրենսդիրը բաժնետիրական ընկերության տնօրենի իրավասությանն է վերապահել Ընկերության ընթացիկ գործունեության կառավարման բոլոր այն հարցերը, որոնց լուծումն Օրենքով ու կանոնադրությամբ վերապահված չէ ժողովի և խորհրդի բացառիկ իրավասությանը։ Ընկերության տնօրենն Օրենքով ու կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների կատարման ընթացքում, այդ թվում նաև ժողովի և խորհրդի որոշումների կատարումը կազմակերպելիս, պարտավոր է ապահովել Ընկերության շահերի առաջնահերթությունը, դրսևորել ողջամիտ ու բարեխիղճ վարքագիծ, քանի որ միայն Ընկերության շահերից բխող բարեխիղճ, ողջամիտ, ազնիվ ու վստահության բարձր չափանիշներին համապատասխան գործողությունների կատարումն է, որ ցույց է տալիս Ընկերության տնօրենի ջանասիրությունը՝ գործելու բացառապես ի շահ այն ընկերության, որը հանձնվել է իր կառավարմանը։ Տնօրենի կողմից բարեխիղճ ու ողջամիտ գործողությունների կատարումը դրսևորվում է, օրինակ, Ընկերության բաժնետերերին Ընկերության վերաբերյալ ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելով, Ընկերության ընթացիկ կառավարման հետ կապված որոշումների ընդունման մասին հաշվետվողականություն ապահովելով, գործարքներ կնքելիս փաստերն ու ռիսկերն ուսումնասիրելով և այլն։ Նշված պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում Ընկերությանը պատճառված վնասի համար տնօրենը պատասխանատվություն է կրում Ընկերության ու Ընկերության բաժնետերերի նկատմամբ, որպիսի պարագայում վերջիններիս է իրավունք տրված տնօրենի դեմ հայցով դիմել դատարան` Ընկերությանը պատճառված վնասների փոխհատուցման պահանջով: Ընդ որում, տնօրենը կարող է ազատվել Ընկերությանը պատճառված վնասի համար պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ գործել է բարեխիղճ, այսինքն չգիտեր կամ չէր կարող իմանալ, որի իր գործողությունների (անգործության) հետևանքով Ընկերությունը կկրի վնասներ։ Այլ կերպ ասած` Ընկերության տնօրենի կողմից Օրենքի 90-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված Ընկերության շահերից գործելու, իր իրավունքներն իրականացնելու և Ընկերության նկատմամբ իր պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով չկատարելու, ինչպես նաև անձնական և Ընկերության շահերի միջև իրական և հնարավոր բախումներից խուսափելու պարտականությունը չկատարելու հետևանքով Ընկերությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջի իրավունքը վերապահված է բացառապես Ընկերությանն ու Ընկերության բաժնետերերին։ Հետևաբար երրորդ անձի կողմից Ընկերության տնօրենի դեմ վնասի հատուցման պահանջով հայց ներկայացվելու պարագայում վնասի հատուցման հարցը լուծվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 17-րդ, և 1058-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան՝ նշված հոդվածների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների հաշվառմամբ։ Այսպես․ 5.6. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: 5․7․ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշմամբ արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե՛ս, օրինակ, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը): Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պատճառված վնասի հատուցմանը վերաբերող գործերով դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը: Մասնավորապես, դատարանները նախ և առաջ պետք է որոշեն այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավաբանական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավաբանական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը և դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը: Վնասի հատուցման գործերով փաստերի իրավաբանական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական, ինչպես նաև դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերությունը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող իրավաբանական փաստերը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի և 1058-րդ հոդվածի 1-ին կետի կանոնակարգումներից հետևում է, որ նմանատիպ գործերով ապացուցման առարկան են կազմում իրավաբանական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը. -ոչ օրինաչափ վարքագիծը (գործողություն կամ անգործություն), -վնաս պատճառող անձի առկայությունը, -պատճառված վնասի առկայությունը, -վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը, -պատճառահետևանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի թիվ ԵԿԴ/3058/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը): ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից վնաս կրած անձի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների, վնաս պատճառող անձի, վնաս պատճառողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի, վնասների և ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է վնաս կրած անձը, իսկ պատճառված վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է ենթադրյալ վնաս պատճառած անձը (տե՛ս Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վկայակոչմամբ): Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. 5.8. Գործի փաստերից (տե՛ս վերը 4․1․-4․10․ կետերը) հետևում է, որ 10․01․2005 թվականին «Նամականիշ» ՓԲ ընկերության՝ ի դեմս 20․09․2006 թվականից «Նամականիշ» ՓԲ ընկերության տնօրեն գրառված Վաղարշակ Ռաֆիկի Ալեքսանյանի, որը գործել է ընկերության կանոնադրության համաձայն, և «Էլինետ Էնթերպրայսիս» ՍՊ ընկերության՝ ի դեմս տնօրեն «Ռոմոս Սերվիսի Քոնսալթինգ Քո» ՍՊ ընկերության, որի անունից հանդես է եկել Նիկոս Նիոֆիտուն, միջև կնքվել է բացառիկ իրավունքներով հայկական նամականիշերի, գեղաթերթերի և մանրաթերթիկների մատակարարման պայմանագիր, որը գործել է մինչև 30․04․2009 թվականը։ 22.03.2005 թվականից մինչև 01.01.2009 թվականն ընկած ժամանակամիջոցում «Նամականիշ» ՓԲ ընկերության կողմից մատակարարված ապրանքի դիմաց «Էլինետ Էնթերպրայզիս» ՍՊ ընկերության կողմից վճարվել է 875.201,15 ԱՄՆ դոլար։ «Նամականիշ» ՓԲ ընկերության հանդեպ «Էլինետ Էնթերպրայզիս» ՍՊ ընկերության պարտավորությունը կազմել է՝ 1․223․147,94 ԱՄՆ դոլար։ «Էլինետ Էնթերպրայզիս» ՍՊ ընկերության տնօրենը 16.06.2008 թվականի գրությամբ հայտնել է, որ ընկերությունը չի կարող կատարել լրացուցիչ վճարումներ, քանի որ «Նամականիշ» ՓԲԸ-ի կողմից չի իրականացվում ընկերությունների միջև կնքված պայմանագրի այն պայմանը, որ «Նամականիշ»-ը պետք է մատակարարի նոր նամականիշեր: ՀՀ փոստային ադմինիստրացիայի կողմից ՀՀ փոստային նամականիշերի անօրինական լինելու մասին նամակներ են ուղարկվել Համաշխարհային Փոստային Միություն, հայկական նամականիշերով հետաքրքրված դիլերներին, ինչպես նաև ֆիլատելիստական կատալոգներ հրատարակող մի քանի ընկերությունների՝ լուրջ վնաս հասցնելով հայկական նամականիշերի վարկանիշին աշխահով մեկ: Նշված փաստի առկայությունն էլ թույլ չի տալիս ընկերությանը վաճառելու հայկական նամականիշերը, ուստի մտադիր է սկսել չվաճառված հայկական նամականիշերի հետ վերադարձնելու գործընթաց: ՀՀ կառավարության 15․01․2009 թվականի թիվ 55-Ա որոշմամբ «Նամականիշ» ՓԲԸ-ն գտնվել է լուծարման գործընթացում և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի՝ 30․03․2009 թվականի հրամանով ստեղծված լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցել Ընկերության գործերի կառավարման լիազորությունները։ 5․9․ Տվյալ դեպքում Դատարանը հաստատված չի համարել Վաղարշակ Ռաֆիկի Ալեքսանյանի կողմից հակաիրավական արարքի կատարումը և Դատախազության հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ․ «(․․․) Վաղարշակ Ալեքսանյանի՝ որպես բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների շրջանակը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով, «Նամականիշ» ՓԲ ընկերության կանոնադրությամբ։ Նշված պարտականությունների շրջանակի ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ Վաղարշակ Ալեքսանյանի՝ որպես ընկերության տնօրենի վրա օրենքով կամ այլ իրավական ակտով ուղղակիորեն դրված չի եղել մինչև պայմանագրի կնքումը պատշաճ ստուգումներ իրականացնելու, ընկերության գործունեության պատմությունը ուսումնասիրելու պարտականություն։Ընդ որում, Դատարանն արձանագրում է, որ հայցադիմումին կից ներկայացված 30.12.2020թ. քննիչի որոշումը՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, ևս հիմք չէ նշված փաստը հաստատելու համար (․․․)։ (․․․) Դատարանն արձանագրում է նաև, որ քրեական գործից այլ փաստաթղթեր (ցուցմունքներ, քննչական գործողությունների արձանագրություններ և այլն) հայցվորի կողմից դատարան չեն ներկայացվել, հետևաբար Դատարանը Հայցվորի կողմից ներկայացված ապացույցները բավարար չի համարում՝ հաստատելու համար հակաիրավական վարքագծի տարր հանդիսացող անգործության կատարման փաստը։ (․․․) Դատարանն արձանագրում է, որ սույն հայցը վերաբերում է Կիպրոսում գտնվող «Էլինետ Էնթերպրայզիս» ընկերությանը։ Միևնույն ժամանակ հայցվորի կողմից 2023 թվականի նոյեմբերի 20-ին «Գրավոր ապացույց թույլատրելու մասին» միջնորդությանը կից ընկերության՝ փաստացի գործունեություն չիրականացնելու և ոչ բավարար կանոնադրական կապիտալ ունենալու փաստերի ապացուցման նպատակով դատարան են ներկայացվել փաստաթղթեր, որոնք վերաբերում են Անգլիայում գործող «Էլինետ Էնթերպրայզիս» ընկերությանը։ Թեև դատաքննության ժամանակ հայցվորի ներկայացուցիչը նշել է, որ խոսքը նույն՝ Կիպրոսում գործող ընկերության մասին է, այնուամենայնիվ Դատարանն արձանագրում է, որ գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ 10.01.2005թ. ապրանքների մատակարարման պայմանագիրը կնքվել է Կիպրոսում գործող «Էլինետ Էնթերպրայզիս» ընկերության հետ (ինչն արձանագրվել է նաև հայցադիմումով), մինչդեռ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումից հետո հայցվորի կողմից ներկայացված փաստաթղթերը վերաբերում են Անգլիայում գործող «Էլինետ Էնթերպրայզիս» ընկերությանը և Հայցվորի կողմից չեն ներկայացվել բավարար ապացույցներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ այս երկու ընկերությունների նույնացման համար։ (․․․) Դատարանն արձանագրում է, որ հայցվորը չի ներկայացրել այնպիսի ապացույցներ, որոնք կհաստատեին, որ Վաղարշակ Ալեքսանյանը մինչև պայմանագրի ժամկետի ավարտը որոշակի գործողություններ կատարելու պարտավորություններ ուներ։ Ավելին, պայմանագրի ժամկետի ավարտը նախատեսված է եղել 2009 թվականի ապրիլի 30-ը, մինչդեռ 2009 թվականի մարտի 30-ի թիվ 136-Ա հրամանով արդեն ստեղծվել էր լուծարման հանձնաժողովը, ինչը նշանակում է, որ ընկերության գործերի կառավարման լիազորությունները այդ պահից անցել են լուծարման հանձնաժողովին։ (․․․)»։ 5․10․ Վերաքննիչ դատարանը, Դատախազության վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն անփոփոխ թողնելով, պատճառաբանել է հետևյալը․ «(․․․) Օրենսդիրը այս կամ այն գործարքը կնքելու հարցում բաժնետիրական ընկերության տնօրենի՝ գործարքի կատարման հնարավորությունները, այդ թվում պայմանագրի կողմ հանդիսացող սուբյեկտի ֆինանսական վիճակը, վճարունակությունը այս կամ այն կերպ ստուգելու պարտավորություն չի սահմանել: Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից վկայակոչված Ընկերության Կանոնադրության 8.8-րդ կետի 1-ին ենթակետին, համաձայն որի՝ Ընկերության տնօրենը՝ տնօրինում է Ընկերության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կատարում Ընկերության անունից, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Կանոնադրության տվյալ դրույթը որևէ կերպ չի ենթադրում մինչև պայմանագրի կնքումը կոնտրագենտի վճարունակությունը ստուգելու Ընկերության տնօրենի որևէ պարտականություն: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ո՛չ օրենքով, և ո՛չ էլ Ընկերության կանոնադրությամբ տնօրենի վրա դրված չէ գործարքներ կնքելիս գործարքի կատարման հնարավորության հարցը ստուգելու որևէ պարտականություն: Հետևապես, անհիմն է բողոքաբերի փաստարկն առ այն, որ ընկերության տնօրենը, լիազորված լինելով տնօրինելու ընկերության գույքը, որոշումներ կայացնելու այս կամ այն գործարքը կնքելու հարցում, պարտավոր է ստուգել այդ գործարքի կատարման հնարավորությունները: Ավելին, բողոքի բանավոր քննության ընթացքում բողոքաբերի ներկայացուցիչը ընդունեց այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքված գործարքը հանդիսացել է խոշոր գործարք, իսկ Ընկերության կանոնադրության 8.3 կետի 13-րդ ենթակետի համաձայն՝ Ընկերության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը պատկանում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը, ինչը ենթադրում է, որ առանց ընկերության ընդհանուր ժողովի որոշման տնօրենը խոշոր գործարք կնքելու իրավունք չուներ: Հետևաբար՝ այլ բան ապացուցված չլինելու պայմաններում, նման խոշոր գործարք կնքելիս տնօրենն ունեցել է ընկերության միակ մասնակցի թույլտվությունը: (․․․) Ինչ վերաբերում է «Նամականիշ» ՓԲ ընկերության տնօրենի անգործության վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին, ապա պետք է նշել, որ գործում առկա՝ «Էլինետ Էնթերպրայզիս» ՍՊԸ կողմից Վ. Ալեքսանյանին ուղղված 16.06.2008 թվականի և 28.04.2009 թվականի օտարալեզու փաստաթղթերի հայերեն թարգմանությունների բովանդակության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Վաղարշակ Ալեքսանյանը 04.06.2008 թվականի և 28.04.2009 թվականի գրություններով դիմել է «Էլինետ Էնթերպրայզիս» ՍՊԸ-ին՝ հիշեցնելով վերջինիս չկատարված պարտավորությունների մասին և հորդորել պայմանագրով սահմանված ժամկետում մարել պարտքը: Ի պատասխան 04.06.2008 թվականի գրության «Էլինետ Էնթերպրայզիս» ՍՊԸ 16.06.2008 թվականի գրությամբ հայտնել է, որ ընկերությունը չի կարող կատարել լրացուցիչ վճարումներ այն պատճառով, որ «Նամականիշ» ՓԲԸ կողմից չի իրականացվում ընկերությունների միջև կնքված պայմանագրի պայմանը, համաձայն որի «Նամականիշ» ՓԲԸ պետք է մատակարարի նոր նամականիշեր: Ընդ որում գործի նյութերում առկա, հայցադիմումին կից ներկայացված պարտավորությունների չափի վերաբերյալ տեղեկանքի բովանդակությունից պարզ է դառնում, որ «Էլինետ Էնթերպրայզիս» ՍՊ ընկերության կողմից վճարումներ են կատարվել մինչև 2008 թվականը ներառյալ: Հետևաբար՝ հաշվի առնելով նշված հանգամանքը, ինչպես նաև Վաղարշակ Ալեքսանյանի 04.06.2008 թվականի և 28.04.2009 թվականի գրությունները՝ հնարավոր չէ արձանագրել, որ պատասխանողի կողմից դրսևորվել է անգործություն մատակարարված ապրանքի դիմաց վճարումներ ստանալու հարցում: Ավելին, Վերաքննիչ դատարանում բողոքի բանավոր քննության ընթացքում ի պատասխան դատարանի այն հարցադրման, թե արդյոք «Էլինետ Էնթերպրայզիս» ՍՊ ընկերությանը 31.05.2009 թվականից հետո /պարտավորության կատարման պայմանագրով նախատեսված վերջնաժամկետ/ երեք տարվա ընթացքում /հայցային վաղեմության ժամկետի պահպանմամբ/ մինչև 31.05.2012 թվականը ընկերության տնօրենի կողմից պահանջ ներկայացնելը կհամարվեր իրավաչափ, բողոքաբերի ներկայացուցիչը պատասխանել է, որ այո, եթե հայցը ներկայացվեր հայցային վաղեմության ժամկետի պահպանմամբ, տնօրենի գործողությունն իրավաչափ կհամարվեր: Հետևաբար՝ քանի դեռ լրացած չէ պահանջ ներկայացնելու վաղեմության ժամկետը, այսինքն՝ առկա է պահանջ ներկայացնելու իրավական և փաստացի հնարավորություն՝ չի կարելի արձանագրել, որ այդ ընթացքում պարտապանին պարտավորության կատարման համար պահանջ չներկայացնելը համարվում է ոչ իրավաչափ վարքագծի դրսևորում՝ անգործության ձևով: (․․․) որպես ընկերության տնօրենի՝ Վաղարշակ Ալեքսանյանի պարտականությունների մեջ չի մտել նախքան պայմանագրի կնքումը դրա մյուս կողմի ֆինանսական վիճակի, ծավալած գործունեության, վճարունակության, պայմանագրի կատարման հնարավորության մասով ստուգումներ իրականացնելը: Ավելին, տվյալ դեպքում կնքվել է խոշոր գործարք, ինչն ընդունում է նաև բողոքաբերը, որպիսին ինքնուրույն, առանց ընդհանուր ժողովի համապատասխան թույլտվության առկայության տնօրենը կնքել չէր կարող: Հետևաբար՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը գործով ներկայացված ապացույցների և ընկերության տնօրենի պարտականությունները սահմանող իրավական նորմերի հետ համակցության մեջ գնահատելու արդյունքում հնարավոր չէ եզրահանգում կատարել առ այն, որ «Էլինետ Էնթերպրայզիս» ՍՊ ընկերության հետ պայմանագիր կնքելով պատասխանողը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ։ (․․․)»։ 5․11․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված են բաժնետիրական ընկերության տնօրենի լիազորությունները, որոնք ուղղված են Ընկերության ընթացիկ կառավարման և գործունեության բնականոն ընթացքն ապահովելուն։ Օրենսդիրը, որպես Ընկերության կառավարման գործադիր մարմնի, տնօրենի իրավասությանն է վերապահել Ընկերության ընթացիկ գործունեության կառավարման բոլոր այն հարցերը, որոնց լուծումն Օրենքով ու կանոնադրությամբ վերապահված չէ ժողովի ու խորհրդի բացառիկ իրավասությանը։ Ընդ որում, հարկ է արձանագրել, որ տնօրենը պարտավոր է Օրենքով ու կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները կատարելիս ապահովել Ընկերության շահերի առաջնահերթությունը, դրսևորել ողջամիտ ու բարեխիղճ վարքագիծ, հակառակ դեպքում՝ իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման և անհրաժեշտ ջանասիրություն չդրսևորելու արդյունքում Ընկերությանը պատճառված վնասի համար տնօրենը պատասխանատվություն է կրում Ընկերության ու Ընկերության բաժնետերերի նկատմամբ, որպիսի պարագայում վերջիններիս է իրավունք տրված տնօրենի դեմ հայցով դիմել դատարան` Ընկերությանը պատճառված վնասների փոխհատուցման պահանջով: Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության իրացմամբ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով հայց է հարուցել դատարան՝ ընդդեմ «Նամականիշ» ՓԲ ընկերության տնօրեն Վաղարշակ Ռաֆիկի Ալեքսանյանի: Դատարանը սույն գործով հաստատված չի համարել վերջինիս կողմից հակաիրավական արարքի կատարումը և Դատախազության հայցը մերժել է։ Վերաքննիչ դատարանն էլ իրավաչափ է համարել Դատարանի պատճառաբանությունները՝ իր հերթին հաստատված համարելով, որ Վաղարշակ Ռաֆիկի Ալեքսանյանի՝ որպես ընկերության տնօրենի վրա օրենքով կամ այլ իրավական ակտով ուղղակիորեն դրված չի եղել մինչև պայմանագրի կնքումը պատշաճ ստուգումներ իրականացնելու, ընկերության գործունեության պատմությունն ուսումնասիրելու պարտականություն, իսկ հայցվոր Դատախազությունն էլ չի ներկայացրել այնպիսի ապացույցներ, որոնք կհաստատեին, որ Վաղարշակ Ռաֆիկի Ալեքսանյանը մինչև պայմանագրի ժամկետի ավարտը որոշակի գործողություններ կատարելու պարտավորություններ ուներ։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշման հիմնավորումները, համաձայն չլինելով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանության հետ, որ ընկերության տնօրենի վրա օրենքով կամ այլ իրավական ակտով ուղղակիորեն դրված չի եղել մինչև պայմանագրի կնքումը պատշաճ ստուգումներ իրականացնելու, ընկերության գործունեության պատմությունն ուսումնասիրելու պարտականություն, և միևնույն ժամանակ հաշվի առնելով վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների շրջանակը, գտնում է, որ դատարանները Ընկերության տնօրենի դեմ վնասի հատուցման պահանջի հարցը լուծել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, և 1058-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան՝ նշված հոդվածների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների հաշվառմամբ։ Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 02.10.2024 թվականի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի 01.02.2024 թվականի վճիռը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ։ Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: 6. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ. 6․1․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] կանոններին համապատասխան: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով: 6․2․ Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը 02.10.2024 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժել է, Դատարանի 01.02.2024 թվականի վճիռը թողել է անփոփոխ, և սույն որոշմամբ Դատախազության վճռաբեկ բողոքը մերժվում է ու Վերաքննիչ դատարանի 02.10.2024 թվականի որոշումը թողնվում է օրինական ուժի մեջ, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 02.10.2024 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։ 2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող Զեկուցող Ա․ ԴԱՎԹՅԱՆ Լ․ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ Գ․ ԳՅՈԶԱԼՅԱՆ Լ․ ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ