Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԴ/1296/01/22

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ/1296/01/22
Դիմող / մեղադրյալ
Ռուդիկ Սարգսյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
01.06.2026
ՀՀ Քրեական օրենսգիրք
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
4 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ/1296/01/22 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Ա.Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Վ.Մարգարյան դատավորներ` Ն.Հովակիմյան Լ.Ալավերդյան 1 հունիսի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ռուդիկ Մամիկոնի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի մարտի 28-ի որոշման դեմ տուժող ************-ի լիազոր ներկայացուցիչ Ա.Մկրտչյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2021 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում, իսկ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, համապատասխանաբար 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել են թիվ ******** ու թիվ ******** քրեական գործերը, որոնք 2021 թվականի դեկտեմբերի 23-ին միացվել են մեկ վարույթում՝ ******** համարի ներքո: 2023 թվականի փետրվարի 7-ին Ռուդիկ Մամիկոնի Սարգսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նույն օրը Ռ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ 2023 թվականի հուլիսի 31-ին թիվ ******** քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որտեղ գործին շնորհվել է ԵԴ1/1003/01/23 համարը։ 1.1. 2022 թվականի հունիսի 29-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով հարուցվել է թիվ ******** քրեական գործը։ 2022 թվականի հուլիսի 4-ին ******* ********* ********-ը ճանաչվել է տուժող։ 1.2. 2022 թվականի հուլիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 253-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ ******** քրեական վարույթը, որը 2022 թվականի հուլիսի 26-ին միացվել է թիվ ******** քրեական վարույթին, և նախաքննությունը շարունակվել է ******** համարով: 2022 թվականի հուլիսի 25-ին Ռուդիկ Մամիկոնի Սարգսյանը ձերբակալվել է։ 2022 թվականի հուլիսի 27-ին Ռ.Սարգսյանի նկատմամբ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով ու ՀՀ գործող քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ մեղադրյալ Ռ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: 2022 թվականի սեպտեմբերի 6-ին թիվ ******** քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ գործին շնորհվել է ԵԴ/1296/01/22 համարը։ 1.3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի՝ 2023 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ թիվ ԵԴ1/1003/01/23 և ԵԴ/1296/01/22 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում՝ ԵԴ/1296/01/22 համարի ներքո։ 2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճռով Ռ.Սարգսյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչվել է անմեղ և արդարացվել՝ մեղավորությունն ապացուցված չլինելու հիմքով։ Նույն դատավճռով Ռ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, ու նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մայիսի 23-ի թիվ ԵԴ/1089/01/21 դատավճռով նշանակված՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու օրվանից՝ 2022 թվականի հուլիսի 25-ից: Ռ.Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը՝ վերացվել: Վճռվել է նաև իրեղեն ապացույց ճանաչված ոսկյա շղթայի 8,5 սմ հատվածը դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո թողնել տուժող ***********-ի տնօրինությանը, իսկ Ռ.Սարգսյանի անվամբ գրանցված շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը՝ 2.500.000 ՀՀ դրամի չափով, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերացնել: Նույն դատական ակտով **********-ի գույքային հայցը բավարարվել է մասնակի. Ռ.Սարգսյանից հօգուտ *********-ի բռնագանձվել է 556.115 (հինգ հարյուր հիսունվեց հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ, իսկ մնացած մասով քաղաքացիական հայցը թողնվել է առանց լուծման: 3. Դատախազներ Էդ.Պողոսյանի, Դ.Մարգարյանի և տուժող **********-ի լիազոր ներկայացուցիչ Ա.Մկրտչյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2025 թվականի մարտի 28-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճիռը: 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ տուժող ***********-ի լիազոր ներկայացուցիչ Ա.Մկրտչյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա: Մասնավորապես, անդրադառնալով տուժող ***********-ի կողմից 2.500.000 ՀՀ դրամի չափով ներկայացված գույքային հայցը մասնակի բավարարելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատողություններին՝ բողոքաբերը նշել է, որ տուժողի հայտնած տվյալները և մեղադրյալի կողմից կատարված հափշտակության չափը կարող էր հաստատվել միայն փորձաքննությամբ, որը չի նշանակվել, ինչի արդյունքում ստորադաս դատարաններն անհիմն գտել են, որ մեղադրյալի հայտնած տվյալները հստակ են, իսկ տուժողը՝ գործով շահագրգռված անձ է, և գույքային հայցը բավարարել են մասնակիորեն՝ արդյունքում խախտելով տուժողի քրեադատավարական իրավունքները։ 5.1. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարաններն առանց պատշաճ վերլուծության ենթարկելու այն հանգամանքները, որ Ռ.Սարգսյանը տուժող ***********-ից կատարել է ոսկյա շղթայի և խաչի հափշտակություն, մինչ օրս չի հատուցել տուժողին պատճառված վնասը, ինչպես նաև դրանից հետո կատարել է նույնասեռ հանցագործություն, որի համար թիվ ԵԴ/1089/01/21 քրեական գործով դատապարտվել է ազատազրկման, վերջինիս նկատմամբ նշանակել են ակնհայտ մեղմ պատիժ: 5.2. Բացի այդ, բողոք բերած անձը գտել է, որ ստորադաս դատարանները սխալ եզրահանգման են եկել մեղադրյալի գույքի վրա դրված կալանքը դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերացնելու մասով, մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ դատարանը գույքային հայցը մասամբ բավարարելու պայմաններում առնվազն բավարարված գումարի մասով պետք է կալանքը պահպաներ մինչև դատական ակտի կատարումը։ 6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2025 թվականի մարտի 28-ի որոշումը բեկանել՝ վարույթը փոխանցելով Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, կամ բեկանել և փոփոխել վերոնշյալ դատական ակտը. Ռ.Սարգսյանի նկատմամբ նշանակել հնարավորինս խիստ պատիժ, Ռ.Սարգսյանից հօգուտ **********-ի բռնագանձել 2.500.000 ՀՀ դրամ՝ գույքի վրա դրված կալանքը պահպանելով մինչև դատական ակտի կատարումը։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Ռուդիկ Սարգսյանի նկատմամբ, ի թիվս այլնի, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքի կատարման համար, որ «(...) [Ն]ա ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2022 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, գտնվելով ****** քաղաքի ******** փողոցի */* շենքի *-րդ մուտքի *-ին հարկում առկա աստիճանավանդակի վրա, քաշել-պոկելու եղանակով բացահայտ հափշտակել է նշված շենքի բնակիչ ****** ****** *********-ի պարանոցին առկա, 50 գրամ քաշով ոսկյա շղթան և շղթայից կախված, մոտ 10 գրամ քաշով ոսկյա խաչը, այնուհետև հանդիպելով **********-ի ֆիզիկական դիմադրությանը՝ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է՝ վերջինին հրելով և աստիճանավանդակից վայր գցելով, դիմել է փախուստի՝ **********-ին պատճառելով խոշոր չափերի՝ 2.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս: (...)»։ 8. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետևյալը. «(...) Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Ռուդիկ Մամիկոնի Սարգսյանի մեղավորությունը հաստատվում է Նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի [2-րդ մասի] 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հանցանքում (...): (...) Սույն դեպքում Ռուդիկ Սարգսյանը մեղադրվում է ****** **********-ից կողոպուտ կատարելու եղանակով խոշոր չափի՝ 2.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու մեջ: Դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի հիմքում նշված այս գումարի չափը, ըստ էության, հիմնված է տուժողի նախաքննական ցուցմունքի վրա: Ընդ որում, քրեական գործի նյութերում բացակայում է որևէ այլ վերաբերելի տեղեկատվություն հափշտակության առարկայի քաշի կամ դրա արժեքի վերաբերյալ: Մասնավորապես՝ քրեական գործի նյութերում, օրինակ՝ հաշվարկման դրույքի կամ ոսկու արժեքի վերաբերյալ փաստական տվյալներ ներառված չեն: Թեև Դատարանը կասկածի տակ չի դնում տուժող ******* *********-ի ցուցմունքների արժանահավատությունը, այնուամենայնիվ, հնարավոր չէ անտեսել այն հանգամանքը, որ նույնիսկ վերջինն է նախաքննության ընթացքում ընդունել, որ շղթայի արժեքը հստակ չգիտի, այն եղել է կարդինալ և կշռել մոտ 60 գրամ: Ուստի հարկ է ուսումնասիրել մեղադրանքի հիմքում դրված ապացույցները՝ հափշտակության առարկայի կշռի և արժեքի բացահայտման նպատակով: Այսպես՝ տուժող ******* *********-ը, նկարագրելով իրենից հափշտակված զարդը, նշել է, որ իրենից հափշտակված վզնոցը պատկանել է եղբորը, ով այն գնել է մոտ 1995-1996 թվականներին, իր հիշելով վզնոցը եղել է 40 գրամ, իսկ խաչը՝ 10 գրամ կամ երկուսը միասին են կազմել 40 գրամ։ Իսկ մեղադրյալ Ռուդիկ Սարգսյանն իր եզրափակիչ ելույթում նշել է, որ իր կողմից հափշտակված վզնոցը վաճառել է 320.000 ՀՀ դրամով՝ որպես լոմ, իսկ վաճառելու ժամանակ լոմի արժեքը եղել է մոտ 14-15 հազար ՀՀ դրամ։ Ստացվում է, որ տուժողը միայն նշել է իրենից հափշտակված վզնոցի մոտավոր քաշը և որևէ կերպ չի հիմնավորել, թե այդ տվյալներն իրականում որտեղից են ստացվել։ Միևնույն ժամանակ, մեղադրյալը ներկայացրել է հստակ տվյալներ, թե ինչ գնով է այն վաճառել։ Դատարանը գտնում է, որ սույն պարագայում միակ «հուսալի» տվյալը, որը հիմք ընդունելով կարելի է հաշվարկել հափշտակված վզնոցի արժեքը, մեղադրյալի ցուցմունքն է։ Հակառակ պարագայում, ստացվում է, որ Դատարանը պետք է հիմնվի միայն տուժողի հայտնած քաշի վրա, ինչը ողջամտորեն չի կարող ընդունելի համարվել՝ նկատի ունենալով այն, որ նախ տուժողը գործի ելքով շահագրգռված անձ է, բացի այդ, վերջինը հստակ տվյալ այդ մասով չի կարողացել ասել։ Ուստի պարզ մաթեմատիկական հաշվարկի արդյունքում կարելի է հանգել հետևության, որ հափշտակված վզնոցի քաշը կազմում է մոտ 22,857 գրամ։ Այս կապակցությամբ ուսումնասիրելով ՀՀ կենտրոնական բանկի փոխարժեքների արխիվը՝ պետք է նկատել, որ 2022 թվականի հունիսի 23-ին առկա տվյալներով՝ ոսկու մեկ գրամի արժեքը կազմել է 24327,4600 ՀՀ դրամ: Հետևաբար, վերոգրյալ տվյալների համադրմամբ հնարավոր է փաստել, որ ապացուցված է միայն 556.115 ՀՀ դրամ արժեք ունեցող զարդ հափշտակելու հանգամանքը: (...) Այսպիսով՝ Դատարանը վերը նշված ապացույցները և դրա շուրջ կատարված վերլուծությունները գնահատելով համակցության մեջ, գալիս է այն եզրահանգման, որ Ռուդիկ Սարգսյանի մեղավորությունը հաստատված է Նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ։ (...) Սույն քրեական գործով 2022 թվականի հոկտեմբերի 16-ին տուժող ******* *********-ը հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով մեղադրյալ Ռուդիկ Սարգսյանից հօգուտ իրեն բռնագանձել 2.500.000 ՀՀ դրամ գումար, որպես հանցագործության հետևանքով իրեն պատճառված գույքային վնաս: Դատարանը գտնում է, որ ներկայացված գույքային հայցը հիմնավոր է մասամբ: Մասնավորապես՝ պետք է նկատել, որ մեղադրանքի հիմքում դրված ապացույցներով հիմնավորվել է միայն 556.115 ՀՀ դրամ վնաս պատճառված լինելու հանգամանքը, իսկ տուժողը չի ներկայացրել նշված գումարը գերազանցող չափով վնաս պատճառելը հիմնավորող բավարար ապացույցներ: Ընդ որում, պետք է նկատել, որ մեղադրյալը պատրաստակամություն է հայտնել հատուցել պատճառված վնասը: Ուստի ******* *********-ի գույքային հայցը պետք է բավարարել մասնակի, և Ռուդիկ Սարգսյանից հօգուտ վերջինի բռնագանձել 556.115 (հինգ հարյուր հիսունվեց հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ, իսկ մնացած մասով քաղաքացիական հայցը թողնել առանց լուծման (...)»։ 8.1. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտի հիմքում, ի թիվս այլնի, դրել է նաև հետևյալ ապացույցները. - զննություն կատարելու մասին 2022 թվականի օգոստոսի 16-ի արձանագրությունը, համաձայն որի՝ զննության է ենթարկվել տուժող ************-ից բացահայտ հափշտակված ոսկյա շղթայի մի հատվածը, որը դեպքից հետո մնացել է տուժողի պարանոցի վրա և հայտնաբերվել դեպքի վայրի զննության ժամանակ։ Վզնոցի մի հատվածի զննության արդյունքում պարզվել է, որ այն 8,5 սմ երկարության է, առանց փականների և օղերի։ Վզնոցի հատվածը ոսկեգույն է, առանց դրոշմի (պրոբ)։ - Իրեղեն ապացույց ճանաչելու մասին 2022 թվականի օգոստոսի 16-ի որոշումը, համաձայն որի՝ տուժող ***********-ին պատկանող և բացահայտ հափշտակված ոսկյա շղթայի 8,5 սմ հատվածը ճանաչվել է իրեղեն ապացույց և վերադարձվել վերջինիս։ 9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Ինչ վերաբերվում է տուժող **********-ի լիազոր ներկայացուցիչ Ա.Մկրտչյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում բերված այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը հափշտակված շղթայի արժեքի վերաբերյալ անհիմն կերպով արժանահավատ է համարել մեղադրյալի ցուցմունքը, իսկ տուժողի ցուցմունքը՝ դիտել ոչ արժանահավատ, բացի այդ տուժողը դատավարության կարգին չի տիրապետել և փորձաքննություն նշանակելու համար միջնորդությամբ հանդես չի եկել, մինչդեռ Առաջին ատյանի դատարանը պետք է նշանակեր փորձաքննություն կամ հիմք ընդուներ տուժողի հայտնած հափշտակված առարկայի արժեքը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործով ձեռք բերված ապացույցները, այդ թվում տուժողի ցուցմունքը և մեղադրյալի կողմից եզրափակիչ ելույթի ընթացքում արված հայտարարությունը, գնահատել է քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ և հանգել իրավաչափ հետևության հափշտակված առարկայի արժեքի որոշման հարցում: Վերաքննիչ դատարանը միաժամանակ հաշվի առնելով քրեական գործում առկա փաստական հանգամանքները, այդ թվում նաև հափշտակված շղթայի չափսի վերաբերյալ հստակ տեղեկության բացակայությունը, գտնում է, որ առկա պայմաններում Առաջին ատյանի դատարանը սեփական նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու հիմքեր չի ունեցել: Ինչ վերաբերվում է տուժողի կողմից դատավարության կարգին չտիրապետելու և ըստ այդմ փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ հանդես չգալուն, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տուժող **********-ին նախաքննության և դատաքննության ընթացքում պարզաբանվել են նրա իրավունքները և պարտականությունները, հետևաբար Վերաքննիչ բողոքում նշված պաշտպանի փաստարկները ինքնին բավարար չեն դրա հետ համաձայնվելու համար: Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հափշտակված շղթայի արժեքի որոշման հարցում Առաջին ատյանի դատարանը ըստ էության թույլ չի տվել դատական սխալ, հետևաբար տուժող կողմի ներկայացրած քաղաքացիական հայցը մասնակի բավարարելով հիմք է ընդունել դատաքննությամբ հաստատված հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնասի չափը: Անդրադառնալով հափշտակված շղթայի արժեքի որոշման համար դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին տուժողի միջնորդությանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն հիմնազուրկ է և շղթայի մի մասի առկայությունը ինքնին բավարար չէ հափշտակված շղթայի ամբողջ արժեքը որոշելու համար, հետևաբար ներկայացված միջնորդությունը հիմնազուրկ է և ենթակա չէ բավարարման: Վերոգրյալի հաշվառմամբ, Երրորդ բողոքաբերի վերաքննիչ բողոքի հիմքերի և փաստարկների շրջանակներում Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի դատավճռով տրված դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատականին և հափշտակված առարկայի արժեքի մասին հետևություններին (...)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Ռ.Սարգսյանի կողմից ***********-ից հափշտակված առարկայի քաշի և արժեքի վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանք պետք է հաստատվի պատշաճ ապացույցների բավարար համակցությամբ: 2. Եզրափակիչ դատավարական ակտը պետք է հիմնվի հետազոտված ապացույցների ազատ և բարեխիղճ գնահատման վրա 3. Մեղադրական դատավճռի հիմքում դրվող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած հիմնավոր կասկած: Դատավճիռ կայացնելիս պետք է հաշվի առնվի անհրաժեշտ և հնարավոր ապացույցների բացակայությունը։ (...)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական վարույթի ընթացքում ապացուցման ենթակա են՝ (...) 7) ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը. (...)»։ Նույն օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական վարույթի ընթացքում հավաքված ապացույցները ենթակա են պատշաճ ստուգման՝ ստացված ապացույցի ձևի և բովանդակության վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ստացման աղբյուրները վերհանելու միջոցով»: Նույն օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման՝ վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ հիմնավոր եզրափակիչ դատավարական ակտ կայացնելու համար բավարարության տեսանկյունից: 2․ Քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով քրեադատավարական օրենսդրությամբ, ներառյալ ապացուցման չափանիշների մասին վերաբերելի կանոններով, ապացույցները գնահատում են դրանց պատշաճ հետազոտման և վերլուծության վրա հիմնված ներքին համոզմամբ (...)»։ 11.1. Ապացույցների գնահատման չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով։ Ապացույցների կամայական գնահատման արգելքը դատարաններին պարտավորեցնում է ապացուցման ենթակա հանգամանքների, այդ թվում՝ կոնկրետ հանցանքի հատկանիշների և այդ հանցանքի մեջ անձի մեղավորության վերաբերյալ իր հետևությունները հիմնավորել վերաբերելի, փոխկապակցված, հավաստի ապացույցներով և ոչ թե ենթադրություններով: Այլ խոսքով՝ հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա: 12. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը (...): 2. Կողոպուտը, որը՝ (...) 2) կատարվել է խոշոր չափերով, (...) 4) զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով (...)»: 12.1. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «հափշտակություն» հասկացությանը, իր որոշումներում մշտապես ընդգծել է, որ այն ենթադրում է ուրիշի գույքն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցնելը կամ այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը, եթե հանցավորն այդ գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել։ Հափշտակության դեպքում անձի՝ ուրիշի գույքն ապօրինի կերպով իրենը դարձնելը բացասական ազդեցություն է ունենում դրան օրինական հիմքերով տիրապետողի գույքային ֆոնդի վրա, ինչն էլ իրենից ենթադրում է որոշակի նյութական վնաս: Հափշտակության առարկան գույքն է՝ այն իրը (առարկան), որում արտացոլվում է մարդկային աշխատանք և որն իրենից նյութական արժեք է ներկայացնում, ինչպես նաև դրամական միջոցները, արժեթղթերն ու գույքային իրավունքները: Վնասի չափն էլ, որպես կանոն, որոշվում է հափշտակված գույքի՝ դատաապրանքագիտական փորձաքննությամբ որոշված շուկայական միջին արժեքով: Գույքի վաճառքի գինը չի կարող մեխանիկորեն հիմք ընդունվել հափշտակության չափը որոշելու համար, քանի որ գույքի շուկայական արժեքն ու դրա վաճառքի գինը ոչ բոլոր դեպքերում են համընկնում: Վաճառքի գինը կարող է տարբերվել՝ բարձր կամ ցածր լինել շուկայական արժեքից: 13. Վերահաստատելով մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը Սամվել Հովհաննիսյանի գործով արձանագրել է, որ կողոպուտի՝ որպես նյութական հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հետևանքը՝ նյութական վնասը, որը պատճառվում է այլ անձին պատկանող և որոշակի արժեք ներկայացնող գույքը վերցնելու, այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելու արդյունքում։ Կողոպուտի հանցակազմի դեպքում հափշտակության առարկայի նյութական արժեք ներկայացնելը, ընդհանրապես, և դրա կոնկրետ արժեքը, մասնավորապես, քրեական գործով ապացուցման ենթակա կարևոր հանգամանքներ են, որոնք պետք է հաստատվեն քրեական գործում առկա վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույցներով: Վերոնշյալ հանգամանքների պարզումն էական նշանակություն ունի անձի արարքում կողոպուտի` որպես նյութական հանցակազմի առկայությունը, դրա ծանրացնող հանգամանքների (խոշոր չափերով կամ առանձնապես խոշոր չափերով կատարելը) առկայությունը հավաստելու, ըստ այդմ` անձի արարքին ճիշտ իրավական որակում տալու, ինչպես նաև տուժողի իրավունքների համաչափ պաշտպանություն ապահովելու տեսանկյունից: Վճռաբեկ դատարանը կրկնել է, որ վնասի չափը, որպես կանոն, որոշվում է հափշտակված գույքի՝ դատաապրանքագիտական փորձաքննությամբ որոշված շուկայական միջին արժեքով: Այնուամենայնիվ, փորձաքննության միջոցով գույքի արժեքը որոշելու անհնարինությունը վարույթն իրականացնող մարմնին չի ազատում դրա արժեքը պարզելու պարտականությունից: Նման դեպքերում, հափշտակության առարկայի արժեքը պետք է որոշել քրեական գործում առկա վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ այլ ապացույցների միջոցով: 14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. - Ռուդիկ Սարգսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն արարքի կատարման համար, որ նա, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, գտնվելով շենքի մուտքի առաջին հարկում առկա աստիճանավանդակի վրա, քաշել-պոկելու եղանակով բացահայտ հափշտակել է ***********-ի պարանոցին առկա՝ 50 գրամ քաշով ոսկյա շղթան և շղթայից կախված՝ մոտ 10 գրամ քաշով ոսկյա խաչը, այնուհետև հանդիպելով *************-ի ֆիզիկական դիմադրությանը՝ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է՝ վերջինիս հրելով և աստիճանավանդակից վայր գցելով, դիմել է փախուստի՝ *************-ին պատճառելով խոշոր չափերի՝ 2.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս, - Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով, որ տուժողը նշել է միայն իրենից հափշտակված վզնոցի մոտավոր քաշը և որևէ կերպ չի հիմնավորել, թե այդ տվյալները որտեղից են ստացվել, իսկ մեղադրյալը ներկայացրել է այն վաճառելու գնի վերաբերյալ հստակ տվյալներ, հափշտակված վզնոցի արժեքը որոշելիս հիմք է ընդունել մեղադրյալի հայտնած տվյալները և մաթեմատիկական հաշվարկի արդյունքում հանգել հետևության, որ հափշտակված վզնոցի քաշը կազմում է մոտ 22,857 գրամ: Միևնույն ժամանակ, ուսումնասիրելով ՀՀ կենտրոնական բանկի փոխարժեքների արխիվը, ըստ որի՝ 2022 թվականի հունիսի 23-ի տվյալներով՝ ոսկու մեկ գրամի արժեքը կազմել է 24․327,4600 ՀՀ դրամ, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ապացուցված է միայն տուժողից 556.115 ՀՀ դրամ արժեք ունեցող զարդ հափշտակելու հանգամանքը, - Վերաքննիչ դատարանն իր հերթին փաստել է, որ հափշտակված առարկայի արժեքի որոշման հարցում Առաջին ատյանի դատարանը հանգել է իրավաչափ հետևության: Վերաքննիչ դատարանն ընդգծել է նաև, որ քրեական գործում առկա փաստական հանգամանքների, այդ թվում՝ հափշտակված շղթայի չափսի վերաբերյալ հստակ տեղեկության բացակայության պայմաններում Առաջին ատյանի դատարանը սեփական նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու հիմքեր չի ունեցել, բացի այդ, շղթայի մի մասի առկայությունն ինքնին բավարար չէ հափշտակված շղթայի ամբողջ արժեքը որոշելու համար։ 15․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները Ռ.Սարգսյանի կողմից տուժող ************-ից հափշտակված առարկայի քաշի և արժեքի, և ըստ այդմ՝ վերջինիս պատճառված վնասի չափի վերաբերյալ հանգել են չհիմնավորված հետևությունների: Այսպես՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ ստորադաս դատարանները, կասկածի տակ չդնելով տուժողի ցուցմունքների արժանահավատությունը, նշել են, որ մեղադրանքի հիմքում դրված՝ 2.500.000 ՀՀ դրամ վնասի չափը հիմնված է բացառապես վերջինիս նախաքննական ցուցմունքի վրա և չի կարող ողջամտորեն ընդունելի համարվել՝ հաշվի առնելով, որ տուժողը գործի ելքով շահագրգռված անձ է, բացի այդ, վերջինս հստակ տվյալներ չի մատնանշել, այլ ընդամենը հայտնել է շղթայի մոտավոր քաշը և արժեքը՝ չհիմնավորելով դրանց աղբյուրը: Միևնույն ժամանակ, ստորադաս դատարանները, գտնելով, որ բացի տուժողի ցուցմունքից, քրեական գործի նյութերում հափշտակության առարկայի քաշի կամ արժեքի վերաբերյալ որևէ այլ վերաբերելի տեղեկատվություն առկա չէ, Ռ.Սարգսյանի կողմից կողոպուտ կատարելու միջոցով ոսկյա շղթայի հափշտակության արդյունքում տուժող *************-ին պատճառված գույքային վնասի չափը որոշելիս հիմք են ընդունել բացառապես մեղադրյալի՝ վզնոցը որպես «լոմ» վաճառելու գնի մասին հայտնած տվյալները, և դրանք համադրելով հանցանքի կատարման ժամանակ ոսկու մեկ գրամի փոխարժեքի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված հրապարակային տեղեկատվության հետ, հանգել են հետևության, որ ապացուցված կարող է համարվել տուժողին միայն 556.115 ՀՀ դրամի չափով գույքային վնաս պատճառելու փաստը։ Վերոգրյալից հետևում է, որ մի կողմից՝ ստորադաս դատարաններն արձանագրել են, որ գործի նյութերում, բացի գործի ելքով շահագրգռված տուժողի արժանահավատ ցուցմունքից, հափշտակության առարկայի քաշի և արժեքի վերաբերյալ այլ օբյեկտիվ տվյալներ բացակայում են, մյուս կողմից՝ որպես հաշվարկի հիմք ընդունել են բացառապես մեղադրյալի կողմից նշված՝ շղթան որպես «լոմ» վաճառելու գինը և դրա հիման վրա իրականացրել որոշակի մաթեմատիկական հաշվարկ, այն է՝ հանցանքի կատարման օրվա դրությամբ ոսկու փոխարժեքի վերաբերյալ հրապարակային տվյալները մեխանիկորեն համադրել են մեղադրյալի եզրափակիչ ելույթով հայտնած տվյալների հետ՝ արդյունքում ստանալով տուժողին պատճառված վնասի որոշակի չափ, որպիսի մոտեցումը Վճռաբեկ դատարանի համար անընդունելի է: Այսպես՝ Վճռաբեկ դատարանը, տուժողի՝ որպես շահագրգիռ անձի ցուցմունքների գնահատման վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումների հաշվառմամբ, նախևառաջ արձանագրում է, որ ստորադաս դատարանները չեն հիմնավորել, թե ինչու՞մ է դրսևորվել տուժողի շահագրգռվածությունը, որը կարող էր նվազեցնել վերջինիս հայտնած տվյալների ապացուցողական արժեքը, իսկ պատճառված վնասի չափի հաշվարկի համար հիմք ընդունելով բացառապես մեղադրյալի կողմից հայտնած տվյալները՝ ստորադաս դատարաններն անտեսել են, որ մեղադրյալը նշել է շղթան որպես «լոմ» (ոսկու ջարդոն) վաճառելու գինը, մինչդեռ այն հանդիսացել է զարդ, իսկ դրանց արժեքները չէին կարող նույնանալ։ Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ քրեական վարույթով ապացուցման ենթակա հանգամանքների, այդ թվում՝ հանցագործությամբ պատճառված վնասի չափի վերաբերյալ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե ենթադրությունների, գնահատողական դատողությունների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված վերաբերելի և հավաստի փաստական տվյալների վրա: Իսկ հափշտակության արդյունքում պատճառված վնասի չափը, որպես կանոն, և անշուշտ դրա հնարավորության դեպքում, որոշվում է հափշտակված գույքի՝ դատաապրանքագիտական փորձաքննությամբ որոշված շուկայական միջին արժեքով: Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի դատողություններին առ այն, որ քրեական գործում առկա փաստական հանգամանքները, հափշտակված շղթայի չափսի վերաբերյալ հստակ տեղեկության բացակայությունը, շղթայի մի մասի առկայությունը, ինչպես նաև տուժողի կողմից հափշտակված շղթայի չափսը պարզելու համար փորձաքննություն նշանակելու միջնորդություն չներկայացնելը, Առաջին ատյանի դատարանին բավարար հիմքեր չեն տվել համապատասխան փորձաքննություն նշանակելու համար։ Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հափշտակված շղթայի քաշի և արժեքի պարզման վերաբերյալ համաձայնելով Առաջին ատյանի դատարանի հետևություններին, գործում առկա ապացույցները, մասնավորապես՝ հափշտակված շղթայի պոկված և իրեղեն ապացույց ճանաչված՝ 8,5 սմ երկարությամբ կտորի առկայությունը, (որն ըստ գործի նյութերի՝ միայն զննության է ենթարկվել), պատշաճ գնահատման չի ենթարկել և արդյունքում հանգել է չհիմնավորված հետևության: Այսպես՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցների ծավալի պայմաններում, ստորադաս դատարաններն օբյեկտիվորեն հնարավորություն են ունեցել շղթայի հայտնաբերված մասով համապատասխան փորձաքննություն նշանակելու միջոցով պարզելու և հաստատելու նյութական արժեք ներկայացնող հափշտակված շղթայի հարգը, հնարավոր քաշը, գործվածքի (հյուսվածքի) տեսակը, որի վերաբերյալ տեղեկություն է հայտնել նաև տուժողը, ինչպես նաև նշված զարդի մեկ գրամի արժեքը։ 16. Վերոշարադրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռ.Սարգսյանի կողմից *************-ից հափշտակված առարկայի քաշի և արժեքի վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն։ 17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտեր կայացնելիս, ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել գործով ձեռք բերված ապացույցները և թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ, 104-րդ և 105-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են վարույթի ելքի վրա, և համաձայն նույն օրենսգրքի 387-րդ հոդվածի՝ հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը մասնակիորեն բեկանելու և վարույթն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության փոխանցելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, պետք է հանգի համապատասխան հետևության՝ հափշտակված առարկայի քաշի և արժեքի, իսկ որպես արդյունք՝ տուժող *************-ի կողմից ներկայացված գույքային հայցի կապակցությամբ: 18. Վերոգրյալի հետ մեկտեղ անդրադառնալով մեղադրյալի գույքի արգելադրումը դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերացնելուն և այդ մասով բողոքաբերի փաստարկին՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ այն դեպքում, երբ գույքային հայցը բավարարվում է լրիվ կամ մասնակիորեն, ապա գույքի արգելադրումը համապատասխան՝ գույքային հայցով բավարարված հայցապահանջի մասով, որպես կանոն, պետք է պահպանվի մինչև դատական ակտի փաստացի կատարումը։ 19. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 5.1-րդ կետում բարձրացված հարցին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրան հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո։ 20. Անդրադառնալով Ռ.Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինիս նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են: Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ, 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Ռուդիկ Մամիկոնի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճիռն ու այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի մարտի 28-ի որոշումը մասնակիորեն բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության։ 2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել անփոփոխ։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ